ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆԴ ՎԵՐՄԱԿԻԴ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԻՐ

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆԴ ՎԵՐՄԱԿԻԴ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԻՐ
19.02.2010 | 00:00

Այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դարձել է տարբեր ազգությունների և մակարդակների քաղաքական գործիչների կարիերայի առաջընթացի խթան, իսկ տարբեր պետությունների համար` խաղաղարարի կերպարով հանդես գալու հրապարակ, նորություն չէ։ Վերջերս էլ «խաղաղարարների» թիվն ավելացավ մեկով, քանի որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Ղազախստանը, ի դեմս արտգործնախարար Կանատ Սուդաբաևի, սկզբում Բաքվում, ապա Երևանում հայտարարեց, թե մտադիր է նպաստել այս ձգձգված (որոշ փորձագետների կարծիքով` ընդհանրապես անլուծելի) հակամարտության կարգավորմանը։
Ղազախստանը ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է մեկ տարով և, բնականաբար, խնդիր ունի շահեկան լույսի տակ ներկայանալու եվրոպական քաղաքական բեմահարթակում։ Նուրսուլթան Նազարբաևը որպես չափորոշիչներ արդեն իսկ հռչակել է չորս սկզբունք` վստահություն, ավանդույթ, թափանցիկություն, հանդուրժողություն։ Աստանայի քաղաքական հավակնությունները փոքր չեն։ Ղազախստանը պատրաստվում է այս տարվա ավանդական ԵԱՀԿ-ի գագաթաժողովն անցկացնել Աստանայում, թեպետ համաձայնություն ստացել է միայն Ռուսաստանից, իսկ եվրոպական երկրներն առայժմ չեն կողմնորոշվել։ Որպես այս նպատակին հասնելու լրացուցիչ փաստարկ Ղազախստանը դիտարկում է իր միջամտության հնարավորությունը «չլուծված հակամարտություններին» և դրանց կարգավորմանն ուղղված դեղատոմսեր «դուրս գրելը»։ Ընդ որում, ԵԱՀԿ-ի նախագահողի դերում արտգործնախարար Կանատ Սուդաբաևի հանդես գալը նույնպես պատահական չէ. այս կադրային դիվանագետին և հեռանկարային քաղաքական գործչին համարում են Նուրսուլթան Նազարբաևի ամենահավանական ժառանգորդը։
Այնուհանդերձ, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության հնարավոր արդյունքների վերաբերյալ սպասումներն իրարամերժ են։ Եվրոպական երկրներում գերիշխում է այն տեսակետը, թե Ղազախստանն այս տարին օգտագործելու է միջազգային ասպարեզում սեփական քաղաքական շոուն առաջ մղելու համար։ Մինչդեռ ԱՄՆ-ը ոչ միայն պաշտպանում է Ղազախստանին, այլև պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակելու նրան «միջազգային գործընթացների համակարգողի» պարտականություններում։ Եվ սա պատահական չէ, որովհետև ԱՄՆ-ի ուշադրության թիվ մեկ առարկան Աֆղանստանն է, իսկ Ղազախստանը, թեկուզ ոչ սահմանակից, բայց գրեթե հարևան է այդ երկրին և նրա դիրքորոշումից շատ բան է կախված Կենտրոնական Ասիայում։ Աֆղանստանի հարցն առաջնային նշանակություն ունի ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, սակայն շատ բարդ ու աննպաստ դաշտ է Ղազախստանի համար` իր «խաղաղարար նախաձեռնությունները դրսևորելու» առումով։ Եվ ահա, թերևս, ոչ երկար որոնումներից հետո Աստանան կանգ է առել կովկասյան հակամարտություններում մասնակից լինելու և այդպիսով իր դերակատարությունն ընդգծելու տարբերակի վրա։
Իսկ ղարաբաղյան հակամարտությունն այդ իմաստով միանգամայն համապատասխանում է թե՛ Ղազախստանի քաղաքական հավակնություններին, թե՛ հնարավորություն է ընձեռում առանձնանալու աշխարհաքաղաքական կենտրոնների կողքին, եթե նկատի ունենանք, որ հակամարտության կարգավորման միջնորդ պետություններն ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանն են։ Ըստ այդմ, պաշտոնական Աստանայում իրենց շահերի տեսանկյունից միանգամայն ճիշտ են վարվել` որոշելով «ազդակ հաղորդել ղարաբաղյան կարգավորմանը, մանավանդ որ այդ դրամատիկ իրադարձությունների ամենասկզբում Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել կարգավորման գործընթացում` նախաձեռնելով մի շարք հանդիպումներ»։ (Իսկապես, ժամանակին Ժելեզնովոդսկում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները` Բորիս Ելցինի և նույն Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ, սակայն ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը չիրագործվեց, և նախաձեռնությունը տապալվեց)։
Այսօր Ղազախստանը հայտարարում է, որ իր ձեռքի տակ համոզիչ փաստարկներ կան` հակամարտության կարգավորմանը նպաստելու առումով։ Չորսօրյա այցով տարածաշրջանում գտնվող Կանատ Սուդաբաևի կարծիքով, դա այն է, որ նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդները հոգեկերտվածքի ընդհանրություններ ունեն, լավ ծանոթ են հակամարտությունների պատմությանը, և նրանց նախագահը «բարձր հեղինակություն» ունեցող առաջնորդ է։ Ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում Ղազախստանի արտգործնախարարը հայտարարեց, թե «զգուշավոր լավատեսություն կա իրավիճակի զարգացման հետագա հեռանկարների հետ կապված», և Ղազախստանն էլ, իբր, այս տարածաշրջանում չունենալով ուղղակի տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ, միաժամանակ լավ հարաբերություններ կառուցած լինելով Երևանի և Բաքվի հետ, ի վիճակի է ստանձնելու «անաչառ և օբյեկտիվ միջնորդի դերակատարություն»։
Իրականում, սակայն, հազիվ թե այդպես է։ Չկենտրոնանալով այն մանրուքի վրա, որ ԵԱՀԿ-ի նոր նախագահող Կանատ Սուդաբաևն իր այցը սկսեց Բաքվից, թերևս, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք այլ հանգամանքների վրա։ Ղազախ փորձագետների ներկայացմամբ, այցի սկզբնակետը Բաքուն էր, որովհետև «Ադրբեջանից այցը սկսելը նույնպես կարևոր իմաստ ունի»։ Իր հերթին Սուդաբաևն Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Մենք ձգտում ենք լիովին օգտագործել մեր ժողովուրդների պատմական հարաբերություններն ու հոգեկերտվածքի ընդհանրությունները, վստահելի հարաբերությունները մեր երկրների ղեկավարների միջև»։
Մինչդեռ դրանից մեկ օր առաջ Թուրքիայի արտգործնախարարությունն էր ոգևորված հայտարարում. «Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործելու։ Թուրքիան Աստանայից սպասում է կարևոր քայլերի ձեռնարկում այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ»։ Թուրքական և ադրբեջանական մամուլը չէր թաքցնում իր ուրախությունը, որ Ղազախստանն է ստանձնել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և որ Բաքվի ու Աստանայի հարաբերություններում իր առանձնահատուկ նշանակությունն ունի քաղաքական և առևտրատնտեսական համագործակցությունը Կասպից ծովում, ինչպես նաև ղազախական նավթի տարանցման հնարավորությունների ընդլայնումն Ադրբեջանից դեպի Թուրքիա` Բաքու-Ջեյհան նավթամուղով։ Ըստ այդմ, այն հայտարարությունները, թե Ղազախստանը մի երկիր է, որ «հավասար հարաբերություններ ունի հակամարտության կողմերի հետ», մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանի հետ հարաբերությունների մասով Ղազախստանի արտգործնախարարը Երևանում առանձնապես ասելու բան չուներ, բացի այն, որ «գոյություն ունի որոշակի պատմական ընդհանրություն, համագործակցություն ՀԱՊԿ-ի շրջանակներում», և որ Ղազախստանի նախագահը «բարձր հեղինակություն ու վստահություն է վայելում»։
Ինչ վերաբերում է ղազախական կողմի առաջարկներին, ապա բանակցություններում խոսվեց մադրիդյան սկզբունքներում որոշակի փոփոխությունների հնարավորության մասին։ Որոշ ղազախական ԶԼՄ-ներ ենթադրում են, թե փորձ կարվի ԵԱՀԿ-ի հովանու ներքո կազմակերպելու հանդիպում «համայնքների մակարդակով» (հասկանալի չէ, ինչ համայնքների մասին է խոսքը) և կոնֆերանս` նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, որին կմասնակցեն նաև շահագրգիռ կողմերը։ Ավելի հեռուն գնացող ենթադրություններ էլ կան, թե Ղազախստանը, իր ժամանակավոր կարգավիճակից ելնելով, «որոշակի սրբագրումներ կմտցնի Մինսկի խմբի գործունեության մեջ` խորհրդատվություններ և երաշխավորություններ ներկայացնելով համանախագահներին»։ Այս տրամադրություններին համարժեք արձագանքներ են հնչում նաև Բաքվից, թե «Ղազախստանը տարածաշրջանային պետություն է և ավելի մեծ հիմքեր ունի միջնորդական առաքելություն ստանձնելու, քան համանախագահների եռյակը։ Որովհետև ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ավելի շատ զբաղված են ճոպանը ձգելով` ելնելով իրենց բարդ հարաբերություններից, իսկ Ղարաբաղի հարցը նրանց համար ընդամենը միջոց է»։
Հասկանալի է, որ այս «ոգևորությունն» Արևմուտքում անարձագանք չէր մնալու և, ըստ այդմ էլ, «Եվրոպական հարևանություն, արտաքին և անվտանգության քաղաքականություն» ծրագրի ղեկավար Էմերսոնն իր հերթին հայտարարեց. «Թեկուզ և Ղազախստանը, ելնելով այսօրվա կարգավիճակից, փորձում է ինքն իրեն առաջարկել իբրև միջնորդ, այնուհանդերձ, ԵԱՀԿ-ի նախագահողի դերն այդքան ուժեղ չէ կարգավորման գործընթացում։ Ցանկացած դեպքում այդ դերն ավելին չէ, քան ԵԱՀԿ Մինսկի խմբինը»։ Բավականին թափանցիկ ակնարկ այն մասին, որ տարիներ ի վեր ձևավորված հակամարտության կարգավորման ձևաչափը փոխել չի հաջողվի, եթե անգամ Աստանայում այդքան գերագնահատում են սեփական հնարավորությունները։
Անշուշտ, Կանատ Սուդաբաևի այցը որոշ նոր նրբերանգներ բացահայտեց կարգավորման գործընթացի առումով, բայց դրանք ոչ թե ղազախական կողմի ջանքերի արդյունք էին, այլ հակամարտության կողմերի։ Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե իր երկիրն ընդհանուր առմամբ համաձայն է մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակին, թեպետ «այնտեղ կան որոշակի տարրեր, որոնք ամբողջովին ընդունելի չեն»։ Ավելի մեծ անակնկալ մատուցեց հայկական կողմը։ Առաջինը Բակո Սահակյան-Կանատ Սուդաբաև հանդիպման կազմակերպումն էր, որի առնչությամբ Բաքվում անասելի աղմուկ բարձրացավ։ Միաժամանակ ԼՂՀ նախագահը բանակցությունների ժամանակ առաջարկեց տարածքային ամբողջականության հարցը դիտարկել միջազգային իրավունքի շրջանակներում։ Ադրբեջանական կողմի ոչ պակաս «կրքոտ» արձագանքին արժանացավ Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի հիշեցումը բանակցությունների ժամանակ, փախստականների վերադարձն ապահովելու պահանջն ու եզրափակիչ հայտարարությունը. «Ադրբեջանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին` հանդես գալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեմ։ Իսկ առանց այդ ուղղակի մասնակցության կարգավորման գործընթացն առաջ շարժել հնարավոր չէ»։ Կանատ Սուդաբաևն այս ամենին ի պատասխան հայտարարեց միայն, թե ԵԱՀԿ-ն կարևոր է համարում, որ կարգավորման գործընթացում լուրջ քայլ կլինի դիպուկահարների հեռացումը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծից, և որ իրենք ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ։
Արդյունքում, սակայն, հազիվ թե էական քայլեր արձանագրվեն։ Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր մեկ տարվա նախագահության ընթացքում դժվար թե այդքան ներուժ և հնարավորություններ ունենա` կարծրացած հակամարտությունը մեռյալ կետից շարժելու համար։ Աստանան ակնհայտորեն չունի այդպիսի գործընթացին մասնակցելու ո՛չ քաղաքական փորձ, ո՛չ համապատասխան ռեսուրսներ, ո՛չ էլ խաղի ավելի հզոր մասնակիցները թույլ կտան Ղազախստանին` իրենց շահերին ու աշխարհաքաղաքական հետաքրքրություններին չհամապատասխանող քայլեր անելու։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ