ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒմ կուսակցությունն է տեղավորվում մի ավտոբուսի կամ էլ «մարշրուտնու» մեջ

ՈՒմ կուսակցությունն է տեղավորվում մի ավտոբուսի կամ էլ «մարշրուտնու» մեջ
07.11.2008 | 00:00

ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Վերահսկիչ պալատի նախագահի վերջին ասուլիսը, այդ ընթացքում հնչեցված հին դիրքորոշումները և նոր բացահայտումները կրկին ցնցեցին և դեռ շարունակելու են փոթորկել Հայաստանի իշխանական-կոալիցիոն դաշտը։ Իշխան Զաքարյանը ոչ միայն չհրաժարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանու ներքո գտնվող քաղաքաշինության նախարարության վերաբերյալ նախկին բացահայտումներից, ոչ միայն բավական քաղաքավարի և արդյունավետ «տեղը նստեցրեց» նույնպես նախկին բացահայտումներից մտահոգ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, այլև նոր բացահայտումներ արեց՝ ուղղված քաղաքական կոալիցիայի մյուս երկու կուսակցություններին։
Ըստ վերահսկիչ պալատի նախագահի հայտարարության, անցած մի քանի տարիներին պետությունը ոչ ավել-ոչ պակաս 1 միլիարդ 400 միլիոն դրամ է հատկացրել երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար մեկսենյականոց բնակարաններ ձեռքբերելու համար, երբ վերջիններս, ավարտելով մանկատունը, ոտք են դնում ինքնուրույն կյանք։ Իշխան Զաքարյանի պնդմամբ, վերոհիշյալ բնակարանների ձեռքբերման գործընթացն իրականացվել է, մեղմ ասած, լուրջ թերություններով ու խախտումներով։ Վերահսկիչ պալատի ձևավորած համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, ձեռք բերված բնակարանները ոչ միայն անթերի չեն, այլև հաճախ ոչ բնակելի են։ Դրա պատճառը ջեռուցման համակարգերի բացակայությունն է, հաճախ՝ մանրահատակ չլինելը, իսկ առանձին «բնակարաններ» էլ, Իշխան Զաքարյանի պնդմամբ, գտնվում են, այսպես կոչված, տեխնիկական տարածքներում, որտեղով անցնում են շենքերի ջրի և կոյուղու գծերը։ Գործընթացը վերահսկիչ պալատի նախագահը բնորոշեց իբրև խայտառակություն, պետական միջոցների բացահայտ չարաշահում և հայտարարեց, որ փաստերը ներկայացվելու են դատախազությանը։ Հիշյալ գործընթացն իրականացվել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության գործառույթների շրջանակներում, իսկ այդ պորտֆելը, ըստ կոալիցիոն հուշագրի, պատկանում է ՀՅԴ-ին։ Համաձայնենք՝ բավական կոշտ հարված է հասցված իշխանության մաս կազմող և ազգային արմատական գաղափարներ դավանող կուսակցության հեղինակությանը։
Ինչպես պարզվեց, վերահսկիչ պալատի ուշադրությունից դուրս չի մնացել նաև տրանսպորտի նախարարությունը։ Մասնավորապես, տրանսպորտի նախարարությանը հանձնարարված է եղել Հրազդան գետի առափնյա հատվածներում հեղեղումները կանխելու համար նախատեսված պատնեշների կառուցումը։ Դրանք կառուցվել են և, ըստ նախագծի, նախատեսված են եղել առնվազն 15 տարվա համար։ Բայց երբ դրանից հետո գետի հունը մաքրելու աշխատանքներ են իրականացվել, 15 տարվա համար նախատեսված պատնեշները փլվել են մեկ օրում։ Իսկ տրանսպորտի նախարարի պորտֆելը, ըստ կոալիցիոն հուշագրի, պատկանում է ՕԵԿ-ին։ Այսինքն՝ ևս մի հարված մեկ այլ իշխանական կուսակցության հեղինակությանը։
Անցած ժամանակահատվածը հուշում է նաև, որ վերահսկիչ պալատը և հատկապես նրա նախագահը գործում են բացառապես հանրապետության նախագահի աշխատակազմի ազդեցության ծիրում. եթե Իշխան Զաքարյանը չի խնայում անգամ «հարազատ» ԲՀԿ-ին, դժվար է այլ եզրակացության հանգել։ ՈՒստի հասկանալի է, որ մյուս կոալիցիոն կուսակցությունների ուղղությամբ բոլորովին էլ ոչ երկրորդական նշանակության հարվածները նույնպես չէին կարող լինել առանց նախագահի գիտության։ «Չար լեզուները» պնդում են, որ Իշխան Զաքարյանի ասուլիսից հետո անդրաշխարհային շփման ընդունակություն ունեցող որոշ կոալիցիոն պատգամավորներ խորհրդարանի միջանցքներում կրկին ուրվական են տեսել ու երբ հարցրել են, թե արդյոք նա կոմունիզմի՞ ուրվականն է, վերջինս պատասխանել է, որ ինքն ԱԺ-ի լուծարման ուրվականն է։ Այլ կերպ ասած, խորհրդարանի խոսնակի փոփոխությամբ սկսված գործընթացը կարծես իր տրամաբանական զարգացման մեջ է, այլ բան է, թե երբ կհասնի ավարտին։ Բայց որ գործող նախագահի համար իր նախորդի «բարձր հովանավորությամբ» ձևավորված կոալիցիան այլևս սպառել է իրեն, կարծես կասկածից դուրս է։
Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այդ համատեքստում։ Կարող է լինել կոալիցիայի, բայց ոչ խորհրդարանի լուծարում։ Սկզբունքորեն այս տարբերակը չի կարելի բացառել, որովհետև ՀՀԿ-ն խորհրդարանում ունի պարզ մեծամասնություն և սկզբունքորեն հարկադրված չէ համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ։ Այսինքն, ինչ-որ պահի ՀՀԿ-ի ղեկավարը, որ գործող նախագահն է, միանգամայն հանգիստ կարող է որոշում ընդունել, որ կոալիցիոն գործընկերները լավ չեն աշխատում։ Հետևապես, իր կուսակցությունը, որպես իրական խորհրդարանական մեծամասնություն, իր վրա է վերցնում պատասխանատվությունը, լուծարում կոալիցիան, կառավարությունում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի պորտֆելներն էլ տնօրինում ըստ իր հայեցողության։ Այս տարբերակի դեպքում ՀՀԿ-ն դառնում է միակ իշխանական կուսակցություն, ձևավորվում է, ասենք, զուտ պրոֆեսիոնալ կամ տեխնոկրատների կառավարություն նույն Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, իսկ մյուս խորհրդարանական ուժերը հայտնվում են, փաստացի, ընդդիմության մեջ։ Սա հնարավոր, բայց քիչ հնարավոր տարբերակ է այն առումով, որ ավելի «կնեղացնի» ՀՀԿ-ի դրությունը։ Կոալիցիոն նախկին գործընկերները, միանալով արմատական ընդդիմությանը, ջանք չեն խնայի ՝հանրապետականներին և նրանց ձևավորած կառավարությանը սևացնելու համար։ Միաժամանակ այդ իրավիճակը փոփոխություն չի մտցնի հասարակական ուժերի իրական հարաբերակցության մեջ և ոչնչով չի նպաստի արմատական ընդդիմության հետ իշխանության երկխոսությանը, քանզի նախագահական ընտրություններում ծանրակշիռ քվե ստացած ընդդիմության պահանջը ոչ թե կառավարող կոալիցիայի, այլ, առնվազն, Ազգային ժողովի լուծարումն է և արտահերթ ընտրությունների նշանակումը։ Ի դեպ, միայն այդ պարագայում արմատական ընդդիմության՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջը գործնականում կարող է մղվել երկրորդ պլան։
Եվ հենց դրանից ելնելով էլ ավելի հավանական է, որ, այնուհանդերձ, նախապատրաստվում է խորհրդարանի լուծարման գործընթաց, քանզի իշխանությունն այս փուլում իրապես կարիք ունի մի կողմից արմատական ընդդիմության հետ լարվածության լիցքաթափման, իսկ մյուս կողմից` արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մարտի 1-ի դեպքերի հետևանքների վերացման։ Թեպետ չի բացառվում, որ հետագա զարգացումներում ականատես լինենք առաջին և երկրորդ տարբերակների սինթեզին։ Այսինքն, առաջին հերթին տեղի ունենա կառավարող կոալիցիայի փլուզում, որի հետևանքով ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն ուղղակիորեն զրկվեն կառավարման համակարգում ունեցած լծակներից։ Երբ այդ զրկման գործընթացն արդեն միակ իշխանական կուսակցություն դարձած ՀՀԿ-ի աչալուրջ հսկողության ներքո ավարտված լինի, այն ժամանակ էլ տեղի կունենա խորհրդարանի լուծարում՝ ցանկացած ֆորմալ, նույնիսկ մտացածին պատճառաբանությամբ։ Սակայն նոր արտահերթ ընտրություններին բոլոր մնացած կուսակցությունները (բացի, բնականաբար, ՀՀԿ-ից) հարկադրված կլինեն մասնակցել առանց վարչական ռեսուրսի օգտագործման։ Այդ ժամանակ էլ կերևա, թե ով ինչպիսի իրական ներուժ ունի, ով է ընդունակ իր հետևից տանելու ժողովրդական լայն զանգվածները, իսկ ում կուսակցությունն է տեղավորվում մի ավտոբուսի կամ էլ «մարշրուտնու» մեջ։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4439

Մեկնաբանություններ