Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Բռնությունների մասին լուրերն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»

«Բռնությունների մասին լուրերն անհիմն են  և իրականությանը չեն համապատասխանում»
23.09.2014 | 10:48

«Իրատես de facto»-ի ինը հարցը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ ԳՈՌ ՂԼԵՉՅԱՆԻՆ:

- Ի՞նչ կարգավիճակում է այսօր «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկը, և ինչքանո՞վ են կառույցի պայմանները համապատասխանում ապրել-գոյատևելու համար օրենքով նախատեսված չափանիշներին:
-«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պայմանները այսօր մոտավորապես կարելի է բավարար համարել: Ասեմ, որ առաջիկայում կբացվի «Արմավիր» ՔԿ հիմնարկը, որտեղ ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են: Բացումից հետո կալանավորների մեծ մասը կտեղափոխվի այնտեղ` էականորեն թեթևացնելով Նուբարաշենի քրեակատարողականի բեռը:
-Վերոնշյալ կառույցում այսօր քանի՞ դատապարտվածներ և կալանավորներ են իրենց ժամկետային պատիժը կրում: Նրանց մեջ ցմահ և մահվան դատապարտվածներ կա՞ն: Ճի՞շտ է, որ նախատեսված 840 պահելատեղերում ներկայումս ավելի քան 1300 ազատազրկվածներ են պահվում, կամ 3 կալանավորի համար նախատեսված խցում ապրում է մեկ տասնյակից ավելի մարդ:
-Ասեմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սեպտեմբերի 16-ի դրությամբ իրենց պատիժն են կրում 768 կալանավորված անձ և 217 դատապարտյալ, որից 95-ը ցմահ ազատազրկվածներ են: Իսկ այն, որ 3 անձի համար նախատեսված խցում ապրում է մեկ տասնյակից ավելի մարդ, իրականությունից հեռու է:
-Կալանավորների քանի՞ տոկոսն է սոցիալապես անապահով խավից, քանի՞սը` վերնախավից:
-Քննության ընթացքում և դատի ժամանակ անձի սոցիալական կարգավիճակի մասին ընդհանրապես չի նշվում: Այդ մասին տեղեկություն չունենք:
-Արդյո՞ք ճիշտ է, որ դատապարտյալները «յոլա են գնում» հիմնականում դրսից ուղարկված սննդով ու դեղորայքով, պայմաններ չկան նաև նրանց համար նախատեսված սննդամթերքի պահպանման համար:
-Կալանավորված անձանց և դատապարտյալներին դեղորայքը տրվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով. առանձնակի դեպքերում այն կարող են ստանալ նաև իրենց իսկ կողմից հրավիրված բժիշկ-մասնագետի նշանակումներով: Նշեմ, որ համապատասխան բուժում ստանալու համար հիմնարկում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ինչ մնում է սննդամթերքի պահպանման հարցին, ապա ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման համաձայն, կալանավորված անձինք և դատապարտյալները նշված հիմնարկում ունեն փոքր չափսերի սառնարաններ, որոնցում պահվում է նրանց համար տնից ուղարկված սննդամթերքը:
-Զբոսանքները և տեսակցությունները կալանավորների համար ի՞նչ պարբերականությամբ են կազմակերպվում:
-Դատապարտյալների զբոսանքը (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 56, 78-րդ հոդվածների համաձայն) կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ ամեն օր, դրա համար նախատեսված հատուկ բացօթյա տարածքում: Բացի դրանից, կալանավորված անձինք և դատապարտյալները իրավունք ունեն, ըստ դատվածության տիպի, տեսակցություններ ունենալու 3-6 ամիսը մեկ: Նշված տեսակցությունների համար հիմնարկում առանձանացված են հատուկ սենյակներ:
-Նուբարաշենի ՔԿՀ-ում իրականացվո՞ւմ են գիտագործնական միջոցառումներ: Կառույցն ունի՞ գրադարան և դրսի կյանքի հետ կապող տեղեկատվական միջոցներ, այսինքն` ռադիո, հեռուստացույց, թերթեր և այլն:
-Կալանավորված անձինք և դատապարտյալներն իրավունք ունեն ստանալու հիմնական, հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն, որոնց վերաբերյալ նշված է վերոնշյալ օրենսգրքի համապատասխան հոդվածում:
Նշեմ, որ 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալ ստացել է հեռակա բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: Ներկայումս ևս մեկ դատապարտյալ պատրաստվում է ընդունելության քննությունների:
Հավելեմ նաև, որ նշված հիմնարկում կա մեծ գրադարան, որտեղ աշխատում են հեռուստացույց, ռադիո: Կան նաև թերթեր, ամսագրեր, որոնց միջոցով դատապարտյալները ստանում են արտաքին աշխարհի վերաբերյալ լիարժեք տեղեկություն:
-Ի՞նչ կասեք կատարվող բռնությունների մասին: Ինչքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:
-Քրեակատարողական հիմնարկներում բռնությունների մասին լուրերն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում:
-Այս տարի նշված հիմնարկից փախուստի դեպքեր արձանագրվե՞լ են:
- Ոչ: Այս տարի «Նուբարաշեն»-ից փախուստի դեպք չի արձանագրվել:
-Հիմնարկում այս տարի քանի՞ ամուսնություն և քանի՞ ամուսնալուծություն է գրանցվել:
-2014 թվականի առաջին կիսամյակում նշված հիմնարկում գրանցվել է կալանավորված անձանց և դատապարտյալների 8 ամուսնություն: Նշված ժամանակահատվածում ամուսնալուծության դեպքեր չեն գրանցվել:


Զրուցեց Հասմիկ Գևորգյանը

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ