Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Հայաստանն իմ երկիրն է և ոչ թե ջհանգիրյաններինը կամ սաղաթելյաններինը»

«Հայաստանն իմ երկիրն է և ոչ թե ջհանգիրյաններինը կամ սաղաթելյաններինը»
25.08.2009 | 00:00

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՍ ՈՒ ՑԱՎՍ ՄԵԾ ԼԻՆԵՆ, ԵՂԵԼ ԵՎ ՄՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ»
2009-ի հոկտեմբերի 27-ին լրանում է մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի` ՀՀ օրենսդիր մարմնի արյունոտ սպանդի տասը տարին։ Աննախադեպ այդ ոճիրը բազում ուրվագծերով փոխեց մեր երկրի դեմքն ու քաղաքական ապագան։ Չնայած արդեն անցել է մեկ տասնամյակ, հայ հանրությունը, սակայն, վճռականորեն պահանջում է այդ հանցագործության ամբողջական ու լիարժեք բացահայտում։ «Իրավունքը de facto»-ն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը, սկսում է հրապարակումների շարք այդ թեմայով։ Այսօր խմբագրության հյուրն է ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որն էլ պատասխանում է մեր առաջադրած հարցերին։
-Նաիրի, բավականին երկար ժամանակ բացակայել եք հայրենիքից. հստակեցնենք` որտե՞ղ եք ապրում և ինչո՞վ եք զբաղվում։
-Արդեն վեց տարի ապրում եմ Միացյալ Նահանգներում, որտեղ քաղաքական ապաստան եմ ստացել։ Որքան ինձ է հայտնի` առայժմ միակ հայն եմ, որն ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել էմիգրացիոն բարձրագույն ֆեդերալ դատարանի կողմից։ Մարմին, որի որոշումները նախադեպային իրավունքի ուժ ունեն Միացյալ Նահանգների բոլոր էմիգրացիոն դատարանների ու ներգաղթի դեպարտամենտի բոլոր կառույցների համար։ Ընդ որում, երեք դատավորների (որոնց թվում՝ դատարանի փոխնախագահը) միաձայն քվեարկությամբ ստացել եմ ապաստան երեք տարբերակով, որոնց թվում՝ քաղաքական ապաստան՝ «քաղաքական կարծիք» կատեգորիայով (ապացուցված է համարվել Հայաստանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից ինձ քաղաքական կարծիքի պատճառով հստակ քաղաքական հետապնդումների ենթարկված լինելու և դրա արդյունքում իմ կյանքի համար, իրենց ձևակերպմամբ` «խիստ հիմնավորված», վտանգ ստեղծված լինելու հանգամանքը), երկրորդ` ապաստան համաձայն ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի (ապացուցված է համարվել Հայաստանում քաղաքական պատճառներով իմ խոշտանգված լինելու հանգամանքը)։ Այստեղ ավելորդ չեմ համարում նշել, որ Հայաստանից հեռացած և այդ պատճառով քաղաքական շահարկումների թիրախ դարձած 27-ի վկաներից միակն եմ, որ սպասել եմ մինչև դատարանում ամբողջ երեք օր մանրամասնորեն վկայություն տամ, հետո միայն դուրս եմ եկել երկրից։ Իսկ Միացյալ Նահանգներ էլ մեկնել եմ ոչ թե իշխանությունների՝ գոյություն չունեցող ինչ-ինչ միֆական օգնության պատճառով, ինչպես ոմանք են ուզում քաղաքական նկատառումներով ներկայացնել, այլ, որպես սոցիոլոգ, պարզապես հրավեր եմ ունեցել մասնակցելու աշխարհի մասնագիտական շրջանակներում շատ լուրջ համարում ունեցող՝ Միացյալ Նահանգների քաղաքագետների ասոցիացիայի տարեկան կոնֆերանսին։ Հրավիրողն էլ եղել է այդ կազմակերպության ներկայացուցիչը՝ ամերիկյան քաղաքագիտության պրոֆեսոր։
Իսկ Հայաստանից հեռացել եմ, քանի որ, մի կողմից, դատախազությունն ու կառավարող կուսակցությունը, մյուս կողմից` ընդդիմադիր քաղաքական շրջանակներն ու նրանց սպասարկող լրատվամիջոցներն ինձ՝ արդարացվածի իրավական կարգավիճակ ունեցողիս, հանցագործ հայտարարելու եղանակով վարկաբեկման կուրս էին վերցրել։ Իմ իսկ հայրենիքում ինձ համար անտանելի պայմաններ, իսկ ամերիկյան դատարանի գնահատմամբ` կյանքիս սպառնացող խիստ հիմնավորված վտանգ էին ստեղծել՝ պատճառ ունենալով իրենց անհաճո թեմաների՝ իմ ապօրինի ձերբակալության, իմ դեմ պատվիրված զրպարտչական ցուցմունքներով քաղաքականապես մոտիվացված կեղծ քրեական գործ սարքելու և ինձ խոշտանգելու պատասխանատուներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու հարցերում իմ անզիջողականությունը։ Հանգամանքներ, որոնք, ի դեպ, որպես իմ քաղաքական հետապնդման պատճառներ արձանագրված են նաև ամերիկյան բարձրագույն էմիգրացիոն դատարանի վճռում։
Հիմա ապրում եմ Լոս Անջելեսում։ Բացի կնոջս հարազատներից, հայկական միջավայրի այլ անձանց ու կառույցների հետ որևէ շփում չունեմ և խուսափում եմ հայերի հետ անցանկալի ծանոթություններից։ Հայաստանի քաղաքացիությունից չեմ հրաժարվել ու այդպիսի, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու ցանկություն չունեմ։ Ինչքան էլ վիրավորանքս ու ցավս մեծ լինեն, եղել և մնալու եմ Հայաստանի քաղաքացի։ ՈՒ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում ինչ-որ բան փոխել այս երկրում։ Մի տարում չլինի, քսան տարում կլինի։ Բայց հաստատ ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել այս երկրում։ Որովհետև Հայաստանն իմ երկիրն է և ոչ թե ջհանգիրյաններինը կամ սաղաթելյաններինը, ինչքան էլ քաղաքական դաշտի մի ստվար հատվածը լծվել է նմանօրինակ թափթփուկներից երիտասարդ սերնդի համար արժեքային օրիենտիրներ սարքելու ու նրանց անուններով «քաղբանտարկյալ», «արդարություն», «ազնվություն», «մարդու իրավունքներ» և այլ նման կարևոր հասկացությունները պղծելու գործին։
-Անդրադառնանք փաստին. այսօր Դուք Հայաստանում եք. ինչո՞ւ, ինչ-որ առաջադրա՞նք ունեք։
-Արտերկրում գտնված ողջ ժամանակահատվածում երբեք չեմ դադարեցրել պայքարը իրավունքներս վերականգնելու համար։ Այդ ողջ ընթացքում հինգ անգամ գրավոր դիմում եմ հղել գլխավոր դատախազին, մի այդքան էլ` դատարաններ։ Գլխավոր դատախազին և դատախազությանը դիմել եմ մի քանի հիմնական պահանջներով՝ գրավոր ներողություն խնդրել ինձնից, ապահովել իմ հասարակական ռեաբիլիտացիան, պատասխանատվության ենթարկել քաղաքական պատճառներով ինձ ապօրինի ձերբակալող քննիչին, իմ դեմ քաղաքականապես մոտիվացված զրպարտչական ցուցմունքներ պատվիրողներին և տվողներին, ինձ խոշտանգողներին, նաև փոխհատուցել իմ կրած նյութական, առողջական, գույքային ու բարոյական վնասները։
Այսինքն` այնպիսի բաներ, որոնք իմ արդարացումից անմիջապես հետո, համաձայն ՀՀ օրենսդրության, դատախազությունը և դատարանը պարտավոր էին անել, բայց չեն արել և չեն անում առայսօր, մի կողմից` հովանավորելով իրավապահի անվամբ հանդես եկող հանցագործներին, մյուս կողմից՝ ինձ «պատժելով» իրենց համակարգի կեղտերը և գործ սարքելու մեխանիզմները հանրությանը հասցնելու հաստատակամությանս ու հանդգնությանս համար։
Այսօր այստեղ եմ այն բանից հետո, երբ 2008-ի դեկտեմբերին չորրորդ անգամ դիմում ուղարկեցի գլխավոր դատախազի անունով ու ստացա պատասխան, որ առանց իմ ներկայության գործը չեն կարող վերսկսել։ Վերադարձա և ապրիլին ուղարկածս հինգերորդ դիմումով պահանջեցի վերսկսել բացակայությանս պատրվակով կասեցված իմ խոշտանգումների հետաքննման քրեական գործը (դատախազական աբսուրդ պատճառաբանություն, որի տրամաբանությանը հետևելու դեպքում սպանությունը չպետք է հետաքննվի, քանի որ սպանվողը «կբացակայի» Հայաստանից)։ Իմ ընկալմամբ` ամեն ինչ արվում է, որ այդ գործը դատարան մտնի միայն այն ժամանակ, երբ անցած լինի վաղեմության տասը տարին, իսկ իմ խոշտանգումները սկսվել են 1999-ի նոյեմբերի 1-ից։ Այսինքն` այս տարվա նոյեմբերի 1-ին լրանում է այն տասը տարին, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։ Իմ վերջին խոշտանգումները եղել են 2000-ի մայիսի 30-ին, փաստորեն, եկող տարվա նույն ժամանակահատվածից հետո ոչ մի դատարան որևէ մեկին չի կարող պատասխանատվության կանչել։ Եվ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ամեն ինչ անում է, որ առնվազն խոշտանգողներին գոնե պատասխանատվությունից ազատի։ ՈՒ դա անում է դատախազության ղեկավարությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ։ Իսկ գործը վարող քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանից ես բողոք չունեմ։ Նա բարեխիղճ պրոֆեսիոնալ է, որը, սակայն կաշկանդված է իր ղեկավարության քաղաքական կամքով։
-Ասել է` ՀՀ իրավապահ մարմինները, ինչպես ռուսը կասեր` «защищая честь мундира», մտածված ձգձգում են գործընթացը և անում հնարավորը, որ Ձեր առաջադրած հարցերն անպատասխան մնան։
-Այո՛, հենց դա էլ ուզում եմ ասել։ Քանզի Հայաստանի օրենսդրության համաձայն` առավելագույն ժամկետը, որ դատախազությունը որևէ քրեական գործի վրա կարող է ժամանակ ծախսել, մեկ տարի վեց ամիս է, որից վեց ամիսը միայն գլխավոր դատախազի հատուկ որոշմամբ է լինում առանձնակի դեպքերի պարագայում։ Այսինքն, այս ժամանակից ավելի ոչ մի քննություն չի կարող շարունակվել, իսկ իմ խոշտանգումների գործի քննությունը շարունակվում է արդեն 7,5 տարի։ Ընդ որում՝ այն պայմաններում, երբ թե՛ հանցագործության բազմաթիվ փաստերը, թե՛ կատարողներն ապացուցված են, և առկա է գործը դատարանում շահելու համար անհրաժեշտին առնվազն տասնյակ անգամ գերազանցող անհերքելի ապացույցների հաստափոր մի փաթեթ։
-Հուսանք, որ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը, ի վերջո, պատասխան կտա բոլոր ապօրինությունների համար։ Հուսանք, որ, ի վերջո, կազատվենք իրավապահ կառույցներում տիրող անպատժելիության մթնոլորտից։ Դա ոչ միայն Ձեզ, այլև ողջ հասարակությանն առնչվող խնդիր է, քանի որ անպատժելիությունը նորանոր ոճիրներ է ծնում։
-Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենի համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չի կրելու։ Սա աբսուրդ է, քանի որ ապացուցված է ողջ քրեական գործը, որում բազմաթիվ անհերքելի իրողություններ կան` խոշտանգումների ձայնագրություններ, խցակիցներս ցուցմունք են տվել, թե ինչպես են ինձ ջարդված բերում գցում խուցը կիսակենդան վիճակում, հսկիչներն էլ են ցուցմունք տվել, թե ինչպես է իրենց հանձնարարված, որ ինձ թույլ չտան քնել կամ նստել, ու նաև ինչպես է իրենց ներկայությամբ մեկուսարանի բարձրաստիճան սպան ինձ խոշտանգում, կամ ինչպես են նրանք, մեկուսարանի ղեկավարության հանձնարարությամբ, ինձ արգելել տևական ժամանակահատված քնել կամ հանգստանալ և այլն։ Կան ռազմական ոստիկանության բժշկի և ինձ տեղափոխող սպայի ցուցմունքներն այն մասին, որ ես կալանավորման օրը խոշտանգված վիճակում եմ ռազմական դատախազությունից տարվել ոստիկանություն։ Կան այսպիսի բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որ, մի կողմից, անհնար են դարձնում քրգործը փակել-կոծկելը, իսկ մյուս կողմից՝ դատախազությունը չի ցանկանում որևէ մեկին պատժել, քանի որ այդ համակարգը կառուցված է հենց նման մարդկանցից ու նման մարդկանց վրա։
- Բայց, որքան ես եմ կռահում, Ձեզ համար կարևոր է ո՛չ միայն մեղավորներին պատժելը, այլև հասարակական ռեաբիլիտացիան...
-Ես արդարացված եմ, ունեմ արդարացվածի իրավական կարգավիճակ։ Սակայն տասը տարիների ընթացքում որևէ ԶԼՄ-ով գեթ մեկ հրապարակում չի եղել այն մասին, որ ես արդարացված եմ։ Իմ մասին, ասես մի հրամանով, բոլոր թերթերը գրում են «նախկին կասկածյալ» ձևակերպմամբ։ Հանգամանք, որը խախտում է թե՛ իմ անմեղության կանխավարկածը, թե՛ արդարացվածի իրավական կարգավիճակը և թե՛ ուղղակիորեն կյանքի վտանգ է ստեղծում ինձ համար։ Նույն կերպ՝ թեև երբեք և ոչ մեկի կողմից կասկածի չի ենթարկվում նաև իմ խոշտանգված լինելու հանգամանքը, բայց դա էլ ներկայացվում է որպես հանգամանք, որը կարծես թե բնական է ու հենց այդպես էլ պետք է լիներ։ Նորմա է։ Հիշեցի մի հրապարակում, ուր արձանագրված էր, թե զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին քաղաքական դաշտի կեսը մեղադրում է, որ մեզ խոշտանգել է, իսկ մյուս կեսն էլ մեղադրում է, որ լավ չի խոշտանգել։ Այսօրինակ քաղաքական դաշտով քաղաքակիրթ երկիր չես ստեղծի։ Սելեկտիվ արդարություն, սելեկտիվ արդարադատություն կամ սելեկտիվ մարդու իրավունքներ չեն լինում։ Առավել ևս, երբ այդ սելեկցիայի հիմքում, որին տուրք են տալիս նաև մարդու իրավունքների պաշտպանությունը կանոնադրական նպատակ հռչակած հայաստանյան կառույցները (որոնք մարդու իրավունքների պաշտպանության հետ ընդհանրապես կապ չունեն և Հայաստանում խիստ որոշակի քաղաքական ուժի շահեր են սպասարկում), ընկած է լինում որոշակի քաղաքական հոսանքին պատկանելը կամ չպատկանելը։ Այդօրինակ սելեկցիան արդեն ոչ թե արդարություն, արդարադատություն կամ մարդու իրավունքների պաշտպանություն է, այլ, բառի ամենաուղղակի իմաստով, խտրականություն։ Հանգամանք, որն ուղղակիորեն արգելվում է մարդու իրավունքների դաշտը կանոնակարգող բոլոր միջազգային կոնվենցիաներով, ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի օրենսդրությամբ։
(շարունակելի)
Զրույցը` Սուսան ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ