Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենի մթերումը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ ՄԱԿԱՐՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արտերկիր արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից մոտ 20 հազար տոննան ծիրան է: Հանրապետությունում, մթերվել է 10 հազար 600 տոննա պտուղ, որից 10 հազար 108 տոննան ծիրան է:Մթերման, ինչպես նաև արտահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ ավելացել են:
Ծիրանը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Նիդերլանդներ, Նորվեգիա և Բելառուս.այս տարի առաջին անգամ նաև Զիմբաբվե (մոտավորոպես 40 կգ): Պտուղ-բանջարեղենի մթերման ծավալը միասին կազմում է 42 հզր 505 տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը 31 հզր 280 տոննա էր:
Ինչ վերաբերվում է ծիրանի մթերման հետ կապված խնդիրներին, բանախոսն ասաց, որ այժմ մթերման գործընթացը նորմալ հունով ընթանում է: «Հիմա պատրաստվում ենք դեղձի մթերման սեզոնին, որովհետև էլի առատ բերք է սպասվում»:
Ծիրան մթերող ընկերությունները 21 ն են: Նրանք ներկա դրությամբ գյուղացիների հետ խնդիրներ չունեն: Նախկին խնդիրները կապված են «Նոյան» ընկերության հետ. «Ընկերությունն ունի տեխնիկական խնդիրներ, սակայն մթերումները կշարունակեն մյուս գործարարները»,-իրազեկեց Ռ.Մակարյանը:
Նա հույս հայտնեց, որ արտահանման ցուցանիշները դեռ կաճեն, քանի որ մթերման գործընթացը դեռ չի ավարտվել:Փոխնախարարի խոսքով, որոշ կազմակերպություններ վճարումները տեղում են կատարում, իսկ որոշներն էլ` պայմանագրերեր են կնքում և 7-10 օրվա մեջ վճարումներն անում:
Ի դեպ, անորակ, կարկտահարված ծիրանի բերքը մթերվել է 40-50 դրամով, իսկ որակյալ ծիրանը արտահանվել է առավելագույնը 600-700 դրամով, նվազագույնը` 200-250 դրամով: «Այն ծիրանը, որը վերամշակող ընկերություններն են գնում 50 դրամով, երևի մեզանից ոչ մեկը շուկայում այդ ծիրանին 20 դրամ չէր տա, սակայն գյուղացիներն էլ իրենց հերթին են բողոքում, որ գինը ցածր է»:
Ինչպես փոխնախարարն է նշում, ծիրանի գինը իրենք չեն թելադրում, այլ շուկան:
Ինչ վերաբերվում է պարտքերին, բանախոսը վստահեցրեց, որ անցած տարվա պարտքերը հիմնականում մարված են: «Գյուղացիները պնդում են, որ 1,5-2 միլիոն դրամի չափով պարտք է «Սպայկա» ընկերությունը, սակայն կազմակերպությունը միջնորդին երկու անգամ վճարել է, որպեսզի այդ գումարները գյուղացիները ստանան»,-պարզաբանեց Մակարյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայում բանակցություններ են տարվում քաղաքապետարանի հետ, որպեսզի տոնավաճառների թիվն ավելանա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ