ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱԿՎԱԾ ԵՆ ԿԱՆԱՅՔ

ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱԿՎԱԾ ԵՆ ԿԱՆԱՅՔ
06.11.2009 | 00:00

21-րդ դարը բժիշկները հռչակել են նաև որպես ալերգիաների դար: Մասնագետները տարեցտարի արձանագրում են ալերգիկ հիվանդությունների շեշտակի ավելացում: Այսօր շատերն են գանգատվում անհասկանալի ցանից, քորից, երկարատև փռշտոցներից, շնչարգելությունից, ընդհանուր տկարությունից և ալերգիայի տարբեր դրսևորումներից: Ալերգիկ հիվանդությունները հատկապես տարածված են զարգացած երկրներում: Դրանց հիմքում ընկած են իմունոլոգիական շեղումները: Ալերգիաների առաջացման հիմնական պատճառները մթնոլորտի աղտոտվածությունն ու անորակ սնունդն են, որոնց մեջ կան ալերգիաներ առաջացնող վտանգավոր նյութեր: Արևի ճառագայթները, միջատները և բանջարեղենի աճեցման, ինչպես նաև այլ մթերքների պատրաստման ժամանակ օգտագործվող շատ քիմիական նյութեր ևս ծանր ալերգիաների պատճառ են դառնում: Երբեմն ալերգիայի առաջացման պատճառ դառնում են բժիշկները, երբ նշանակում են դեղորայք, որից հիվանդն ալերգիա ունի: Այս հիվանդներն ունեն գենետիկական նախատրամադրվածություն: Տարաբնույթ ալերգիաներ առաջանում են օդի աղտոտվածության և քիմիական թափոնների պատճառով։ Նույնիսկ սխալ կանաչապատումը կարող է հանգեցնել հիվանդության առաջացման: Բարդիների բամբականման ծաղիկներից շատերի մոտ ալերգիկ վիճակ է սկսվում, բայց ծառերը տնկելիս ոչ ոք դա հաշվի չի առնում:
Հատկապես տարածված է ալերգիկ հարբուխը։ Բարձիթողի դեպքերում հիվանդի քիթը մշտապես բռնված է, առաջանում են քրոնիկական այտուց ու պոլիպներ, քանի որ քթի և քթամերձ խոռոչների լորձաթաղանթն ընդարձակվում է, փակում քթանցքերը։ Ծանր դեպքերում՝ բարձր ջերմություն, շնչարգելության ասթմատիկ նոպա, ուժեղ հազ, մաշկի ցան, քոր։ Ալերգիայի նախնական արտաքին դրսևորումներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից։ Շնչառության չնչին իսկ դժվարացումը բացասաբար է ազդում գլխուղեղի անոթների, հետևաբար՝ ողջ օրգանիզմի վրա, առաջին հերթին՝ ներգանգային և աչքի ճնշման։
Հետազոտությունները վկայում են, որ հիվանդության ծանր ընթացքի դեպքում հիվանդների գրեթե կեսը հետագայում կարող է ունենալ բրոնխիալ ասթմա, իսկ երկու երրորդի պարագայում՝ ալերգիկ ռինիտ։ ՈՒստի կարևոր է չհետաձգել բուժումը։ Նշենք, որ Հայաստանում ալերգիկ հիվանդների կոնկրետ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ կան ինքնաբուժությամբ զբաղվողներ կամ պարզապես չգրանցված հիվանդներ: Ներկայումս ԱՄՆ-ում կան 14 միլիոնից ավելի բրոնխիալ ասթմայով հիվանդներ, որոնցից 4 միլիոնը երեխաներ են: Ալերգիայի տարբեր գանգատներով այնտեղ մեկ տարվա ընթացքում պոլիկլինիկաներ է դիմում ավելի քան 14 միլիոն մարդ, որոնցից 445 հազարը հոսպիտալացվում են: Իսկ սեզոնայնության գործոնի հետ կապված՝ ԱՄՆ-ում արձանագրվում է 30-40 միլիոն ալերգիկ հիվանդ:
Հիվանդացած մարդուն ալերգիան թելադրում է և՛ պայմանների, և՛ կենսակերպի խիստ սահմանափակումներ։ Ալերգիայի բուժման գործում չափազանց կարևոր է ճիշտ սնվելը։ Սնունդը պիտի լինի թարմ և տաք, իսկ ըմպելիքները՝ գոլ։ Նախապատվությունը պետք է տալ ոչ թե տապակած, այլ խաշած ու շոգեխաշած սննդին։ Նույնիսկ մրգերն ու հատապտուղներն ավելի լավ է ուտել չորացրած կամ եփած։ Մսամթերքի մեջ ալերգիայի վտանգ ամենից քիչ պարունակում է տավարի միսը, իսկ ձուն, ցիտրուսային մրգերը, ընկույզը, լոլիկն այդ իմաստով առավել խնդրահարույց են: Չկա որևէ նյութ, որն ալերգիայի պատճառ չդառնա: Մենք գտնվում ենք ալերգենների միջավայրում: Մասնագետները հաշվել են, որ կա մոտ 20 հազար ալերգեն, որոնք կարող են ազդել մարդու առողջության վրա, ընդ որում, տարեցտարի դրանց թիվն ավելանում է: Անշուշտ, այս հիվանդությունների աճի վրա որոշակի ազդեցություն ունեն նաև ուրբանիզացիան, գիտատեխնիկական առաջընթացը։ Հարկ է նշել նաև, որ հիվանդությունը խիստ անհատական է։
Ալերգիկ հիվանդություններին ավելի շատ հակված են կանայք, և դա պայմանավորված է նրանով, որ հղիությունը մեծապես անդրադառնում է կնոջ առողջության, ազդում նրա մակերիկամների վրա, իսկ սա միջավայր է, որտեղ ալերգիան սկսում է զարգանալ։
Ալերգիան դժվար բուժվող հիվանդություն է, նրա ապաքինման ընթացքը դանդաղ է, որովհետև այն խորացման միտում ունի: Բուժման ամենակարևոր նախապայմանն ալերգիայի առաջացման պատճառը ճշտելն է։
Մասնագետներն ալերգիաներից խուսափելու համար խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, օգտագործել էկոլոգիապես մաքուր սնունդ, ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն, զերծ մնալ հակաբորբոքային դեղամիջոցների լայն կիրառումից, խուսափել հոգեկան ընկճվածությունից և մարդկային փոխհարաբերություններում դրսևորել բարի, դրական էմոցիաներ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6584

Մեկնաբանություններ