ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևի հերթական «կապրիզներին» ի պատասխան

Ալիևի հերթական «կապրիզներին» ի պատասխան
09.06.2024 | 14:52

Մինչ մեր «սպորտսմեն տղա» վարչապետը լույսը չբացված «հեծոշոու» է անում Երևանի փողոցներում՝ ցույց տալով նախ իր «փարթամ բարեմասնությունները», անվախ տղա լինելը, մարդամեջ դուրս գալու պրոբլեմ չունենալը, Ալիևը, վերջինիս վախը բռնած, բարձրաձայնեց իր հերթական պահանջները:

Ինչպես և կանխատեսել էի, Ալիևն իր առաջ քաշած պայմաններով Տավուշում անցկացված «սահմանազատումն» անվանելով հերթական հաղթանակ, «խաղաղության պայմանագրի» կնքման համար, բոլոր հայտնի պայմաններից զատ հիմա էլ առաջ քաշեց ևս երկու պայման:

Վերջինս հայտարարեց.

* անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի:

* Բաքուն դիմել է Երևանին, որպեսզի համատեղ ԵԱՀԿ-ին խնդրեն լուծարել Մինսկի խումբը։

Եթե Հայաստանը դա չանի, ապա նշանակում է, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։

Ի դեպ, Ալիևը հայտարարեց նաև, որ սեպտեմբերից Բաքուն կսկսի ադրբեջանցիներով բնակեցնել Ստեփանակերտը:

(Այս մասով հանդես կգամ առանձին հոդվածով):

Կարծիքս ու դիրքորոշումս ժամանակին հայտնել եմ հնչեցված բոլոր, այդ թվում այս վերջին պահանջների և դրանից բխող պատճառահետևանքների մասին:

(Կից՝ «Ալիևյան լայաղն ու չափալաղը» վերտառությամբ հոդվածիս հղումը)

https://www.facebook.com/share/p/124QtQRM7QWK8Hnc/?mibextid=WC7FNe

Այդուհանդերձ, տեղին է վերստին հիշեցնել հանրությանը, որ այս մասին նա հայտարարել էր երեք շաբաթ առաջ՝ ասելով, որ «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է, և եկել է «ԵԱՀԿ Մինսկի խումբը» և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։

Չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի այս որոշման հետ»:

Ինչ խոսք, սպասելի էր, որ Ալիևի հաջորդ պահանջը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապալեգիտիմացումն ու լուծարումը:

Սա այն մեխն է, որն ուզում է խփել Ալիևն Արցախի հակամարտության «դագաղի» վրա՝ առհավետ «հուղարկավորելով» կոնֆլիկտն ու տապանաքար դնելով «Մինսկի խմբի» վրա:

Իսկ դրա համար անհրաժեշտ է Հայաստանի համաձայնությունը:

Մնացածը՝ տեխնիկական հարցեր են:

Տեղին է նաև հիշեցնել, որ եթե Հայաստանը համաձայնի և բավարարի Ալիևի պահանջը, ապա Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծման գործառույթ ստանձնած, միջազգային իրավունքով և հակամարտության կողմերից մանդատով օժտված միակ օրինական կառույցը կլուծարվի:

Դրանով «Արցախյան կոնֆլիկտ» եզրույթն ու իրավաքաղաքական գործիքն իսպառ կվերանա միջազգային ասպարեզից:

Ընդ որում, Եռանախագահող երկրները «դոշ չեն տալու» Մինսկի խումբը պահելու համար:

Մանավանդ, որ համանախագահող երեք երկներն էլ ընդունել ու հարմարվել են ներկայիս ստատուս քվոյի հետ:

Այսպիսով Ալիևի պահանջը հստակ է, մեկնարկը տրված է:

Մնում է Հայաստանը համաձայնի:

Իսկ ի՞նչ պատասխան պետք է տան ՀՀ գործող իշխանություններն Ալիևին:

Համենայն դեպս, ՀՀ Արտգործնախարարությունը, ի զարմանս ինձ, բավականին հաջող պատասխան է տվել, իհարկե, ինչպես միշտ՝ էլի ո՛չ անթերի, ո՛չ ամբողջական և ո՛չ դիպուկ:

(ՀՀ ԱԳՆ հղումը՝ ստորև https://www.facebook.com/share/p/2WVkFK1EosPDraX9/?mibextid=WC7FNe

Ըստ իս՝ պաշտոնական հայտարարության մեջ (ի հավելումն) հստակ ձևակերպումներ պետք է լինեին, ինչպիսիք են.

* Նույն սկզբունքով ՀՀ-ն խնդիր է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, որի հիմքը Մուսաֆաթական Ադրբեջանի Սահմանադրությունն է, ըստ որի ներկայիս Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ներկայիս ՀՀ ողջ սուվերեն տարածքի վրա:

Ավելին՝ Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց կողմից որպես պահանջ բազմիցս բարձրաձայնվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերականգման անհրաժեշտությունը: Հետևաբար՝ Հայաստանը ևս կարող է հանդես գալ Ադրբեջանի սահմանադրության փոփոխության պահանջով:

* Քանի դեռ «խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ, նոր բնագծերով հայ-ադրբեջանական սահմանը հստակ և երկուստեք հաստատված քարտեզներով դելիմիտացված ու դեմարկացված չէ, քանի դեռ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես այդ ամենի հիմք նշված չէ և Ադրբեջանի կողմից ևս հաստատված չէ, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը կարգավորված չէ, արցախահայերի վերադարձի, սեփականության իրավունքի վերականգման ու անվտանգ ապրելու իրավունքը գործադրված չէ՝ չկան նաև «Մինսկի խմբի» լուծարման հարցով բավարար հիմքեր ԵԱՀԿ-ին դիմելու։

* Եվ հետո, սա որևէ կապ չպետք է ունենա «խաղաղության պայմանագրի» հետ, առավել ևս՝ լինի նրա բաղադրիչ մասը: Սա առանձին գործառույթ է, որն ունի այլ բովանդակություն ու ընթացակարգ:

Ի դեպ.

համանախագահող երկրները, որքան էլ որ համակերպվել են ստեղծված ստատուս-քվոյի հետ, միևնույն է՝ խմբի լուծարման մասին պաշտոնական հարտարարությամբ հանդես չեն եկել, կարծում եմ՝ չեն էլ գալու:

Ընդ որում, այդ խմբի ստեղծման որոշումը կայացվել է ԵԱՀԿ միջոցով, առանց Հայաստանի և Ադրբեջանի խնդրանքի, հետևաբար՝ անտրամաբանական է համատեղ որևէ խնդրանք՝ խումբը լուծարելու առումով:

Ավելին՝ միջազգային այդ ձևաչափը լուծարելուց առաջ պետք է լսվի այդ խմբի աշխատանքների ամփոփում-հաշվետվությունը՝ պարզելու համար, թե արդյոք խումբը կատարե՞լ է իր առաքելությունն ու գործառույթները, լուծե՞լ է իրեն վերապահված խնդիրները:

Եթե այո, ապա ինչպե՞ս է լուծել, ի՞նչ արդյունք է գրանցել: Այդ ամենից հետո միայն խումբը ստեղծողները կարող են որոշել՝ այն լուծարվելու՞ է, թե՞ ոչ:

Եվ դեռ հարց է, այն կարո՞ղ է լուծարվել, եթե անդամ երկներից որևէ մեկը դրան վետո դնի:

Ալիևը սարսափում է ինչպես ռևանշիզմից, այնպես էլ այդ խմբի առկայությունից, քանի որ գիտի՝ համանախագահության եռյակի մանդատը դե յուրե չլուծարելու պարագայում, այն ինչ որ պահից կարող է «վերակենդանանալ»:

Այնպես որ, սա այլ բան չէ, քան պարզապես հերթական շանտաժ ու վերջնագիր Հայաստանին:

Ալիևը փորձում է քաղել մաքսիմալը, այդ թվում Երևանին ներգրավել խումբը փակելու «խնդրանքի» մեջ՝ նվազագույնը մեր «վզից կախելով» Դամոկլեսյան մի նոր սուր:

Իհարկե, հասկանալի է, որ նման բան պահանջելու հնարավորություն Ալիևին ընձեռել է հենց Փաշինյանը՝ թե՛ իր արկածախնդիր քաղաքական կուրսով և թե՛ առավելագույնս նպաստելով այն վտանգավոր ստատուս-քվոյին, երբ բանակցություններում միջնորդներ չկան:

Հայաստանը չպետք է մտներ Ադրբեջանի հետ երկկողմ՝ առանց միջնորդների գործընթացի մեջ, որպեսզի այսօր նվաստացման ու ստորացման, միակողմանի զիջումների ականատեսը չդառնայինք, ցանկացած ճնշում, քմահաճույք ու կապրիզ չբավարարվեր:

Իհարկե, միջնորդությունն այդ ամենը բացառելու 100 % երաշխիք չէ, սակայն, անաչառության ու անկողմնակալության համատեքստում զսպելու, ախորժակը սահմանափակելու, որոշակի հավասարություն հաստատելու, ձեռք բերված պայմանավորվածությունները ֆիքսելու, գործադրելու գործիքակազմ ու նախադրյալներ ունի:

Հասկանալի է նաև այն, որ կապիտուլյացիան ինքնին ենթադրում է, որ դու պետք է կատարես հակառակորդի բոլոր պայմանները, եթե նույնիսկ դրա դիմաց չես ստացել խաղաղության պայմանագիր կամ խաղաղության մինիմալ երաշխիքներ:

Իսկ Ադրբեջանն իր հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու:

Ամեն անգամ պատճառ բերելով հազար ու մի պատրվակ՝ Ալիևը ձգձգում է այդ պայմանագրի կյանքի կոչումը:

Եվ ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է «դեմ տալու» և այդպես շարունակ՝ մինչև վերջին պահանջի բավարարումը:

Է՛լ Խոջալու, է՛լ Սյունիքով արտատարածքային միջանցք, է՛լ 250 հազար ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», է՛լ ռեպարացիաներ ու կոնտրիբյուցիաներ…

ՈՒ՞մ պարզ և հասկանալի չէ, որ այդ պետության նպատակը Հայաստանի չգոյելը կամ առնվազն ոչ կենսունակ լինելն է:

Իսկ շատերը պետք է ինքնախաբեությամբ շարունակեն հավատալ կամ շատերի ուղեղներն իշխանականներն ու որոշ «վերլուծագանգեր» պետք է լվանան, որ ուր որ է մի հրաշք թուղթ կլինի, որը մեզ բոլոր խնդիրներից կազատի, պատերազմն ու էքսպանսիաները կբացառի, Հայաստանի սահմաններն էլ անվտանգ ու անառիկ կպահի, թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներից էլ մեզ կձերբազատի:

Ի դեպ, նույն այդ իշխանական սազանդարները չեն վարանի ասել, թե Արցախի հարցով «ԵԱՀԿ Մինսկի խումբը» «նախկիններից» մնացած գլխացավանք է, որը խանգարում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության հաստատմանը:

Ավելին՝ որ ադրբեջանցիների հետ հարատև և մշտնջենական խաղաղության, ինչպես նաև իրական Հայաստանի կայացման համար այդ կառույցն է խանգարում:

Եթեչեն ասել, ուրեմն՝ կասեն, չզարմանաք:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3642

Մեկնաբանություններ