«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

.........

.........
16.01.2009 | 00:00

Րաֆֆին ու Վարդանը «գծի վրա» են
Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներից վերադարձել է արտակարգ բարձր տրամադրությամբ և դրա համար լուրջ հիմքեր ունի։ Բանն այն է, որ Հովհաննիսյանների ընտանիքը միշտ էլ լավ հարաբերություններ է պահպանել իշխանության գլուխ անցած դեմոկրատների հետ, որոնց պարագլուխներն այս այցի ընթացքում «Ժառանգության» հիմնադրին երաշխիքներ են տվել, որ Հայաստանի քաղաքական դաշտում վերջինս շատ մոտ ապագայում կստանձնի եթե ոչ լիդերի, ապա բավականին առանցքային գործչի դերակատարություն։ Ընդ որում, ԱՄՆ-ի քաղաքական շրջանակները նրան դիտարկում են ոչ որպես կուսակցության առաջնորդ, այլ բարձր ռեյտինգ ունեցող գործիչ։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում պարոն Հովհաննիսյանի ռեյտինգը ցանկալի նշաձողին հասցնելու համար ԱՄՆ-ի դեմոկրատական վերնախավն արդեն ձեռնամուխ է եղել նրա շրջապատը հայտնի ու չվարկաբեկված գործիչներով ընդլայնելու ծրագրի իրականացմանը։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նրանցից մեկն է, միայն թե չվարկաբեկվածի իմիջը պահպանելու համար ստիպված է լինելու շատ արագ ձերբազատվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «արբանյակը» լինելու կարգավիճակից և հիմա հենց այդ «գծի վրա» է։

Պետ «появится в последний момент»
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի «նամակ ռուսաց թագավորին»-ի ոճով գրված հայտնի ուղերձներից հետո, ինչպես և սպասվում էր, քավության նոխազներ պիտի «ճարվեին» ու «ճարվեցին»` ԱԺ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանն ու աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, որոնց թափուր աթոռներին այժմ մի խումբ պոտենցիալ տերեր են հավակնում։ Մասնավորապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում, շրջանառվող լուրերի համաձայն, շատ հավանական է, որ նշանակվի «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մենուա Հարությունյանը, թեև չի բացառվում, որ սա ընդամենը շրջանակային տարբերակ է, իսկ իրական պետը կհայտնվի «в последний момент»

Օգուտով դուրս եկավ
Ռուս-ուկրաինական գազային պատերազմից, թերևս, ամենաշատը շահեց Թուրքիան։ Ամեն ինչից օգուտով դուրս եկող մեր հարևանը հունվարի սկզբից 100 տոկոսով շահագործում է Սև ծովի հատակով ձգվող և «Երկնագույն հոսք» անունը կրող Ռուսաստան-Թուրքիա գազատարը։ Արդյունքում` Թուրքիան կուտակում է ռուսական գազը և թանկ գնով վաճառում Եվրոպային: Հիշեցնենք, որ Ռուսաստանը որդեգրել է հարևանների հետ էներգակիրների և հատկապես գազի վաճառքի հարցում բոլոր արտոնությունները վերացնելու և շուկայական կամ եվրոպական գներ սահմանելու քաղաքականություն: Գազի 1000 խորանարդ մետրի միջին գինը եվրոպական շուկայում կազմում է մոտ 420 դոլար, իսկ 2008-ին Ռուսաստանն ՈՒկրաինային այն վաճառում էր 179,5 դոլարով: Նկատենք նաև, որ գազի ուկրաինական շուկան ամենամեծերից մեկն է Եվրոպայում` տարեկան մոտ 46 մլրդ խորանարդ մետր սպառման ծավալով։

Բանը հասավ դիվանբաշուն
Մեր հավաստի աղբյուրի վկայությամբ` Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով բացահայտված` ծնողազուրկ երեխաներին թալանելու հայտնի գործը հանձնվել է դատախազություն։ Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց արդյունքում պարզվել էր, որ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար մեկ սենյականոց բնակարանների գնման պետական ծրագիրը կատարվել է ակնհայտ թերացումներով ու չարաշահումներով։ Ժամանակին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ձեռք բերված բնակարանները հաճախ եղել են շատ վատ վիճակում, առանց մանրահատակի, սանհանգույցի, ջեռուցման համակարգերի, իսկ որոշ դեպքերում էլ իբրև «բնակարան» ծնողազուրկ երեխաներին են հրամցվել բնակության համար բացարձակապես ոչ պիտանի տեխնիկական տարածքներ։ Հենց այդ գործն է, որ այժմ հանձնվել է դատախազություն և, ըստ մեր աղբյուրի, հիշյալ բնակարանների ձեռքբերումն իրականացվել է երկու ընկերությունների` «Արիաց գրուպի» և «Սոկոլ գրուպի» կողմից։ Ըստ որոշ լուրերի, «Արիաց գրուպի» թիկունքում կանգնած է ոչ անհայտ դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը, իսկ «Սոկոլ գրուպը» գտնվում է Սամվել Բաբայանի վերահսկողության դաշտում։

Թուրքական ռադիոն և հեռուստատեսությունը սկսել են «հայանալ»
Այս տարվա փետրվարից թուրքական պետական հեռուստառադիոկորպորացիան (TRT) ռադիոհաղորդումներ է սկսում հայերեն լեզվով։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին «Հուրիեթ» թերթին հայտնել է TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը։ Նրա պնդմամբ` այս նորամուծությունը հնարավոր է դարձել ՀՌԱՀ-ի և TRT-ի միջև կնքված համաձայնագրի արդյունքում։ Ավելին, թուրքական կողմը պնդում է, թե համաձայնագիրը նախատեսում է հայերեն ինտերնետային կայքի ստեղծում, իսկ մինչև 2009-ի վերջը հայկական առաջին հեռուստաալիքը կսկսի հեռարձակվել նաև Թուրքիայի տարածքում։
Բացի այդ, թուրքական կողմն իր միջոցներով նախատեսում է ևս մեկ հայկական հեռուստաալիքի թողարկումը եթեր, որը տեղի կունենա դարձյալ մինչև 2009-ի վերջը։ Այս մասին հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը։ Թուրքական կողմը նախատեսում է, որ հեռուստաալիքը պետք է ցուցադրի ինչպես հայկական երաժշտական աստղերի, այնպես էլ հայերեն երգող թուրքական խմբերի ելույթները։ Հեռուստաալիքի խմբագրակազմում աշխատանքի կանցնեն Թուրքիայում բնակվող հայեր և նույնիսկ հայաստանցի մասնագետներ։ Միանգամայն պարզ է, որ Թուրքիան սկսել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը տապալելու բոլորովին նոր ուղղվածության քաղաքականություն, որի նպատակն է Արևմուտքին և նույն ԱՄՆ-ին ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվում են բոլոր ոլորտներում։ Իսկ Հայաստանի հեռուստատեսային քաղաքականությունը տնօրինող պաշտոնյաներն այս իրողությունը կամ չեն հասկանում և ընդգրկվել են թուրքական քաղաքականության իրականացման ուղեծրում, կամ էլ իրենց համար միևնույնն է։

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ