Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
23.06.2017 | 09:41

(սկիզբը՝ այստեղ)

Չորրորդ «առաջնորդն» ունեցավ ԽՄԿԿ իր չորս համագումարները՝ XXIII, XXIV, XXV, XXVI: Չնայած ընդունած «համաշխարհային պատմական որոշումներին», այդ համագումարներից ոչ մեկը քիչ թե շատ կարևոր դեր չխաղաց երկրի կյանքում: Երկիրը «վստահորեն» ընթանում էր դեպի ճահիճ, դեպի տոտալ տնտեսական ճգնաժամ, ինչը դժվարությամբ հաջողվում էր լոկալացնել միայն գազի, նավթի, ոսկու, այլ բնական հարստությունները հսկայական ծավալներով արտահանելու հաշվին, ինչը, իհարկե, անվերջ չէր կարող շարունակվել: Պահանջվում էին պատասխանատու, իսկապես պատմական որոշումներ, հրամայական էր դարձել արմատական փոփոխությունների կատարումը:


Չեխոսլովակիայի դեպքերից (1968 թ.) մինչև աֆղանական արկածախնդրությունը (1979 թ. դեկտեմբեր) երկրում արտաքնապես հաշտ ու խաղաղ մթնոլորտ էր տիրում: Անոմալ շատ շեղումներ դարձել էին նորմ. մարդիկ վատ էին աշխատում, բայց ստանում էին խղճուկ պարգևավճարներ և «տասներեքերորդ» աշխատավարձ, արտասահման մեկնած պատվիրակությունների անդամներից շատերը (գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ) ավելի ու ավելի հաճախ չէին վերադառնում, ԽՄԿԿ տարածքային բաժանմունքների քարտուղարները վերածվում էին տեղական իշխանիկների, ռազմարդյունաբերական համալիրը տարեցտարի ավելի ու ավելի էր պահանջում` ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։ Մարդիկ մտածում էին մի բան, բայց սովորել էին ասել բոլորովին այլ բան: Բրեժնևը հռչակում էր, թե «ապագան պատկանում է կոմունիզմին»։ Իսկ այդ նույն ժամանակ նրա զինակիցներն ու գործընկերները երկրի ոսկու պաշարների ձուլակտորներով ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում հացահատիկ, միս, մթերք էին գնում:


Բրեժնևի երկարատև, համարյա քսանամյա, արտաքնապես անխռով-լճացած, խորապես պահպանողական կառավարման շրջանը երկու անգամ ընդհատվեց միջազգային բուռն իրադարձություններով՝ գլխավոր քարտուղարի տիրակալության սկզբում և կյանքի մայրամուտին: Խոսքը Չեխոսլովակիայում «Պրահայի գարնան» դեմոկրատական ծիլերի ճնշման և հարևան Աֆղանստանի գործերին ռազմական բացահայտ արկածախնդրական միջամտության մասին է 1979 թ. դեկտեմբերի վերջին: Եվ սրանից հետո, դեռ մեկ տարի էլ չանցած, 1980 թ. օգոստոսին, քաղբյուրոն ընդունում է Լեհաստանին «ռազմական օգնություն ցուցաբերելու» միջոցառումներ նախապատրաստելու մասին որոշումը: Հսկա տերության «չափած-ձևած» ու միապաղաղ կյանքն ընդհատվեց ռազմական կտրուկ շարժումներով: Բրեժնևը, իր զբաղեցրած պաշտոնով լինելով պետության առաջին դեմքը, բոլոր նման դեպքերում գտնվում էր իրադարձությունների և հանրության ուշադրության էպիկենտրոնում: Բայց դա չէր նշանակում, թե հենց նա էր կայսերապետական ու միլիտարիստական ակցիաների նախաձեռնողն ու գեներատորը: Գլխավոր քարտուղարը պատրաստակամորեն կատարում էր քաղբյուրոյի առավել ռազմատենչ մասի (Սուսլով, Անդրոպով, Գրոմիկո, ՈՒստինով, Չեռնենկո) և ամենազոր Խթը-ի կամքը: Միայն առաջին հայացքից կարող էր թվալ, թե գլխավոր քարտուղարը հզոր կայսրության լիիրավ տերն է ու «առաջնորդը», բայց իրականում նրան վստահված էր տոտալիտար համակարգի գլխավոր խամաճիկի դերը, որը նա իրականացնում էր համառորեն ու հետևողաբար:


Բրեժնևի իշխանության 18 տարիները լիուլի հարստացրին մեր «անեկդոտչիկների» «ռեպերտուարը»: Ոչ մի երկրում երբևիցե այդքան անեկդոտներ չեն ստեղծվել և պատմվել իրենց «առաջնորդների» մասին, որքան ԽՍՀՄ-ում: Ստալինի ժամանակ դրանց տարածման մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանզի պատմողը պատասխան կտար գլխով կամ, լավագույն դեպքում, 10 տարի ԳՈՒԼԱԳ-ում անցկացնելով: Բայց Խրուշչովից սկսած, դրանք անպատիժ տարածվում էին, ընդգրկելով նաև նախկին առաջնորդներին` Չապաևին ու Անկային, Կլիմ Վորոշիլովին ու ընկեր Բուդյոնուն։ Բրեժնևի չափ ու սահման չճանաչող փառասիրությունը ծաղրող հազար ու մի պատմություններ էին շրջում։
Խորհրդային քաղաքական անեկդոտը, որի կենտրոնում սովորաբար գտնվում էր կուսակցական առաջնորդը, ժողովրդական բանահյուսության ինքնատիպ ստեղծագործություն է: Միայն այդպես ժողովուրդը կարող էր արտահայտել իր վերաբերմունքը սեփական առաջնորդների նկատմամբ, որոնք ոչ միայն չար ու անախորժ դեմքեր էին, այլև ծիծաղելի ու ծաղրուծանակի արժանի իրենց ոչնչությամբ, սահմանափակությամբ: Բանը ոչ միայն Խրուշչովի անգրագիտության, Բրեժնևի փառասիրության, Չեռնենկոյի ոչուփուչության մեջ էր, այլև իրենց ապրած համակարգի նկատմամբ խորհրդային մարդկանց առանձնահատուկ վերաբերմունքի մեջ: Հնարավորություն չունենալով բացեիբաց ասելու այն ամենը, ինչ նրանք մտածում էին «ամենաարդարացի լենինյան համակարգի», կոմունիստական գաղափարախոսության, հատուկ ծառայությունների ամենազորության մասին, հասարակ մարդիկ մեկուսի, անդորր տեղերում վարժվում-«մարզվում» էին, ծաղրելով իրենց առաջնորդներին, ովքեր, չնայած անձնական կյանքի բացարձակ փակվածությանը, իրենց ծաղրելու բազում առիթներ էին տալիս:

Լեոնիդ Իլյիչը լրիվ կորցրել էր իրականության զգացողությունը, ընկել էր մանկամտության գիրկը, դարձել իր մերձակա քծնող շրջապատի գերին, իսկ ժողովրդի աչքում՝ բացահայտ ծաղրուծանակի առարկա: Նա «դարձավ» Խորհրդային Միության քառակի հերոս (հավասարվեց մարշալ Գեորգի Ժուկովին), դրանից առաջ էլ սոցիալիստական աշխատանքի հերոսի Ոսկե աստղ ուներ, ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում, «իր» «Մալայա զեմլյա», «Խոպան», «Վերածնունդ» եռապատումի համար՝ գոնե մի տող իսկ գրած չլինելով, «արժանացավ» Լենինյան մրցանակի: (Ինտելեկտուալ պոռնկությունը վաղուց էր ԽՄԿԿ ներքին կյանքի նորմ դարձել: Կուսակցական շրջկոմի ցանկացած քարտուղար բնականոն բան էր համարում, երբ իր համար գրում էին ոչ միայն ճառեր, այլև հոդվածներ թերթերում, իսկ մի մասի համար` նաև դիսերտացիաներ):


Բրեժնևը պարգևատրվեց նաև «Հաղթանակ» շքանշանով։ Կանոնադրության համաձայն այդ շքանշանով կարող են պարգևատրվել միայն բարձրագույն զորավարական կազմի ներկայացուցիչները՝ պատերազմի ելքի վրա էական ազդեցություն ունեցած ռազմավարական գործողությունների մշակման և իրականացման համար և հենց այդ պատճառով (պատերազմի ժամանակ Բրեժնևն ընդամենը գնդապետի կոչում ուներ և բանակի քաղղեկ էր), 1989 թ. Մ. Գորբաչովի հրամանով 1978 թվականի հրամանագիրը՝ Բրեժնևին այդ շքանշանով պարգևատրելու մասին, չեղյալ հայտարարվեց և շքանշանը հետ վերցվեց:
Հսկա երկրի ղեկավարը մանկան պես ուրախանում էր, երբ նրան հանձնում էին Ֆ. Ժոլիո-Կյուրիի անվան «Խաղաղության ոսկե մեդալ», աֆղանական «Ազատության Արեգակ» շքանշան, հասարակական գիտությունների ասպարեզում բարձրագույն պարգևը՝ Կարլ Մարքսի անվան Ոսկե մեդալ և տասնյակ ու տասնյակ նման բաներ: Լեոնիդ Իլյիչը գրագիտությամբ չէր փայլում, ոչ գրել էր սիրում, ոչ կարդալ: Այլապես կկարդար ու կիմանար Ջոնաթան Սվիֆթի կարծես հենց իր մասին գրված խոսքը. «Փառասիրությունը ավելի շուտ սեփական ոչնչության ցուցանիշ է, քան մեծության»:
Եվ նորից «գրական» դադար հայտարարենք ու հիշենք Սերգեյ Դովլաթովին.

Указ:
За успехи в деле многократного награждения товарища Брежнева орденом Ленина наградить орден Ленина -
Орденом Ленина!
Сергей Довлатов. «Записные книжки».

Արժե նշել, որ չնայած իր անչափելի փառասիրությանը, Բրեժնևը շատ սենտիմենտալ, նույնիսկ մի քիչ էլ լացկան մարդ էր, յուրովի բարի, որից հաճախ էին օգտվում նրան «կպռճկած» բազմաթիվ ծանոթները և քծնող շրջապատը: Նա սիրում էր մարդկանց և, քանի դեռ հիվանդ չէր, պարբերաբար հանդիպում էր իր ռազմաճակատային ընկերների հետ (նրանց թվում էր պրոսպեկտի Փակ շուկայի մսավաճառ, հետագայում երևանցիների շրջանում բավականին հայտնի, «ՁՌՔՌվՈ» սրճարանի շեֆ, վարպետ Միսակը՝ շատ համակրելի մի մարդ, որ նաև տողերիս հեղինակին է պատմել այդ հանդիպումների մասին և թե ինչպես է Մալայա Զեմլյայում փրկել ծովում խեղդվող փոխգնդապետ Լեոնիդ Բրեժնևին), սիրում էր շփվել նրանց հետ, հաճախ էր օգնում ոչ միայն ծանոթներին, այլև նրանց, ովքեր կարողանում էին նրա հոգին շարժել իրենց պատմածով, դժգոհությամբ, իրեն դիմելով:
Բրեժնևը սիրում էր նվերներ տալ, սիրում էր և ստանալ: Արտասահմանում նրան նվիրում էին շքեղ մեքենաներ, իսկ իր երկրում` գեղեցկազարդ հրացաններ, թրեր, ադամանդե ինկրուստացիաներով սափորներ, թանկարժեք քարերով զարդարված ոսկե ժամացույցներ և թանկարժեք այլ իրեր: Իսկ հանրապետություններից մեկում Բրեժնևի ծննդյան 70-ամյակի առթիվ նրան նվիրել էին մաքուր ոսկուց ձուլված իր կիսանդրին: Վոլկոգոնովը չի նշում հանրապետության անունը: Մենք էլ չենք նշի, բայց չեմ կարծում, որ «Իրատեսի» ընթերցողների մեջ կարող է լինել այն աստիճանի միամիտ մեկը, որ չկռահի, թե որ հանրապետության մասին է խոսքը, որի ղեկավարը շողոքորթության ու քծնանքի դրանից շատ ավելի «բեթար» բաների էր ընդունակ, իսկ «սապոնվելով» որոշ մարդկանց բոլորովին ուրիշ ֆունկցիայի ծառայող անցքերը մտնելու գործում նա պարզապես անգերազանցելի հանճար էր:
Քաղաքականության մեջ, որը հազվադեպ է մաքուր և բարոյական լինում, փոխզիջումային հնարքներից մեկն այն է, երբ համաձայնության են գալիս սովորական մի միջակության առաջ քաշելուն, և կողմերից յուրաքանչյուրը հույսեր է տածում, որ հենց իրեն կհաջողվի լավագույնս օգտագործել «միջակության» թույլ տեղերը: Քաղաքականապես դժգույն մարդը կարող է պետք գալ միանգամից շատերին. մի դեպքում որպես ժամանակավոր, անցողիկ ֆիգուր (սկզբում հենց այդպես էին մտածում Բրեժնևի մասին), որպես միջանձնային համաձայնության ձև կամ էլ որպես խամաճիկ օգտագործվող ֆիգուր:


Քաղբյուրոյի այնպիսի ազդեցիկ անդամներ, ինչպիսիք էին Մ. Սուսլովը, Յ. Անդրոպովը, Դ. ՈՒստինովը, Կ. Չեռնենկոն, Վ. Գրիշինը, Ն. Տիխոնովը, Ա. Գրոմիկոն, ոնց ուզում, այնպես էլ «խաղացնում ու ֆռռացնում էին» Լեոնիդ Իլյիչին: Բնավորության թուլությունը, ֆիզիկական անկարողությունը, ինտելեկտուալ գորշությունը Բրեժնևին դարձրել էին շատ հարմար թիրախ-խորհրդանիշ համամիութենական այնպիսի ղեկավարի, ում որոշումները պատրաստում էին ուրիշները:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 20065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ