ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Եթե հետդարձի ճանապարհ չկա, ապա ի՞նչն է խանգարում Արցախի ղեկավարությանը փոփոխելու պետության անվանումը, դրա մեջ ներառելով հայկականություն

Եթե հետդարձի ճանապարհ չկա, ապա ի՞նչն է խանգարում Արցախի ղեկավարությանը փոփոխելու պետության անվանումը, դրա մեջ ներառելով հայկականություն
25.07.2023 | 09:43

Նախկին ԽՍՀՄ-ում, բացի ԼՂԻՄ-ից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից, գոյություն ունեցող բոլոր հանրապետությունները, ինքնավար մարզերն ու ինքնավար տարածքները (օկրուգները) կրում էին այնտեղ բնակվող ժողովուրդների անվանումը:

Օրինակ, Աբխազիայի ինքնավար հանրապետությունում, Կաբարդինո-Բալկարյան ինքնավար մարզում կամ Ագինո-Բուրյաթական ինքնավար տարածքում (օկրուգում) բնակվում էին, համապատասխանաբար, աբխազները, կաբարդինները, բալկարները, ագիններն ու բուրյաթները:

Եվ միայն ԼՂԻՄ-ում ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունում «լայն հասարակության» համար պարզ չէր, թե ինչ ժողովուրդներ են բնակվում, քանզի բնության մեջ չկար լեռնաղարաբաղցի կամ նախիջևանցի ժողովուրդ:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիանալի հնարավորություն ընձեռնվեց Լեռնային Ղարաբաղի անվան մեջ ներառել այնտեղ բնակվող ժողովրդի անվանումը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մարզ: Քաղաքական առումով, նման ձևակերպումն աշխարհում ընկալելի կլիներ:

Չգիտակցված կամ միտումնավոր նախկին անվանումն անփոփոխ թողեցին: Ավելին, այն չփոխվեց նաև «ԼՂՀ-ն անկախ պետություն է» անվանմամբ արկածախնդրության շրջանակներում:

Ի՞նչ է նշանակում ԼՂՀ, ի՞նչ ժողովուրդ է այնտեղ ապրում:

Նաև սա էր պատճառը, որ Արցախի խնդիրն աշխարհում ընկալվեց ոչ թե որպես ինքնորոշման իրավունք, այլ որպես տարածքային վեճ:

Խնդրի նման ընկալմանը նպաստեցին արհեստականորեն՝ բացառապես տարածքային հիմքով, ստեղծված Դոնեցկի, Լուգանսկի և Մերձդնեստրի «հանրապետություններ» կոչվող քվազի միավորները:

Վերջիններիս դեպքում, այնպես, ինչպես ԼՂՀ-ի պարագայում, ևս պարզ չէր, թե ինչ ժողովուրդներ են բնակվում այդ տարածքներում:

«Լայն հասարակությունը» դրանց և ԼՂՀ-ն դրեց նույն հարթության վրա:

Եկանք մեր օրեր:

Շրջափակված Արցախն աշխարհի մի քանի բևեռների ուշադրության կենտրոնում է: Արցախի բնակչության 98 %-ը հայեր են: Եվ, եթե հետդարձի ճանապարհ չկա, ապա ի՞նչն է խանգարում Արցախի ղեկավարությանը փոփոխելու պետության անվանումը, դրա մեջ ներառելով հայկականություն:

Հասկանում եմ, որ իրավիճակն օրհասական է, սակայն, եթե դրանից արժանապատվորեն դուրս գալու նպատակ ենք հետապնդում, ապա անխոցելի քայլեր են անհրաժեշտ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ