ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օդի... պահածո

Օդի... պահածո
26.09.2008 | 00:00

ԽՆԴԱ՞Ս, ԹԵ՞ ԼԱՍ
Ախր, շա՜տ հնարամիտ ազգ ենք: Օրերս շրջում էի «Վերնիսաժում», որտեղ, ինչպես հայտնի է, վաճառվում է գրեթե ամեն ինչ: Այդ ամեն ինչի մեջ ուշադրությունս գրավեց մի տակառիկ, որի վրա դրված էին ձկան պահածոյի տուփի նման ինչ-որ տարաներ: Պարզվեց, որ 1000 դրամով վաճառում են… ոչինչ: Ավելի ճիշտ` պահածոյացված ոչինչ: Տուփերի վրա երեք լեզվով` հայերեն, անգլերեն և ռուսերեն, գրված էր. «Օդ Հայաստանի»:
Երբ 15-16 տարեկան պատանի վաճառողին հարցրի՝ սա ի՞նչ է, ժպտալով պատասխանեց. «Սյուվենիր ա, տանում եք արտասահման, ընդեղի հայերը շնչում են»: Տուփի վրա գրված էր բաղադրությունը. «Երևանի օդ` 20%, լեռնային օդ` 25%, Սևանա լճի գոլորշի` 10%, հյուրընկալության ոգի (ցնցո՜ղ է- Ա. Թ.)` 35%, լավաշի հոտ` 5%, հարևանի խորովածի հոտ` 5%»:
Հետաքրքրվեցի, թե հնարամտության այս գլուխգործոցն ինչպե՞ս են փակում։ «Պրոստը զակատ են անում, էլի»,- հետևեց անվրդով պատասխանը։ Այսինքն՝ հերթական անգամ խաբում են մեր սփյուռքահայ եղբայրներին (իսկ որ այս «օդը» նախատեսված է հենց նրանց համար, ակնհայտ է) և 1000 դրամով վաճառում են... դատարկ պահածոյատուփ (կներեք, դատարկ չէ, նրա մեջ «օ՜դն է Հայաստանի»), և ոչ մի «լավաշ ու խորոված» էլ չկա:
Շարունակելով ուսումնասիրել տուփը՝ հայտնաբերեցի ևս մի քանի զվարճալի գրառում. «Քաշը` մեկ խորը շունչ: Կիրառել`
1. կանոնավոր կերպով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում:
2. Կարոտախտի ախտորոշման դեպքում:
Պահել բոլորի համար հասանելի տեղում: Հակացուցումներ չկան: Կողմնակի ազդեցություն` նորից և նորից գնելու ցանկություն»:
Ահա այսպես:
Թեև, ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ ինչ-ինչ, սակայն հումորի զգացում «պահածոյի» հեղինակները հաստատ ունեն։ Ինչևէ: Մի պտույտ էլ կատարեցի «Վերնիսաժով» և երբ կրկին անցնում էի այդ տակառիկի կողքով, որոշեցի լուսանկարել այն` նյութի հետ տպագրելու համար: Հետևիցս լսեցի նույն տղեկի ձայնը. «Նկարել չի՛ կարելի. փողո՛վ ա»: Ախր, շա՜տ հնարամիտ ազգ ենք, է՜:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ