ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՂԸ «ԲՈՒԺՎԱԾ» ՀՈԳԵԲԱՆՆ Է ԿԱՄ ՀՈԳԵԲՈՒՅԺԸ»

«ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՂԸ «ԲՈՒԺՎԱԾ» ՀՈԳԵԲԱՆՆ Է ԿԱՄ ՀՈԳԵԲՈՒՅԺԸ»
10.11.2009 | 00:00

Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական ասոցիացիան ստեղծվել է 1994-ի հոկտեմբերին` միավորելով հոգեբանների ու հոգեբույժների, որոնք հոգեբանության և հոգեթերապիայի ասպարեզում կարևորում են հոգեվերլուծության դերը` իբրև անձի ինքնաճանաչման և ինքնազարգացման լավագույն միջոց: Այս տարի լրանում է ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակը:
Հոգեվերլուծության հիմնադիրը Զիգմունդ Ֆրոյդն է: Իր գործունեության ընթացքում նա հրաժարվել է հիպնոսից, առաջ է քաշել հոգեվերլուծական տեխնիկաներ, որոնցից են ազատ ասոցիացիաների սկզբունքը, երազների վերլուծությունը և այլն: Ֆրոյդն առավել կարևորում է մարդու ենթագիտակցությունը, ուր և թաքնված են անձի հիմնախնդիրները և երկար տարիներ, ընդհուպ մինչև կյանքի վերջը, չարտահայտվելով գիտակցության մեջ, այնուամենայնիվ, ուղղորդում են մարդու վարքագիծը: Հաճախ ունենալով խորքային չգիտակցված խնդիրներ` մարդիկ կատարում են արարքներ, որոնք առաջին հայացքից անհեթեթ են թվում: Նման ձևով են գոյանում նևրոզները: Ըստ Ֆրոյդի` դրանք առաջանում են մինչև հինգ տարեկանը, ընտանիքում երեխայի ու ծնողների ոչ ներդաշնակ հարաբերությունների արդյունքում: Հոգեվերլուծությունը ուսումնասիրում է նևրոզների առաջացումը, անձի զարգացումը և առաջարկում մեխանիզմներ, որոնք նույնիսկ մեծահասակներին օգնում են վերականգնելու փոքր տարիքում ձեռք բերած խնդիրների պատճառները, ազատվելու տրավմաներից և ապրելու ավելի ներդաշնակ կյանքով` հուզականությունը դնելով գիտակցության ենթակայության տակ:
Հոգեվերլուծողները, լինելով Ֆրոյդի հետևորդներ, օգտագործում են նրա սկզբունքներն ու այն փորձը, որ կուտակվել է հետֆրոյդյան շրջանում` կիրառելով նոր, ավելի արդյունավետ տեխնիկաներ:
«Հոգեվերլուծողը այն հոգեբանն է կամ հոգեբույժը, որը, բացի բուհում ստացած դասական կրթությունից, անցել է անձնական հոգեվերլուծություն մեկ ուրիշ մասնագետի մոտ, ով նույնպես արել է իր անձնական վերլուծությունը (շղթան շարունակվում է մինչև Զիգմունդ Ֆրոյդ),- պարզաբանում է հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ:- Հոգեվերլուծողը «բուժված» հոգեբանն է կամ հոգեբույժը: Հետագայում նրանք շարունակում են աշխատել սեփական անձի վրա նաև սուպերվիզիաների միջոցով (առավել փորձառու մասնագետը վերահսկում է նրանց աշխատանքի որակը):
Նևրոզն ինտելեկտուալ խանգարում չէ, այլ հուզական։ Նևրոզով տառապող մարդը կարող է շատ ավելի խելացի լինել, քան բուժող բժիշկը, ուստի խորհուրդներ տալով հնարավոր չէ նրան օգնել, պետք է ձգտել լինել լավ «հայելի», որ այցելուն հնարավորինս տեսնի նրանում իր հոգեբանական պատկերը: Եթե մասնագետն ունի հուզական խնդիրներ` նա այցելուի համար «ծուռ հայելի է», ինչը շատ ավելի վատ է, քան նման մասնագետին առհասարակ չդիմելը»:
Օրերս ասոցիացիայի հյուրն էր արգենտինահայ հոգեբույժ-հոգեվերլուծող, Լատինական Ամերիկայի հոգեվերլուծական ասոցիացիաների նախագահ ԱՍԲԵԴ ԱՐՅԱՆԸ, որը 2003-ից Հայաստանում պարբերաբար անցկացնում է սուպերվիզիաներ: Ծնվել է Եգիպտոսում: Ծնողները եղեռնից փրկված որբեր են եղել: Պատմում է, որ հայերի համար դժվար էր ապրել արաբների մեջ, քանի որ Եգիպտոսում շատ էին ազգայնամոլները, հիսունհազարանոց հայկական համայնքից հիմա մնացել է երկու-երեք հազարը: Տասնչորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Արգենտինա: Պատմում է, որ հոգեվերլուծությունը շատ է օգնել իրեն, և ինքը միշտ երազել է հայրենիքին փոխանցել իր ձեռքբերումների գոնե մի չնչին մասը: Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, շուտով լույս կտեսնի նրա «Դեռահասների կլինիկան» աշխատությունը: Հատվածաբար գիրքն արդեն թարգմանվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: «Այստեղ մի դժվարություն կա` ժողովրդի մտածելակերպը,- ասում է Ասբեդ Արյանը։- Շատերի կարծիքով` հոգեթերապիան խենթերի, ծանր հիվանդների համար է: Օգտակար այդ մեթոդից մարդիկ խուսափում ու վախենում են: Հակառակը համոզելու համար համբերություն ու ժամանակ է պետք»: Հայ հոգեվերլուծողների մասին նրա կարծիքը բավականին դրական է։
Ասոցիացիայի նախագահ Արա Չալիկյանը նշեց, որ արտերկրներում ապրող հայ մասնագետները հաճախ չեն կարողանում այցելել Հայաստան, ուստի նպատակ կա սուպերվիզիաներ կազմակերպել և հաղորդակցվել նաև ինտերնետային կապի միջոցով: Նշեց նաև, որ հոգեբանության նկատմամբ մեծացել է ուշադրությունը, բուհերում մեծ թվով հոգեբաններ են պատրաստում, սկսել են ուշադրություն դարձնել նաև գործնական աշխատանքներին: Ներկայումս ասոցիացիան կազմակերպում է մասնագիտական ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, ինքնաճանաչմանն ուղղված հոգեբանական թրեյնինգներ և սեմինարներ բոլոր հոգեբանների համար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6260

Մեկնաբանություններ