ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ՀԱՂԹԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ՀԱՂԹԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
29.06.2010 | 00:00

«Գրական միջավայրում որպես կանոն անուններն են մրցանակ ստանում, այս անգամ ամեն ինչ արեցինք, որ հաղթի գրականությունը»։
Արդեն երրորդ տարին է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության (նախագահ` Արա Աբրահամյան) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Հայաստանի գրողների միությունը և սփյուռքի նախարարությունն անցկացնում են «Հայը 21-րդ դարասկզբին» խորագրով գրական մրցանակաբաշխությունը` արձակի ժանրում:
Այս տարի ներկայացվել էր 20 աշխատանք` վեպ, վիպակ, պատմվածաշար անվանակարգերում: Մրցանակը շնորհվում է անտիպ գործերին, հաղթող ստեղծագործությունները տպագրվում են կազմակերպիչների կողմից: Մրցանակային ֆոնդը ՌՀՄ-ն սահմանել է 16000 դոլարին համարժեք դրամ:
Մրցանակները կհանձնվեն Ծաղկաձորում հուլիսի 1-ին նախատեսված գրողների համահայկական համաժողովում: Մինչ այդ գրողների միությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացվեցին մրցանակաբաշխության արդյունքները:
«Նման մրցույթները հաստատում են, որ, ի վերջո, Հայաստանում կարող է և պետք է առաջնային դառնա հոգևոր, մշակութային իշխանությունը, ինչով էլ դարեր ի վեր ներկայանում ենք աշխարհին, մեր ժողովրդի կերպարը ճանաչելի դարձնում ըստ արժանվույն»,- բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և ընդգծեց, որ ընտրությունն անցել է անաչառ, բացառիկ ակտիվության պայմաններում։ Եղել է ոչ թե անունների (մանավանդ որ ծածկանուններով են ներկայացված հեղինակները), այլ արժեքների ընտրություն: Երբ ծրարները բացվեցին, պարզվեց, որ մրցանակակիրների հիմնական մասը մեր լավագույն արձակագիրներն են: Կասկած չկա, որ կլինեն խոսակցություններ, քանի որ մյուսները մտածում են, որ իրենք էլ են արժեքավոր գործեր ստեղծել:
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն ընդգծեց, որ տարեցտարի ընդլայնվել են մրցանակաբաշխության շրջանակները, մրցույթներ են անցկացվել գիտության, կերպարվեստի, երաժշտության և այլ բնագավառներում, իսկ տարբեր ստեղծագործական միությունների հետ անցկացվող այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին:
ՀԳՄ աշխատանքային հանձնաժողովը կազմված է տարբեր սերունդների ներկայացուցիչներից` երեք արձակագիր (Վարուժան Այվազյան, Գրիգոր Ջանիկյան, Գուրգեն Խանջյան) և երեք գրականագետ (Սուրեն Աբրահամյան, Արքմենիկ Նիկողոսյան, Աելիտա Դոլուխանյան): Հանձնաժողովի նախագահ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր խոսքն սկսեց պատմական ակնարկով և ասաց, որ եթե 5-րդ դարում Սահակ Բագրատունին չհովանավորեր Մովսես Խորենացուն, մենք այսօր աշխարհում հայտնի չէինք լինի «Հայոց պատմությամբ» (աշխարհի հանրագիտարաններում հիմնականում ներկայացված ենք նրա անունով): Իսկ հանձնաժողովի անդամներին նա խնդրել է լինել ուշադիր և օբյեկտիվ, որովհետև սխալվելու իրավունք չունեն: Ընտրվողների մեջ երկուսը կին են, ինչն ուրախացնում է Աելիտա Դոլուխանյանին. նա վստահեցնում է, որ շահած գործերը մրցունակ են համաշխարհային գրականության հատկապես այն տեսակի հետ, որ կոչվում է բեսթսելլեր:
«Վեպ» անվանակարգում մրցանակ են ստացել Անահիտ Թոփչյանի «Անհետացում» և Հովհաննես Երանյանի «Ամենագեղեցիկ հարված» գործերը: «Վիպակ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սուսաննա Հարությունյանը («Քարտեզ առանց ցամաքի և ջրի»), լավագույն պատմվածքների համար` Սամվել Կոսյանը: Խրախուսական մրցանակը տրվել է Նորայր Ադալյանի «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպին: «Նորայր Ադալյանի վեպն անցած ճանապարհի հանրագումարն էր, եթե չասենք` գլուխգործոցը,- ասաց գրականագետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով վեպի ժանրին,- Հովհաննես Երանյանի վեպը օրագրային է, անկեղծ ու ապրված: Հետաքրքիր է նաև Անահիտ Թոփչյանի վեպը. մեր գրականության մեջ կնոջ այդ տիպը պակասում էր, ինչը և ներմուծվեց նրա շնորհիվ»: Գրականագետը նշեց նաև, որ վեպի անվանակարգում ներկայացված մյուս գործերը միավոր չեն հավաքել: Մրցույթի դափնեկիրները շնորհակալության խոսքեր հղեցին: Արձակագիր Սուսաննա Հարությունյանն առաջ քաշեց թարգմանության խնդիրը: Այս մրցույթն աննախադեպ էր իր տեսակի մեջ, համոզված է Հովհաննես Երանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին արդարության սկզբունքը պահպանելու համար: «Ես դա չեմ ասում այն բանի համար, որ ինքս էլ մրցանակի եմ արժանացել, վերջին քսան տարում նախագահի, պետական մրցանակների ժամանակ ում անունը նախապես առանձնացվել է, նա էլ ստացել է մրցանակը»,- ասաց նա` շնորհակալություն հայտնելով նաև մրցույթի կազմակերպիչներին։- Մեր կյանքն այսօր ամեն ինչ անում է, որ չգրես, արվեստից, գրականությունից հեռանաս, ամեն քայլի քեզ կարող են ասել` հեռացիր էս երկրից: Հոդված, ռեպորտաժ, սցենար, այս ամենի մեջ, որ համբավ է բերում և կարողանում ես ընտանիք պահել, անկեղծորեն ասում եմ, եթե չլիներ մրցանակաբաշխությունը, վեպը դեռ վերջացրած չէի լինի»: Իսկ մրցանակային գումարի չափը նույնպես աննախադեպ է, այդ առումով զիջում են և՛ պետական, և՛ նախագահի մրցանակները: Իսկ երբ խոսքը մեծ գումարների մասին է, տարաձայնություններն ու կեղծիքները, թվում է, պիտի որ չբացառվեն:
Մրցույթից առաջ և հետո անպակաս են տարաբնույթ խոսակցությունները: Սուսաննա Հարությունյանի կարծիքով` այդ խոսակցությունները կարող ես հերքել ու հաստատել, երբ կարդաս գործերը: «Հիմա, բացի իմ գործից, ոչ մեկի գործին ծանոթ չեմ, որ կարծիք ասեմ` թեկուզ նախկին վաստակը հաշվի առնելով, -ասաց նա,- դժվար է օդի մեջ խոսել, ամենաթույլ գրողն էլ հանճարեղացման պահեր է ունենում, և հակառակը, դասականներն էլ թույլ տողեր ունեն»: Հանձնաժողովի անդամների կազմը նրան դուր է գալիս թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ ժամանակակից գրականության իմացության առումով: Նախորդ տարիներին նույնպես մասնակցել է մրցույթին և չի շահել, հետո արդեն, ծանոթանալով գործերին, համոզվել է, որ անազնիվ են եղել իր հանդեպ: Հիմա ոչինչ ասել չի կարող, որովհետև չգիտի, ում գործերից են գերադասել իր վիպակը: «Ցանկացած հեղինակի մեջ նստած է այն միտքը, որ ամենաարժանին ինքն է,- ասում է արձակագիրը,- որովհետև եթե չմտածես, որ լուրջ գործ ես անում, երեխայից, կենցաղից, կյանքից այդ ժամանակը չես գողանա ու գիրք գրի: Բացի այն, որ քեզ համար խիստ հոգեկան անհրաժեշտություն է գրելը, պիտի համոզված լինես, որ տողդ, չարչարանքդ արժանի են գնահատման»:
Երիտասարդ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն աչքի է ընկնում համարձակ ու սուր դիտողություններով: «Հայը 21-րդ դարասկզբին» մրցույթի շուրջ խմորվող խոսակցությունների մասին հետաքրքիր էր նրա կարծիքը:
«Եթե այս ընտրությունների մասին քննադատություններ հնչեն, ես պարզ ճակատով կարող եմ պաշտպանել,- ասաց նա։- Այս տարի երեք ժանր էր ներկայացված մրցույթին, հանձնաժողովն էլ բաղկացած էր համեմատաբար սկզբունքային մարդկանցից, ինչը տվեց իր արդյունքը»: Ինչո՞ւ համեմատաբար: «Մեր գրական կյանքը պիտի մաքրվի,- պարզեցրեց իր խոսքը գրաքննադատը,- ես այն մարդկանցից չեմ, որ ուզում են ամեն ինչ միանգամից փոխել: Այս հանձնաժողովի աշխատանքը համարում եմ «մաքրում»: Անդրադարձավ նաև անցած տարիների աղմկահարույց քննարկումներին: «Առաջին տարին մրցանակ էր տրվում վեպի համար, իսկ հաղթել էր ակնարկների գիրքը, ինչը ժանրային շփոթ էր առաջացրել: Անցյալ տարի մրցանակը հավասարաչափ տրվել էր երեք գործերի, և խոսակցություններ կային, որ մրցանակն ուղղակի կիսել են երեք գործերի մեջ, անգամ ասում էին, որ մրցանակ է տրվել չգրված վեպերի համար: Մեր գրական միջավայրում, որպես կանոն, անուններն են մրցանակ ստանում: Այս անգամ ամեն ինչ արեցինք, որ հաղթի գրականությունը: Բոլորս էլ գիտենք` ինչ աղմուկ է բարձրանում տարբեր գրական մրցույթներից հետո, և ներկայացված գրքերը ի սկզբանե արժեզրկվում են: Այնպիսի գրքեր պետք է մրցանակ ստանան, որ մրցանակներն արժևորվեն, դառնան չափանիշ»։ Արքմենիկ Նիկողոսյանը հստակեցրեց նաև, որ Նորայր Ադալյանին շնորհվել է ոչ թե հատուկ, ինչպես նշվում է մամուլում և այլուր, այլ խրախուսական մրցանակ: Գրաքննադատն ափսոսանք հայտնեց, որ մրցանակ չշահեց Համբարձում Համբարձումյանի պատմվածաշարը, թեև Սամվելի Կոսյանի ներկայացրած պատմվածքները նույնպես հավանել էր: Նշեց, որ «Հրապարակ» օրաթերթի այն տեղեկությունը, թե Համբարձում Համբարձումյանը զրո միավոր է շահել, չի համապատասխանում իրականությանը:
Ինչևէ: «Բայց»-երը, տարաձայնությունները, բողոքները կհարթի ժամանակը, մինչև հաջորդ մրցույթ խոսակցությունները կլռեն: Լավ թե վատ, աղմկոտ թե միապաղաղ` գրական կյանքն առաջ է ընթանում: Ի վերջո, ամենակարևորն ընթերցողի արձագանքն ու գնահատականն է: Եվ հենց այս հարցն էլ անպատասխան է մնում` իսկ ե՞րբ է գալու ընթերցողի ժամանակը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ