«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ձեռնածություններ ժողովրդավարության և դիկտատուրայի արանքում

Ձեռնածություններ ժողովրդավարության և դիկտատուրայի արանքում
03.02.2009 | 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ՏԵՂԻՆ ԵՆ ԵՎ ՕՐԻՆԱՉԱՓ
«Ժողովրդավարությունը յուրաքանչյուրին տալիս է չարյաց փոքրագույնը որպես լավագույն լուծում ընտրելու ազատություն։ Մնացածն արգելված է կանոններով»։
Վիլհելմ ՇՎԱԲԵԼ, գերմանացի գիտնական և հրապարակախոս
Բարոյական առումով խեղաթյուրված մեր իրականության մեջ արդեն վաղուց վարժվել ենք, երբ սևը ներկայացվում է սպիտակ, պատմությունը «վերակառուցվում» է մասնակի շահերի ներքո, «քաղաքականության բիզնեսմենների» արտահայտած ցանկացած անմտություն ներկայացվում է իբրև վերջնական ճշմարտություն։ Վարժվել ենք, որ գավառացիներին բնորոշ ինքնավստահությամբ փորձ է արվում մանիպուլյացիա անել օբյեկտիվ փաստերի և զանգվածային գիտակցության հետ` մոռանալով, որ հայ ժողովուրդը վաղուց բավական ուշադիր է վերաբերվում իր պատմությանը և չի տառապում զանգվածային ամնեզիայով։
Այս համատեքստում է, որ հայկական նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասած խոսքերը որոշ շրջանակներում առաջացրել են անհասկանալի հակազդեցություն։ Վարչապետն ընդամենն ասել էր, որ առաջին հանրապետության գոյության սկզբնական շրջանում այդ պատմական գործչին հաջողվեց հաստատել կարգ ու կանոն, ինչի կարիքը կա նաև այսօր։ Այս արտահայտությունը նոր առիթ է դարձել ընդարձակ «դատողությունների» համար ժողովրդավարության ու բռնապետության մասին, նկատի ունենալով, որ լեգենդար պատմական անձը` Արամ Մանուկյանը, Երևանի բնակչության կողմից եղել է ընտրված «դիկտատոր»։ Մի կողմ թողնենք այն, որ այդ ազնվագույն մարդն ու հայրենասերը «դիկտատոր» դառնալուց մեկ տարի անց մահացավ տիֆից, աղքատության մեջ, միայն այն բանի համար, որ փողոցում սառչող հիվանդ երեխային ծածկեց իր շինելով։
Եվ հիմա ինչ-որ «իմաստուններ» անհարկի ու անիմաստ զուգահեռներ են անցկացնում, ինչը ոչ միայն անպարկեշտ է, այլև մտահոգիչ։ Այսպիսի կեղծ պատմական «զուգահեռները» առավել ևս անտեղի են այն պահին, երբ երկրի ժողովրդավարական զարգացման հարցն արդարացիորեն և, հուսով ենք, ոչ անհեռանկար, դուրս է եկել ներքաղաքական բանավեճերի շրջանակներից և դարձել քննարկման առարկա միջազգային կառույցներում։
«ՈՒ՞ր և ինչպե՞ս է գնում Հայաստանը» հարցադրումը չի կորցրել իր հրատապությունը բոլոր երեք նախագահների կառավարման օրոք։ Սակայն մինչ օրս էլ տրամաբանական որևէ պատասխան, առավել ևս համարժեք գործողություններ հայ հասարակությունը չի տեսել։ Ավելին, այսօր ոչ պակաս հրատապ է ձևական ժողովրդավարությունից իրական ժողովրդավարության անցնելու խնդիրը ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական տեսանկյունից։ Ժողովրդավարությունը դարձել է կարևոր բաղադրիչ տարածաշրջանում խոշոր տերությունների միջև ծայր առած հակադրության մեջ։ Եվ այդ իմաստով վերջին իրադարձությունները ԵԽԽՎ-ում չեն մեկնաբանում թերևս միայն ալարկոտները։ Բայց, ինչպես միշտ լինում է մեր իրականության մեջ յուրաքանչյուրն այդ գործընթացում փորձում է տեսնել այն, ինչ ցանկանում է։ Սկսած «եվրոպական կառույցների անսկզբունքային դիրքորոշումից», վերջացրած խորհրդարանի խոսնակի խորիմաստ դատողություններով այն մասին, որ ԵԽԽՎ-ի միջամտությունը «էապես կվնասի ներքին կայունությանը Հայաստանում և կվերածվի միջամտության դատական գործընթացի` վնասելով պետական կառույցների ամբողջականությանը»։
Եվ սա այն դեպքում, երբ ԵԽԽՎ-ի պատգամավորների ելույթներից էլ պարզ դարձավ, որ Հայաստանին պատժելու խնդիր չի դրված գոնե առայժմ, այլ օժանդակելու փորձ է արվում։ Եվ թեկուզ հայտնի է, որ «խեղդվողների փրկության գործը հենց իրենց գործն է», այնուհանդերձ, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը հայտարարեց. «Ինձ հետաքրքրում է, թե ինչ են ձեռնարկում Հայաստանի իշխանությունները հանցագործներին բացահայտելու ուղղությամբ, ովքեր սպանություններ են կատարել Երևանում հայտնի դեպքերի ժամանակ»։ Եվ սա միայն մի նրբերանգ է եվրոպական դիրքորոշման մեջ, սակայն, միաժամանակ, համահունչ Հայաստանի բնակչության սպասումներին։ Բոլորովին չի բացառվում, որ իշխանությունները բավականին կարճ ժամկետում կարողանան լուծել քաղկալանավորների հարցը։ Չի բացառվում, որ արմատական ընդդիմությունն էլ գնա երկխոսության իշխանության հետ։ Սակայն հանցավորների հայտնաբերման խնդիրը շատ ավելի լայն է, քան այդ շրջանակը։ Բազմիցս և կանոնավոր կերպով տեղեկություններ են շրջանառվել, որ մարտի իրադարձությունները համակարգել են ոչ միայն նախկին վարչակազմի ներկայացուցիչները, այլև կրիմինալ-կլանային ռեժիմի օլիգարխիական բաղադրիչը ներկայացնող անձինք։ Միաժամանակ պարզ է, որ հենց կլանային համակարգի մեջ պետք է որոնել նաև քաղաքական դաշտի դեֆորմացիայի, դատական և իրավական համակարգի կոռումպացման, հասարակական դեգրադացման պատճառները։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ այդ շրջանակի կողմից հաստատված խաղի չգրված կանոններն օրենքներից ավելի գործունակ են, և դրանց համաձայն ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, իշխանությունից մինչև ընդդիմություն, հնարավոր է ապագայում էլ նախընտրի շարունակել խաղալ այդ կանոններով։
Եթե անցնենք կոնկրետության, ապա ԵԽԽՎ -ի նստաշրջանում եվրոպացիների հարցադրումը, թե Հայաստանին ժամանակ է տրվում մինչև ապրիլ` ԵԽԽՎ-ի բանաձևերը կատարելու համար, ստեղծում է նոր իրավիճակ և իշխանությունից ու ընդդիմությունից պահանջում նոր մոտեցումներ։ Ակնհայտ է, որ կոսմետիկ միջոցառումները, ինչպիսիք են ձերբակալվածներին ներում շնորհելը կամ ազատ արձակելը, մամուլի նկատմամբ ճնշման թուլացումը և քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատումը, չեն կարող բավարարել ո՛չ հայաստանցիներին, ո՛չ էլ Եվրոպային։ Ավելին, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանության հետ կխոսի միայն քաղկալանավորների բացակայության պայմաններում, դա բոլորովին էլ հնարավոր երկխոսության շրջանակի ուրվագծում չէ։ Անուղղակի դիտարկումների և ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության միջոցով տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունը պարզապես իր բաժինն է ուզում ստանալ իշխանական համակարգից, և, ըստ այդմ, պատահական չէ, որ վերջին շրջանում հաճախակիացել են ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցությունները։ Լուրեր են շրջանառվում, որ իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում ընդդիմությունն «արժանի ներկայություն» կունենա օրենսդիր մարմնում։
Դատելով նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ, երբ արտաքին աշխարհին անհրաժեշտ է կայունության պահպանում երկրում, իսկ գործող նախագահը, ակնհայտորեն, կարողանում է հաջողությամբ հավասարակշռել արտաքին շահերը, Տիգրան Սարգսյանի հայտարարած բարեփոխումների պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրություններն առավելագույնն են, ինչի հույսը կարող է ունենալ ընդդիմությունը։ Մանավանդ որ հանրային գիտակցության մեջ խորհրդարանն ու պատգամավորները վաղուց ի վեր դարձել են օլիգարխիական համակարգի հիմնական արտահայտիչները։ Այսպիսով, նոր ընտրությունները կարող են դառնալ երկխոսության և որոշակի քաղաքական հավասարակշռության հաստատման հիմք, այդպիսի հանգուցալուծումը կարող է բավարարել նաև արտաքին աշխարհին, բայց ոչ ամբողջությամբ քննադատորեն տրամադրված հասարակությանը։ Հասարակությունն օլիգարխիական համակարգի ապամոնտաժման պահանջի կրողն է։
Եթե օլիգարխներն ու քրեական աշխարհն ընդհանրապես չմեկուսացվեն երկրի քաղաքական կյանքից, չբացահայտվի և չդատապարտվի նրանց մասնակցությունը վերջին տարիների «քաղաքական շաբաշներում», հազիվ թե կարելի է ակնկալել նորմալ ընտրություններ։ Նրանք չեն զիջելու և կգնան 2007-ի խորհրդարանական կամ 2008-ի նախագահական ընտրությունների տարբերակով։ Ցավոք, այս թեման ընդդիմության օրակարգում շրջանառվում է միայն զգացմունքային հայտարարությունների մակարդակով` «բանդիտական պետություն» և այլ բնորոշումներով։ Իշխանության համար այն առայժմ սահմանափակվում է անցանկալի օլիգարխների նկատմամբ կոմպրոմատների հավաքումով և կուտակումով։ Իրավիճակն այնպիսին է, որ վարչապետի անցկացրած զուգահեռներն Արամ Մանուկյանի ժամանակների հետ միանգամայն տեղին են և օրինաչափ։ Երկրում անհրաժեշտ է կարգ ու կանոն հաստատել, և դա արդարացված հասարակական պահանջ է։ Առանց անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորման այդ խնդրի լուծումը հնարավոր չէ, իսկ եթե լուծելու ցանկություն կա, արդեն բոլորովին կարևոր չէ, թե ով կփորձի ձեռնածություն անել ժողովրդավարություն և դիկտատուրա հասկացություններով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ