ԿԸՀ տվյալների համաձայն, Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 209,700 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 28.18 տոկոսը:
Գյումրիում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 22,126 է կամ 17.56 տոկոս, Վանաձորում` 21.943 կամ 22.73 տոկոս:
Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առաջին անգամ քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նոր ընտրակարգով: Քաղաքացիներն ընտրելու են ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի, որ կստանձնի համայնքի ղեկավարումը առաջիկա 5 տարիներին:
Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:
Վանաձորում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան՛՛, «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: