«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՀ-ում օրենքը շագրենի կաշվի նման կարող է ձգվել կամ կծկվել

ՀՀ-ում օրենքը շագրենի կաշվի նման կարող է ձգվել կամ կծկվել
12.04.2016 | 01:21

(այս զարմանալի պատմությունը «Իրատես»-ում տպագրվելուց առաջ նամակի տեսքով ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին)

Հարգարժան նախարար, արդարադատությունը միշտ էլ մեկն է, այն հնուց ի վեր հաղթում է, ծնկի չի գալիս։ ՀՀ-ում, սակայն արդարադատությունը ոչ միայն հաճախ ծնկած է, այլև խեղանդամված է։ Սակայն, անդրադառնանք բուն խնդրին, զի դժվար թե ծնկած հայոց արդարադատությունը բարոյախոսությամբ բերենք ելման դիրքի։ Անշուշտ, հարգարժան Արփինե Հովհաննիսյանն այսօր երիտասարդ պետական գործչին վայել ավյունով ձգտում է կարգավորել մեր երկրի բավականին շրջադարձված իրավական համակարգը։ Հուսանք...

«Երեկոյան Երևան» թերթի աշխատակից Գևորգ Մուրադյանը 1995-ին Երևանի աճուրդի կենտրոնից ձեռք է բերում «Աբովյանի գարեջրի գործարան»-ից 20 բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով, ընդամենը 200000 դրամ կշռով, «Երևանի հրուշակեղենի կոմբինատ»-ից 22 և, վերջապես, «Արտաշատի գինու, կոնյակի գործարան»-ից 66 բաժնետոմս, ամենքը դարձյալ 10 հազար դրամ անվանական արժեքով։ Սակայն շատ ջրեր են հոսում նորհայկական-շուկայական գետերի հուներով, պղտոր ջրեր։ Այսպես, «Աբովյանի գարեջրի գործարանը», որն աշխատում էր բավականին մեծ եկամտաբերությամբ, բայց և այնպես, ժամանակ չէր գտել շատերի, նաև Գևորգ Մուրադյանի բաժնետոմսերը վավերացնելու ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում։ Այն տարիներին ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովը, բարձրության վրա գտնվելով, հստակ պահանջում է գարեջրագործ-սեփականատերերից պատշաճ ձևով գրանցվել դեպոզիտարիայում։ Այստեղ, ի դեպ, իր գործուն մասնակցությունն ունեցավ վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Ի վերջո, Կոտայքի տարածաշրջանի նոտարը ծանուցում է Գևորգ Մուրադյանի ժառանգներին` ձեր անվամբ առկա է 57245 դրամ գումար։ Հավանաբար, Աբովյանի գարեջուրը աղբյուրի ջրի գնով էր վաճառվում, քանի որ անհասկանալի է, թե ինչ ֆինանսական հաշվարկի արդյունքում է քսան բաժնետոմսը իր բաժնետիրոջը «նվիրաբերում» այս նվաստացուցիչ 57 ¥հիսունյոթ¤ հազար դրամը։ Սա թողնենք «Աբովյանի գարեջրի գործարանի» սեփականատերերի խղճին։

Շատ ավելի օրինապահ է գտնվում Երևանի «Հայհրուշակ» գործարանը։ Այստեղ Գևորգ Մուրադյանը ուներ 22 բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով։ Անհավանական է գրեթե, բայց «Հայհրուշակի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը Գևորգ Մուրադյանի իրավահաջորդներին վճարում է 740 հազար դրամ։

Սակայն շան գլուխը գարշահոտում է «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում, ուր հանգուցյալ Գևորգ Մուրադյանը 66 հատ 10 հազար անվանական արժեքով բաժնետոմսերի սեփականատերն էր, ՓԲԸ-ի ընդհանուր սեփականության 0,5 տոկոսի տերը։ Երկար տարիներ այս ընկերության գլխավոր բաժնետերն էր ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը տնօրինում էր ՓԲԸ-ի բաժնեմասի 98 տոկոսը։ Բարով տնօրիներ, սակայն ինչո՞ւ է նրա աչքից վրիպում էական մի հանգամանք. վերոնշյալ ՓԲԸ-ի բաժնետերերի խորհուրդը երբևէ ժողով չի հրավիրել և չի տեղեկացրել սեփականության մնացած երկու տոկոսը տնօրինողներին գործերի վիճակի մասին։ 2002-ին «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կառավարումն իրականացնում է ոչ անհայտ գործարար Լյովա Արզաքանցյանը, որը մեր կողմից բարձրացված խնդիրն ուսումնասիրող լրագրող Մարիամ Ստեփանյանին հավատացնում է, որ գործարանի արտադրանքի 95 տոկոսն իրացվում է ռուսական անբավ շուկայում։ Լյովա Արզաքանցյանը վերը հիշատակված լրագրողին նաև հավատացնում է, որ միանգամայն հնարավոր է լուծել մնացած 2 տոկոս բաժնետոմսերի խնդիրը, այսինքն ձեռք բերել դրանք, միայն թե անհրաժեշտ է Հովիկ Աբրահամյանի ցանկությունը։ Հարգարժան Աբրահամյանը նման ցանկություն, պարզվում է, չուներ։ Թե ինչու, դժվար է պնդել։ Եվ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն նա, ընդ որում, հրապարակայնորեն։ Չի բացառվում, որ նրան ժամանակին թյուրիմացության մեջ են գցել։

Գևորգ Մուրադյանի անժամանակ վախճանից հետո նրա կինը` Գոհար Սարգսյանը, և դուստրը` Մանե Մուրադյանը, դիմում են ՀՀ Երևանի Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակ` իրենց ժառանգությունը հաստատելու նպատակով։ Կենտրոն տարածքի նոտար Ալվարդ Մելքումյանը 2006-ի հունվարի 24-ին նրանց է հանձնում ժառանգության վկայագիրը։ Գործարանը շարունակ աշխատում է, այն էլ մեծ շահութաբերությամբ։ Սակայն 66 բաժնետոմսերի ժառանգորդ մայրն ու դուստրն այդպես էլ մնում են ձեռնունայն։ Նրանք 2012-ին կրկին դիմում են Երևանի Կենտրոն նոտարական տարածք, իրենց ժառանգությունը վերաձևակերպելու նպատակով։ Եվ շան գլուխը դուրս է գալիս իր գարշահոտ անկյունից...
Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանը հարցում է կատարում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա` Գևորգ Մուրադյանին պատկանող «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ¥արդեն ԲԲԸ-ից¤ սեփականության տեղեկանք ստանալու նպատակով։ Դեպոզիտարիան անվրդով իրազեկում է ¥29.11.2012-ին¤, որ Գևորգ Մուրադյանը վերոնշյալ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեգիստրում գրանցված չէ։ Ո՞վ չի գրանցել Գևորգ Մուրադյանի բաժնետոմսերը, վստահաբար «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ-ն, հասկանալի է։ Սակայն 66 բաժնետոմսերի սեփականատիրոջ բաժնեմասը չեղարկելը անհասկանալի ձևով չի ընդունվում ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Դատարանը զարմանալի դյուրությամբ է շրջանցում հիմնարար այս փաստը։ Ինչո՞ւ։
Հարգարժան նախարար, Ձեզ եմ ներկայացնում ՀՀ դատական ատյանների վճիռներից երկու դրվագ, որոնք վերջնական լույս են սփռում այս տրագիֆարսային պատմության վրա։
«Հայաստանի Հանրապետություն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
19 փետրվարի, 2014 թ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ և 130-132, 140 հոդվածներով դատարանը
ՎՃՌԵՑ
Մանե Մուրադյանի հայցն ընդդեմ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, երրորդ անձ` Գոհար Սարգսյանի` Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին մերժել։
Դատավոր Ելենա Քոչարյան»...
Գործը, բնականաբար, հասնում է ՀՀ վճռաբեկ դատարանին։
Վճռաբեկ դատարանը 2014-ի նոյեմբերի 28-ին կայացնում է հետևյալ որոշումը. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»։
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ շա՜տ կարևոր մի հանգամանք կա, որը զարմանալի համառությամբ շրջանցում են ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները. «ՀՀ կառավարության 13.03. 1997 թվականի «Բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» թիվ 41 որոշման (ուժի մեջ է մտել 10.04.1997 թվականին, ուժը կորցրել է 10.05.1999 թվականին) 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի է, պարտավոր են արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել մասնագիտացված կազմակերպության` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկության միջոցով»։ Եվ այլն։
Շարունակենք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման ընթերցումը։
«Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.05.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 240-241.2-րդ հոդվածներով` վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»։
Սույն ծանրակշիռ փաստաթուղթը վավերացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի նշյալ նիստը նախագահող Ե. Խունդկարյանը և ինը դատավորներ։

Սակայն ՀՀ-ում օրենքը շագրենի կաշվի նման կարող է ձգվել կամ կծկվել, բավարարելով որոշ դատավորների (և նրանց անթաքույց հովանավորների) կամքն ու քմայքը։ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` այս անգամ արդեն նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, վճռում է մերժել հայցվոր և սեփականության ժառանգորդ Մանե Մուրադյանի հայցը, քանի որ «... 1995-ից սկսած «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի քանակը եղել է 15648 հատ, որոնց միակ սեփականատերը այժմ հանդիսանում է Միխայիլ Սամոդելկինը»։
Այստեղ են ասել` լա՞նք, թե՞ խնդանք։
Հարգարժան նախարար, այս դատաիրավական քաշքշուկից դուրս գալն անհնար է, և մենք սպասում ենք, որ Ձեր անմիջական վերահսկողության ներքո ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կսթափվի և վերջապես արդարացի վճիռ կկայացնի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ