ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               

ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ
29.07.2011 | 00:00

Աննախադեպ բեղուն էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) 2010-2011 թթ. համերգաշրջանը դասական երաժշտության տարահնար հանրաճանաչման տեսակետից։ ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Թոփչյանի և մենեջեր Արման Պադարյանի բարեհաջող համագործակցությամբ ոչ միայն պատշաճ շարունակականություն ապահովվեց «Ընտանեկան և դպրոցական ֆիլհարմոնիա» նախագծերին, այլև ՀՀ առաջատար մի քանի բուհերում հիմնվեցին դասական երաժշտության ուսանողական ակումբներ։ Հայ և այլազգի դասականների երաժշտարվեստը մատուցվեց բազմաժանր համերգների պիրկ շարքով, որի փառահեղ ամփոփումը եղավ 22-ամյա շնորհաշատ թավջութակահար ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ մոսկովյան վերջին փայլուն հաղթանակները նշանավորող երեկոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
ՏՈՆԱՀԱՆԴԵՐՁ ԵՐԱԺՇՏԱԵՐԵԿՈ
Երբ Կոմիտասի անվան լարային քառյակի ջութակահար Սուրեն Հախնազարյանի երրորդ որդին` Նարեկը, դաշնակահարուհի մոր` Գայանեի համառ հորդորներով ընդունվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան, չէր էլ մտածում, որ երբևէ ամենասիրելին կդառնա այդ երաժշտական գործիքը։ Այժմ երախտագիտությամբ է հիշում առաջին ուսուցչին` պրոֆեսոր Զարեհ Սարգսյանին, ում շնորհիվ կատարողական արվեստում իր հաստատուն վերելքի խութերը վստահաբար հաղթահարելու կամք և ունակություններ ձեռք բերեց։ Կատարելագործվելու անպարփակ մղումով այժմ խորացնում է երաժշտական ակնառու հմտությունները միաժամանակ Մոսկվայի (պրոֆ. Ալեքսեյ Սելեզնյով) և Բոստոնի (պրոֆ. Լոուրենս Լեսեր) կոնսերվատորիաներում։ Վերջինիս «Artist diploma» հեղինակավոր ծրագրում ընդգրկված երիտասարդ թավջութակահարն իր առաջին լուրջ դափնիները նվաճել է 2007-ին (Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, ՀՀ նախագահի մրցանակ)։ Երբ Կորեայից հետո աչքի ընկավ նաև Johansen երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում (2-րդ և 1-ին մրցանակներ), «Washington Post»-ը «ֆենոմենալ թավջութակահար» բնորոշեց նրան։
Հանրահայտ Ժակ Ֆրանսեզի թոռնուհու տրամադրած գործիքով (Դավիթ Տեխլեր, 1698 թ.) Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում տարած երեք դժվարին հաղթանակներից ամենահեղինակավորը, ըստ Նարեկի, «Հայդնի կոնցերտի լավագույն կատարման համար» շնորհվածն է։ Մնացածները (1-ին մրցանակը, ոսկե մեդալը և «Հանդիսատեսի համակրանքը»), կարծես, «վավերացնում» են մասնագիտական խստապահանջ հանձնախմբի տված այդ ամենաբարձր գնահատականը։
Հաղթական տոնայնությամբ էր հագեցած Չայկովսկու հանրածանոթ գործերից («Իտալական կապրիչիո», «Pezzo capriccioso»-«քմահաճ պիես», «Վարիացիաներ ռոկոկո թեմաներով») կազմված համերգային հատուկ ծրագիրը։ Որպես երաժշտական անակնկալ կատարելով «1812-ի նախերգանքը»` ՀՊՖՆ-ի վաստակավոր կոլեկտիվը «մարսելյոզային» հզոր լիցքեր հաղորդեց մրցութային լարվածությունը դեռևս չթոթափած Նարեկ Հախնազարյանին։ Շողշողալով հայրենակիցների առանձնակի ջերմ ընդունելությունից` պատանեկան անմիջականությամբ նա մի կողմ դրեց Բենուա Ռոլանդի պատրաստած աղեղը և ներշնչված մատուցեց իր երաժշտաընծան` Ցինցաձեի «Չոնգուրին»։ Նույն հանդիսավորությամբ հաղթական ավարտին հասցրեց ՀՊՖՆ-ը տոնական համերգը Չայկովսկու 5-րդ սիմֆոնիայի «Մարդը և ճակատագիրը» թեմայի բազմելևէջ անցումների կուռ և սահուն մեկնաբանությամբ։ Եվ կրկին մոլի երաժշտասերներին համակեց այս կոլեկտիվի կատարողական արվեստին անմիջականորեն հաղորդակցվելու անհամբեր սպասումը։ Նոր երաժշտահանդիպումը, հաստատված ավանդույթով, կկայանա սեպտեմբերին, Երևանյան միջազգային փառատոնով ազդարարելով հաջորդ` հոբելյանական համերգաշրջանի բացումը։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ