ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բաց նամակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Բաց նամակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն  Անդրեասյանին
23.01.2015 | 12:27

Գյուղատնտեսության

աջակցության հանրապետական կենտրոնից (ԳԱՀԿ)

գյուղնախարար

Ս. Կարապետյանի կամայական հրամանով հեռացված

մի խումբ աշխատակիցներից

Հարգելի պարոն Անդրեասյան

Ձեզ բաց նամակով դիմողները ՀՀ գյուղնախարարության ենթակայությամբ գործող Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) մի խումբ աշխատակիցներ են, ովքեր առանց հիմնավոր պատճառի, նախարար Սերգո Կարապետյանի կամայական հրամանով, Ամանորի նախաշեմին հեռացվել են աշխատանքից:

Նշված գործողության նախասկիզբը դրվեց դեռևս օգոստոսին, երբ ԳԱՀԿ-ում հայտնվեց գյուղնախարարի խորհրդական, ֆինանսների նախկին փոխնախարար Լիանա Հունանյանը: Վերջինս, իր գալստյան առաջին օրն իսկ զբաղեցնելով տնօրենի աշխատասենյակը, հայտարարեց, որ իրեն ուղարկել են, որպեսզի մեզ` ԳԱՀԿ-ի աշխատողներիս, «ուղղորդի-բացատրի» մեր իսկական անելիքը, քանի որ «սխալ ենք աշխատում»:

Այնուհետև մետալուրգի և ֆինանսիստի կրթությամբ Լ. Հունանյանը մեզ «բացատրեց», որ կենտրոնում 1958 թվականից լույս տեսնող «Ագրոգիտություն» գիտական ամսագիրը, որը երկրում գյուղոլորտի ընդամենը երկու գիտական հանդեսներից մեկն է, այսուհետ փոխելու է իր ուղղվածությունը և դառնալու է գունավոր և «առավել մատչելի» ամսագիր:

Երկրորդ գործողությունը եղավ այն, որ Լ. Հունանյանը (օրեր անց) ԳԱՀԿ-ում (իբրև փոխտնօրեն) տեղավորեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, իր մտերիմ ընկերուհի Նվարդ Առաքելյանին: Վերջինիս գործը կենտրոնում ասուպի նման երբեմն հայտնվելն ու «անանուն» և «առավել մատչելի» հանդեսի համար աշխատողներից հոդվածներ պահանջելն էր:

Նշենք, որ կառույցի ղեկավարի գործառույթը միայն Լիանա Հունանյանի ձեռքում չէ, հիմնական կարգադրող-հրամայողը գյուղնախարար Ս. Կարապետյանի անսպառ բարեհաճությունից օգտվող, նրա մամուլի խոսնակ Անի Սմբատյանն է, ով մինչև Նվարդ Առաքելյանի նշանակումը աշխատանքից անօրինական կերպով հեռացնել տվեց ԳԱՀԿ-ի հեռուստահաղորդումների բաժնի հինգ աշխատակիցներին և գլխավոր ռեժիսորին: Վերջինիս տեղն անմիջապես զբաղեցրեց Անիի մյուս ընկերուհին՝ Նոնա Գրիգորյանը:

Սեփական նախաձեռնությամբ ստեղծած մենաշնորհատիրությունում ամենակարող Անին և տնօրենի աշխատասենյակում որոշակի ժամերի նստող Լ. Հունանյանը` համատեղ, ինչ անհեթեթ հանձնարարություններ ասես չէին հնարում մեզ` աշխատողներիս, միտումնավոր կերպով նվաստացնելու, ստորացնելու և տեռորի այդ մթնոլորտը մինչև վերջ տանելու ուղղությամբ:

Մեզնից յուրաքանչյուրը, ով ԳԱՀԿ-ի ստեղծման օրից մի ընտանիք է պահում` իր ծանրագույն աշխատանքի դիմաց ստանալով ամսական ընդամենը 60-80 հազար դրամ, աշխատանքային խիստ ռեժիմով գաղութի վերածված կառույցում ստիպված և լռելյայն հանդուրժում էր վերոնշյալ անօրինականությունները` չցանկանալով լրացնել գործազուրկների հոծ բանակը:

Այդ հանդուրժողականության արդյունքը եղավ այն, որ Սուրբ ծննդյան տոներից առաջ ԳԱՀԿ-ն արդեն իրենցը համարող վերոնշյալ կանայք «ցավակցաբար» տեղեկացրին, որ մեզ հետ աշխատել այլևս չեն կարող և Նոր տարուց հետո ճիշտ կլինի փնտրել ու գտնել «նոր և ավելի լավ աշխատանք»:

Հնարամիտ գյուղնախարարի և իր շքախմբի կանանց կողմից տոնական անակնկալ մատուցվեց նաև ԳԱՀԿ-ի փոխտնօրեն, «Ագրոգիտություն» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր, հանրապետության գյուղատնտեսության ոլորտի գիտակ Վարդան Հայկազյանին: Հունվարի 12-ին վերջինս գրավոր առաջարկ ստացավ աշխատելու որպես… լրագրող:

Ամենահավաստի աղբյուրներից արդեն տեղեկացվել ենք, որ կենտրոնը մեզնից «վնասազերծելուց» հետո, Անին և Լիանան թափուր աշխատատեղերում տեղավորելու են իրենց մյուս մտերիմներին:

Հարգելի պարոն Անդրեասյան, մինչ Ձեզ դիմելը բաց նամակ ենք հղել ՀՀ նախագահին, վարչապետին` խնդրելով նաև նրանց աջակցությունը, քանի որ ԳԱՀԿ-ից մեր ազատումը եղել է անօրինական, որի ընթացքում կոպտորեն խախտվել-ոտնահարվել են մեր` ժողովրդավար ՀՀ ազատ քաղաքացիների իրավունքները: Միաժամանակ նշենք, որ աշխատանքից մեր ազատման չհիմնավորված-չպատճառաբանված հրամանները ստորագրվել են դեկտեմբերի 30-ին, իսկ փաստացի հրամանները տրամադրվել հունվարի 15-ին: Երբ այդ մասին փորձեցինք պարզել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշալույս Հայրապետյանից, վերջինս ոչ միայն հրաժարվեց պատշաճ բացատրություն տալուց, այլև անհարգալից վերաբերվեց մեզ:

Նշենք, որ հիմնարկը, իր աշխատողներով հանդերձ, վերջին երկու տարում ինչ-ինչ անբացատրելի պատճառներով դարձել է Ս. Կարապետյանի ատելության փուշը: Այդ անհասկանալի ատելության պատճառով (բոլորովին վերջերս) աշխատանքից ստիպողաբար ազատվեցին լուսանկարիչ Համբարձում Հովհաննիսյանը, լուսանկարիչ Սերժ Դավիդովը, ով այսօր արդեն արտերկրում է: Դրանից առաջ էլ (երկու տարվա համառ պայքարից հետո), «իրենց դիմումի համաձայն», ստիպված ազատվել էին ԳԱՀԿ-ի տնօրեն Մկրտիչ Մուրադյանը, Արթուր Ավագյանը, լրագրող Հասմիկ Գևորգյանը: Ստեղծված տհաճ իրավիճակից ելնելով, դարձյալ «իր դիմումի համաձայն», աշխատանքից (էլի վերջերս) հրաժարվեց նաև թերթի գլխավոր խմբագիր Ռևիկ Գրիգորյանը:

Ցուրտ, անլույս և ազերիների դեմ պատերազմական գործողությունների տարիներին, երբ աշխատում էինք` պահպանելով կենտրոնը, դեռևս հավատ ու վստահություն կար գալիք լավ օրվա հանդեպ, այնինչ այդ հավատն իրենց կրունկի տակ, ի հեճուկս մեզ, արդեն փշրում-սպանում են ներքին թշնամիները: Այդ փշրված հավատի ու վստահության պատճառով, մեր հայրենակիցներից շատերի նման, արդեն բոլորս էլ (եթե այս խնդիրը լուծում չստանա) մտադիր ենք, ընտանյոք հանդերձ, բռնել արտագաղթի անվերադարձ ճանապարհը:

Բաց նամակով դիմելով Ձեզ` հույս ունենք, որ հաշվի կառնվի մարդու և քաղաքացու պաշտպանված լինելու իրավունքների կարևորությունը` ՀՀ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Միաժամանակ կձեռնարկվեն ստեղծված իրավիճակին համարժեք միջոցներ` նպատակաուղղված նման երևույթների հետագա կանխմանը` ի նպաստ մեր հասարակության, ի շահ մեր պետության:

Հարգելի պարոն Անդրեասյան:

Հույսով և հավատով հետևելու ենք Ձեր կողմից իրականացվելիք հետագա արդար և պատճառաբանված գործընթացին, քանի որ ԳԱՀԿ-ը պետական կառույց է, այլ ոչ թե վերոնշյալ «ինքնակոչ տիրուհիների» սեփականատիրությունը, ովքեր տիրուհու իրավունքով էլ վարվեցին հիմնադիր և փորձառու բոլոր մասնագետների հետ: Այո, մինչև ե՞րբ և ինչքա՞ն կարելի է հանդուրժել ստորացուցիչ նման կարգավիճակը:

Նամակը հասցեագրում ենք և՛ Ձեզ, և՛ տպագիր մամուլին` ստորագրելով ամենայն պատասխանատվությամբ` անուն առ անուն: Միաժամանակ խնդրում ենք նաև այն գրանցել որպես դիմում` շաբաթը մեկ անգամ կազմակերպվող ՄԻ պաշտպանի մոտ ընդունելության համար:

Խորին հարգանքներով և կանխավ շնորհակալությամբ՝ ԳԱՀԿ-ի աշխատակիցներ`

Նաիրա Հովհաննեսյան

Էլյա Նազարյան

Մադլեն Սարգսյան

Լիանա Հովհաննիսյան

Նառա Յարալյան

Անահիտ Տերունյան

Արթուր Հարությունյան

Վահե Աղրյան

Արթուր Հովհաննիսյան

Երևան, 19 հունվարի, 2015 թ.

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ