ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ 1.Ե՛Ս ԵՄ ՔՈ ՏԵՐ ԱՍՏՎԱԾԸ, ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՍՏՎԱԾՆԵՐ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ              1.Ե՛Ս ԵՄ ՔՈ ՏԵՐ ԱՍՏՎԱԾԸ, ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՍՏՎԱԾՆԵՐ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ
02.03.2010 | 00:00


ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
Անշուշտ, շատերն են լսել կամ կարդացել Աստծո տասը պատվիրանների մասին: Եվ ահա այս հոդվածաշարի նպատակն է հիշեցնել մեր Տիրոջ այդ պատվիրանները, նաև հաղորդ դարձնել նրանց, ովքեր դեռևս անտեղյակ են իրենց Արարչի կամքին:
Այժմ ավելի, քան երբևէ, մեզ՝ հայորդիներիս, անհրաժեշտ է ճշմարիտ լույսը, որպեսզի թոթափենք անաստվածության տարիների մինչև մեր սրտերը թափանցած մահաբեր խավարը, մաքրենք մեր ապականված սրտերը և արմատախիլ անենք մեր ազգի մեջ տարբեր աղանդների սերմանած չարի ապականիչ ու ժանտահոտ որոմները, որոնց դառնահամ պտուղներից կամա, թե ակամա ճաշակում ենք բոլորս, ու դեռ էլի պիտի ճաշակենք, եթե նորից մեր սուրբ նախնիների ճանապարհը չբռնենք: Իսկ կա՞ արդյոք մեղքի խավարի դեմ ավելի զորավոր զենք, քան Արարչի խոսքը՝ Աստվածաշունչը, և մանավանդ նրա պատվիրանները, որոնց մասին կխոսենք այսուհետև:
Երբեմն-երբեմն անսահման ու անհուն տիեզերքի ներդաշնակությանը նայելով` արդյոք չե՞նք զարմացել, թե այդ ինչ զորությամբ ու բացարձակ ճշգրտությամբ են իրար շուրջ պտտվում ահռելի աստղերն ու մոլորակները, կամ էլ ակամա չե՞նք հիացել բնության զարմանահրաշ գեղեցկությամբ ու անքննին օրենքներով, որոնք հրաշալի հաջորդականությամբ ու մեկը մյուսից ան-կրկնելի գույներով փոխարինում են միմյանց: ՈՒ մի՞թե այդ ամենը չի հուշում աներևույթ ու անտեսանելի Արարչի ու Օրենսդրի գոյության մասին: Ինչպես ասում է Դավիթ սաղմոսերգուն. «Երկինքն Աստծո փառքն է պատմում» (Սաղմոս ԺԹ 1): Բայց խոստովանենք, քչերս գիտենք, որ մեր ներսում այդ նույն Օրենսդրի կողմից տրված են նաև բարոյական անփոփոխ օրենքներ, գրված մեր սրտերում, ու որոնք ի հայտ են գալիս մեր խղճմտանքի միջոցով: Ինչպես և հաստատում է Պողոս առաքյալը. «Նրանք ցույց են տալիս, թե Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ» (Հռոմ. Բ 15):
Իսկ տասը պատվիրանները, որ տրվեց մեզ, Մովսես մարգարեի միջոցով, Սինա լեռան վրա Աստված թե՛ հիշեցրեց, թե՛ հաստատեց այդ համամարդկային Օրենքի անփոփոխությունը:
Ահա դրանք.
1. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից:
Ինձնից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:
3. Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր։
8. Մի՛ գողացիր:
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:

Իսկ այժմ մեկ առ մեկ, Աստծո խոսքով քննելով` փորձենք ի հայտ բերել այն խորհուրդներն ու հորդորները, որ դրել է Իր պատվիրանների մեջ Արարիչ ու Տեր Աստվածն ամենայնի:
Մի անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ ուսուցանում էր պատվիրանների մասին, զգուշացրեց.
«Ով այս պատվիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպե՛ս կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի. իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի» (Մատթ. Ե 17-19):

ՆԱ ՏԵՐՆ Է ԱՄԵՆ ԲԱՆԻ, ՈՒ ՄԱՆԱՎԱՆԴ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ
Տեր ասելով հասկանում ենք մեկը, որ ունի ստացվածք և դրանց վրա իշխելու բացարձակ իրավունք: Լինի դա առարկա, կամ շատ հաճախ նաև մարդկային անձ, ինչպես եղել է դարերով, երբ թագավորները, իշխաններն ու մեծահարուստ մարդիկ ունեցել են բազմաթիվ աղախիններ և ծառաներ, երբեմն նաև՝ ստրուկներ: Իսկ Տեր Աստված ասելով հասկանում ենք Արարիչ, որ ստեղծել է այն ամենը, ինչ տեսնում ենք, և թե աներևույթը, որոնց մասին միայն գաղափար ունենք (օրինակ՝ հրեշտակներ, մագնիսական դաշտ, ռադիոակտիվ ճառագայթներ և այլն):
Մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը Արարիչ ու Տեր Աստծուն բնորոշումը տվել է հետևյալ ձևակերպումով. «Աստված կենդանի հոգի է, կիզող հուր, անչափելի ու անփոփոխ, անպատում փառք, անբավ զորություն, աննման, զարմանալի գեղեցկություն, անհասանելի մտքերի և խոհերի համար, լեզվով անբացատրելի, մտքում չամփոփվող, դուրս ամեն տեսակ խոսքերից, ոչ աչքով տեսանելի, ոչ ականջով լսելի, ոչ էլ սրտի կարծիքով կարող ենք հասնել նրան: Երկինքն ամբողջովին, ամենայն աշխարհը և տիեզերքը ամբողջովին բավական չեն ընդգրկելու նրան: Նրա խոսքն ամեն ինչից բարձր է և նրա հրամանի զորությամբ (տիեզերքը) մնում է կախված, առանց օդի վրա թռչող թևերի, իբրև թռչում է: Ինքն ամեն ինչ պարփակում է, ամեն ինչ նրանում է, ամեն ինչից դուրս է, ամեն ինչ նրանով է, և ամեն ինչ նրա փառքի համար է» (Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», 355):
ՈՒ քանի որ Աստված է Ստեղծողն ու Արարիչն ամենի, նշանակում է Նա Տերն է ամեն բանի, ու մանավանդ բոլոր մարդկանց, քանզի Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց մարդուն:
Եթե ընդունում ենք, որ Աստված մեր Տերն է, ապա իմանանք, որ Նա իրավունք ունի նաև թե՛ հրամայելու, թե՛ հնազանդություն պահանջելու յուրաքանչյուրիցս: Իսկ եթե խախտենք այդ պայմանները, Նա, լինելով ամենակարող Աստված, կարող է թե՛ պատժել անհնազանդներին, թե՛ արդարացիորեն հատուցել:
Բայց, ինչպես ասում է Պետրոս առաքյալը. «(Աստված) համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետր. Գ. 9):
Հիմա նայենք մեզ՝ երկրի երեսին բնակվող մարդկանց: Քանիսի՞ն գիտես, որ ապրում են հենց այս առաջին պատվիրանի համաձայն և, Աստծուն Տեր ընդունելով, ամեն օր Նրա կամքն են փնտրում ու կատարում: Այժմ աշխարհում տեղի ունեցող անօրենությունն ու մեղքը, ահաբեկող և սարսուռ պատճառող դաժանություններն ու շրջապատում տիրող մարդկանց թշվառ վիճակը ապացույցն են այն բանի, որ մարդ արարածը կարծես վաղուց է մոռացել, որ իր Տերը Աստված է: Բայց Աստված չի մոռացել, որ ինքը Տերն է: Նա մեղքն ու անիրավությունն ատող և ամբարշտին ըստ արժանվույն հատուցող նույն Արարիչն է: ՈՒրեմն չչարաշահենք Աստծո համբերությունը և քաղցրությունը և կյանքի մնացած օրերում զղջումով ու ապաշխարությունով մաքրվենք մեր անօրենություններից, որովհետև մեր Տեր Աստվածը մաշող կրակ է, և նրա առջև ամբարիշտները հարդի պես պետք է լինեն հատուցման օրը, որ անպայման գալու է աշխարհի վրա: Քանզի Ինքը՝ Տերն է խոստացել. «Ահա պիտի գա Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքված, և պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու նրանք, ովքեր անօրենություն են գործում, պիտի վառվեն ինչպես եղեգ այն օրը, որ պիտի գա, - ասում է Ամենակալ Տերը,- և նրանցից ոչ արմատ և ոչ մի ոստ չի մնա: Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության արեգակը պիտի ծագի, և բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթերը պիտի տրորեք անօրեններին և նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստել» (Մաղաքիա Դ 1-3):
Եվ ուրիշ աստվածներ չունենաք, ինչպես շատերն են անում և, մոռանալով Աստծո վախը, իրենց համար աստվածացրել են հարստությունը կամ պաշտոնը, կնոջը կամ երեխային, ստամոքսն ու իրենց ցանկությունները և օր ու գիշեր բանելով` ծառայում են դրանց հաճեցնելու և բավարարելու համար:
ՈՒրեմն, եթե ընդունում ենք, որ Տերն է միակ Արարիչը ու մեր Աստվածը, ապա զգույշ լինենք և իմաստությունով ապրենք մեր կյանքի այս կարճ օրերը և ամեն բանից առաջ մեր Աստծո կամքը փնտրենք ու հնազանդությամբ լսենք նրա խոսքերը և կատարենք նրա պատվիրանները, որ ազատվենք բարկության օրվա ահեղ կրակներից և խոստացված փրկությունը տեսնենք:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5371

Մեկնաբանություններ