ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ
27.10.2009 | 00:00

Օրը սովորական էր, Հայաստանի պատմության մեջ մտնել խոստանում էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությամբ, եկեղեցական ու աշխարհիկ պատվիրակները հավաքվել էին ժողովի: Թեկնածուները երկուսն էին` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը: Վերջինիս շանսերն ավելի էին. բոլորը հիշում էին, որ նախորդ ընտրություններում նա հանեց թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, որը դարձավ Ամենայն հայոց Գարեգին Ա վեհափառ: Հիշում էին, որ չարդարացան կաթողիկոսական երկու տների միավորման սպասելիքները, Անթիլիասն ընտրեց իր կաթողիկոսին, իսկ Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսը չհասցրեց նախընտրական ծրագրերը կյանքի կոչել, հիվանդացավ ու վախճանվեց:
Ամբողջ քաղաքը ցավով ու ափսոսանքով խոսում էր նախորդ օրը Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացած Սպիտակի քաղաքապետի մասին, հիշում էին հոկտեմբերի սկզբին Վահան Զատիկյանի մահվան մասին` ինֆարկտից:
Խոսակցության թեմաներից էր կիրակի օրվա վարչապետի հեռուստաելույթը` կոռուպցիայի մասին. ոմանք կարծում էին, որ, ինչպես միշտ, մի քանի մանր չինովնիկների «կբացահայտեն» խոշոր կաշառակերության մեջ, ոմանք կարծում էին, որ Վազգենն ասաց` կանի:
Ամենամեծ սպասելիքները կապված էին բյուջեի հետ. ասում էին` աննախադեպ ծրագրեր ու թվեր են: Բյուջեի նախագծի հետ շրջանառվում էին 2000-ի հունվարից կառավարության նոր կառուցվածքի ու կազմի խոսակցությունները` գուշակությունների մակարդակով:
Ընդհանրապես, ամենամեծ սպասումը հենց 2000 թվականն էր` ոչ միայն տարի ու դար, հազարամյակ էր փոխվում` միլենիում: Միլենիումն այնքան էր մխրճվել մարդկանց լավագույն սպասումների ու գիտակցության մեջ, որ ծնված աղջիկների մեծ մասին անվանում էին Միլենա:
Ավարտվում էր հոկտեմբերը, մարդիկ ձմռան նախապատրաստությունների մեջ էին: Արտառոց ոչինչ, կարծես, չկար:
Խորհրդարանում հարց ու պատասխանի օրն էր: Պայմանավորվել էին հարցեր չտալ ու գնալ Սպիտակ` հոգեհանգստի, քաղաքապետը շատերի ընկերն էր: Խախտեց Մանվել Բադեյանը, մյուսներն էլ որոշեցին աչքի ընկնել: Նիստը վարում էր փոխնախագահ Յուրի Բախշյանը, փոխնախագահ Ռուբեն Միրոյանը դահլիճում չէր, նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն ինչ-որ բան էին պայմանավորվում, Վազգենը գլխով համաձայնությունն էր հաստատում, ամբիոնի մոտ ֆինանսների նախարարն էր...
Կրակոցների ու հայհոյանքների իրարահաջորդումի մեջ ոչ ոք ոչինչ չհասկացավ` ո՛չ դահլիճում, ո՛չ դրսում. ռադիոլսողներին թվաց, թե ինչ-որ գիծ է խառնվել ռեպորտաժին: Բայց ինչո՞ւ էին այդ գծում կրակում ու հայհոյում:
Երբ ժամը 18-ի կողմերը կաթողիկոսի ընտրության արդյունքները հայտնի դարձան, ու Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարվեց Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս, նրան փոխանցվեց դեղին թղթի կտոր, ու նա... լաց եղավ: Մայր տաճարում նրա արտաբերած բառերն էին` Ազգային ժողով ներխուժել են զինված անձինք ու կրակ են բացել, վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը վիրավոր են, կան զոհեր:
Այդպես մեր կյանք մտավ «27»-ի ոճրագործությունը:
Անցած 10 տարիները ոչինչ կամ համարյա ոչինչ չավելացրին այդ ու հաջորդ օրվա իրադարձությունների մասին հայտնի դարձածին:
1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության գնահատականը մնաց պատմությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ