Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հանուն իմ գաղափարների պայքարը շարունակելու եմ նաև բանտում»

«Հանուն իմ գաղափարների պայքարը շարունակելու եմ նաև բանտում»
27.06.2014 | 15:41

Այսօր գրեթե կես ժամ ուշացումով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարությունն աչքի ընկավ միջադեպով:

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում, հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին դահլիճում գտնվողները դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով: Այդ ժամանակ Շանթ Հարությունյանը փորձեց գրկել իր անչափահաս որդուն, ինչի պատճառով էլ ոստիկանները հրահրեցին միջադեպ՝ թույլ չտալով որդուն մոտենալ հորը: Շանթը զայրացավ, և ի պատասխան, օրենքի «անաչառ» պահապան ոստիկանների, նետեց. «Թքել եմ ձեր օրենքի վրա, դրա համար եմ այստեղ»: Օրենքի «պահապանները» մերթ ընդ մերթ դիտողություններ էին անում նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող և ձայնագրելու ու տեսանկարահանելու համար տեղաշարժվող լրագրողներին: Նրանք Շանթի խոսքերից հետո հարձակվեցին ոչ միայն Շանթի, այլև նրա որդու և նախկին կնոջ՝ Ռուզան Բադալյանի վրա, քաշքշեցին, հրեցին մի կողմ, ինչն էլ ուղեկցվեց դահլիճում գտնվողների զայրալից բացականչություններով: Հետո նրանք հեռացրին Շանթ Հարությունյանին դահլիճից, իսկ մի որոշ ժամանակ անց վերադարձրին՝ դատական նիստը շարունակելու համար:
Դատը սկսվեց փաստաբան Հովհաննես Քոչարյանի միջնորդություններով, որոնք վերաբերում էին իր պայուսակը անօրինական կերպով զննելուն: Ապա նա ներկայացրեց իր պաշտպանյալ Վահե Մկրտչյանի կենսագրությանը, ընտանեկան դրությանը վերաբերող ապացույցներ, փաստաթղթեր, պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի դրական բնութագիրը:
Փաստաբան, Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանն էլ ներկայացրեց ընդարձակ հիմնավորումներ, որոնցով փորձում էր ապացուցել, որ իշխանության ներկայացուցիչների և ակցիայի մասնակիցների միջև բախումները չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Նա մեջբերումներ արեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից, որոշումներից և իր հիմնավորումներից հետո խնդրեց գրավով ազատ արձակել իր պաշտպանյալներին:
Դատական խաղաղ ընթացքը խախտեց Շանթ Հարությունյանը, որը դատավորից պահանջեց նախ լսել ամբաստանյալներին, այնուհետև՝ նրանց փաստաբաններին:
«Նոյեմբերի 5-ին ես եմ ակցիա արել, դատը դրա համար է: Ես կարող եմ ասել՝ հանցանք եմ գործել, թե՝ չէ: Մեր դատը պետք է լինի, հետո փաստաբանները իրավական հիմնավորումներ թող ներկայացնեն: Լսեք ամբաստանյալներին, որոնք նոր բաներ պետք է բացահայտեն»,- ասաց Շանթ Հարությունյանը: Իսկ Արա Զաքարյանին էլ խորհուրդ տվեց ոչ թե դատական նիստերին գալ ու խափանման միջոցներից խոսել, այլ գնալ և ռադիոյով հաղորդումներ վարել:
Երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախազգուշացում հայտարարեց Շանթ Հարությունյանին, նա էլ իր հերթին հակադարձեց, որ դրա մեջ տեսնում է միտում:
«Որ պահից որ ինձ հեռացնեն դատական նիստից, իմացեք, որ այդ պահից ես փաստաբան չունեմ»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Հետո նա ասաց, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, և Հայաստանի իշխանությունները, գործելով Մոսկվայի հրահանգով, դավաճանական քայլեր են անում ժողովրդի դեմ:
Շանթն իր ընդարձակ, հախուռն ելույթում անդրադարձավ ռուսական և հայկական ԱԱԾ-ների գործունեությանը, շեշտեց, որ ինքը հանուն իր գաղափարների պայքարը շարունակելու է նաև բանտում:
Նա անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ դեսպանի այն հայտարարությանը, որ պետք է փակել ՀԿ-ները:
«ՀԿ-ների չեզոքացումը նշանակում է չեզոքացնել կոնկրետ անձերի, ինչը բնորոշ է ստալինյան ժամանակներին»,- ասաց Շանթ Հարությունյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ խոսքն այս դեպքում ռուսական կայսրության դեմ պայքարող անհատների չեզոքացմանն է վերաբերում:
Շանթ Հարությունյանի հայտարություններն ուղեկցվում էին դատական նիստին մասնակցող նրա համախոհների օվացիաներով:
Դատարանն ընդմիջում հայտարարեց և անցավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ