Հաջորդն ո՞վ է լինելու
13.03.2020 | 02:57
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանի կինոկործան քաղաքականությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Սակայն հատկապես զարհուրելին այն է, որ սույն տիկնոջ գործունեության յուրաքանչյուր էջի հետ նոր ծանոթություն ապատեղեկատվության, հանրությանը մոլորեցնելու նորանոր գոհարներ է ի հայտ բերում: Բոլորովին վերջերս «Իրատեսի» 28.02.2020 թվագրությունն ունեցող «Հայ կինոյի առայժմ հավերժական ժ/պ-ն ու նրա ձախավեր գործունեությունը» հրապարակումում անդրադարձել էինք նրա գործունեության անքակտելի մաս կազմող ստախոսության հերթական դրսևորմանը, ըստ որի կինոկենտրոնում ֆիլմերի թվայնացումը, վերականգնումը սկսվել է 2018-ից, երբ իր բոլոր անհարթություններով հանդերձ հայ կինոյում այս գործընթացը մեկնարկել է 2006-ից: Սակայն եթե դու Շուշանիկ Միրզախանյան ես, քեզ համար ի՛նչ մի խնդիր է փաստերը կեղծելը, պատմությունը 12 տարով խմբագրելը։ Չզարմանաք, եթե օրերից մի օր սույնը հայտարարի, որ ինքը Համո Բեկնազարյանն է։
Հոդվածին, որտեղ ի մասնավորի անդրադարձ է եղել լեհական FIXAFILM ընկերության կողմից Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 2018-ին իրականացված թվայնացման գործընթացին, զարմանալի օպերատիվությամբ անդրադարձել է ծրագրի ղեկավար Դենիել Բրդը (ուր էր թե նման օպերատիվություն, փաստերին արագ արձագանքելու ունակություն ունենային ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարությունում)՝ իրեն կողմնորոշողներին հայտնի նշանառությամբ թիրախավորելով կինոկենտրոնի… նախկին տնօրենին: Զավեշտն այն է, որ չնշելով վերջինիս հետ երբևիցե ունեցած համագործակցության փաստ կամ հատուկ դիտավորությամբ լռելով այդ մասին՝ Դենիել Բրդը Շ. Միրզախանյանի գովքն է անում՝ նրան ներկայացնելով որպես իր նախորդից զգալիորեն բաց անձնավորության:
Շատ հնարավոր է, որ կինոկենտրոնի ժ/պ-ն բոլոր պարամետրերով բավարարել է Դենիել Բրդին, ու դրա պատճառով է պարոնը իր որակման մեջ գոհունակ, սակայն նյութի տակ դրված նրա ստատուս-արձագանքում դժվար չէ տեսնել մեկ այլ շերտ, որտեղ հստակ նշմարելի է Շ. Միրզախանյանի ու նրա թիմի ծանոթ ձեռագիրը: Դ. Բրդի ստորագրությամբ պատասխանի մեջ սույն արհեստավարժ թիմն այնքան փութկոտ ու ջեմեռանդ է եղել ապատեղեկատվության հերթական չափաբաժնի տարածման ժրաջանության մեջ, որ ստատուսի թարգմանությունում տարրական գրագիտության նկատմամբ էլ է մեղքեր գործել` այդպես էլ չհասկանալով, որ բաներ կան, որոնք Google translate-ն այսօրվա վիճակով դեռևս ի զորու չէ անելու: Հարկավ կարող ենք հուշել, թե ինչի մասին է խոսքը, սակայն շատ ավելի ճիշտ կլինի այդ բացառիկ հավաքականությանը թողնել իր բնական վիճակի՝ երջանիկ անգիտության մեջ, որովհետև, եթե, ինչպես ասում էին մեր նախնիները հնում, զենք քաջաց՝ սահման յուրյանց, ապա այս հավաքականության պարագայում զենք տգիտյաց՝ սահման յուրյանց։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ