«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
10.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
Քանի դեռ Հիսուսն Իր Խաչով չէր հաղթել մահին, Տիրոջ արդարները՝ հանձին Դավիթ մարգարեի, հույսով սպասում էին այդ օրվան՝ ասելով. «Մարմինս հույսով պիտի հանգստանա, քանի որ իմ անձս գերեզմանի մեջ պիտի չթողես» (Սաղմոս 16, 9.10)։
(սկիզբը՝ թիվ 16-ում)
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ
Իսկ այժմ Աստծո ծառայի՝ Պողոս առաքյալի այս հուսադրող խոսքերն ունենք. «Եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերի Իր հետ։ Քանի որ սա եմ ասում ձեզ Տիրոջ խոսքով, եթե մենք մինչև Տիրոջ գալուստը ողջ մնանք, բնավ ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք։ Քանի որ Տերն Ինքն ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով երկնքից պիտի իջնի, ու Քրիստոսով մեռածներն առաջ հարություն պիտի առնեն, հետո էլ մենք, որ ողջ ենք մնացել, նրանց հետ պիտի հափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելնելու՝ օդի մեջ և այնպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուստի մեկդ մյուսին մխիթարեք այս խոսքերով» (Ա. Թեսաղ., 4. 13-17)։
Եվ վերջապես մեր Տիրոջ սուրբ շուրթերից ելած հետևյալ խոստումն ունենք. «Կգա՛ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Աստծո ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատապարտության հարության համար» (Հովհ., 5.28)։
Իսկ թե ինչու է մեկը շուտ հեռանում այս աշխարհից, իսկ մյուսը՝ ուշ, դա մեր քննելիք բանը չէ, քանզի Աստծո գործերն անքննելի են։ Նույնիսկ մի անգամ, երբ սուրբ Անտոն անապատականն աղոթքով դիմեց Աստծուն, ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ոմանք երիտասարդ են մահանում, իսկ ոմանք էլ ապրում մինչև խոր ծերություն», նրան Աստծուց հետևյալ պատասխանը տրվեց. «Անտո՜ն, դու քեզ նայիր, իսկ դա Աստծուն է վերաբերում, և քեզ օգուտ չէ դրանց քննելը»։
Խոսքը վերաբերում է նաև նորածին մանուկներին, որոնք երկրի վրա շատ կարճ ժամանակ են ապրել։ Մեր սուրբ հայրերը հավատքով ապավինելով Աստծո ողորմությանը, որ այդ մանուկ հոգիները նույնպես պետք է երկնքի արքայությունից անմասն չմնան, ծնունդից հետո ութերորդ օրը նորածիններին բերել են եկեղեցի և մկրտել են Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի Տիրոջ խոստացած հավիտենական կյանքի խորհուրդին նրանք էլ հաղորդ լինեն, որովհետև չմկրտված մարդը չի կարող Աստծո Արքայություն մտնել։
Եղել են նաև բազում դեպքեր, երբ ծնողներն անհոգ են եղել այդ կարևոր հարցում և տարբեր առիթներով հետաձգել են մանկան մկրտությունը, ու երբ երեխան ծանր հիվանդացել է, նրանք անհույս տարել երեխային հանձնել են Տիրոջ ձեռքը՝ մկրտելով հոգու փրկության համար։ Եվ մարդասեր Տերն այդպիսիներին ընդունելով Իր Հայրական գիրկը, նրանցից շատերին առողջացնելով կյանք է շնորհել, և երեխային լրիվ ապաքինված տուն են տարել։
Աստծո ողորմությունն այնքան մեծ է, որ նույնիսկ, ըստ մեր եկեղեցու վարդապետների, նաև Պարտավի ժողովի 20-րդ կանոնի, ոչ միայն մկրտության ջերմ փափագ ունեցող չափահասներն են փրկվում, եթե ինչ-ինչ պատճառներով մինչ այդ մեռնում են, այլ նաև մանուկները՝ իրենց ծնողների անկեղծ ցանկության և դիտավորության շնորհիվ, եթե երեխան հանկարծամահ է եղել։ Եվ այդպիսի մանուկների թաղման ժամանակ ծնողները պետք է քահանային հայտնեն իրենց սրտում եղած մկրտության դիտավորության մասին։
Իսկ այն չծնված մանուկները, որոնք տարբեր միջոցներով (աբորտ և այլն), իրենց ծնողների դաժանության պատճառով դեռ արևի երես չտեսած հավիտենականության գիրկն են անցել, Աստծո ողորմությունից նույնպես բաժին կունենան, բայց և ահեղ դատաստանի ժամանակ նրանք կլինեն իրենց ծնողների ահավոր վկաները, եթե այդպիսիները մինչ այդ զղջումով չապաշխարեն իրենց կատարած այդ հանցանքի համար, որովհետև իրենց մեղավոր ցանկությունները բավարարելու համար մարդ էակի են զրկել ապրելու իրավունքից, քանզի մանուկը դեռ իր մոր որովայնում է հոգին ստանում։
Այս էլ իմանանք, որ աշխարհի վերջում, ավետարանական մարգարեությունների համաձայն, մեղքի և անօրենությունների շատանալու պատճառով, մարդկանց վշտերն ու անբուժելի հիվանդություններն ավելի են տարածվելու, իսկ մահերը դառնալու են անժամանակ, այսինքն՝ դեռ ծերության չհասած։ Եվ այժմյան գերեզմանների շիրմաքարերի տարեթվերի վկայություններն այդ են հաստատում, որ մենք հենց այդպիսի ժամանակներում ենք ապրում։ ՈՒրեմն զգու՛յշ լինենք, քանի դեռ ժամանակը մեր ձեռքում է, Սուրբ Հոգու զորությամբ ու Հիսուս Քրիստոսի անունով, մեղքի դեմ պատերազմենք բարի պատերազմը, որպեսզի մենք էլ պատրաստ լինենք Տիրոջ առջև անդատապարտ կանգնելու։
ՎԵՐՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Քանի որ ասացինք, թե մարդկանց մահերը մեծ մասամբ ուղեկցվում են զանազան փորձություններով ու հիվանդություններով, դա, ըստ եկեղեցու սուրբ հայրերի, մեկնաբանվում է որպես Աստծո վերջին այցելություն, որպեսզի տվյալ հոգին մաքրված և պատրաստված մտնի իր հավիտենական հանգիստը։ Ինչպես և խրատում է մեզ Բարսեղ Մեծը` ասելով. «Մարմինը վիրավորվում է, որպեսզի բժշկվի հոգին, մեռցվում է մեղքը, որպեսզի ճշմարտությունն ապրի», և դարձյալ. «Ինչպես երկրի վրա ապրողին է անհնար խուսափել օդից, այդպես էլ այս աշխարհում ապրողին է անհնար, որ չփորձվի վշտերով ու հիվանդություններով»։
Այս առիթով այժմ կարդանք շատ օգտակար մի պատմություն, որ մեզ է հասել եկեղեցու հայրերի միջոցով. «Մի անդամալույծ, որը տառապում էր մարմնի անտանելի ցավերից, լացով աղաչում էր Տիրոջը, որ դադարեցնի իր տանջալից կյանքը։ «Լա՜վ,- ասում է նրան հայտնված հրեշտակը,-Տերը քանի որ անպատմելիորեն բարի է, ողորմածաբար կատարում է խնդրածդ` Նա դադարեցնում է քո ժամանակավոր կյանքը, բայց մի պայմանով. քո կյանքի մեկ տարվա տառապանքների փոխարեն, որ ամեն մարդու մաքրում է, ինչպես ոսկին հալոցքում, համաձա՞յն ես արդյոք երեք ժամ մնալ դժոխքի տանջանքներում, քանզի քո կատարած մեղքերը պահանջում են, որ մաքրվես սեփական մարմնի տառապանքներով էլի մեկ տարի, որովհետև ինչպես քո, այդպես էլ բոլոր հավատացյալների համար չկա ուրիշ ճանապարհ դեպի երկինք, բացի Խաչի ճանապարհի տառապանքներից, որ հարթել է Աստծո Միածինը։ Այդ ճանապարհը քեզ ձանձրացրե՞լ է արդեն. ուրեմն փորձիր, թե ինչ են նշանակում դժոխքի տանջանքները, որտեղ ուղարկվում են բոլոր մեղավորները։ Բայց, ինչպես ասացի, ընդամենը երեք ժամով, որից հետո սուրբ եկեղեցու աղոթքներով կազատվես այնտեղից»։
Տառապյալ անդամալույծը մտածեց՝ ևս մեկ տարվա տառապանքն ահավոր երկար է, ավելի լավ է երեք ժամ համբերեմ դժոխքում, քան մի ամբողջ տարի երկրի վրա և ասաց հրեշտակին. «Համաձայն եմ դժոխքի փորձությանը»։ Եվ հրեշտակը զգուշությամբ զատեց անդամալույծի հոգին նրա տառապյալ մարմնից ու տարավ թողեց դժոխքում, ասելով. «Երեք ժամից հետո կգա՛մ քո հետևից»։
Ամենուրեք տիրող խավարը, նեղությունները, մեղապարտների աղիողորմ ճիչերը, չար դևերի զազրելի կերպարանքները շատ սարսափեցրին տառապյալին, քանզի այնտեղ դժոխքի խավարի անդունդի վրա թռչող կայծակնացայտ աչքերով դևերն ու տանջվողների ահասարսուռ ողբերը նրա համար խիստ անտանելի եղան, ու վախից դողալով ամբողջ ուժով օգնություն կանչեց, բայց նրա ձայնը միայն թույլ ու հեռավոր արձագանք տվեց մահվան անդունդի խորխորատներում։ Նրան ամեն մի րոպեն տարի էր թվում, և վայրկյան առ վայրկյան սպասում էր լուսո հրեշտակին, որ իր խոստման համաձայն երեք ժամից պիտի իրեն հաներ այդտեղից։
Բայց նա ուշանում էր, իսկ տառապյալի աչքի առջև դևերը ծաղրելով տանջում էին ծարավ ու անօգնական մեղավորներին, դրանով ավելի խորացնում նրանց տառապանքները։
Անհուսությունից բղավում, լացում ու ատամներն էր կրճտացնում անդամալույծը` մտածելով որ իրեն մոռացել են ու հավիտյան պիտի այնտեղ տառապի մյուսների հետ։
Վերջապես լուսո հրեշտակը դրախտային ժպիտով հայտնվեց՝ ասելով. «Դե՛, ինչպե՞ս ես, եղբայր»։ Իսկ պատասխանի փոխարեն հազիվ շարժվող, կարկամած շուրթերով անդամալույծը շշնջաց. «Ես չգիտեի, որ հրեշտակի բերանով էլ է սուտ հնչում»։ «Ի՞նչ սուտ, ինչի՞ մասին է խոսքը»,- հակաճառեց հրեշտակը։ «Ինչպե՞ս թե ինչ սուտ,- արտաբերեց տառապյալը,- դու խոստացար այստեղից երեք ժամից հանել, բայց ամբողջ մի դար թողեցիր ինձ դժոխքում»։ «Ների՛ր, բայց ի՞նչ դարի մասին է խոսքը, երբ ընդամենը մեկ ժամ է անցել իմ բացակայությունից հետո,- պատասխանեց հրեշտակը,- և, ըստ մեր պայմանի, դեռ երկու ժամ էլ պետք է մնաս այստեղ»։
«Եվս երկու ժա՜մ,- սարսափած գոչեց անդամալույծը,- օ՛հ, ո՜չ, այլևս չեմ կարող դիմանալ, այլևս ուժ չունեմ, եթե Տիրոջ կամքն է, թող թույլ տա ինձ հանես այստեղից։ Ավելի լավ է երկրի վրա տարիներով, դարերով տանջվեմ, թեկուզ մինչև Տիրոջ գալուստը, բայց ոչ այստեղ։ Խղճա՜ ինձ, տա՜ր, տա՜ր այստեղից»։ Լուսո հրեշտակը մեկնելով ձեռքը, հանեց նրան խավարի անդունդից, ասելով. «Աստված, ինչպես ողորմած ու մխիթարիչ Հայր, Իր շնորհն է ուղարկում քեզ, բայց պետք է կյանքիդ մնացած օրերում հիշես, թե ի՜նչ ահավոր են մեղավորների հավիտենական տանջանքները»։
Այս փոքրիկ պատմությունը թող բոլորիս արթնացնի հեշտասիրության թմբիրից, և այս կյանքի ժամանակավոր դժվարությունները, զանազան նեղություններն ու հիվանդությունները թող չընկճեն մեզ, այլ հիշելով դժոխքի ահավոր տանջանքները, իմաստությամբ անցկացնենք մեր կյանքի մնացած օրերն ու գոհություն տանք Աստծուն ամեն բանի համար և ահով-դողով մեր հոգիների փրկությունը գործենք։
Այդ առիթով սուրբ Թովմաս Աքվինացին խրատում է. «Որպեսզի մենք իրապես դժոխք չընկնենք, հարկ է, որ երբեմն-երբեմն մտքով այնտեղ լինենք», և դարձյալ. «Դժոխքի կրակների հետ համեմատած երկրային հրդեհները զովացուցիչ ցողեր են»։
(շարունակությունը՝ հաջորդիվ)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ