Կգտնվի՞ մեկը, որ հասարակությանը կազատի շուշանիկմիրզախանյաններից
17.03.2020 | 01:06
Արդեն քանի ամիս աշխարհը խոսում է կորոնավիրուսի բերած, բերող ու, ցավոք, դեռ բերելիք ավերածություններից, սակայն այս նույն աշխարհում կա մեկը, որը սեփական գիտության թե անգիտության, մեղավորության թե անմեղսունակության արդյունքում անխափան անում է իր չարաղետ գործը, ու ցավն այն է, որ այդ հանցավոր ձեռքը բռնող չկա։ Խոսքը Հայաստանի ազգային կինոնկենտրոնի տնօրենի այս էլ արդեն երրորդ տարին բոլորող ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի մասին է, որի ոլորտն ապականող, հիմնարկն ինտրիգներով կոլապսի հասցրած խայտառակ գործունեության մասին թե առանձին հրապարակումների, թե հարցով շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց (իրավապահ մարմիններ, պետական բարձրաստիճան այրեր, պատգամավորական կորպուս) ուղղված նամակների տեսքով բազմակի ահազանգեր են հնչեցվել։
Ապավինելով պետական այրերի ողջամտությանն ու իրավապահ մարմինների օպերատիվ գործելուն՝ թերևս կարելի է շարունակել սպասել արդարացի որոշման կայացման, եթե այս ընթացքում գոնե ինչ-որ կերպ բռնվեր այս կնոջ ավերիչ ձեռքը, գտնվեր որևէ մեկը, ով նրան կհասկացներ, թե չմտածված գործողությունների արդյունքում ինչ կարգի հանցագործություն է հեղինակում։
Ընդամենը փետրվարի վերջերին սույն տիկինը կինոկենտրոնի իր հովանավորյալ մի շարք աշխատակիցների հետ վերադարձավ Գերմանիայից ու առանց իրեն հաշիվ տալու, որ, կորոնավիրուսով պայմանավորված, վերադարձել է ռիսկային երկրում կազմակերպված միջոցառումից, հետևաբար կարող է լինել պոտենցիալ վարակակիր, ակտիվ շփումների մեջ մտավ աշխատակազմի հետ, որի զգալի մասը տանը մանկահասակ երեխաներ, խնամքի տակ մեծահասակներ ունեցող ընտանիքների ներկայացուցիչներ են։
Մեկօրյա ընդմիջումից հետո Միրզախանյանը, դարձյալ կինոկենտրոնի պատվիրակության կազմում, այս անգամ արդեն ամերիկյան գործուղման էր, երկիր, որտեղից երկու-երեք օր առաջ է վերադարձել, երկիր, որն այդ նույն կորոնավիրուսի պատճառով փակել է արտաքին աշխարհի հետ ունեցած սահմանները։ Սակայն Շ. Միրզախանյանի ի՛նչ մի խնդիրն է հնարավոր վարակի առկայությունն ու դրանով կինոկենտրոնի աշխատակազմին վարակելով՝ նրա հետ հաշվեհարդար տեսնելը։ Թե այս ընթացքում մեզանից յուրաքանչյուրն արդեն ինչքանով է դարձել կորոնավիրուսի զոհ, Աստված գիտի (միջանկյալ նկատենք, որ տիկինը հասցրել է լինել նաև կինոմիությունում, մասնակցել վարչության նիստին՝ ավելի ընդլայնելով իր հնարավոր ավերի շրջանակները)։ Մեր պահապանն այն աղոտ հույսն է, որ սպրդած կլինենք այդ ժանտախտից ու երևի թե պիտի շնորհակալ լինել կառավարությանը, որ կիրակի ընդունեց մասնակի հեռահար աշխատանքի անցնելու որոշում։
Երևի թե կարելի էր և խնդիրը չբարձրաձայնել, սակայն նման մի քանի շուշանիկմիրզախանյան ունենալն արդեն իսկ բավարար է երկրի սահմանները փակելու գործն անիմաստ դարձնելու համար։ Թեպետև հռետորական է հնչում, սակայն երկրում կգտնվի՞ մեկը, որ հասարակությանը կազատի շուշանիկմիրզախանյաններից, որոնք արդեն տեսակ են դարձել ու մոլեգնում են իրենց վայրի անգիտության, ամենաթողության, ամենակարողության մեջ։
Մարինե ԱՆՏՈՆՅԱՆ
Մեկնաբանություններ