ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կործանում տանող այս ճանապարհից հետ դառնալու տարբերակը իշխանության հրաժարականն է

Կործանում տանող այս ճանապարհից հետ դառնալու տարբերակը  իշխանության հրաժարականն է
20.04.2023 | 22:24

Նրանք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում այսօրվա իշխանությանը ձայն չեն տվել, նաև նրանցից շատերը, որոնք իրենց կամքով ընտրել են այս իշխանությանը, ոչ մի կերպ չեն ընկալում այն գործողությունների տրամաբանությունը, որն այդ իշխանություններն անվանում են «խաղաղության հաստատման քաղաքականություն»։ Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունում պետական, ազգային շահերի առնչությամբ ենթատեքստ գոյություն չունի։ Ինչպիսի՞ բովանդակություն կարող է ունենալ այդքան կարևոր խնդրի քննարկումը մի երկրի հետ, ընդ որում՝ առանց նախապայմանների, որն օկուպացրել է Արցախի և ՀՀ տարածքները, որը մինչ օրս չի վերադարձրել ռազմագերիներին, որը շարունակաբար անվտանգային ու հումանիտար խնդիրներ է ստեղծում քո բնակչության համար, որը ոչ միայն չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև ընդհանրապես վերացած է համարում այդ խնդիրը, որը մերժում է բանակցային որևէ ձևաչափ և այլն։

Ինչպե՞ս կարելի է «առանց նախապայմանների» բանակցել մի երկրի հետ, որը պատերազմի հրահրեց Ադրբեջանին, զինեց նրան, ապահովեց այլ երկրների օժանդակությունը, ահաբեկչական խմբավորումներով համալրեց նրա բանակը, իսկ հիմա էլ իր հետ հարաբերությունների յուրաքանչյուր քայլը պայմանավորում է Ադրբեջանի հետ ենթադրվող պայմանագրի շուտափույթ կնքմամբ՝ նրա թելադրած պայմաններով։

Հասկանալի է, որ այդպիսի խաղաղություն չի լինում։ Դա տիրոջ ու վասալի փոխհարաբերության հաստատում է։ Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ այստեղ խաղաղության հաստատման խնդիր չկա, այդպիսին լինել չի կարող։ Դա կարող է լինել միայն ստանձնած որոշակի պարտավորությունների առկայություն։ Պարտավորություններ, որոնք հարկադրում են այս իշխանություններին ամենաանվայել կերպով դրսևորել իրենց հնազանդությունը թշնամուն՝ իրենց գործողություններով ոտնահարելով մեր պետական, ազգային շահն ու արժանապատվությունը։

Բնականաբար, կործանում տանող այս ճանապարհից հետ դառնալու տարբերակը այս իշխանության հրաժարականն է։ Իշխանություն ասելով՝ պետք է հասկանալ վարչապետին, քանի որ նրա հրաժարականի դեպքում խորհրդարանական մեծամասնություն կոչվածն անմիջապես կփլուզվի։ Նրանց մեջ նոր լիդեր չկա, և ոչ էլ մեկ այլ ճանապարհ կարող են ներկայացնել, որովհետև նրանց հետ ոչ ոք չի աշխատել այդ ուղղությամբ։

Բայց արդյո՞ք միայն հրաժարականի պահանջը բավարար է, որպեսզի այն իրականանա։ Մեկ անգամ մենք համոզվեցինք՝ պատերազմից հետո այդպիսի իրավիճակում ժողովուրդը չհամախմբվեց այդ պահանջի շուրջ։ Իհարկե, կարող ենք ասել, որ այժմ շատ բան է փոխվել, որ շատ բաներ երևակվել են, որոնք հաստատում են այս իշխանությունների անկարողությունը՝ երկրի, ազգի համար կարևորագույն խնդիրներում ընդունելի լուծումներ գտնելու և իրականացնելու։

Բայց պետք է հասկանալ, որ առաջին ձախողումը պայմանավորված էր այլ բանով։ Անգամ ծանր, կորստաբեր պարտության դեպքում իշխանությունը իր ինքնարդարացման, մեղքն ուրիշների վրա բարդելու («ես համար մեկ պատասխանատուն եմ, բայց ես մեղավոր չեմ») փորձերում, թեկուզև ակնհայտ պարտվողական և անարժանապատիվ, լուծումներ էր առաջարկում ապագայի մասին, որոնց հանրագումարը դարձավ ոչ միանշանակ մի դատարկաբանություն՝ «Կա Ապագա Կա»։ Այն աշխատեց, որովհետև հավաքական ընդդիմությունը ոչինչ չառաջարկեց, ոչինչ չհակադրեց այդ կոչին։

Այս ճակատագրական պահին էլ համախմբման կոչ անելով, համաժողովրդական ընդվզման կոչ անելով՝ ոչ մի քաղաքական, հասարակական միավոր կամ միավորում հարկ չի համարում գոնե ընդհանուր գծերով ներկայացնել մեկ այլ հնարավոր իրականություն, որտեղ կարող են լուծվել Արցախի ու արցախահայության, Հայաստանի պետականության վրա կախված սպառնալիքները։ Ի՞նչ կերպ, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ճանապարհներով։

Ավելին, եթե մենք չենք ուզում շարունակաբար կախված մնալ մեր թշնամիների քմահաճությունից, ապա պետք է համարձակություն ունենանք մտածել այնպիսի երկրի մասին, որը կարող է ապահովել իր անվտանգային պահանջներն ու ժողովրդի բարեկեցությունը։ Սա է կարևորը, պետք է խոսել այս մասին։ Խոսել հիմնավոր և պատճառաբանված՝ սկսած արտաքին քաղաքականությունից, մինչև տնտեսություն ու բանակ, գիտություն ու մշակույթ։

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 4530

Մեկնաբանություններ