«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Մենք մեկտեղվում ենք կորուստների գնով»

«Մենք մեկտեղվում ենք կորուստների գնով»
24.10.2008 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂՏՈՏ ՇԻԼԱ Է»
…և ոչ միայն մշակույթի մասին
Սբ. Էջմիածնի հոգևոր դասի նախաձեռնությամբ պարբերաբար հրատարակվում են մեր սրբացյալ հոգիների վարքագրության մասին պատմող գրքեր: Այդ մատենաշարով լույս է տեսել ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ «Շուշան Վարդենի» վիպակը, որը, գեղարվեստական ստեղծագործություն լինելուց զատ, նաև կոչված է իրագործելու մեկ այլ առաքելություն: Մեր հարևան ժողովուրդների կողմից հայկական պատմական հուշարձանները պղծելու և սեփականելու աղաղակող փաստերը հայտնի են բոլորիս, քիչ չեն նաև դեպքերը, երբ «սրբագրվում են» ոչ միայն քարեղեն կոթողներն ու վավերագրերը, այլև անցյալում իրենց վարքով աչքի ընկած հայ մարդկանց կենսագրությունն ու ծագումը: Այս ոտնձգությունից զերծ չի մնացել նաև Շուշան Վարդենին: Նա եղել է վրաց Աշուշա բդեշխի հարսը: Այդ ամուսնությունը բարոյական և ֆիզիկական տառապանքների պատճառ է դարձել դժբախտ կնոջ համար: Հրաժարվելով ազնվական բոլոր պատիվներից և հարմարավետությունից՝ կյանքի վերջում Շուշանը նախընտրել է ճգնակյացի ապրելակերպը՝ հետագայում դասվելով սրբերի կարգը: Վրացիների կողմից «սեփականաշնորհված» սուրբ Շուշանիկան ոչ այլ ոք է, եթե ոչ հայոց ամենապատվարժան իշխանական տան շառավիղը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը: Պատմական այս ճշմարտության գեղարվեստական վավերացումն է նաև Անահիտ Պարսամյանի նորընծա վիպակը:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ Է»
-Տիկի՛ն Պարսամյան, զարգացնելով «Շուշան Վարդենի» վիպակում արծարծվող հայ-վրացական անհամաձայնությունների թեման, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր մոտեցումները ջավախահայության այսօրվա խնդիրների շուրջ:
-Ճակատագրի բերումով ուսանողական տարիներից առայսօր շփվում եմ ջավախահայերի հետ: Նրանք ինչքան որ զուսպ, համբերատար են, նույնքան էլ կարող են կտրուկ և ըմբոստ լինել: Իմ կարծիքով, կան ուժեր (և՛ վրացական, և՛ հայկական կողմում), որոնք ձգտում են, իրենց անձնական շահերից ելնելով, Ջավախքը դարձնել մի նոր թեժ կետ Անդրկովկասում: Այո՛, հայերի մեջ ևս կան մարդիկ, ովքեր կրակի վրա յուղ են լցնում: Մեր պատմության ընթացքում դավաճաններ միշտ էլ եղել են, բայց պետք չէ սրանից բարդույթավորվել: Բոլոր ազգերն էլ ունեցել են և ունեն դավաճաններ, պարզապես մենք փոքրաթիվ ենք, և մեր դավաճանները շուտ են նկատվում: Քաղաքականություն ասվածը որքան պարզ, նույնքան էլ բարդ բան է: Սենեկան՝ թագակիր ճիվաղ Ներոնի ուսուցիչը, ասում էր. «Քաղաքականությունը կեղտոտ շիլա է»: Քաղաքականության քրմերից մեկն էլ՝ Բիսմարկը, հայտնի աֆորիզմ ունի. «Քաղաքականությունը պոռնկություն է»: Մեր ազգային քաղաքական գործիչներն էլ միշտ չէ, որ խույս են տալիս այս ճշմարտություններից: Ես տեսնում եմ, որ ջավախահայությունը շատ դժվար օրեր է ապրում՝ մազից կախված համբերությամբ: Եվ ամենավատն այն է, որ եթե նրանք Հայաստանում գտնեն գիրկ և դաշտ, ապա կարող են թողնել իրենց հողը և գալ այստեղ: Վրացիներին էլ դա է պետք: Մի կողմից` Արցախը, մյուս կողմից՝ Ջավախքը: Մենք կարծես թե մեկտեղվում ենք, բռունցքվում՝ վատ իմաստով, կորուստների գնով: Բայց, ի վերջո, ամեն բան որոշում է ժամանակը: Այնպիսի՜ անսպասելի բեկումներ կարող են լինել: Բայց առայժմ մտահոգվելու պատճառները շատ են:
-Մեր հանրապետությունում շարունակվում են ակտիվ քննարկումները Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ: Օրինակ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ իրեն ոչ այնքան հետաքրքրել է այն, թե ինչի մասին խոսեց նախագահը, որքան այն, թե ինչի մասին չխոսեց: Ձե՞զ ինչով է հետաքրքրել ուղերձը:
-Ես մի քանի անգամ լսեցի ուղերձը: Երբեմն առաջին անգամ ինչ-որ բան տեսնելով կամ լսելով՝ լիովին չես հասկանում: Օսկանյանի ասածն էլ մտորել է տալիս, իհարկե: Նախագահին աջուձախ դատափետում են, բայց լավն էլ պիտի ասել: Նա շատ հանգիստ, հոգու մեջ թափանցող տեմբր ունի: Քոչարյանինն այդպիսին չէր, նա մի տեսակ փշոտ մարդ էր, հայացքի մեջ ինչ-որ ծակող բան կար: Իսկ Սարգսյանի խոսքը կարծես ուսուցանող է. ես դա կապում եմ նրա ստացած բանասիրական կրթության հետ: Եվ այդ իմաստով շատ ուրախ եմ: Նա և՛ զինվորական ուղի է անցել, և՛ անվտանգության համակարգում է աշխատել: Հենց բանասերը պիտի նման ուղի անցնի, կրթված լինի, կարդացած լինի: Թող ինձ ներեն մեր որոշ զինվորականներ, բայց այսօր մեզ մոտ ընդունված է, որ զինվորականը բռի ու անտաշ մեկը պիտի լինի: Ես կրակել չգիտեմ, բայց դա իմ դժբախտությունը չէ: Իսկ եթե զինվորականն արվեստ, գրականություն չգիտի, ծանոթ չէ մեր էպոսին, Աստվածաշնչին, Նարեկացուն, չի կարդացել «Նիբելունգների երգը», Դանթե, դա նրա ողբերգությունն է: Ինչևէ, անդրադառնանք ուղերձին: Չեմ ուզում ուրիշի խոսքը կրկնել, բայց ասեմ, որ ինձ շատ դուր եկավ Հմայակ Հովհաննիսյանի միտքը: Նա ասաց, թե նախագահի ուղերձը շատ լավ ընկալելի էր, բայց եթե ժողովուրդը լսի այդ ուղերձը և մի հայացք գցի կազինոներ ու գիշերային ակումբներ հաճախող ԱԺ պատգամավորների դեմքերին, կհասկանա, որ դրանք երկու տարբեր իրողություններ են: Նախագահի՝ կրթությանը, գիտությանը կարևոր տեղ վերապահելուն առնչվող կոչը մենք պետք է իրագործված տեսնենք կյանքում: Բայց եթե խորհրդարանում նստածներից շատերն ընդունակ չեն բարդ նախադասությունը տարբերելու պարզից, ի՞նչ արժեք ունի այդ կոչը: Ես այդպիսի պատգամավորներին չեմ էլ ցանկանա լսել: Մեղք չե՞մ: Նրանց լսելու փոխարեն կրկին Պլուտարքոս կկարդամ, խելացի մտածողներին կկարդամ: Մարդը պիտի նվաճի լսվելու, ընթերցվելու, ուշադրության արժանանալու իրավունքը: Անշուշտ, նախագահի ելույթը լավն էր: Նա հավասարակշիռ, լուրջ խոսք ունի, մտածելով է խոսում: Զգում ես, որ կյանքի փորձ ունի: Բայց մնում է, որ մենք այնպիսի միջավայր և հնարավորություն ստեղծենք, որ այդ ուղերձի հասցեատերերն ասպարեզ գան ու գործի դնեն իրենց ուժերը:
«ՄԵՐ ԱԶԳԸ ԳԵՆԵՏԻԿ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
-Այսօր Արևմուտքի հզոր պետությունները մտահոգված են ֆինանսական խոր ճգնաժամով: Այն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար:
-Մեր դժբախտությունն էլ մեր բախտավորությունն է, և հակառակը: Մենք փոքր պետություն ենք, աշխարհաքաղաքական մեծ անցուդարձերը կարծես թե մեզ չեն վերաբերում, բայց տեսա՞ք, թե ինչպես ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ մեր առվի ջուրը բարակեց: Այսինքն՝ մենք ուզենք, թե չուզենք, պիտի հասկանանք, որ մեր մի կտոր հացը կախված է ուրիշներից: Էմանուիլ Կանտը մեզ առևտրական հայ էր կոչում: Առևտրականությունը վատ բան չէ: Մեր վաճառականները հայտնի են եղել աշխարհում, Եկատերինա թագուհուն ադամանդակուռ թագ են նվիրել: Բայց մեր բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը մեզ մեծ հնարավորություններ չեն ընձեռում: Դրանց էլ գումարվում են վասն փողի արվող կեղտոտ գործարքները: Ի դեպ, թմրադեղերից վատթարագույնը փողն է: Եթե մեկը հանուն իր շահի ինչ-որ գործարք է անում, որից տուժում են ուրիշները, ապա նա պիտի իր չափը ճանաչի: Վերջին հաշվով, եթե տուժում են շատերը, արդյունքում կձախողվի նաև իր գործը: Նման բաներն են պատճառ դառնում, որ մեր մարդիկ լքում են երկիրը: Աստված մի արասցե, որ այս ճգնաժամն արտագաղթի նոր պատճառ դառնա: Հայրենիքից գնալը ողբերգություն է: Ասենք թե ես օլիգարխ եմ, ունեմ հսկայական լողավազաններ, ավտոլվացման կետեր, մարդիկ էլ տանը ջուր չունեն լվացվելու համար, ես կարո՞ղ եմ ինձ լավ զգալ: Այդպես երկիր պահե՞լ կլինի: Այս բաների պատճառով էլ մարդիկ գնում են: Մենք պետք է ամեն մի գնացողի ոտքերն ընկնենք ու հետ պահենք, մնալու համար նախապայմաններ ստեղծենք: Թե չէ սոսկ վիճակագրական տվյալներ ենք արձանագրում. այսքանը՝ գնացին, այսքանը՝ եկան: Փա՛ռք այն մարդուն, որը դժվարությամբ, լուսավոր օրերի հավատով դիմանում է, ապրում այստեղ ու չի դավաճանում ինքն իրեն: Թե չէ այսօր իրենք իրենց դավաճանողները, ժամը մեկ կուսակցություն ու տեսակետ փոխողները շատացել են: Ես անկեղծորեն կարեկցում եմ մեր ղեկավարներին, ովքեր շրջապատված են այնպիսի մարդկանցով, որոնք երեկ մի բան էին ասում, այսօր՝ այլ բան: Մեր ազգը գենետիկ դյուրահավատություն ունի: Երբ մենք դեռ երեք միլիոն էինք, անգլիացիք ասում էին, թե Հայաստանում ամեն օր արթնանում է երեք միլիոն թագավորացու: Դրանով մեզ իրենց էին նմանեցնում: Բայց նրանք, ի տարբերություն մեզ, ատամները սեղմած՝ գիտեն իրենց պահին սպասել: Իսկ մենք չենք ուզում ընդունել, որ այս կամ այն բանը չգիտենք, այս կամ այն բանին ընդունակ չենք: Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի: Ես իմ գործի վարպետն եմ, բայց այնքա՜ն բան չգիտեմ: Օրինակ՝ նավ վարել չգիտեմ: Ինձ նավ վստահեն, կտանեմ կխորտակեմ, բոլորին կկործանեմ, ուրեմն պիտի հրաժարվեմ նավ վարելուց: Մեզ մոտ այլ կերպ է: Տատիկս մի խոսք ուներ: Ասում էր, եթե մի որբ երեխա հանեք դուրս, ոչ մեկը տեր չի կանգնի, որովհետև որբին պետք է կերակրել, խնամել, հագցնել: Իսկ փորձեք մի հորթ հանել, տեսեք՝ քանի՜ տեր կհայտնվի: Հիմա հորթը մեր ներկայիս իշխանական աթոռներն են: Մի ձեզ հաշիվ տվեք՝ կարո՞ղ եք նստել այդ աթոռին: Մարդը գործից անտեղյակ է, բայց որովհետև «լավ տղա» է, մերոնցից է, յուրային է, պիտի պաշտոնը նրան տալ: Ի՞նչ մերոնք-ձերոնք: Մի բուռ ենք մնացել, դեռ մերոնք-ձերո՞նք ենք խաղում: Այստեղից էլ ծայր են առնում բոլոր դժբախտությունները: Թող չթվա, թե իմ նպատակը միայն մեզ փնովելն է: Հին հռոմեացիները մի արտահայտություն ունեին. «Գովե՛ք, թող փչանա»: Սա շատ խորիմաստ բան է: Գովքից երես առած մարդը, փուչ գովքով սնված պետությունը կանգ են առնում, այլևս չեն գնում դեպի զարգացում: Բոլոր կրոնների բարոյակրթիչ գաղափարախոսությունն այն է, որ մարդը կատարյալ չէ ու պիտի ձգտի կատարելության: Շանթն ասում էր. «Երբ որ տաճարս կառուցված լինի, արդեն ավերված է»: Կառուցելու ընթացքն է հետաքրքիր: Լևոն-Զավեն Սյուրմելյանն էլ ասում էր, թե ծառ տնկելու, հող փորելու մեջ է հաճույքը, ոչ թե միայն պտուղները քաղելու: Մի կողմում տեսնում ենք ինչ-որ հայի շքեղ հյուրանոցը, մյուս կողմում մեկ այլ հայ աղբամանում հաց է փնտրում: Սա նորմա՞լ երևույթ է: Այս հանցագործությունն ի՞նչ հոդվածով պիտի դատենք: Մենք անմիտ ժողովուրդ չենք, խելքի կգանք: Իսկ Արևմուտքին սպառնացող ճգնաժամը, որը, իհարկե, չի շրջանցի Հայաստանը, անպայման կհաղթահարվի:
«ՄԵԶԱՆՈՒՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՅՐԻՆԵՐԻ ԽԱՎ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ»
-ՀՀ կառավարությունում կանանց վերապահվող դերակատարության աճի միտում է զգացվում կարծեք: Որպես հայ կին՝ այս փաստից ոգևորվո՞ւմ եք:
-Գործ կա, որ պետք է տղամարդն անի: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի այդքան կարևորել՝ կառույցի գլխին կի՞ն ղեկավար է կանգնած, թե՞ տղամարդ: Մեզ մոտ այս հարցը տրագիկոմիկական բնույթ է ձեռք բերում: Այսօր մեզանում պատվավոր այրիների խավ է ձևավորվել: Էս ե՞րբ այրի լինելը դարձավ հաստիք, պաշտոն: Անատոմիական դասագրքերում գրված է, որ մեր ուղեղը տղամարդկանց ուղեղից 120 գրամով պակաս է: Իհարկե, շատ կանայք իրենց թեթևաքաշ ուղեղով գուցե ավելին կարողանան անել, քան տղամարդիկ, բայց դարերի խտացումը, պատմությունը վկայում են, որ կանանց աթոռ չեն վստահել: Կանայք ավելի հախուռն տեսակ են, ավելի անհավասարակշիռ: Դա բնությունից է իրենց տրված, նրանք ֆիզիոլոգիապես այդպիսին են ստեղծված: Միևնույն կինը մենստրուալ մեկ ցիկլի ընթացքում կարող է և՛ վագր լինել, և՛ փիսիկ: Դա հորմոնալ ֆոնով պայմանավորված բան է: Կինը բնությանն ավելի մոտ էակ է: Ի վերջո, նա երեխա է ծնում: Եվ իր երեխային պաշտպանելու բնազդը նրա մեջ նաև ծնում է ագրեսիա, չարություն: Հույն բանաստեղծ Հիպոնաս Եփեսացին ասել է, թե կանայք երկու օր են միայն հաճելի տղամարդկանց համար՝ մեկ առաջին օրը, երբ մուտք են գործում տուն, մեկ էլ վերջին օրը, երբ դուրս են բերվում: Կանայք դժվար են կառավարվում, դժվար են խոնարհվում: Թող ինձ ներվի, բայց ես կին ղեկավարներին նախապատվություն տալու մեջ էլ եմ աշխարհը խառնելու միտում տեսնում: Եթե հազարամյակներով կանանց աթոռից հեռու են պահել, դրա մեջ ինչ-որ իմաստ կա: Վերջապես, եթե կինը պաշտոն է ստանում, ղեկավարում է, դրա հաշվին պակասում է երեխային հատկացվող ուշադրությունը: Այդ ամենը երեխայից է խլվում: Ի՞նչ ավելի կարևոր գործ պիտի կարողանա անել կինը՝ որևէ աթոռի նստած, որ երեխա խնամելուց, դաստիարակելուց, ապագա մարդ ձևավորելուց ավելի կարևոր լինի: Մի՞թե պետք է խրախուսել այն կնոջը, որը երեխային նետում է դայակի գիրկն ու վազում ինչ-որ պաշտոն վարելու: Այդ գնով ինչո՞ւ ենք կնոջը աթոռ վստահում: Business woman կոչվածը ինձ համար սարսափելի մի բան է: Հիմա էլ հատուկ նյութեր են տպագրում, թե ինչ պիտի անի business woman-ը, որ կարողանա պահել կանացիությունը: Ահա՜, ուրեմն կորցնում է: Է՜, ինչո՞ւ ես կորցնում, որ հատուկ խորհուրդներով էլ փորձես հետ բերել: Ինձ թվում է՝ սա թունավոր հաբ է, դիվերսիա՝ մարդկության դեմ:
-Այնուամենայնիվ, կյանքի բազմապլան դժվարություններն առավելապես կի՞նն է կրում իր ուսերին, թե՞ տղամարդը:
-Ընտանեկան կյանքում՝ առավելապես կնոջ ուսերին է: Բայց երկրի, հասարակության կյանքում առկա դժվարությունների մի զգալի մասը ևս կնոջն է բաժին ընկնում: Օրինակ, ես հիացած եմ հայ կանանցով: Ինձ համար հայ կնոջ չափանիշը մնում են այն կանայք, ովքեր նախընտրում էին Եփրատը նետվել, քան թե թուրքի կողմից պղծվելուց հետո ապրել: Իսկ այսօր հայ կանայք, փեշերը քշտած, վազում են Ստամբուլ՝ փող աշխատելու: Ես վստահ եմ, որ այժմ թրաֆիքինգ երևույթի զոհերը բոլորովին էլ պատահական զոհեր չեն: Նրանք շատ լավ էլ գիտակցում են, թե ուր և ինչի համար են գնում, բայց այլ ելք չունեն: Եվ վատը միայն դա չէ, այլև այն, որ մենք մեր կենցաղային մշակույթով այսօր շատ ենք զիջում թուրքերին: Ծանոթներիցս մեկը վերջերս Անթալիա էր գնացել: Պատմում է, որ փողոցում ընկած թղթի մի կտոր չես տեսնի, ընկածն էլ անմիջապես վերցնում են: Իսկ մենք լավ գիտենք մեր կեղտոտ Երևանը: Իհարկե, այսօրվա թուրքերն արտաքնապես բոլորովին նման չեն նախորդ դարի մեր իմացածներին: Լայն ճակատներով, բաց գույնի մաշկով, գեղեցիկ աչքերով այդ մարդիկ լավագույն ազգերի հետ թուրքերի ձուլման արդյունքն են, դարեր ի վեր վարած հետևողական քաղաքականության պտուղները: Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան ղարաբաղյան խնդրի քննարկումներում այդպես ջերմեռանդորեն Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում, հո պատահական չէ՞. կինը թուրք է: Մեր տատիկ-պապիկներն իմաստուն են: Տատս ասում էր. «Տղամարդը թագավոր էլ լինի, եթե կողքին կին չկա, դառնում է փերուշան»: Եթե կին չկա, ուրեմն գլխին տանիք էլ չկա, հանգստություն էլ չկա, խնամք էլ չկա: Իհարկե, խոսքը լավ կնոջ մասին է: Վատ կինը հակառակ արդյունքի է հասցնում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ