ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Պետդեպը քննադատում է Հայաստանում «կառավարության ռեսուրսների չարաշահումը, իրավապահների անպատժելիությունը»

Պետդեպը քննադատում է Հայաստանում «կառավարության ռեսուրսների չարաշահումը, իրավապահների անպատժելիությունը»
07.03.2017 | 10:09

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016-ի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»:

Զեկույցում որպես խնդիր առանձնացված է «դատական համակարգի սահմանափակ անկախությունը»: Զեկույցում անդրադարձ կա 2016-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը: Նշվում է, որ երկշաբաթյա դիմակայության ընթացքում պատանդ են վերցվել ոստիկաններ և բուժաշխատողներ, և, ինչպես ասվում է զեկույցում, «ըստ հնչող մեղադրանքների՝ խմբի անդամներն իրադարձությունների ժամանակ սպանեցին երեք ոստիկանի»:


«Դիմակայության ընթացքում Երևանում և երկրի այլ վայրերում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի», իրավապահների կողմից եղան անօրինական ձերբակալություններ, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և չափից ավելի ուժի կիրառման դրսևորումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես հուլիսի 29-ի գիշերը, երբ ոստիկանությունը ցրեց «Սասնա ծռերի» քաղաքական պահանջները սատարող ցուցարարներին»,- կարդում ենք զեկույցում: «Թեպետ ոստիկանությունը հեռացրել կամ կարգապահական միջոցներ է կիրառել ավելի քան մեկ տասնյակ ոստիկանների հանդեպ, այս քայլերը պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ չէին համատարած չարաշահումների համար»,- գնահատել է պետդեպը:
Այլ խնդիրների թվում ներառվել են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված «կասկածելի մահվան դեպքերը», զորակոչիկների հանդեպ «նվաստացումները», «դաժան ու գերբնակեցված բանտային պայմանները»:


«Եղել են կամայական ձերբակալություններ ու նախնական կալանքի երկարատև կիրառում՝ կալանքի պատճառների վերաբերյալ թափանցիկության բացակայության պայմաններում, ցուցմունքների հավաստիության նկատմամբ անվստահություն, ազատ արձակման ոչ-հստակ չափորոշիչներ և կալանքի տակ գտնվողների իրավունքների ոչ-հավասար կիրառում, օրինակ՝ ընտանիքի անդամների տեսակցության մասով»,- արձանագրել են զեկույցի հեղինակները:
Որպես դրական զարգացումներ մատնանշվում են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտպանության նախարարությունում իրականացված քայլերը՝ ռեսուրսների չարաշահման և սխալ տեղաբաշխման, այլ կոռուպցիոն երևույթների կապակցությամբ հակակոռուպցիոն քայլերի մասին հայտարարությունները, այդ թվում ՊՆ գնումների ոլորտում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը:


Դրական է համարվել օնլայն լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերը որպես «տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուրի»: «Աճել է նշանակալի քաղաքական իրադարձությունների ինտերնետային ուղիղ հեռարձակման կարևորությունը, հատկապես հրապարակային բողոքի ակցիաների ժամանակ»,- ասված է զեկույցում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ թե ավանդական և թե օնլայն լրատվամիջոցների սեփականատերերը «թափանցիկ չեն», և կան արժանահավատ հաղորդումներ, որ թե օնլայն և թե հեռարձակող լրատվամիջոցները «կենտրոնացված են մի քանի՝ իշխանությունների հետ կապեր ունեցող անձանց ձեռքերում»:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ