ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱԹՈՌ-ՍԵՂԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

«ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱԹՈՌ-ՍԵՂԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
17.11.2009 | 00:00

Վերջին ամիսներին հայոց աշխարհում քաղաքական կյանքը նկատելիորեն աշխուժացավ։ Պատճառը Թուրքիա-Հայաստան սահմանների հնարավոր վերաբացումն է:
Հայաստանում ու սփյուռքում բոլոր կազմակերպությունները, կուսակցությունները, հեռուստաալիքները և մամուլը խոսում են Հայաստանի և Թուրքիայի նոր հարաբերությունների մասին: Մտավորականները, պատմաբանները և քաղաքագետներն իրենց կարծիքն են հայտնում այդ հարցի վերաբերյալ: Արխիվները բացվում և ուսումնասիրվում են: Ասել է` հայ մտավորականությունն ու աշխարհասփյուռ հայությունն անտարբեր չեն այս կարևոր հարցի նկատմամբ:

ՀՅԴ-ն դժգոհություն հայտնեց ՀՀ արտաքին գործոց նախարարի գաղտնապահության և ժողովրդին այս համապետական, համազգային կարևորություն ունեցող հարցից մեկուսացնելու կապակցությամբ: Այդ կուսակցությունն իր դժգոհությունն արտահայտող առաջին քայլը կատարեց ՀՀ կոալիցիոն իշխանությունից դուրս գալով և ընդդիմության ճամբարն անցնելով: Ցույցեր կազմակերպեցին Հայաստանում և սփյուռքում, քաղաքական ակցիաներ, ստորագրություններ հավաքեցին, հացադուլի դիմեցին և այլն, բայց Հայաստանի մյուս կուսակցությունները չմիացան այդ քայլերին: Պատճառները պիտի փորձեմ բացատրել այսպիսի օրինակով։ 1988-ի դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժին զոհ գնացին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները: Այդ օրերին ողջ հայ ժողովուրդը դարձավ սգակիր։ Յուրաքանչյուրն իր հերթին ջանում էր ցավակից ու աջակից լինել երկրաշարժից տուժած հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին։ Բայց ոչ մեկի զգացածն էլ չէր կարող հավասարվել գյումրեցիների կամ սպիտակցիների ցավին ու տառապանքներին: Այդպես էլ Մեծ եղեռնից հետո իրենց պապենական հողից ու տնից բռնի ուժով զրկված և աշխարհով մեկ սփռված արևմտահայության վիճակը համեմատելի չէ Արևելյան Հայաստանի հայերի վիճակին ու կյանքին:
ՀՅԴ-ն և խորհրդային իշխանության ժամանակաշրջանում հայրենիքից արտաքսված մյուս ավանդական կուսակցություններն իրենց կարողության ու հնարավորության չափով համախմբեցին, կազմակերպեցին եղեռնից փրկված հայերին, հիմնեցին եկեղեցիներ ու դպրոցներ, պահեցին ու պահպանեցին հայ մշակույթը: ՀՅԴ-ն համարյա 90 տարի ապրեց հայրենիք ու հարազատներ կորցրած հայերի կողքին և հոգ տարավ նրանց մասին: ՈՒ նաև դա է պատճառներից մեկը, որ դաշնակցությունը Հայաստանի և Թուրքիայի նոր բարեկամության հարցում ավելի ակտիվորեն է հակառակորդի դեր ստանձնել: Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանի հայերն անտարբեր են։ Ամենևին էլ այդպես չէ։ Իմ շեշտը ազդեցության համեմատական լինելու վրա է: Չպետք է մոռանալ, որ ցանկացած սփյուռքահայի հետ խոսելիս պարզվում է, որ կա՛մ նրա ընտանիքն է զոհվել, կա՛մ էլ հարազատները:
Այդ պատճառով էլ ոմանք մեղադրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին իրենց վարած քաղաքականության համար, ոմանք էլ կտրականապես դեմ են հակառակորդների հետ հաշտություն կնքելուն, իսկ երրորդներն էլ ավանդականորեն ո՛չ սիրում են թուրքին, ո՛չ էլ հավատում նրան` ասելով, որ եթե որևէ երկիր ոճրագործություն է կատարել և 90 տարի ուրանում է կատարածը, ուրեմն ի՞նչ երաշխիք, որ նորից այդ քայլին չի դիմի:
Այս երկար նախաբանից հետո կփորձեմ անցնել խոսքիս բուն թեմային։
Սկսենք 2001 թվականի սեպտեմբերից, երբ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարձակվեցին Աֆղանստանի ու Իրաքի վրա և կարճ ժամանակում տապալեցին հիշյալ երկրների իշխանություններին: ԱՄՆ-ում և Եվրոպայում ժողովուրդը սկզբում մեծ ոգևորություն էր ապրում. ոգևորություն, որն աստիճանաբար խամրեց ու անհետ մարեց։ Աֆղանստանում և Իրաքում շարունակական պայթյուններին ու բախումներին զոհ էին գնում հազարավոր մարդիկ: ԱՄՆ-ում ու Եվրոպայում ժողովուրդն աստիճանաբար հոգնեց տիրող կացությունից և բացեիբաց իր դժգոհությունն արտահայտեց:
Անգլիայում (որն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն էր) Թոնի Բլերն իր տեղը զիջեց Գորդոն Բրաունին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բուշն էլ, ժողովրդի ուշադրությունն Իրաքից շեղելու նպատակով, հրթիռային կայաններ տեղադրեց Չեխիայում և Լեհաստանում, ՆԱՏՕ-ին էլ աստիճանաբար մոտեցրեց կովկասյան երկրներին` Վրաստանին ու Ադրբեջանին: Հայաստանում էլ Ռուսաստանը, ինչպես ասում են, երկաթբետոնով աստիճանաբար իր դիրքերն ամրացրեց: Այսօր Հայաստանի սահմանները ռուս զինվորների հսկողության տակ են: Հայաստանի ամենախոշոր` Մեծամորի միջուկային էլեկտրակայանի երկու բլոկները, որոնք շուրջ 800 մեգավատտ հոսանք են արտադրում, ամբողջությամբ գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ: Հոսանքի բաշխման ցանցը պատկանում է ռուսական մի ընկերության: Հայաստանի գազամատակարարման «Գազպրոմ» ընկերությունը ռուսական է: Կապի կոմունիկացիան` «ԱրմենՏելը», վաճառվեց «Beeline» ռուսական ընկերությանը: Հայաստանի զինուժի և ոստիկանության կառավարման համակարգն ու զենքերը ևս ռուսական արտադրության են: Արդյոք այս բոլորը բավական չե՞ն, որ եղբայր Մեդվեդևը, հոնքի մի շարժումով, ռազմավարական նշանակություն ունեցող վերոնշյալ կոմունիկացիաների աշխատանքը դադարեցնի և փոքրիկ Հայաստանին ծնկի բերի:
Իսկ ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերություններն այսքան տարի անց միանգամից գրավեցին աշխարհի ուշադրությունը: Ընդհանուր առմամբ չպիտի կարծել, թե աշխարհի մեծ ու հզոր երկրներն անտարբեր են այլ երկրների անցուդարձի հանդեպ: Ակամա մտաբերեցի 80-ականների վերջերին «Թայմ» շաբաթաթերթում հրապարակված մի հոդված ԽՍՀՄ-ի վերաբերյալ, ուր պարզ հայտարարվել էր, թե Միությունը տասը տարուց ավելի կյանք չի ունենա: Բայց ԽՍՀՄ-ը քանդվեց հոդվածի հրապարակումից երկու տարի հետո։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն էր, որ այդ հոդվածում կանխատեսել էին բոլոր այն իրադարձությունները, այդ թվում` Արցախի ազատագրումը, որոնք իրականություն դարձան Խորհրդային Միության փլուզումից հետո:
Սա, թերևս, ապացույցն է այն իրողության, որ բոլոր ժամանակաշրջաններում էլ կատարվում են նախապես ծրագրված ու լավագույնս պլանավորված փոփոխություններ, որոնք որքան էլ տեղի իշխանությունների սրտով չեն, այդուհանդերձ, մշակված ծրագրեր են և, մեր ուզել-չուզելուց անկախ, կյանքի պիտի կոչվեն: Օրինակ, Մեծ Միջին Արևելքի ծրագիրը թեև մշակվեց Ջորջ Բուշի նախագահության ընթացքում, բայց նրա նախագահության ժամանակ հիշյալ ծրագիրն անհաջողության մատնվեց: Սակայն այսօր նախագահ Օբաման ավելի քիչ աղմուկով սկսել է իրագործել այն։ Վկայությունը Պաղեստինում կատարված փոփոխություններն են, հրեաների ցանկությունը` հաշտություն կնքել իրենց արաբ հարևանների հետ: Նույնիսկ Իրանի միջուկային ծրագրի հարցում նկատվում է դիրքերի փոփոխություն: Հայաստան-Թուրքիա և Արցախ-Ադրբեջան հարաբերությունները, Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան կապը, ՆԱՏՕ-ի հանգրվանելը Վրաստանում և Ադրբեջանում, ԱՄՆ-ի հրթիռային հենակետերի տեղափոխումը Չեխիայից և Լեհաստանից... Այս բոլոր փոփոխությունները նախօրոք որոշված, գրված ու հաստատված են գերտերությունների կողմից: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության համար Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ենթակա երկրներ են և միանշանակ` ո՛չ որոշողի դերում: Նրանք, ուզեն թե չուզեն, պարտավոր են հարմարվել տարածաշրջանային այդ ընդհանուր ծրագրերին ու որոշումներին, բայց միաժամանակ պիտի շատ լուրջ ու քաղաքագիտորեն գրագետ աշխատեն, ոչ թե սոսկ լոզունգներով: Օրինակ, Երևանում վերջերս լսում էի մի հայտնի քաղաքագետի ելույթը, ով ասում էր, որ եթե ՀՀ նախագահն այս ու այն քայլերը չանի, իրենք կդիմեն իշխանափոխության:
Հարցս այդ քաղաքագետ պարոնին ուղղեմ. ենթադրենք, հաջողեցիք, ՀՀ նախագահին տապալեցիք և հենց Դուք ընտրվեցիք ՀՀ նախագահ, արդյոք բոլոր խնդիրները դրանով կլուծվե՞ն: Նախագահ Օբամայի՞ն էլ կարող եք տապալել: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության բոլոր նախագահների՞ն էլ։ Ինչպե՞ս։ Ի դեպ, ասածիս վկայությունն է ստորագրման ժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը: Երեք ժամ ուշացավ ստորագրումը, որովհետև բանաձևերից մեկի պատճառով պարոն Նալբանդյանը չէր համաձայնում ստորագրել այն, սակայն, ի վերջո, տիկին Քլինթոնի միջամտությունից հետո, ստորագրեց: Այդ բարձր պաշտոնատարների ներկայությունն ապացույցն է այն բանի, որ հայ-թուրքական հարաբերություններն աշխարհի համար կարևոր են, քանզի առնչվում են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը:
Հակիրճ անդրադառնանք նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությանը, այն իրողությանը, թե ինչպես նա ձեռնամուխ եղավ այդ կարևոր հարցի կարգավորմանը, որն իր նախադեպը չուներ: Նա գիտեր սփյուռքի հայությանն ու ծանոթ էր նրանց մեծամասնության շուրջ մեկ դար տևած տառապանքներին ու չարչարանքներին, ուստի մի կարճ ժամանակում կատարեց շուրջ 18 հազար մղոն երկարությամբ ուղևորություն, որը հավասար է գրեթե 30000 կիլոմետրի: Երևանից ուղևորվեց Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Ռոստով` հանդիպելու հայաշատ այդ վայրերի իր հայրենակիցներին և բացատրելու այդ քաղաքական հարցի էությունը: ՀՀ նախագահի այդ քայլն իրապես շատ գնահատելի ու սրտամոտ էր, դրա մեջ կար հարգանք ժողովրդի, նրա իրավունքների ու պահանջների հանդեպ, չնայած Փարիզում, երբ ՀՀ նախագահը, ի նշան հարգանքի, ծաղիկ էր դնում Կոմիտաս վարդապետի արձանին, մի խումբ «ջղայնացած» մարդկանց անվայել վերաբերմունքին արժանացավ և, դժբախտաբար, իրարանցումն ավարտվեց Փարիզի ոստիկանության միջամտությամբ։
Մի քաղաքագետ (եթե նրան կարելի է այդպես անվանել, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով քաղաքականության այբուբենին քիչ թե շատ ծանոթ է, նախ` պիտի կշռադատի իր խոսքը, դրա արժեքը, ազդեցությունն ու գործնական կարողությունը և դրանից հետո միայն ելույթ ունենա) ասում է, թե մենք սփյուռքը կանջատենք Հայաստանից: Կուզեի այդ պարոն քաղաքագետին խնդրել, որ, նախ, պարզի իր ուժն ու կարողությունը, ապա նոր համարձակվի նման հայտարարություն անել: Տեղին է մտաբերել, որ հայ ժողովրդի դժբախտություններից մեկն էլ մեր ինքնագլուխ նախարարներն են եղել, որոնք մեծ մասամբ որևէ հարևան երկրի նվագի տակ են պարել: Դրանից հայ ժողովուրդը շա՞տ օգուտ տեսավ, որ այսօր` XXI դարում էլ, այս քաղաքագետը սպառնում է, թե սփյուռքը կանջատի Հայաստանից: Մի՞թե այնքան բազմաքանակ ենք, որ պիտի բաժան-բաժան լինենք: Հիմա ենթադրենք, թե հաջողեցիք և Հայաստանից անջատվեցիք. արդյոք 70 տարի, որ սփյուռքահայերը Հայաստանի հետ կապ չունեին, Հայաստանը քայքայվե՞ց, և ո՞ր երկիրն անջատ սփյուռքի անկախությունն ընդունեց... Իսկ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է: Դուք, որպես քաղաքագետ, առավելագույնը կկարողանաք մի խմբի մեկուսացնել Հայաստանից, ուրիշ ի՞նչ կարող եք անել, և այդ քայլով, վստահաբար, հենց ձեր ներսում պայթյուն կստեղծեք և Հայաստանում ժողովրդի մեծամասնության աջակցությունից ու հովանավորությունից էլ կզրկվեք:
Հայ ժողովուրդն այսօր միայն և միայն պիտի համախմբվի ՀՀ իշխանությունների շուրջը, թիկունք կանգնի ՀՀ նախագահին: ՀՀ նախագահի ուղևորությունից հետո նրա հաղորդած պատգամը հայ ժողովրդին շատ հուսալի և գնահատելի էր: Մեր կուսակցությունները պիտի միանան իրար և, ստեղծելով մեկ ազգային ճակատ, հովանավորեն ՀՀ նախագահին, որպեսզի նա էլ կարողանա հայ ժողովրդի իրավունքները պաշտպանել, հակառակ դեպքում անուղղակի կերպով կծառայեն հայ ժողովրդի թշնամուն:
Վստահ եմ, որ մեր դիվանագետներն ու քաղաքագետները, պատմաբաններն ու քաղաքական իրավաբանները քաջատեղյակ են` Հայաստանն է, որ Թուրքիային տալիս է մի մեծ դարպաս, որով նա մուտք կգործի Եվրոպա: Եվրախորհրդում Թուրքիայի համար կենսական է հայկական հարցը: Բոլոր հնարավորություններով պետք է օգնել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդի պահանջով մի բետոնե պատ կառուցի և հնարավորինս պաշտպանված ու անխոցելի դարձնի Հայոց ցեղասպանության ու Հայաստանի երբեմնի տարածքները վերադարձնելու հարցը: Այս հարցը պետք է այնքան մեծացնենք և հիմնավորող բոլոր փաստերն աշխարհին ներկայացնենք, որ Թուրքիային խեղճացնենք ու պաշտպանվողի դերում պահենք: Թուրքիան լավ գիտի, որ ցեղասպանություն է գործել, որ ներկա Թուրքիայի մի մասը Հայաստանի տարածքն է եղել։ Հետևաբար, ամենևին էլ պատահական չէ, որ Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը ճանաչի նրա տարածքի ամբողջականությունը:
Այս ամենը համադրելով պարզվում է, որ ինքնապաշտպանության համար Թուրքիայի ներկայացրած փաստերն այնքան թույլ ու խարխուլ են, որ մեր հավաստի ապացույցների միջոցով բոլորն էլ կարելի է հիմնավորապես ոչնչացնել:
Այստեղ ցանկանում եմ մի հուշով նկարագրել թուրքերի մտահոգությունը: Ապրիլի 24-ի մոտակա օրերից մեկն էր, ես գտնվում էի ԱՄՆ-ում: Հայկական մի հեռուստաալիք հեռարձակում էր հայերի քայլարշավը Հարավային Կալիֆոռնիայում: Մենք ուղիղ կապ հաստատեցինք թուրք հյուպատոսի հետ մասնավորապես այդ և ընդհանրապես եղեռնի վերաբերյալ նրա կարծիքն իմանալու նպատակով: Նա իր պատասխանն այսպես ձևակերպեց. մատն ուղղեց հայ տարրական դպրոցի աշակերտ-աշակերտուհիների կողմը և ասաց, թե իրենց մտահոգությունը սրանք են, նաև այն, որ այդ հարցը փոխանցվում է նոր սերունդներին:
Ահա սա է հակացեղասպանության և բռնագրավյալ տարածքների համար պայքարի ճիշտ ձևը։
Լևոն ԱՀԱՐՈՆՅԱՆ
Իրանահայ
«Հույս» երկշաբաթաթերթի արտոնատեր

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ