ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կարևորը խաբելն ու ծիծաղելն է, մեկ էլ՝ հրավառությունը

Կարևորը խաբելն ու ծիծաղելն է, մեկ էլ՝ հրավառությունը
13.01.2024 | 15:44

Եթե մենք հունվարի 13-ին հին Նոր տարի ենք տոնում, ինչի՞ համար մյուս տոների հինն էլ չենք տոնում։ Ասենք՝ ծնունդը։ Տոնեցիր ծնունդդ՝ շնորհավորանքներ, նվերներ, մեկ էլ՝ 13 օր հետո, հին ծնունդդ ես տոնում։ Դե, բարի՛ եղեք, թանկագի՛ն ընկերներ, հարևան-բարեկամներ, նորից շնորհավորեք, նորից նվերներ առեք։ Ի՜նչ վատ է։

Կամ, ասենք, խաբելու օրը։ Ապրիլի 1-ին խաբեցիր սրան-նրան, ծիծաղեցիք, ուրախացաք, մեկ էլ ապրիլի 13-ին՝ նորից։ Ում ապրիլի 1-ին չես հասցրել խաբել, խաբում ես, ում հասցրել ես, նորից ես խաբում։ Խաբելը երբեք շատ չի լինում։ Իսկ ով դիմադում է, բարի մտադրություններով վատություն ես անում, որ, ռուսի ասած, կյանքը շաքար չթվա։

Հետաքրքիր կլինի սեպտեմբերի 1-ը։ Երեխեքը ծաղիկներով դպրոց են գնում, իսկ սեպտեմբերի 13-ին արդեն կարելի է բամբաներկաներով գնալ։

Բայց ամենահետաքրքիրն անկախության օրը կլինի։ Սեպտեմբերի 21-ին տոնում ենք անկախության օրը՝ քեֆ, ուրախություն, հրավառություն, իսկ 13 օր հետո՝ հոկտեմբերի 4-ին, տոնում ենք հին անկախության օրը՝ էլի քեֆ, ուրախություն․․․ Դե, իսկ հրավառությունը, բնականաբար, դեռ սեպտեմբերի 1-ից դադարած չի լինի։ Հրավառությունը մեզ մոտ երբեք չի դադարում՝ մշտադալար հրճվանք է։

Բայց չէ՛, ի՜նչ եմ ասում, մենք հին անկախության օր արդեն ունենք՝ մայիսի 28-ն է։ Լա՛վ, էդ դեպքում սեպտեմբերի 21-ին տոնում ենք ՆՈՐ անկախության օրը, հոկտեմբերի 4-ին՝ ՀԻՆ ՆՈՐ անկախության օրը, մայիսի 28-ին՝ ՀԻՆ անկախության օրը, իսկ հունիսի 10-ին՝ ՀԻՆ ՀԻՆ անկախության օրը՝ բայի ժամանակների նման՝ անկատար, անցյալ անկատար, վաղակատար, անցյալ վաղակատար։ Կատարյալը հետո՝ պայծառ ապագայում կտոնենք։

Բայց պատկերացնում ե՞ք՝ ինչ կլինի։ Մեր թշնամիները, որ ուզում են մեզնից խլել մեր անկախությունը, կշաշանան, չեն իմանա, թե մենք երբ ենք անկախացել, չեն հասկանա, թե երբ հարամ անեն՝ գազը փակեն, միջազգային իրադրությունը սրեն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չորս անկախություններն էլ խոչընդոտեն, մենք էլի ելքը կգտնենք, կտոնենք, ասենք՝ մարտի 8-ին։ Բոլորին կթվա, թե մենք կանանց միջազգային օրն ենք տոնում, իսկ մենք, հոգու խորքում, անկախության օրը կնշենք, ու մինչև ապրիլի 7-ը կլինի Հայաստանի հանրապետության կանանց անկախ միամսյակ։

Կամ կարելի է ապրիլի 1-ին տոնել անկախության օրը։ Թշնամիները կկարծեն, թե կատակ ենք անում․․․ Բայց, չէ՛, խաբելու օրվան կպնել չի կարելի, խաբելու օրը սուրբ է։

Դե լա՜վ, անկախության հերն էլ անիծած, առանց դրա էլ յոլա կգնանք։ Կարևորը խաբելն ու ծիծաղելն է... Հա՛, մեկ էլ՝ հրավառությունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ