«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հարգե՛ք սեփական քունը

Հարգե՛ք սեփական քունը
28.11.2008 | 00:00

ՄԱՆՐՈՒՔ ՉԷ
Առողջ, լիարժեք քունը շատերի համար է երազանք։ Ընդ որում, տարիների հետ ավելանում է քրոնիկական անքնությամբ տառապողների թիվը։ Ինչպես տեղեկացնում է քնի խանգարումների կենտրոնի տնօրեն, նյարդաբան ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր բնակչության մոտ 40 տոկոսն այս կամ այն չափով գանգատվում է անքնությունից։ Քրոնիկական անքնության տարածվածությունը նույնպես մեծ թիվ է կազմում՝ 10-15 տոկոս։ Այս թվերը համապատասխանում են նաև մեր իրականությանը: Խնդիրը նաև սոցիալական է, քանի որ այդ մարդիկ հիմնականում աշխատունակ տարիքի են, և անքնությունը մեծապես անդրադառնում է նրանց աշխատունակության վրա, ինչն իր հետևանքներն է թողնում հիմնարկությունների ֆինանսական վիճակի և առողջապահական ծախսերի վրա։ Ավելին, ըստ որոշ հետազոտությունների, անքնությամբ տառապողների շրջանում հիվանդացությունն ու մահացությունն ավելի բարձր են, քան ընդհանուր բնակչության շրջանում:

Քնի խանգարում ասելով՝ շատերը հասկանում են քնի պակաս կամ անքնություն (իմսոնիա)։ Սակայն քնի խանգարում են համարվում նաև գերքնկոտ վիճակը, լուսնոտությունը, քնի ժամանակ շարժողական խանգարումները, շնչարգելությունը և այլն։ Եթե ունեք քնելու ցանկություն, սակայն որևէ խանգարող գործոնի պայմաններում չեք կարողանում քնել, և միաժամանակ խանգարվում է ցերեկային արդյունավետ գործունեությունը, ապա մտահոգվելու կարիք կա, քանի որ առկա են անքնության նշաններ։ Հայաստանում քնի խանգարումներին առայժմ լուրջ չեն վերաբերվում, և, ցավոք, որևէ մեկի մտքով չի անցնում, որ անքնությունը կամ քնկոտությունը նույնպես հիվանդություն են, և պետք է դիմել բժշկի։
Ըստ Սամսոն Խաչատրյանի՝ անքնությամբ տառապողների արթնացնող համակարգն ինչ-ինչ պատճառներով դառնում է գերակտիվ, և այդ մարդկանց արթունության տոնուսը նորմայից բարձր է։ Եվ եթե մեկ ամսից ավելի մարդիկ քնի խանգարման խնդիրներ են ունենում, ապա լրջորեն պետք է մտահոգվեն իրենց առողջությամբ ու դիմեն բժիշկ-քնաբանին։
Անքնության բուժման երկու հիմնական եղանակ կա՝ ոչ դեղորայքային և դեղորայքային։ Ոչ դեղորայքայինը հոգեթերապևտիկ և վարքային մոտեցումներն են և առաջին հերթին քնի հիգիենայի պահպանումը։ Պետք չէ միանագամից դիմել քնաբերների: Նախ և առաջ պետք է հետևել քնի ռեժիմի պահպանմանը, ննջարանում հնարավորին չափ խուսափել խանգարող ազդակներից, սահմանափակել ակտիվացնող միջոցների՝ սուրճի, թեյի օգտագործումը, ուշ ժամերին սնունդ չընդունել։ Խորհուրդ է տրվում անկողինը և ննջարանը կապել միայն քնի հետ և խուսափել անկողնում գիրք կարդալուց, հեռուստացույց դիտելուց։
Քնի խանգարումների տարածվածությամբ երկրորդ տեղում քնի օբստրուկտիվ ապնոեի համախտանիշն է՝ քնի ժամանակ շնչառական կանգը, որի կարևորագույն նշաններից է նաև խռմփոցը։ Այս դեպքում վերին շնչուղիներում մեծանում է դիմադրողականությունն օդի հոսքին։ Քնի ապնոեի խնդիրներ ունեցողները սովորաբար գեր կամ վերին շնչուղիների անատոմիական պրոբլեմներ ունեցող մարդիկ են։ Երեսունն անց տղամարդկանց մոտ այս հիվանդության տարածվածությունը 4 տոկոս է կազմում, կանանց մոտ՝ 2 տոկոս։ Իսկ 60-ն անց տարիքային խմբում և երեխաների շրջանում այս թիվը կտրուկ ավելանում է մինչև 20-30 տոկոս և ավելի։
Քնաբանի պարզաբանմամբ՝ քնի շնչառական խանգարումները և, մասնավորապես, քնի ապնոեն կարող են առաջացնել կամ բարդացնել սրտանոթային խնդիրները (զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն կամ ռիթմի տարաբնույթ խանգարումներ, սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ), ինչպես նաև ուղղակիորեն կապված են շաքարախտի և ճարպակալման հետ։ Ընդ որում, ապնոեն վտանգավոր է ոչ միայն հիվանդի, այլև նրա կողակցի կամ սենյակում գտնվողների համար, քանի որ պարբերաբար խանգարվում է նաև նրանց հանգիստը։
Քնի խանգարումների կենտրոնում կիրառվում են այս վտանգավոր համախտանիշի ախտորոշման և բուժման բոլոր հիմնական մեթոդները: Ընդամենը մեկ գիշերային հետազոտության` պոլիսոմնոգրաֆիայի շնորհիվ մասնագետը կարող է լիարժեք պատկերացում կազմել քնի այս և մյուս խանգարումների մասին:
Ինչպես վկայում է մասնագետը, քունը փուլային գործընթաց է և բաժանվում է մակերեսային ու խոր փուլերի։ Քնի ապնոեի համախտանիշի ժամանակ մարդը հիմնականում ունենում է մակերեսային քուն։ Իսկ մակերեսային քնի պայմաններում խոսք չի կարող լինել ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական վերականգնման մասին։ Քնի ընդհատվածությունը վերջիվերջո հանգեցնում է ցերեկային ախտանշանների` քնկոտության, հոգնածության, հիշողության և լիբիդոյի խանգարման։ Քնկոտություն ունեցողների մոտ ծանր դեպքերում այն կարող է արտահայտվել քնի գրոհների տեսքով, երբ մարդիկ չեն կարողանում կանխազգալ քնի անցնելու պահը։ Դա խիստ վտանգավոր է, քանի որ նման պրոբլեմներ ունեցողը, օրինակ, ղեկին կարող է հանկարծակի քնել և վթարի ենթարկվել։
Անքնությամբ տառապող մարդկանց մի մասը չի քնում անհանգիստ ոտքերի համախտանիշ ունենալու պատճառով։ Ըստ մասնագետի տվյալների` Հայաստանում այս նյարդաբանական խնդրի տարածվածությունը 18-ից բարձր տարիք ունեցողների շրջանում կազմում է մոտ 8 տոկոս։ Սովորաբար այդ երևույթներն ավելի ուժեղանում են հանգիստ վիճակում և երեկոյան ժամերին։ Դրանք մասամբ թեթևանում են շարժման ընթացքում։ Նախկինում այս երևույթը գնահատվում էր որպես նևրոտիկ գանգատ և միայն վերջին տարիներին է արժանացել նյարդաբանների ուշադրությանը, քանի որ տարածված է և էապես ազդում է կյանքի որակի վրա։
Այսպիսով, քնի խանգարումները շատ լուրջ առողջապահական խնդիր են և, ըստ Սամսոն Խաչատրյանի` հարկավոր է սեփական քունը հարգել ու չխաթարել այն:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ