ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Խարդախություն թիվ 180, կամ անտարբերություն կոչվող չարիքը

Խարդախություն թիվ 180, կամ անտարբերություն կոչվող չարիքը
19.06.2015 | 00:04

Պատվարժան ընթերցողս քաջ գիտե` որքան դղրդուն է հերթական հրապարակման վերնագիրը, նույնքան հիմնավոր են նրա շուրջ ներկայացվող փաստերն ու եղելությունները։

«Երևանի քաղաքապետ
պարոն Տ. Մարգարյանին
Զաքյան 10 շենքի բնակիչներից

«Երևան Պլազա Բիզնես-Կենտրոնի (Գրիգոր Լուսավորչի փողոց, 9 շենք) 7-րդ հարկում գործում է ռեստորան, որում անցկացվում են ժամանցային միջոցառումներ և երաժշտությունը հնչում է աններելի բարձր, մինչև ուշ գիշեր։ Հունիսի 7-ին երաժշտությունը չէր դադարում մինչև հաջորդ առավոտ։ Դա խաթարում է բնակիչների անդորրը և խախտում գործող օրենսդրությունը։
Մեր բազմաթիվ զանգերը ոստիկանություն չեն բերել որևիցե արդյունք։
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը տվյալ հարցի լուծման համար։
Հարգանքով` Զաքյան 10 շենքի բնակիչներ»։

Հ. Գ.- Առկա է չորս ստորագրություն։

Երևան, Զաքյան փողոց, 10 շենք, 8-րդ բնակարան, Լիլիանա Գրիգորյանին
Հարգելի տիկին Գրիգորյան
Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր կոլեկտիվ դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից կատարվել է ուսումնասիրություն և Գր. Լուսավորչի փողոց, հ. 9 հասցեում գործող «Պանորամա» ռեստորանի տնօրենը պարտավորվել է օբյեկտում հնչեցվող երաժշտության ձայնի մակարդակը պահպանել նորմայի սահմաններում` չխանգարելով հարակից շենքերի բնակիչների հանգիստը։
Հարգանքով` առևտրի և սպասարկումների վարչության պետ` Ա. Եդոյան
25.06.2014 թ.

«Պանորամայի» (որը լաունջ-բար-ռեստորան է) տնօրենի (Նելլի Սիմոնյան) պարտավորությունը հար և նման է այլևս երբեք ոգելից չօգտագործելու գինեմոլի երդմանը։ Անկասկած «Պանորաման» եզակի չէ, այս դիվային խրախճանքը քաղցկեղի պես սարդոստայնացրել է ողջ հանրապետությունը։ Եվ պատկան-պետական կառույցները (Երևանում` քաղաքապետարանն ու վարչական շրջանները, մարզերում` մարզային ղեկավարները` սկսած մարզպետ-քաղաքապետերից մինչև ամենահետին գյուղական համայնքի գյուղապետը) ոչ միայն անկարող են որևէ քիչ թե շատ նկատելի քայլ անելու անբարո գործընթացները կանխելու ուղղությամբ, այլև հենց իրենք են կամա-ակամա խրախուսում երեկոյան և գիշերային ամենօրյա աղմուկը։ Կամա` զի նրանցից շատերը, օրինակ, կառավարության անդամ նախարարները ու վերջիններիս ծառայողական և ազգա-բարեկամական շքախումբը, նմանապես ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունը` յուրյանց համախոհներով զորացած իրենք են հաճախ նման մոլագար խրախճախաղերի պատվիրատուն ու մասնակիցը։ Եվ ակամա, քանզի նրանց հանրաշահ նախաձեռնությունը` կանխելու երաժշտական վակխանալիան, տառացիորեն խեղդվում է թմրանյութով լի մի տաշտակում, ուր լողում է խաղալիք մի նավակ, վրան մակագրված` «Օրենք, թիվ 180»։ Սույն առեղծվածը լուծելու նպատակով եկեք շրջագայենք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության ոլորաններով, վեր բարձրանանք և վար սահենք։ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխի 180-րդ հոդվածը վարչական տույժեր է սահմանում գիշերային ժամերին լռությունը խախտելու համար։ (Չգիտես ինչու, ոչինչ չի նախատեսվում ցերեկային աղմկարարության համար)։ Դիցուք, «Պանորամայում» վայրագ ցնծությամբ նշում են ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձը։ Բարով նշեն։ Սակայն նրանց նշումը դիվադադար է անում մի քանի հազար մարդու, որոնցից մի քանիսի մեջ դեռևս չի ամլացել քաղաքացին, և նրանք բողոքում են, նամակներ են գրում, անգամ կեսգիշերն անց հանդիպում և փորձում են բանակցել օբյեկտի տնօրենի հետ։ Սովորաբար նման հանդիպումները որևէ արդյունք չեն տալիս, տնօրենը փետուրե բարձ է դնում բնակիչների գլխի տակ, այսինքն` ազնվորեն խոստանում է այլևս չաղմկել։ Հաջորդ երեկոյան նա խոստումը, իհարկե, մոռանում է։ Մոռանում է, թքում է սեփական խոսքի և արժանապատվության վրա, քանզի գործամոլ է, նրան հետաքրքրում է սեփական շահը։ ՈՒ եթե ոստիկանության կողմից տուգանվի էլ, հոգ չէ, կարելի է մի 2-3 հարյուր դոլար տուգանք վճարել, երբ շահում ես 2-3 հազար դոլար գումար։ Ի՞նչ անել։ Հարցը բնավ հռետորական չէ։ Հարյուր հազարավոր մարդկանց հանգիստն է խաթարվում, հաճախ էլ նրանց առողջությունն է հարվածի տակ դրվում։ Եվ սա չարաբաստիկ թիվ 180 օրենքի պարտադրանքով, որը կապանքում է ոստիկանությանը, ստիպում զուտ ձևական գործողություններով բավարարվել, սկսած բացատրական աշխատանքից, վերջացրած տուգանքով։ Այստեղ եկեք չմոռանանք, որ ոստիկանները ևս ենթարկվում են ռեստորանային խրախճանքի բռնաբարումներին, զի ունեն ընտանիք և հանգստի օրինական իրավունք։ Հարգարժան բնակիչները նշել են «Պանորամա» ռեստորանը, իսկ ի՞նչ անեն Կիևյան փողոցի, Այգեձորի, Կոնդի և Աջափնյակի Հալաբյան փողոցի բնակիչները, որոնք բախտ ունեն բնակվելու Հրազդանի կիրճին հարակից լանջերին։ Չէ՞ որ այս կիրճը Երևանի հատվածում ուղղակի բերնեբերան լցոնված է պանդոկներով, որոնք մթնշաղից հետո անվարան սկսում են իրենց խրախճանքը։ Կիրճն անհանգիստ է, կիրճը տառապում է, քանի որ անհարկի բարձր, աղմկոտ երաժշտությունը, մարդուց բացի, խստագույնս վնասում է նաև բնաշխարհին, ծառ ու թփին և կենդանիներին։ Գիտնականները վաղուց են մի թնջուկ լուծել։ Օվկիանոսի հսկաները` կետերը, հանկարծակի նետվում են ափ ու ինքնասպան են լինում։ Պատճառը սուզանավերի հուժկու աղմուկն է, որն ահասարսուռ ազդեցություն է գործում կետերի ու դելֆինների վրա, կենդանիները ելքը գտնում են հարազատ տարերքը ընդմիշտ լքելու եղանակով։ Իսկ ինչ անի մարդը, որը տանջահարվում է իր նմանների վայրագությունից։ Ընդամենը մի բան. համախմբմամբ փորձի հաղթել։ Այստեղ ևս չկա որևէ հռետորաբանություն։ Ձեռքումս Զաքյան 10 շենքի ընդամենը չորս բնակչի ստորագրությամբ վավերացված բողոք-դիմումն է։ Սա այն դեպքում, երբ վերոնշյալ խնջույքային վակխանալիան խիստ անհանգստացնում է նվազագույնը 4 հազար բնակչի։

Դիմում-բողոքները մեր իրականությունում որևէ էական արդյունք չունեն։ Շատ ավելի արմատական քայլեր են անհրաժեշտ։ Ի մասնավորի` հազարավոր ստորագրություններով ամրագրված դիմում-կոչեր ԱԺ-ին, որպեսզի արմատապես վերանայվի չարաբաստիկ թիվ 180 օրենքը, որը, ըստ էության, ճանապարհ է հարթում հակահանրային տարրերի առաջ, և քավության նոխազ է դարձնում ոստիկաններին։ Այնինչ քաղաքակիրթ աշխարհում նման խնդիրները լուծվում են երկրի օրենքներով և պետական որոշումներով։ Հարևան ՌԴ-ում մոտ 10 հազար դոլար տուգանք է նախատեսված աղմուկի դեցիբելը գերազանցողների համար։ Նյու Յորքում ¥և շատ այլ քաղաքներում¤ սրճարանի կամ ռեստորանի երաժշտությունը առհասարակ պիտի չլսվի փողոցում։ Եվ այսպես շարունակ։

ՀՀ առողջապահության նախարարության կազմում է գործում «Ակուստիկա» ընկերությունը, որը պիտի պարբերական ստուգումներ անցկացնի աղմկոտ վայրերում։ Գուցե անցկացնում է։ Սակայն այս ընկերության անունը կա, ամանում չկա, աղմկել են և աղմկում են, գիշերը և ցերեկը, հանգստավայրերում, բնակելի թաղամասերում, ձորերում և անտառներում, առհասարակ` ամենուր։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Մեկ մեջբերում ներկայացնեմ պատկան կառույցների ուշադրությանը` արված ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի հետ հարցազրույցից, որը հրապարակվել է «Իրատեսի» 2013-ի հունվարյան համարներից մեկում. «Երբ աղմուկը գերազանցում է 140 դեցիբելը, մարդը ցնցակաթված է ստանում, 160-ի դեպքում` մեռնում է։ Շատ երգիչներ իրենց ձայնային վատ տվյալները քողարկում են բարձր երաժշտությամբ, մարդիկ էլ ռիթմով թռչկոտում են։
Մեր խնջույքները, հարսանիքները ես համարում եմ հակաառողջական հավաքներ։ Նման արարողություններից հետո երեքից հինգ օր մարդն ուշքի չի գալիս»։
Մի խոսքով, անհապաղ պիտի ընդունվի ՀՀ օրենքը «Լռության մասին»։ Միով բանիվ, աղմուկ-աղաղակից դժգոհ և տագնապած իմ սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրիդ քաղաքացիական պարտքն է գործի դնել ձեր ընտրած պատգամավորին։ Այսինքն` պարտադրել, որ նա զբաղվի վերոնշյալ խնդրով։

Դիտվել է՝ 1925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ