ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ «ՇԱՌՆ» ՈՒ «ԽԵՐԸ» ՄԵՐԿ ՎԵՆԵՐԱՅԻ ՔԱՆԴԱԿՆ ԷՐՈՏԻԿԱ՞ Է»

ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ «ՇԱՌՆ» ՈՒ «ԽԵՐԸ» ՄԵՐԿ ՎԵՆԵՐԱՅԻ ՔԱՆԴԱԿՆ ԷՐՈՏԻԿԱ՞ Է»
26.02.2010 | 00:00

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-ՀՌԱՀ-ի մշակած չափորոշիչները բուռն քննարկումների առարկա են դարձել, հատկապես ֆիլմերի մասով, առավել ևս, երբ խոսքը բռնության և էրոտիկ տեսարանների մասին է. ի՞նչ «ռակուրսով» և քանի՞ րոպե ցուցադրել դրանք։ Որպես պատասխանատու հանձնաժողովի նախագահ` ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ։
-ԱԺ-ի իրավասությունն այս հարցում արդեն իսկ օրենքով ամրագրված է, ինչն էլ չափորոշիչներ սահմանելու հիմք է հանդիսացել։ Որոշ քաղաքական գործիչներ, պատգամավորներ այդ չափորոշիչների շուրջ արդեն հայտնել են իրենց կարծիքը։ Ցանկացած չափորոշիչ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված կետերը, ողջունելի է։ Այդ չափորոշիչների սահմանումն օրենքի պահանջ է։ Խնդիրն այն է, թե ո՞ր չափորոշիչներից ենք սկսում։ Այն, ինչից սկսել են, շատ արդիական խնդիր է մեր հեռուստատեսության համար։ Իսկ թե ինչքանո՞վ են ձևակերպումներն այս առնչությամբ ճիշտ ընտրված, ոլորտով հետաքրքրված յուրաքանչյուր անձ կարող է դրա վերաբերյալ իր առարկությունները ներկայացնել։
-Քրեական սերիալների հրատապ դադարեցման մասին ևս, ըստ խոսակցությունների, հրահանգ է իջեցվել։ Այդպե՞ս է։
-Հրահանգ իջեցնելու իմաստ չեմ տեսնում, քանի որ ՀՌԱՀ-ն անկախ հանձնաժողով է և զերծ է քաղաքական ազդեցություններից։ Եթե այդ ֆիլմերի վերաբերյալ հանձնաժողովը չափորոշիչներ է սահմանում, չի ենթադրվում, որ հենց վաղը տուգանքներ են նշանակվելու, քանի որ այդ քայլը պետք է հիմնավորված ու պատճառաբանված լինի։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է սահմանափակումների ճանապարհով գնանք։ Բայց ակնհայտ է, որ հեռուստաընկերությունները մասնավոր կառույցներ են, ու այս իմաստով բավականին լուրջ խնդիրներ են ստեղծվելու։ Սա ևս հաշվի պիտի առնել, որովհետև նրանք ունեն առևտրական շահեր։
-Այո՛, բայց շահ կոչվածը շատ հաճախ խաթարում է հասարակության սահմանած բարոյական արժեքները։
-Իրավացի եք, ու հենց այդ պատճառով էլ որոշակի սահմանափակումների ճանապարհով ենք գնում։ Պարզապես պետք է հավասարակշռություն պահպանել, որպեսզի և՛ հաղորդումները որակյալ լինեն, և՛ հեռուստաընկերությունների առևտրական շահերը չտուժեն, այսինքն` առաջարկված «ապրանքը» պահանջարկված լինի ու չվնասի հասարակությանը։
-Փաստորեն, եթե այսօր քրեականացված սերիալներ են ցուցադրվում, դրա պահանջարկը կա՞։
-Այո՛։ Այն, ինչ ցուցադրվում է, չի պահանջում բարձր ինտելեկտ, որոշակի մտավոր կարողություններ, քանի որ սյուժեները շատ հեշտ ընկալելի են։ Իսկ հարցադրումը, թե ո՞ւմ համար է այն ներկայացվում, միանշանակ է` մտավոր ոչ բարձր կարողություններ ունեցող անձանց համար։ Պիտի ընդունել, որ այսօր իսկապես հասարակության որոշակի շերտ նման հաղորդումների պահանջարկն ունի։ Այս խնդիրը շատ երկրներում է առկա։
-ՀՌԱՀ-ն ի զորո՞ւ է ճիշտ չափորոշիչներ սահմանելու։
-Կարծում եմ` այո։ Ոչ միայն ՀՌԱՀ-ն է այս խնդրով զբաղվում, այլև տարբեր մակարդակներում քննարկումներ են լինում։
-Օրինակ, ի՞նչ տրամաբանությամբ է սահմանվում այն չափորոշիչը, ըստ որի` էրոտիկ տեսարանն այսինչ ռակուրսով պիտի ցուցադրվի։
-Այս հարցը չծայրահեղացնենք։ Օրինակ, եթե մերկ Վեներայի քանդակն են ցույց տալիս կամ Միքելանջելոյի ստեղծագործությունների շարքը, սա որպես ի՞նչ պիտի դիտարկել։ Կարծում եմ` հանձնաժողովին այս առումով չպետք է թերագնահատել։ Ձևակերպումների առումով գուցե որոշակի անհարթություններ լինեն, որոնք պիտի հղկվեն, հստակեցվեն։ Որքան մանրամասն են ներկայացվում օրենքի դրույթները, այնքան չափորոշիչներն ընկալելի են լինում։

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ԱԺ-ՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է»
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)
-Վերջերս պատգամավորները հաճախ են միմյանց «անգրագետ հանում» հընթացս էլ երեսով են տալիս, թե օրենք չեն կարդում։ Նման որակումների պատճառը ո՞րն է։
-Կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր իրականում այնքան մակերեսային են, հակասական, երբեմն անհեթեթ և իրավական առումով խոցելի, որ մնում է եզրակացնել` կառավարությանը թվում է, թե խորհրդարանում համատարած անտարբերություն է, և օրենք չեն կարդում։ Հավանաբար վստահ են` ինչ օրինագիծ էլ բերեն, խորհրդարանական մեծամասնությունը կոճակի մի սեղմումով կողմ է քվեարկելու։ Ըստ էության, թերագնահատում են օրենսդիր իշխանությանը, մինչդեռ թե՛ մեր խմբակցությունը, թե՛ մի խումբ պատգամավորներ ոչ միայն անտարբեր չեն, այլև բացառիկ պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ են վերաբերվում քննարկվող օրինագծերին։ Իսկ պատգամավորների գրագիտության մասին կարելի է դատել ըստ նրանց հրապարակային վարքագծի։
-Այն, որ պատգամավորները սկսել են միմյանց մեղադրել անգրագիտության ու Արիստոտելի «պաշտոնի» հավակնորդ լինելու մեջ, նորմա՞լ երևույթ է։
-Կխուսափեի այդպիսի մեկնաբանություններին գնահատականներ տալուց։ Թող ժողովուրդը դատի` ո՞ւմ է մանդատով օժտել, ո՞ւմ է գործուղել խորհրդարան, և, ըստ այդմ, որքանո՞վ են իրենց շահերը պաշտպանված։ Ես կարող եմ պատասխան տալ միայն ինձ ու մեր ֆրակցիայի համար, որի օրենսդիր աշխատանքի արդունավետությունն ու ակտիվությունը լավագույններից է։ Պատգամավորական մանդատի մեր գիտակցումն ու պատասխանատվությունն ակներև են։ Իսկ այլոց մասին դատողություններ անելը կոռեկտ չեմ համարում։
-Օրենսդիր մարմնի աշխատանքների մասին «Բաց դասի» աշակերտներն ինչպիսի՞ տպավորությամբ են հեռանում, ըստ Ձեզ։
-Կարծես արդեն ավանդույթ է դարձել դպրոցականներին քառօրյա նիստերին հրավիրելը։ Լավ նախաձեռնություն է, թող տեսնեն ու ընկալեն, թե ինչ կառույց է խորհրդարանը։ Իհարկե, չէի ուզենա, որ խաղատներին վերաբերող նախագծի քննարկմանը հանդիպեինք (ավելի կենսական խնդիրներ կան մեր հանրապետությունում)։ Բայց, կարծում եմ, աշակերտները մեկ այլ իմաստով շահեցին։ Դահլիճում կար կարծիքների բախում, ընդդիմությունն իր կոշտ դիրքորոշումները հայտնեց, կառավարությունն էլ` իր։ Բազմակարծության իմաստով հետաքրքիր էր, կընկալեն, թե խորհրդարանն ինչպես կարող է տարբեր կարծիքների թատերաբեմ լինել, ու ինչպես է ծնվում ճշմարտությունը։ Այլ հարց է, թե քաղաքական փոքրամասնությանը որքանով կհաջողվի հասնել իր ճշմարտությանը։
-Պատգամավորի կոչման մասին դպրոցականները ճի՞շտ պատկերացում ստացան։
-Կարծում եմ` փոքր-ինչ։ Պատգամավորները կաշկանդված չէին իրենց դիրքորոշումներն արտահայտելու տեսանկյունից։ Իսկ անձամբ ես, որպես պատգամավոր, անհարմար զգալու առիթ չունեմ, որովհետև մեր խմբակցության ելույթները շատ հասուն էին։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ