Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Պահանջում են իրատեսական ժամկետ

Պահանջում են իրատեսական ժամկետ
22.11.2012 | 15:53

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունների համար։ Վերջիններս պնդում են, որ օրենքը կիրարկելու համար չկան անհրաժեշտ պայմաններ, ուստի այն չի կարող ուժի մեջ մտնել հունվարի 1-ից։

Հայաստանում գործում է պահնորդական և թիկնապահական ծառայություն իրականացնող մոտ 20 ընկերություն՝ շուրջ 10 հազար աշխատակիցներով։ Այս ընկերությունների ղեկավարները մտահոգություն ունեն, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլևս չեն կարող գործունեություն ծավալել, իսկ իրենց աշխատակիցները կհամալրեն գործազուրկների բանակը։ Այս կազմակերպություններն այսօր միավորվել են՝ ստեղծելով Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միություն, որպեսզի իրենց քայլերն իրականացնեն համախմբված ու նպատակային։
Ի՞նչ մտավախություններ ունեն պահնորդական ծառայություններ իրականացնողներն օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում։ Օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, բացի այդ, նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։ Այստեղ առաջ է գալիս առաջին հակասությունը. օրենքն ուժի մեջ է մտնում մեկ ամսից, սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա պետք է տրվեն բարդ ընթացակարգով լիցենզիաները, ինչպես նաև հաստատված չեն լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները։
Ըստ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի՝ թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումը, որակավորումն իրականացնում են համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները։ Սակայն մինչ օրս չկա լիցենզավորված որևէ ուսումնական հաստատություն, որն իրավունք ունի տալու այդպիսի վկայագիր։ ԿԳՆ-ի հաստատված մասնագիտությունների ցանկում չկան «պահնորդ» և «թիկնապահ» մասնագիտությունները։ Հետևաբար, որպեսզի մասնավոր պահնորդական կազմակերպությունների պահնորդները ստանան որակավորում, անցնեն որակավորման ստուգում ոստիկանությունում և ստանան փաստաթուղթ, ապա պետք է հաստատվեն նշված մասնագիտությունները, հաստատվեն պետական կրթական չափորոշիչները, այնուհետև լիցենզավորվեն ուսումնական հաստատությունները, որտեղ պահնորդներն ուսուցում պետք է անցնեն նվազագույնը 4 ամիս, իսկ թիկնապահները` նվազագույնը 1 տարի։ Ստացվում է, որ առաջիկա մի քանի ամիսներին մենք չենք կարող ունենալ պահնորդ կամ թիկնապահ աշխատելու իրավունք ունեցող անձինք. օրենքն ուժի մեջ է մտել, բայց չկան համապատասխան պայմաններ այն կիրարկելու համար։ Պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների ղեկավարները նաև պնդում են, որ պահնորդ աշխատելու համար նախատեսված 4-ամսյա դասընթացները բավականին երկար են, և առավելագույնը մեկ ամիսն էլ բավական է, որպեսզի յուրացվեն մասնագիտական հմտությունները։ Ըստ նրանց, հստակ պետք է տարանջատվեն «պահնորդ» և թիկնապահ հասկացությունները։ Դրանք տարբեր ոլորտներ են և պետք է կանոնակարգվեն տարբեր օրենքներով։ Ըստ ոլորտի մասնագետների՝ թիկնապահական ինստիտուտի նկատմամբ ցանկացած օրենսդրական խստացում արդարացված է, ինչը չի կարելի ասել պահնորդի մասին, որը հասարակ պահակն է։ Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ոչ մի պահնորդի չես կարող ասել՝ 4 ամիս մի աշխատիր և գնա պահնորդություն սովորիր։ Բացի այդ, օրենքը պարտադրում է, որ բոլոր պահնորդները պետք է զենք կրեն, ինչը, ասենք, դպրոց կամ սովորական շինություն վերահսկող պահնորդին հարկավոր չէ։
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միության անդամները նշում են, որ օրենքն ընդունվել է առանց իրենց հետ քննարկումների, շատ հապճեպ։ Նրանք պահանջում են, որ փոփոխվի օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը, սահմանվի նոր՝ իրատեսական ժամկետ, ինչպես նաև հաշվի առնվեն իրենց առաջարկները։
Ի դեպ, պահնորդական գործունեությունը համանման է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթներին, և պահնորդական ծառայություններ մատուցողները ստվերային նպատակներ են տեսնում այս ամբողջ գործընթացի մեջ։ Մտավախություն կա նաև, որ օրենքի ընդունման դեպքում ոլորտում կհաստատվի մենաշնորհ, և ոչ յուրային կազմակերպությունները դուրս կմղվեն ասպարեզից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ