«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պերմյակովի ուրվականը

Պերմյակովի ուրվականը
20.04.2017 | 12:35

Երեկ ուշ երեկոյան վերջապես հայտնաբերվել ու ոստիկանություն բերման է ենթարկվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անհետ կորած զինծառայող, ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը: Չնայած պատկան մարմիններն անընդհատ հավաստիացնում էին, որ Լոշմանովն անհետացել է առանց զենքի, մարդկանց մոտ, հատկապես Գյումրիում, խուճապային տրամադրություններ էին: Բոլորը հիշում էին երկու տարվա վաղեմության դեպքերը, Պերմյակովի անհետացումը, Ավետիսյանների բազմանդամ ընտանիքի սպանդը: Եվ դա բնավ պատահական չէ, որովհետև դատավարությունն այդպես էլ չբացահայտեց այդ ոճրի պատճառահետևանքային կապը, հետևաբար, անկարելի է խոսել հանցագործության լիրվ և համակողմանի բացահայտման մասին:

Պերմյակովն այդպես էլ դե ֆակտո չհանձնվեց հայկական արդարադատությանը` ավելի խորացնելով մեր հասարակության կասկածները:
Լոշմանովի դեպքում կրկին խախտվեց հայ-ռուսական պայմանագիրը: Նա անհետացել էր ապրիլի 16-ին, մեր իրավապահներն այդ մասին տեղեկացվել են երկու օր ուշացումով:
Եվ վերջապես` ռուսական ռազմաբազայում ոչ մի հետևություն չի արվել Պերմյակովի դեպքից: Կարգապահությունը, բազայի բարոյական մթնոլորտը փաստացի գտնվում են բարձիթողի վիճակում: Պերմյակովի դեպքում արագ ալիբի գտնվեց. հղում կատարվեց նրա ժամկետային զինծառայող լինելու փաստի վրա: Լոշմանովը պայմանագրային զինծառայող է, ու ենթադրելի է, որ ռազմաբազայում առկա են ինստիտուցիոնալ պրոբլեմներ:


Փառք աստծո, Լոշմանովը հայտնաբերվեց ու ձերբակալվեց, սակայն մեր մտահոգությունները չփարատվեցին: Ռուսական ռազմաբազան ոչ միայն չի կատարում անվտանգության երաշխավորի իր դերը, այլ հաճախ հանրային անկայունության օջախ է դառնում Գյումրիում:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ