ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ես

Չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ես
16.01.2009 | 00:00

ՓՐԿԵՑԵՔ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՐԻՆԱԳԾԻՑ
Իշխանության միջանցքներում վերստին թևածում է գյուղերի խոշորացման չարաբաստիկ ուրվականը, որը սպառնում է առաջիկայում դառնալ ԱԺ օրենք: Վերջինիս պաշտոնական նպատակն է բարձրացնել գյուղերի և գյուղատնտեսության կառավարման արդյունավետությունը:
Նախագծի բովանդակությունից պարզ երևում է, որ նրա հեղինակներն անտեղյակ են 20-րդ դարի 50-70-ական թվականներին գյուղերի խոշորացման ավերիչ հետևանքներին, երբ Հայկական ԽՍՀ-ում գյուղերի թիվը կրճատվեց 1192-ից մինչև 918, այսինքն` մենք կորցրինք 275 գյուղ, որոնցից շուրջ 50-ը մտան քաղաքների կազմի մեջ, իսկ մյուսները, այսինքն` բացարձակ մեծամասնությունը, լքվեցին, ամայացան: Դրան ուղեկցեցին շուրջ 500 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակների լքումը, խոպանացումը, լեռնային ընդարձակ մշակելի հողատեսքերը վերածվեցին արոտավայրերի:
Հայաստանյան ագրարային հատվածի այդ կորուստն անդառնալի հետք թողեց մեր տնտեսության և տարաբնակեցման նկարագրի վրա: Նոր, ավելի «ժամանակակից» նախագիծը խոստանում է է՛լ ավելի խորացնել հիշյալ ազգային կորուստը:
Այսօր հիմնավոր մտավախություն ունենք, որ նոր օրինագծի կիրառումով կհասնենք ճիշտ հակառակ արդյունքի, քան հավատում և հավատացնում են նրա հեղինակները: Ինչպես ժողովուրդն է ասում, «հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետը կհանեն»:
Նախագծի հեղինակների կարծիքով, գյուղերի խոշորացումը (տվյալ դեպքում նրանք նկատի ունեն գյուղական համայնքների կառավարման խոշորացումը) կբերի կառավարման ծախսերի կրճատման, ինչպես նաև կենտրոնացված միջոցների ավելի նպատակային ներդրման սոցիալական ոլորտում:
Այդ զուտ հաշվապահական մոտեցումը զուրկ է որևէ գիտական հիմքից: Նրա հեղինակներն աչքի առաջ են ունեցել սոսկ գյուղապետարանի վարչական ծախսերը և ակնհայտորեն աչքաթող են արել այն ծախսերը, որոնք կապված են լինելու դեպի գյուղապետարան տանող ճանապարհի երկարացման հետ. չէ՞ որ աշխատող գյուղացին կամ թոշակառուն այժմ հարկադրված կլինենինչ-ինչ հարցեր լուծելու համար արդեն երեք-չորս անգամ ավելի շատ ժամանակ և միջոցներ ծախսել: Մի՞թե ժամանակը փող չէ: Եթե ոչ, ապա ի՞նչ միջոցներով պետք է չափել բարոյա-հոգեբանական վիճակը, որով այժմ անցնելու է գյուղացին այդ երկարացված ճանապարհը:
Ինչ վերաբերում է զուտ ֆինանսական միջոցների օգտագործմանը, ապա հաստիքների կրճատումը և գյուղապետարանի բյուջեների կենտրոնացումը կարող են միայն դիմազրկել այդ միջոցների օգտագործումը և ավելացնել դրա հետ կապված չարաշահումները: Նույնիսկ լավագույն դեպքում միջոցների կենտրոնացումը տեղի կունենա ավելի փոքր համայնքների հետագա տկարացման հաշվին:
Այսպիսով, գյուղական համայնքների կառավարման միավորումը և ֆինանսական միջոցների կենտրոնացումն անխուսափելիորեն կհանգեցնեն.
ա) այդ միջոցների դիմազրկմանը և դրանց չարաշահումների մեծացմանը,
բ) փոքր գյուղերի հետագա տնտեսական տկարացմանը և, թերևս, ամենակարևորը`
գ) այն բերելու է բնակչության` գյուղից գյուղ հարկադրված և անտեղի երթևեկության տրանսպորտային ծախսերի աննախադեպ ավելացման, փոքր գյուղերի բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացման, մարդկային գործոնի բացասական դերի ուժեղացմանը գյուղում:
Նոր օրինագծի հեղինակների առաջարկի համաձայն, այսօրվա 950 գյուղերի կառավարումը պետք է կենտրոնացվի մոտավորապես 300 խոշոր գյուղերում, ասել է թե` գյուղապետ ունենալու իրավունքից զրկվելու է ավելի քան 600 գյուղ: Ի վերջո, ի՞նչ է սպասում մեզ գյուղապետարանների խոշորացումից հետո, երբ 950 գյուղապետարանից հետո մենք կունենանք 315-ը: Կհեշտանա՞, արդյոք, գյուղի և գյուղատնտեսության կառավարումը, թե՞ ճիշտ հակառակը` կդժվարանա: Կհեշտանա միայն գյուղապետերի կառավարումը վերադաս վարչական մարմինների կողմից, քանզի 950-ի փոխարեն նրանք գործ կունենան ընդամենը 315 գյուղապետի հետ: Սակայն միավորված գյուղերի կառավարումն առնվազն երեք անգամ կդժվարանա, քանզի, ամենայն հավանականությամբ, նշանակովի իշխանությունը, ուղղակի և փոխաբերական իմաստով, կհեռանա գյուղացուց:
Եթե հաշվի առնենք, որ այդ գյուղերի ճնշող մասը գտնվում է լեռնային և սահմանամերձ գոտում, ապա ակնհայտ է դառնում հարցի ռազմավարական նշանակությունը: Հետևաբար, վստահորեն կարելի է կանխատեսել, որ նման «իշխանազուրկ» գյուղերի մեծագույն մասը դատապարտված է ժամանակի ընթացքում լքման ու ամայացման:
Արդյոք հասկանո՞ւմ են դա ագրարային «բարեփոխման» մերօրյա հեղինակները: Կարծում ենք` չեն հասկանում: Զի չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ես:
Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, պրոֆեսոր
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, պրոֆեսոր

Դիտվել է՝ 9500

Մեկնաբանություններ