ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մենք՝ որպես էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն

Մենք՝ որպես էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն
16.07.2023 | 15:04

Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։

Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանը գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այդ շերտերը՝ ընդհանրապես, գուցե շատ բաների նման դա՞ էլ ենք հորինել։ Այդ շերտերի դեֆեկտը քաղաքացու բացակայությունն է։ Իսկ մյուս ինստիտուտները ի՞նչ վիճակում են։

Երեկվա զարգացումներից հետո՝ ՌԴ ԱԳՆ հայտարարություն, եռակողմ հանդիպում, Շ. Միշելի հայտարարություններ, Արցախում սկսված պրոցեսներ, ստեղծվել է նոր իրականություն, որը Երևանից ինստիտուցիոնալ արձագանք է պահանջում, որպեսզի աշխարհը հասկանա, որ մենք ժողովուրդ ենք և ունենք պետություն։

Եթե տիտղոսային ընդդիմությունը, որպես ինստիտուտ, այսօրվա որակի է, մենք գիտաշխատողից ի՞նչ ենք պահանջում։ Ինչ-որ մեկը ֆանտաստիկ ձևակերպում էր տվել՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ընդդիմությունը գնաց արձակուրդ։ Եթե այս պայմաններում, խեղդամահ լինող Արցախի ֆոնին ու մայրաքաղաքի ընտրությունների շեմին ընդդիմությունը գնում է արձակուրդ, էլ ումի՞ց ինչ ենք պահանջում։

Իսկ գուցե մե՞նք ենք հորինել առաջնորդներ, ենթաառաջնորդներ, համաառաջնորդներ, գեներալներ, մարշալներ, հիմնադիրներ և այլ կարգավիճակներ, ինչպես Նիկոլը իր համար հորինել է «մեծարգոն»։ Գուցե նրանք չկա՞ն։ Բայց հարց է ծագում՝ իսկ ի՞նչ ունենք այդ դեպքում։

Ունենք տասնյակ հազարավոր կարգին մարդիկ՝ առանց այդ տիտղոսավորման, ունենք բավարար պոտենցիալ՝ պետություն պահելու ու հետպատերազմյան վերականգնման համար, ունենք նոր սերունդներ՝ կրթված ու առողջ մտածող, ունենք եկեղեցի՝ բացառիկ առաքելությամբ, ունենք լուրջ հանրային գործիչներ, նաև՝ պատգամավորների թվում, ունենք մի քանի հարյուր հազար ընտրող, որն ատամներով պատրաստ է պահել պետությունը։ Այս ողջ պոտենցիալով հանդերձ՝ այս պահին մենք էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն ենք։

Ո՞նց անենք, որ փոխենք վիճակը։ Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով։ Դադարել բլոգեր լինելուց։ Դադարել բլոգեր-ազգ լինելուց։ Բոլոր նոր ձևավորվող շարժումները, միտք գեներացնող հարթակները պետք է գնան թափ հավաքելու, կառուցվածքային տեսք ստանալու ճանապարհով՝ միասին աշխատելու կամքով։ Այդ դեպքում մենք հասկանալի կլինենք մեծ հասարակության համար, և Կ. Փաշոյանի նշած խավերի մոտ նույնպես կսկսի խոսել քաղաքացին։ Այդ դեպքում մենք կունենանք բավարար ռեսուրս՝ և´ «մեծարգոյից» ազատվելու, և´ իսկապես սկսելու հետպատերազմյան վերականգնումը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ