Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Անշրջելիության կրիտիկական կետ

Անշրջելիության կրիտիկական կետ
20.09.2024 | 11:00

Ատոմային զենքով զինված կողմերի միջև խաղաղություն հաստատելու միակ միջոցը եղել և մնում է փոխադարձ գոյաբանական վախի վրա հիմնված հավասարակշռությունը նրանց միջև։ Բայց դա աշխատում է որպես մինիմալ գոյաբանական ռիսկերով միջոց միայն հարաբերությունների ստացիոնար կամ հաստատված ռեժիմում, ինչպես ԽՍՀՄ-Արևմուտք հարաբերությունների ժամանակ էր։

Աշխարհակարգի անցումային ռեժիմներում մի պարադիգմից դեպի մյուսը այդ սկզբունքը դարձյալ աշխատում է, բայց արդեն՝ դինամիկ ռեժիմում, որը էական տարբերություններ ունի ստացիոնար ռեժիմից։

Առաջին ու ամենաէական տարբերությունը նրանց միջև կայանում է նրանում, որ դա արդեն մինիմալ գոյաբանական ռիսկերի հաստատուն ռեժիմ չէ, այլ շատ ավելի մեծ ու փոփոխական ռիսկերի ռեժիմ է։

Այս ռեժիմի առանձնահատկությունն այն է, որ ռիսկերի հետ խաղի դինամիկ ռեժիմի սկզբնական մասում հակամարտության կողմերը քայլ առ քայլ գոյաբանական ռիսկերը մեծացնում են՝ «ով առաջինը շատ կվախենա» սկզբունքով։

Մասշտաբային հակամարտության բոլոր նման դեպքերում գոյություն ունի պրոցեսի, այսպես կոչված, անշրջելիության կրիտիկական կետ (critical point of no return, критическая точка невозврата), որից հետո ռիսկերը դառնում են անկառավարելի, և պրոցեսը հեղեղանման գնում է դեպի աճող անհավասարակշռություն, որն էլ բերում է մասշտաբային բախումների ու պատերազմների։

Ավելի բարեհաջող դեպքերում, մինչև գոյաբանական ռիսկերի կրիտիկական մակարդակին հասնելը, գիտակցելով անվերադարձ ու ահռելի փոխադարձ գոյաբանական կորուստների անխուսափելիությունը, հակամարտության կողմերը ուզած-չուզած ընտրում են կոնֆլիկտի հարթեցման դիվանագիտական ճանապարհը և աստիճանաբար նստում բանակցությունների սեղանի շուրջը։

Հակամարտության սուր փուլից ավելի մեղմ ռեժիմների անցման ժամանակ շատ կարևոր է նաև ոչ գոյաբանական կորուստների ու շահերի բալանսն ու կոմպրոմիսը։

Ուրիշ խոսքով, շատ կարևոր է այն հարցը, թե գլոբալ իմաստով կողմերից որ մեկն է դուրս գալու ոչ գոյաբանական մեծ կորստով և որ կողմը՝ ոչ գոյաբանական մեծ շահով։

Այս պրոբլեմն ունի մի շատ կարևոր կողմ ևս, որի իմաստն այն է, որ ցանկացած հակամարտության պրոցես ընթանում է պատահականություններով ու իներցիոն որոշումներով լի միջավայրում։

Այս ամենը բերում է նրան, որ անշրջելիության կրիտիկական կետ (critical point of no return, критическая точка невозврата) ասածը իրականում ժամանակի պատահական կետ է, որ ունի հավանականային բաշխում։

Դա նշանակում է, որ փոքր հավանականությամբ հակամարտության պրոցեսի անշրջելիության կետը կարող է լինել նաև այն ժամանակ, երբ կողմերը կարծում են, թե իրենք դեռ շատ հեռու են դրանից և շարունակում են փորձել, թե ով ավելի շուտ ու ավելի շատ կվախենա։

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ մարդիկ, նույնիսկ չուզենալով, իրենց կամակորության ու անհեռատեսության պատճառով անսպասելիորեն կարող են հայտնվել կատաստրոֆայի ուղիղ կենտրոնում։

Սա է ներկա գլոբալ հակամարտության հետ կապված ամենավտանգավոր ռիսկը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ