ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՐԱԶՈՂ ԵՐԿԻՐԸ

ԵՐԱԶՈՂ ԵՐԿԻՐԸ
02.03.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում եկավ գարունը, և ավելին արդեն անիմաստ է որոնել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ին սխրանք գործեց` «ՀայՌուսգազարդը» հայտ էր ներկայացրել գազի 1 խորանարդ մետրի գինը բնակչության համար 136 դրամ դարձնելու (բնակիչները հիմա գազի մեկ խորանարդ մետրի համար վճարում են 96 դրամ), իսկ հանձնաժողովը որոշեց 132 դրամ: Նոր գները կգործեն ապրիլի 1-ից: Սպասենք` ե՞րբ է թանկանալու էլեկտրաէներգիան, հետո էլ` ջուրը:
Անցած քառօրյայում Ազգային ժողովը, բնականաբար, չքննարկեց ցյուրիխյան արձանագրությունները: Եվ խնդիրը բնավ էլ Արմեն Ռուստամյանի խնդրանքը չէր ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկված չլինելը: Հայ-թուրքական հարաբերություններում խորհրդարանը կարևոր այլ քայլ արեց` ամբողջությամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՅԴ-ի առաջարկը (միջազգային պայմանագրերի դադարեցման ու կասեցման լիազորություն տալ նաև խորհրդարանին) չընդունվեց:
Փետրվարի 25-ին Վիկտոր Յանուկովիչը կատարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջերմ ցանկությունը և երդմնակալությամբ դարձավ ՈՒկրաինայի նախագահ: Յուլյա Տիմոշենկոն արարողությանը չմասնակցեց:
Փետրվարի 22-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը համալրեց կոշկահարված քաղաքական գործիչների շարքը: Սևիլիայի քաղաքապետարանից դուրս եկած և մեքենա նստող վարչապետի վրա կոշիկ է նետել «Կեցցե Քուրդիստանը» բղաված մի քուրդ, որին տեղնուտեղը ձերբակալել են: Կոշիկը, ինչպես Բուշին, Էրդողանին էլ չի դիպել:
Իսպանիայում Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ: Էրդողանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ Թուրքիայի և Հայաստանի միջև մեծ գործ կատարված կլինի, որը ցանկացել է ինքն ավետել:
«Sabah»-ի հաղորդմամբ` Ահմեդ Դավուդօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ասել է. «Դժվար գործընթաց է, բայց չի դադարեցվել: Գործընթացը չի խցանվել: Բանակցությունները շարունակվում են: Անցած տարվա հուլիսին կարծես թե գործընթացը դադարեցվել էր, բայց օգոստոսին տեղեկացանք ձեռք բերված համաձայնության մասին»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Կիև` մասնակցելու ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակալության արարողությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` արարողությանը մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և ՀՀ նախագահի միջև ընդունելության ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: ՀՀ նախագահը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, Հայաստանը համարում է, որ գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է, քանի որ Թուրքիան միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին, և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը պետք է առաջին քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացելու տարածաշրջանի կոմունիկացիոն և տրանսպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնելու արձանագրությունները, որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը` անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացելու իր փակած սահմանը երկու պետությունների միջև»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նույն հանդիպման մասին Ահմեդ Դավուդօղլուն լրագրողներին ասել է. «Մենք նախագահ Սարգսյանի հետ բաց խոսակցություն ունեցանք թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման, այս գործընթացի բոլոր կողմերի մասին: Մենք քննարկեցինք նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը: Նման շփումը օգտակար է, վերանում է փոխադարձ անհասկացողությունը, հեշտ են ընկալվում փոխադարձ դժվարությունները, դիտարկվում են այն պահերը, երբ կարող ենք միմյանց օգնել: Շատ կարևոր է, որ մենք միմյանց հասկանանք: Ես հնարավորություն ունեցա հարգելի Սարգսյանին տեղեկացնելու Թուրքիայի մտահոգությունների ու տեսակետների մասին, մեր կարծիքը փոխանցեցի տարածաշրջանի ապագայի մասին: Թուրքիան մտածում է Կովկասի մասին, որտեղ չեն լինի սահմաններ, շրջափակումներ, փոխադարձ կարծրատիպեր, կիշխեն խաղաղությունը, բարեկեցությունը և կայունությունը»:
Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը: «Anka» գործակալությունը հաղորդում է, որ Բահչելին ասել է. «Ամեն անցնող օր Թուրքիայում լարվածությունն ավելի է խորանում: Ահռելի չափերի է հասնում հասարակության բևեռացումը: Դեմոկրատական վարչակարգը վերածվել է համընդհանուր բախման ասպարեզի: Հասարակական հանդուրժողականության սահմանների ոտնահարումը Թուրքիան հասցրել է փլուզման եզրին: Եթե մի քիչ էլ շարունակվեն այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումները, մեզ միասին պահող կառույցի սյուներն ամբողջությամբ կխորտակվեն»:
«Gumhuriyet» թերթում Թուրքիայի վարչապետը հերքել է արտահերթ ընտրությունների հեռանկարը. «Թուրքիան վարժվել է ընտրությունները ժամանակին անցկացնելուն: «Արդարություն և զարգացում» կուսակցության, իշխանությունների օրակարգում վաղաժամկետ ընտրությունների հարց բացարձակապես չկա: Նման հայտարարությունները ես դիտում եմ որպես անարդարացի վարմունք երկրի և ազգի հանդեպ: Տեսեք` որքան բացասական ազդեցություն են թողնում երկրի տնտեսության, կայունության ու անվտանգության վրա»:
Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Մեր բոլոր քայլերի և գործողությունների նպատակը պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, ոչ թե խոչընդոտներ ստեղծելը: Ե՛վ ես, և՛ նախագահ Օբաման կողմ ենք այդ հարաբերությունների նորմալացման ջանքերին, բայց դեմ ենք այն որոշումներին, որոնք այդ գործընթացները կարող են հետաձգել կամ խանգարել դրանց»: CNN-Turk-ը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով` հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը Կոնգրեսում կխանգարի հայ-թուրքական մերձեցմանը: Բանաձևը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու և քվեարկելու է մարտի 4-ին:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ԱՄՆ-ի Կոնգրես ուղերձ են հղել` պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը: ՈՒղերձը հաստատում է, որ բանաձևի քննարկումը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից, և այդ քայլը կկասեցնի հայ-թուրքական երկխոսությունը: Թուրք պատգամավորները համոզված են, որ պատմական հարցերը չպետք է քննարկեն քաղաքական գործիչները: Կոնգրեսում 252 բանաձևի քննարկումը կասեցնելու նպատակով Վաշինգտոն են մեկնել նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերջանի և Թուրքիա-ԱՄՆ բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած պատվիրակությունները: Պատվիրակության անդամ Շուքրյու Ալեքդաղն ասել է. «Մենք մեր ամերիկացի գործընկերներին կտեղեկացնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերախմբագրել է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Ընդունել ՍԴ-ի որոշումը նշանակում է ընդունել Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ Հայաստանը ոչ միայն չի ճանաչում Թուրքիայի սահմանները, այլև հավակնում է մեր արևելյան շրջաններին: Նման պայմաններում արձանագրությունների վավերացումն անհնար է դառնում»: Իսկ Հայաստանի Ազգային ժողովը մինչև մարտի 4-ն ուղերձ կուղարկի՞ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովին, թե՞ դա հակասում է մեր նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, ըստ neftegaz.ru-ի, հայտարարել է, որ կոնսորցիումի մասնակիցները կվերանայեն ֆրանսիական GdF Suez-ի հայտը, և ֆրանսիացիները կներգրավվեն «Նաբուկո» նախագծում: Ավստրիական OMV էներգետիկ կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը Վիեննայում հայտարարել էր, որ «Նաբուկո» նախագծում Ֆրանսիայի համար դռները բաց են: Ֆրանսիան նախագծին միանալու հայտ ներկայացրել էր 2007-ի սեպտեմբերի 14-ին, բայց 2008-ի փետրվարին Թուրքիայի կառավարությունն արգելափակել էր Ֆրանսիայի մասնակցությունը, երբ խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել օրենքի նախագծին, որով Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը պատժվում է քրեական պատասխանատվությամբ:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով` 2009-ի հունվարի համեմատ Հայաստանում գրացված 2,4 տոկոս տնտեսական աճը ցույց է տալիս, որ տնտեսությունը կայունացել է, որոշակի աշխուժություն է նկատվում, ինչը նշանակում է` տնտեսական ճգնաժամի սուր փուլը հաղթահարված է, բայց չի նշանակում, թե Հայաստանում ճգնաժամն ավարտված է:
Սումգայիթի ջարդերի 22-ամյակը լրացավ: Եթե ադրբեջանական այդ քաղաքում 1988-ին տեղի չունենային հայերի զանգվածային սպանություններ, բռնաբարություններ, թալան ու այլ վայրագություններ, գուցե և պատմությունն այլ ընթացք ունենար: Սումգայիթի տրամաբանական շարունակությունն էր պատերազմը:
2008-ի այս օրերին Երևանի Գրիգոր Լուսավորչի ու հարակից փողոցները նման էին ռազմաճակատի գծի, որտեղ նեյտրոնային ռումբ էր պայթել, ամեն ինչ իր տեղում էր, չկային մարդիկ: Նրանցից տասն այդպես էլ տուն չվերադարձան: 730 օրը հերիք չեղավ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մեկ օրում: Ակնհայտորեն, խնդիրը ժամանակը չէ... Խնդիրը խնդիրը չեղյալ հայտարարելն է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ