«Փարաջանովյան կինոն շարունակություն կունենար, ու, վստահ եմ, «Հայֆիլմը» այսպես չէր հանգչի»
10.03.2020 | 01:51
Գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ համար տարին հոբելյանական է: Տարբեր առիթներով անդրադարձել ենք սիրված մտավորականի անցած ուղուն, գրքերին: Այս անգամ զրույցի առանցքը նրա՝ դեռևս աշխատանքային փուլում գտնվող Սերգեյ Փարաջանովին նվիրված գիրքն է:
-Մարկեսն ասում է. «Տարիքն ապրածդ տարիները չեն, այլ այն, թե ինչ ես զգում»: Ի՞նչ եք զգում Դուք հոբելյանական այս տարում:
-Ինձ թվում է՝ նոր եմ ավարտել միջնակարգ դպրոցը, հիշողություններումս դեռ դպրոցն է, ընկերական շրջապատը: Շատ կապված եմ իմ դասարանի հետ, երազումս էլ եմ հաճախ տեսնում և տարիքս այդպիսին եմ զգում: Զարմանում եմ՝ ո՞նց հասա ութսունի շեմին, ե՞րբ ութսունս բոլորեց: Իսկ բոլորել է հունվարին: Տարիքս ինչու՞ չեմ զգում. արդեն շուրջ երեսուն գիրք եմ հրատարակել: 29-րդ գիրքս՝ «Մաեստրոն», 2019-ի աշնանը լույս տեսավ, 30-րդը՝ «Փարաջանով. հանդիպումներ և ոչ միայն» գիրքը, շուտով պատրաստ կլինի տպագրության:
-Փարաջանովին նվիրված մեծ թվով գրականություն կա, ինչո՞վ է առանձնանում Ձեր գիրքը:
-Գրքում ներկայացված են իմ հանդիպումները Փարաջանովի հետ՝ Թբիլիսիում, Երևանում, նաև հայտնի մարդկանց հետ զրույցներս Փարաջանովի մասին: Օրինակ, 1973-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում հանդիպել եմ Ջինա Լոլոբրիջիդայի հետ. հարցրի՝ ի՞նչ գիտեք Հայաստանի և հայ կինոյի մասին, ասաց՝ շատ լավ բարեկամ ունեմ՝ նկարիչ Գրիգոր Շլդյանը, ում արվեստանոցում հաճախ եմ լինում, նա է ինձ հորդորել, որ գամ Հայաստան ու լուսանկարների շարք անեմ: Ջինան նաև ասաց, որ հայ ռեժիսորի ֆիլմ է տեսել Փարիզում՝ «Հրե նժույգներ»: Ասաց, որ ապշած էին, դա մի նոր խոսք է կինոարվեստում, կինոպոեզիա է: Հարցրի՝ տեսե՞լ է «Նռան գույնը» ֆիլմը, ասաց, որ լսել է դրա մասին, բայց չի տեսել, որպես հանձնախմբի անդամ կպահանջի այն ցուցադրել, նկատեց, որ այդ դեպքում հարկ կլինի ևս մի հանդիպում, պետք է փորձենք գտնել իրար: Եվ նայել էր ֆիլմը: Փառատոնի փակման օրը «Ռոսիա» հյուրանոցի համերգային սրահի վերևի հարկում հանձնախմբի անդամները փակման արարողություն էին կազմակերպել: Ես մամուլի ներկայացուցիչ էի, փորձեցի բարձրանալ վերև, մոտենալ Ջինա Լոլոբրիջիդային, ճանապարհս փակեցին, ասացին, որ չի կարելի: Բայց հանկարծ որսացի իր հայացքը, բաժակը բարձրացրած եկավ դեպի ինձ, ու մեր հարցազրույցը կայացավ: Խոսեց «Նռան գույնի» մասին, ասաց, որ հրաշալի ֆիլմ է, ավելին է քան կինոպոեզիան, դա արվեստի փիլիսոփայություն է, և կարծում է՝ հետևորդներ չի ունենա, 100 տարի է պետք, որ ծնվի մեկը և կարողանա նման արվեստ ստեղծել:
-Ինչպե՞ս է «Նռան գույնը» ճեղքել խորհրդային գրաքննությունն ու էկրան բարձրացել, ի՞նչ գիտեք այդ մասին:
-68 թվականն էր: Գեղխորհուրդը պետք է նայեր «Նռան գույնը» ու թույլ տար կամ թույլ չտար ֆիլմի տարածումը: Գեղխորհրդի կազմում էին՝ Մարտիրոս Սարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Միրզոյանը, Մորուս Հասրաթյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանը: Եվ որոշում են՝ ցուցադրությունն արգելել: Մարտիրոս Սարյանը վստահեցնում է, որ հանճարեղ գործ է, եթե նա սխալվում է, իր սխալը կուղղի, որովհետև հանճարի սխալն էլ է հետաքրքիր, հորդորում է ՝ չխանգարել Փարաջանովին, թույլ տալ ֆիլմը էկրան բարձրանա: Համաձայնում են, Մորուս Հասրաթյանը առաջարկում է փոխել վերնագիրը: Ֆիլմը կոչվում էր «Սայաթ-Նովա»: Հայրյանը ասում է՝ «Նռան գույնը», միանգամից բոլորը համաձայնում եմ: Հետագայում Փարաջանովն իր հուշերում գրում է, որ ֆիլմի վերնագրի համար գոհ է ու շնորհակալ:
-Ձեր գիրքը ե՞րբ պատրաստ կլինի:
- 2019-ի դեկտեմբերից եմ սկսել գրել՝ զուգահեռ ծանոթանալով տարբեր գրքերի: Ինձ օգնեց նաև այն, որ հիշողություններիս մի մասը գրառել եմ, մի մասն էլ տպագրվել է իմ «Հայելի» գրքում: Հունիս-հուլիս ամիսներին հավանաբար կավարտեմ: Լույս է ընծայելու «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Իմ գրեթե բոլորը գրքերը պետպատվերով են հրատարակվել, բայց մինչև 2023 թվական գրահրատարակման համար պետպատվեր նախատեսված չէ:
-Լուսանկարներ կա՞ն գրքում:
-Այո, շուրջ երկու տասնյակ լուսանկարներ կան:
-Դրսում հանրահռչակելու միտք ունե՞ք:
-«Փարաջանով. հանդիպումներ և ոչ միայն» գիրքը լույս է տեսնելու «Հայ կինոգործիչներ» մատենաշարով: Այդ մատենաշարի բոլոր գրքերը երկլեզու են՝ հայերեն և ռուսերեն: Վերջինը «Ֆրունզե Դովլաթյանն» էր, որ լույս տեսավ 2018-ին: Ազգային կինոկենտրոնն էր վճարում թարգմանական ծախսերի համար: Հիմա չկա թարգմանության համար նախատեսված գումար: Հնարավոր է միայն հայերեն լինի: Դրսում ներկայացնելու մասին դժվար է խոսելը, եթե թարգմանություն չկա:
-Ինչու՞ այդքան ուշ անդրադարձաք Փարաջանովին՝ Ձեր 80-ամյակի նախաշեմին:
-Մտավախություն ունեի, անընդհատ մտածում էի՝ ի՞նչ կառուցվածքով ներկայացնեմ Փարաջանովին. վերլուծե՞մ ֆիլմերը, կինոգետի հայացքո՞վ ներկայացնեմ «Նռան գույնը» «Աշուղ Ղարիբը», «Մոռացված նախնիների ստվերները»: Ի վերջո ընտրեցի այս ձևաչափը՝ «Փարաջանով. հանդիպումներ և ոչ միայն»: «Ոչ միայնը» ուրիշների խոսքն է իր մասին՝ Տարկովսկու, Տոնինո Գուերայի և այլոց:
Մի գլուխ կա՝ «Փարաջանովն ասում էր»: Oրինակ, նա անընդհատ մրմնջում էր իր սիրած աղոթքը. «Թող կրկնապատկվի և եռապատկվի ամենայն վեհն ու գեղեցիկը»: Դա էր նրա աղոթքը: Նա պաշտում էր գեղեցիկը: Փարաջանովը աչքերը բացել՝ տանը գեղեցիկ հին ապրանքներ է տեսել: Հայրը՝ Հովսեփը, հնավաճառ էր, վաճառում էր ինչ ասես, այդ թվում՝ ոսկի, ադամանդ: Փարաջանովը գրում է՝ ի՞նչ կենսագրություն, իմ կենսագրությունը մեկ բառով կարելի է ձևակերպել՝ դարդ: Անվտանգության կոմիտեն շարունակ հետապնդել է հորը, խուզարկել տունը: Գրում է՝ մայրս ամեն առավոտ մի բուռ ադամանդ էր տալիս, որ կուլ տամ, հետո ամբողջ օրը գիշերանոթը հետևիցս բռնած ման գալիս:
-Գիրքը բուհ կմտնի՞:
-Իմ գրեթե բոլոր գրքերը թատերական ինստիտուտը գնել ու օգտագործում է որպես ուսումնական ձեռնարկ՝ «Դովլաթյանը», «Ներսես Հովհաննիսյանը», «Ռուբեն Գևորգյանցը», «Ատամանովը», «Ռոբերտ Սահակյանցը»:
-Եթե Փարաջանովը ողջ լիներ...
-Երբ Կիևում՝ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նա նկարահանում է «Մոռացված նախնիների ստվերները», Յուրի Իլենկոն, նրա հետ աշխատող մյուս օպերատորները փորձում են ալափարաջանովյան ֆիլմեր ստեղծել՝ կրկնել Փարաջանովին, բայց չի հաջողվում: Մեզ մոտ էլ Ազատյան ամուսինները փորձեցին նկարահանել վավերագրական ֆիլմեր՝ փարաջանովյան մոտիվներով ու պլաստիկայով, բայց, ինչպես Տարկովսկին էր ասում, նա այնպիսի պլաստիկա է ստեղծել կինոյում, որ ոչ ոք չի կարող կրկնել:
-Իսկ եթե խոսենք Փարաջանովի՝ ժամանակի, կինեմատոգրաֆիայի վրա ունեցած ազդեցության մասին:
-Նա ուզում էր նկարահանել «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ»... Եթե այդ ֆիլմերը նկարահանվեին ու էկրան բարձրանային, «Հայֆիլմի» անունը թնդալու էր, ինչպես Կիևինը՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո: Փարաջանովյան կինոն շարունակություն կունենար, ու, վստահ եմ, «Հայֆիլմը» այսպես չէր հանգչի: Հետաքրքիր մի դրվագ հիշեցի. Փարաջանովը նկարահանում էր «Աշուղ Ղարիբը», օպերատորը Ալբերտ Յավուրյանն էր: Նկարահանում էր մուսուլմանական ֆիլմ, ճիշտ այն ժամանակ, երբ Արցախի հարցը բարձրացվեց, Սումգայիթի ջարդերը սկսվեցին: Եվ Փարաջանովը կարծես տագնապ է ապրում, զղջում: Գրում է իր հուշերում՝ ես էլ եմ քրիստոնյա, իմ օպերատորն էլ, և մենք ստեղծել ենք մուսուլմանական ֆիլմ, բայց կարծում եմ` մեր ազգն ընդունակ է ընդունելու ուրիշ ազգությունների արվեստը, հայերն ինձ ճիշտ կհասկանան: Ալբերտ Յավուրյանը պատմում է, որ ֆիլմն արդեն մոնտաժվում էր, կանչում է իրեն («Վրացֆիլմ» կինոստուդիայում էին ընթանում նկարահանումները): Նոր դրվագներ է նկարահանում` Աշուղ Ղարիբին մահմեդականները հալածում են, հայ երեխաները փրկում են հալածանքից, տանում եկեղեցի: Աշուղ Ղարիբն էլ իր հերթին կովի կաթ է հայթայթում (վատ ժամանակներ էին) ու կերակրում հայ մանուկներին: ՈՒ նոր գլուխ է ավելացնում ֆիլմում՝ «Աստված մեկն է»: Կարեն Քալանթարի վկայությամբ` նա կյանքի վերջում տանջվում էր մարմնապես ու բարոյապես, անսանձ երևակայությունից պայթում էր գլուխը, ծվատվում էր սիրտը: Բորբոքված ուղեղում ցնորքներ էին ծնվում: Նա ասում էր, որ մեղք է գործել հարազատ ժողովրդի դեմ, և հիմա Աստված պատժում է իրեն. նրան թվում էր, որ իր սերը տարբեր ժողովուրդների արվեստի ու մշակույթի հանդեպ, անկախ նրանց ազգությունից ու կրոնից, հավասար է դավաճանության ու հավատուրացության: Նրան տանջում էր այն միտքը, որ ինքը շատ քիչ բան է արել իր ժողովրդի համար: Նա ուզում էր ապրել՝ բաց թողածը լրացնելու համար:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ