ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խաղացողների ախորժակը բոլորովին էլ չի նվազում

Խաղացողների ախորժակը բոլորովին էլ չի նվազում
26.05.2009 | 00:00

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ, ՔԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Թեկուզ և ռուս-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են գրեթե ատելության սահմանագծին, այնուհանդերձ, պարզ է, որ համաշխարհային ու ներկա գործընթացների զարգացման մեջ չեն դառնալու նոր «սառը պատերազմի» գլխավոր պատճառը։ Եվ, այնուհանդերձ, երկու լուրջ հակամարտությունների այս գոտին շարունակում է մնալ միջազգային հակադրության գլխավոր վեկտորը տարածաշրջանում։ Արևմուտքը շարունակում է պնդել, թե մտադիր չէ «Վրաստանը զոհաբերել ռուսական արջին», իսկ ռուսական «կայսերապետականները» պնդում են, որ կովկասյան լեռնային սահմանագիծը, նկատի ունենալով նաև Աբխազիան ու Օսիան, ռուսական ազդեցության բնական սահմանն է, եթե ոչ ավելին։ Այդքանով հանդերձ, բոլորը չեն հոգնում կրկնելուց, որ իրենց նպատակը «խաղաղ ու կայուն» Հարավային Կովկաս ստեղծելն է։
aՀետաքրքիր է այն հանգամանքը, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն այս փուլում բավական ալարկոտ են արձագանքում գնալով ահագնացող Մոսկվայի հարձակողական քաղաքականությանը։ Անպատասխան են մնում նույնիսկ լուրջ մարտահրավերները։ Ինչ արժե միայն այն հրապարակումը, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցն Աբխազիա տեղի կունենա Բարաք Օբամայի մոսկովյան այցի օրերին։ Չի բացառվում, սակայն, որ Արևմուտքը նախընտրում է ունենալ կանխատեսելի Ռուսաստան զինաթափման, էներգետիկ անվտանգության և «ընդհանուր հետաքրքրություններ» ներկայացնող այլ հարցերում, և, ըստ այդմ, արևմտյան ռազմավարները կնախընտրեն սահմանափակվել դիվանագիտությամբ ու խոստումներով։
Միաժամանակ ռուսները, թերևս, համարում են, որ սարսափ ներշնչելը միշտ էլ ավելի ձեռնտու է, քան սերը, և այս աքսիոմին էլ համապատասխան «հարձակում» են սկսել բոլոր ճակատներով։ Մայիս ամիսը «վճռական հարված» հասցնելու տեսանկյունից, փաստորեն, դարձավ որոշիչ և ինչ-որ առումով նույնիսկ ցուցադրական։ Փաստորեն, այդպես էլ չկայացավ Ժնևում ռուս-վրացական բանակցությունների վերջին ռաունդը, որը Մեդվեդև-Սարկոզի պայմանավորվածությունների կարևորագույն բաղադրիչն է։ Այս անգամ Աբխազիայի ներկայացուցիչները հրաժարվեցին դրանց մասնակցելուց այն պատճառով, որ Սուխումում ժամանակին չէր ստացվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը տարածաշրջանի մասին։ Ավելին, աբխազները հայտարարեցին, թե իրենց մասնակցությունը կախված կլինի նրանից, թե որքանով «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում արտահայտված կլինեն գոյություն ունեցող իրողությունները»։ Աբխազիայի օրինակին շուտով հետևեցին Հարավային Օսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները, ինչը Վաշինգտոնի կողմից գնահատվեց որպես «հանդիպումը տապալելու համակարգված ձգտում»։
Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Կովկասյան տարածաշրջանի իրավիճակին վերաբերող վերոնշյալ զեկույցը ներկայացվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, և հետաքրքիրն այն էր, որ փաստաթղթի վերնագրում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ բացակայում էր պնդումը, թե Աբխազիան ու Օսիան Վրաստանի մասն են։ Սակայն այս կապակցությամբ Մոսկվայի հիացմունքը երկար չտևեց։ Ռուսական ԱԳՆ-ի գնահատմամբ, այդ զեկույցը մի շարք ուղղություններով չի համապատասխանում Կրեմլի դիրքորոշմանը։ Ամենից ավելի վիճահարույց է համարվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկն անվտանգության գոտիների հետ կապված։ Պան Գի Մունը, փաստորեն, առաջարկում է վրաց-աբխազական ուժերի շփման գծում ստեղծել տասներկու կիլոմետրանոց բացարձակապես ապառազմականացված գոտի, ուր չպետք է գտնվեն ոչ մի տեսակի զինված ուժեր և տեխնիկա, բացի զինամթերք չունեցող ընդամենը տասը զրահամեքենաներից։ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն այս կապակցությամբ կարճ արտահայտվեց. «Այդպիսի 12-կիլոմետրանոց գոտու ստեղծման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»։
ԵԱՀԿ-ն իր հերթին ուղղակի «ճղվում» է Թբիլիսիի ու Մոսկվայի միջև։ ԵԱՀԿ ներկայիս առաքելության գործունեության ժամկետը Վրաստանում ավարտվում է հունիսի 30-ին, իսկ բանակցությունները` նրանց մանդատը երկարացնելու վերաբերյալ, ձգձգվում են։ Ռուսաստանը պնդում է, որ «առաջացել են նոր իրողություններ», և ըստ այդմ էլ մանդատը պետք է վերանայվի։ ԱՄՆ-ն իր հերթին պահանջում է ԵԱՀԿ ներկայացուցիչներին լիարժեք մուտքի հնարավորություն տալ աբխազական և հարավօսական տարածք, մինչդեռ ռուսական կողմի առաջարկած տարբերակում ԵԱՀԿ առաքելության բոլոր տեղաշարժերը «պետք է համաձայնեցված լինեն համապատասխան իշխանությունների հետ»։ Մոսկվան նաև առաջարկում է, որպեսզի ԵԱՀԿ դիտորդները Վրաստանի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներում ենթակայեցված չլինեն նույն կենտրոնին։ Այսինքն` հարավօսական և աբխազական տարածքներում գտնվող դիտորդներն ուղղակի ենթակայական կապ չունենան Թբիլիսիում գտնվող առաքելության հետ։
Եթե բանակցությունները չվերսկսվեն, ապա ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում մինչև հունիսի վերջը կդադարեցնի իր գործունեությունը։ Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ու Եվրամիության մոնիտորինգային կառույցները ևս կարող են թաղվել բանակցային գործընթացի ձգձգվելու արդյունքում։ Մոսկվայում, համապատասխանաբար նաև Սուխումում ու Ցխինվալում, սկզբունքորեն չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները։ «Մեզ այդ հանդիպումներն առանձնապես պետք էլ չեն, և այսպիսի մոտեցումների պայմաններում մենք կարող ենք վերանայել դրանց մասնակցելու հարցն ընդհանրապես»,- հայտարարեց Աբխազիայի նախագահը` աբխազական և հարավօսական տարածքներում Ռուսաստանի զինված ուժերի աննախադեպ քանակի տեղակայման խորապատկերի վրա։ Աբխազիայի ղեկավարին չեն վախեցնում նաև փորձագետների նախազգուշացումներն այն մասին, թե Ռուսաստանը կարող է Աբխազիան վերածել «բուֆերային գոտու»։ Բաղապշն արդեն նշել է մոտավոր ժամկետները, երբ Աբխազիայի տարածքում, համաձայն ստորագրված պայմանագրի, կտեղակայվի ռուսական ռազմաբազան, և դա տեղի կունենա 1-2 շաբաթվա ընթացքում, սահմանապահ ուժերի տեղակայումը Ինգուրի գետի հոսանքով արդեն սկսված է։ «Հողահատկացումներն արված են, տեղերը` որոշված, աշխատանքները` սկսված։ Մենք սպասում ենք վերջնական համաձայնեցման Ռուսաստանի պաշտպանության նախարարության և մեր պաշտպանական գերատեսչության միջև»։
Իր հերթին ռուսական «Վեդոմոստին», հղում անելով հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի շտաբի իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ռուսական ռազմաբազաները Հարավային Օսիայում և Աբխազիայում, որոնց վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մոտ ժամանակներս, իրենց տրամադրության տակ կունենան T-90 տանկեր և զենիթահրթիռային կայանքներ` հակաօդային պաշտպանության խնդիրները լուծելու համար։ Նույն աղբյուրի պնդմամբ, ներկայումս Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում արդեն ձևավորված են երկու ռուսական բազաներ` 7-րդը և 4-րդը, որոնցից առաջինը գտնվում է Աբխազիայում, երկրորդը` Հարավային Օսիայում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ յուրաքանչյուր բազայում կտեղակայվի 3700 զինվոր, իսկ աբխազական ծովափին` Օչամչիրում, արդեն իսկ ստեղծվում է ռուսական սևծովյան նավատորմի ոչ մեծ նավերի համար նախատեսված բազա, իսկ Գուդաուտայի հին ռուսական բազայի տարածքում գործելու է ռազմական օդանավակայան, ուր կտեղակայվեն մի քանի ժամանակակից կործանիչներ, ռմբակոծիչներ և մարտական ուղղաթիռներ։ ՈՒշագրավ է նաև այն, որ Հարավային Օսիան համաձայնել է ռուսական ռազմական օբյեկտներն իր տարածքում տեղակայել 99, իսկ Աբխազիան` 49 տարով։
Բացի վերոնշյալից, կողմերը բոլորովին վերջերս Կրեմլում ստորագրեցին պետական սահմանները համատեղ պահպանելու մասին համաձայնագիր։ Ապրիլի 30-ին այդ փաստաթղթիերևան գալուց անմիջապես հետո սահմանապահ ծառայություններն անցան գործի։ Ռուսաստանն արդեն իսկ Աբխազիա է ուղարկել սահմանապահների առաջին խումբը, ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղակայել 1341 մարդ, որոնք, զինվորականների համար նախատեսված սոցիալական արտոնություններից բացի, կազատվեն հարկերից և կունենան Աբխազիայի տարածքում անշարժ գույք ձեռք բերելու արտոնյալ իրավունք։ Մոսկվայի դիրքերի ամրապնդմանը նպաստեց նաև Սոչիում Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերգեյ Բաղապշի հետ։ Ռազմական հարցերից բացի, խոսք եղավ նաև «տնտեսական ինտեգրացիայի մասին», և որ Աբխազիայից շինանյութ կգնվի Սոչին օլիմպիադային նախապատրաստելու լայնածավալ կառուցապատումների համար։ Բացի այդ, Աբխազիան հնարավորություն կստանա իր տարածքում տեղավորելու 100 հազար բանվորի, որոնք ներգրավված են օլիմպիական օբյեկտների շինարարության մեջ։ Միաժամանակ ռուսական կողմն արդեն իսկ պատրաստվում է ռուսական կոմերցիոն ընկերությունների միջոցով կառավարման վերցնել աբխազական երկաթուղին և Սուխումի օդանավակայանը երկար ժամկետով։ Աբխազիայի նախագահը չթաքցրեց, որ հանրապետության անվտանգության խորհուրդը նախատեսում է փոփոխություններ անել անշարժ գույքի մասին օրենքում, և ռուսաստանցիներն Աբխազիայում բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (թեպետ այս պայմանավորվածություններն ու ռուսական ռազմական գերներկայությունն Աբխազիայի տարածքում միանշանակ չեն ընկալվում, ու այդ մասին են վկայում աբխազական քաղաքական գործիչների ու զինվորականների այն հայտարարությունները, թե իրենց պատասխանատվության ներքո որևէ բան այլևս չի մնում)։
Միաժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը թերևս առաջին անգամ բացահայտորեն հարցադրում ներկայացրեց Բելառուսին, թե ինչո՞ւ վերջինս չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշումը հնչեցրեց Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը Սուխում կատարած այցի ժամանակ։ «Ինձ թվում է, որ Բելառուսը շատ երկար է նախապատրաստվում այս հարցի շուրջ։ Նրանից է կախված նաև երկրորդ աշխարհաքաղաքական նշանակության հարցի լուծումը, թե Աբխազիան կմտնի՞ արդյոք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ»,- հայտարարեց Գրիզլովը` հիշեցնելով, թե Մինսկում խոստացել էին հարցը լուծել դեռևս ապրիլին։ Մինչդեռ այս ամսվա սկզբին Բելառուսի նախագահը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել էր, որ երկրի խորհրդարանում Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ ճանաչելու հետ կապված միասնական դիրքորոշում գոյություն չունի։ Միաժամանակ պարզ էր, որ այս գործընթացը չի բարելավելու Ռուսաստանի շուրջ միջազգային իրադրությունը, ինչը նշանակում է, որ Կրեմլը դրան չի էլ ձգտում։ Ներկայիս անկայուն հավասարակշռության վիճակում Մոսկվայի համար ավելի կարևոր է իր ազդեցության գոտին հստակ «գծելը», այնուհետև այն ընդլայնել գուցե բոլոր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ընդգրկման միջոցով։ Խաղը շարունակվում է, և խաղացողների ախորժակն ընթացքում բոլորովին էլ չի նվազում, և իրավիճակը զարգանում է Ռոնալդ Ռեյգանի հայտնի բնորոշման համաձայն. «Աշխարհում կան բաներ, որ ավելի կարևոր են, քան խաղաղությունը»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ