ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Քաղաքական ուժերի գործունեության արդար գնահատականը հասարակական ակտիվության աստիճանն է»

«Քաղաքական ուժերի գործունեության արդար գնահատականը հասարակական ակտիվության աստիճանն է»
26.12.2008 | 00:00

«ԱՅՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՆՉԱՓ ՀԵՌՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՑ»
Տարեվերջյան հանդիպում «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Անցնող քաղաքական տարվա Ձեր գնահատականը, պարոն Սարգսյան:
- Նախորդ տասը տարիներին իշխող վարչախումբը, ոչնչի առաջ կանգ չառնելով, փորձում էր դիմազրկել և փոշիացնել հայաստանյան քաղաքական դաշտը, և միանգամայն կանխատեսելի էր, որ նա իր վերարտադրության համար կդիմի ծայրահեղ միջոցների: Այդ վարչախմբի «ձեռամբ» հայկական իրականության մեջ 2008-ի մարտի 1-ը արձանագրվեց որպես «արյունոտ շաբաթ»: Այդ օրը Երևանում զոհվեց տասը մարդ:
Դրա անխուսափելիությունը շոշափելիորեն արձանագրվեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ ի չիք դարձան տարբեր տրամաչափի քաղաքական և պետական գործիչների պնդումներն այն մասին, որ հայ հասարակության ներսում երբևէ կարող են արմատավորվել քաղաքական դեպրեսիան և քաղաքացիական ապատիան: Հատկապես, երբ 2007-ի մայիսի 9-ին ՀՀ ԱԱԾ շենքի մոտ փորձ արվեց ուժի և արցունքաբեր գազի կիրառմամբ, նաև ձերբակալության միջոցով ցրել ցուցարարների բազմահազարանոց երթը, բողոքի ցույցի մասնակիցները, վայրկյան անգամ չընկրկելով կատաղի դիմադրություն ցույց տվեցին երթին խոչընդոտելու հրաման ստացած ոստիկաններին: Բնական է, որ քաղաքական ուժերի և առաջնորդների գործունեության արդար գնահատականը և վստահության իրական բարոմետրը հասարակական ակտիվության աստիճանն է: 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, ինչպես և կանխատեսում էր ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, փաստացի վերաճեցին համաժողովրդական հեղափոխական շարժման, որը, սակայն, իշխող ռեժիմը խեղդեց արյան մեջ։ Այդուհանդերձ, Հայաստանում ընթացող հետմարտիմեկյան զարգացումները միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ հայ հասարակությունն իր կազմակերպվածությամբ և պահանջներով էապես տարբերվում է իշխող վարչախմբի կողմից տարիներ շարունակ ներկայացվող կառավարելի ամբոխից, և այդ հասարակության յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս իր երկրի տերը դառնալու համոզմունքով ու կեցվածքով: Ստեղծված իրավիճակում Հայաստանը հայտնվել է ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման և միջազգային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված ծանրագույն սոցիալական և տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու դժվարին կացության մեջ:
-Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալվող գործընթացներում ինչպիսի՞ զարգացումներ եք ակնկալում;
-«Նոր ժամանակներ» կուսակցության դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԼՂՀ-ն փաստացի կայացած պետություն է, և պետք է աշխատանք տանել նրա անկախության միջազգային իրավական ճանաչման համար: ՆԺԿ-ն միանշանակ կարծում է, որ վերջին շրջանում անհարկի շահարկումների առարկա դարձած ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությունը կարելի է և պետք է տեսնել միայն իրավական-քաղաքական դաշտում: Համաձայն ԽՍՀՄ-ի Սահմանադրության, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ն դուրս էր գալիս նախկին ԽՍՀՄ-ի կազմից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, այդ օրենքին համապատասխան, հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից, դե ֆակտո դարձել անկախ պետություն, ժողովրդավարական ճանապարհով ձևավորել է Ազգային ժողով և ընտրել հանրապետության նախագահ: Մենք ազգովին պետք է մեկտեղենք մեր ջանքերը` ազգային-պետական շահի կարևորագույն բաղադրիչների ռազմավարական անվտանգությունն ապահովելու համար:
-Մանրամասնեք, խնդրեմ։
-Արցախյան ազատամարտի պատմական ձեռքբերումների համար համայն հայությունը «վճարել է» Եռաբլուրով, Հայաստանի և Արցախի հարյուրավոր բնակավայրերում գտնվող եղբայրական գերեզմաններով, միլիոնավոր մարդկանց անասելի զրկանքներով և հոգեկան խեղումներով: Եվ այս իրողության հետ հաշվի չնստելն անթույլատրելի է:
-Կարծիք կա, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի «կողքով է անցնելու»։ Համամի՞տ եք։
-Բնականաբար, ոչ։ Ամիսներ առաջ սկիզբ առած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խիստ բացասական դրսևորումները Հայաստանում է՛լ ավելի ցավոտ և մասշտաբային կլինեն, թերևս, 2009-ի առաջին քառորդի վերջում: Չնայած արդեն այսօր արձանագրվում են աշխատատեղերի կրճատում, գնողունակության անկում, արտահանման ծավալների զգալի նվազում: Միաժամանակ, առկա ճգնաժամը կասեցնում, զսպում է հնարավոր արտագաղթի կործանարար ալիքի բարձրացումը` է՛լ ավելի չհայաթափելով երկիրը: Այլ կերպ ասած, մարդիկ գիտակցում են, որ հայրենիքից հեռանալն արդեն փրկության ճանապարհ չէ:
-Հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին ի՞նչ նոր որակ կարող են հաղորդել հայ-թուրքական «ֆուտբոլային» շփումները` ամենաբարձր պետական մակարդակով։
-Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների զարգացման «լուսավոր ապագան», պատկերավոր ասած, կսահմանափակվի ֆուտբոլային խաղադաշտի լուսարձակների հզորության հետ որևէ կապ չունեցող` պատմական, դիվանագիտական, տարածաշրջանային կայունության պահպանման, գերտերությունների շահերի համադրման և նմանատիպ մի շարք իրողությունների տիրույթում: Փոխարենը, մի փոքր պատմական էքսկուրս կատարելով, միանգամից հարց է առաջանում. արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացման պարագայում չի հասունանա ռուս սահմանապահների «ավելորդության» հայեցակետը: Արդյոք դա չի՞ բերի մոտ մեկ դար առաջ արևմտահայության հետ կատարված ողբերգական իրադարձությունների կրկնության, որի արդյունքում կվերանա Հայաստանն ընդհանրապես: Ցավալի է և տագնապահարույց, որ մեր պետական քաղաքականության վարիչներն ու նրանց սպասարկող վայ ընդդիմադիրները նման քաղաքական անհեռատեսություն են դրսևորում` հաշվի չնստելով հատկապես շատ ազդեցիկ վերլուծաբանների կողմից հաճախակի արվող գնահատականների հետ: Արդյոք այս ամենի հետևանքով Հայաստանը կարո՞ղ է հայտնվել ներքաղաքական զարգացումների որակապես նոր շրջագծի մեջ:
-Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից անկողմնակալ բացահայտումներ ակնկալո՞ւմ եք: Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և ինչո՞ւ այդքան ուշացած։
-Մարտիմեկյան ոճրագործության բացահայտման ներհասարակական պահանջը, որպես դամոկլյան սուր, ծանրացել է իշխանական վերնախավի գլխին: Բնականաբար, 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն իշխանության կողմից իրավիճակը շտկելու նպատակ է հետապնդում: Հասարակական-քաղաքական դաշտում օրեցօր խորանում է այն տեսակետը, որ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին արմատական ընդդիմության ակտիվ մասնակցությունը հնարավորություն կընձեռի իրավիճակն և փաստերն անկողմնակալ գնահատելու համար: Կարծում ենք, դրան է միտված նաև ՀԱԿ-ի որոշումը` մասնակցել փաստահավաք խմբի աշխատանքներին, և այս փուլում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի մասնակցությունն է՛լ ավելի կբարձրացնի ընդդիմության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Պարոն Կարապետյանի հետ ես նույնպես ընդգրկվել եմ հանձնաժողովի աշխատանքներում, սակայն` որպես դիտորդ:
Արդեն ասվել է, որ ժամանակավոր հանձնաժողովի վերջին նիստն արձանագրել է որակապես նոր արդյունք: Նիստին հրավիրված ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանության ստորաբաժանումների բոլոր գործողությունները համակարգել է գործող շտաբը, որը ղեկավարել է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս փաստի հրապարակումից հետո ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն առաջարկեց ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստում լսել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, որից հետո նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ընդդիմության առաջնորդներին: Ի դեպ, ուշագրավ է մամուլում տպագրված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` 2008-ի դեկտեմբերի 21-ին ՀԱԿ-ի համաժողովում ունեցած ելույթում արված հայտարարությունն այն մասին, որ մարտիմեկյան թալանին, ծեծուջարդին և մյուս վայրագություններին մասնակցել են նախապես պատրաստված, հատուկ հանդերձանքով ապահովված թվով 950 անձինք, որոնց հավաքագրումը ղեկավարել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ: Ելույթից հայտնի է դարձել նաև, որ այդ պաշտոնյաների և օլիգարխների անունները ժամանակին հաղորդվել են Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգին: Ասված է նաև, որ այդ նյութերին տիրապետում է փաստահավաք խումբը: Կարծում եմ` միանգամայն նպատակահարմար կլինի այս և գործին առնչվող ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրել ժամանակավոր հանձնաժողովին:
-Իսկ հենց ԱԺ-ի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։
-Անկեղծ ասած, որևէ լուրջ ակնկալիք ՀՀ ԱԺ-ից չունենք, քանզի հավաքական առումով այս մարմինն անչափ հեռու է քաղաքական արժեհամակարգից: Մտահոգիչ են տարածվող այն լուրերը, թե ԱԺ-ի և օլիգարխների որոշակի շրջանակների միջև ակտիվանում են շփումները` կապված նոր խմբավորումների կամ տանդեմների ձևավորման հետ, հատկապես, երբ այդ ոչ ֆորմալ միությունները շատ հեռուն գնացող նկրտումներ են հետապնդում։ Ամփոփելով խոսքս` ուզում եմ հաստատել, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ պետականության կորստից խուսափելու և ազգային անվտանգության ռազմավարական շահերին իրատեսական մոտեցումներ ապահովելու համար երկրին անհապաղ անհրաժեշտ են համապետական նոր ընտրություններ, պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա ձևավորված նոր կառավարություն, համայն հայության ողջ ներուժի համակարգված և նպատակային օգտագործման միջոցով ազգային-պետական մտածողությամբ օժտված գործիչների համախմբում` ի նպաստ հայության հարատևման:
-Ձեր Ամանորյա մաղթանքը։
-«Նոր ժամանակներ» կուսակցության անունից շնորհավորում եմ մեր ժողովրդի գալիք Նոր տարին, մաղթում, որ 2009 թվականը մեր բազմաչարչար հայրենակիցների համար դառնա արմատական բարեփոխումների և, որ առավել կարևոր է, արդարությունը վերականգնելու տարի։
Զրուցեց Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3255

Մեկնաբանություններ