ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նժդեհն ինձ պաշտպանեց ամբողջ այդ ընթացքում, որ մենք անվնաս հասնենք տեղ»

«Նժդեհն ինձ պաշտպանեց ամբողջ այդ ընթացքում, որ մենք անվնաս հասնենք տեղ»
18.08.2009 | 00:00

1983-ի օգոստոսին Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիրի կենտրոնական բանտի գերեզմանոցից գաղտնի տեղափոխվեց Հայաստան։ Այդ կարևոր ու այն ժամանակներում խիստ վտանգավոր գործը հանձն առավ ու իրականացրեց Նժդեհի թոռնուհու ամուսինը` բանասեր, թարգմանիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին դասախոս ՊԱՎԵԼ ԱՆԱՆՅԱՆԸ։ Այսօր այդ թեմային անդրադառնալու պատճառն այն է, որ նախաձեռնությունն իրագործողը անհրաժեշտ է համարում Նժդեհի աճյունի գենետիկ փորձաքննության իրականացումը, ավելորդ խոսակցություններին վերջ տալու նպատակով։
-Պարոն Անանյան, որտեղի՞ց առաջացավ Նժդեհի աճյունը Վլադիմիրից Հայաստան տեղափոխելու գաղափարը` նրա մահից շուրջ 30 տարի հետո։
-Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Գարեգին Նժդեհը մահացել է 1955-ի դեկտեմբերին, Վլադիմիրի կենտրոնական բանտում։ 1976-ին ես ամուսնացա Նժդեհի թոռնուհու` Գոհարինե Տրդատյանի հետ։ Մինչև 1921-ին Հայաստանից հեռանալը Նժդեհը կին և դուստր է ունեցել, որոնք հետագայում` խորհրդային տարիներին, ծանր հալածանքների ենթարկվեցին։ Այսինքն` իմ կինը նրա թոռնուհին է առաջին ամուսնությունից, երկրորդ անգամ նա ամուսնացել է Բուլղարիայում։ 1979-ին ինձ մոտ եկավ այժմ հանգուցյալ Գուրգեն Արմաղանյանը, որը Վարագ Առաքելյանի ընկերներից էր։ Ասաց, որ ճանաչել է իմ զոքանչին և նրա մորը, ուզում է մեր ընտանիքի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև շատ է մեծարում Նժդեհին։
Այդպես մեր շփումը շարունակվեց մինչև 1982 թվականը։ Արմաղանյանն այդ ժամանակ արդեն ծեր էր, ապրում էր «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, Կաշեգործների փողոցի իր սեփական տանը։ Ստալինյան ժամանակներում նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, և, իհարկե, հակասովետական տրամադրությունների մարդ էր։ Նրա այգում հաճախ էին հավաքվում իր տարեկից, նույն տրամադրություններն ունեցող, ստալինյան ճամբարներն անցած մարդիկ։ Ես ընդհանրապես բնավորությամբ վստահող չեմ, բայց Արմաղանյանին, չգիտես ինչու, վստահեցի։ Մեր 2-3 տարվա շփման ընթացքում նա էլ ստուգում էր ինձ, փորձում, երևի, հասկանալ, թե ես որքանով եմ հարմար իր մտադրությունների իրագործման համար։
-Ե՞րբ Ձեզ առաջարկվեց մեկնել Վլադիմիր։
-1982-ի աշնանը։ Գուրգեն Արմաղանյանն այդ խոսակցությունը սկսեց այն ենթատեքստով, որ համարձակ մարդ է պետք, որ գնա Վլադիմիր ու փորձի Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ այդ խումբը գլխավորում է Վարագ Առաքելյանը։ Արմաղանյանն ինձ համոզեց, որ ես ամենահարմար թեկնածուն եմ։ Առաջին հերթին ես ֆիզիկապես շատ քիչ եմ նման հայի, բացի այդ, ռուսական կրթություն ունեմ, բացարձակ տիրապետում եմ լեզվին։ Իհարկե, ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ ես Նժդեհի թոռնուհու ամուսինն էի։ Արմաղանյանը հենց այդպես էլ ասաց. «Պավլիկ ջան, եթե քեզ էդ գործի վրա բռնեն, կարող է պատահի գժանոցով պրծնես, բայց եթե ուրիշ մարդ գնա ու բռնվի, ոտքով-գլխով կկորչի»։ Մի լիրիկական նրբերանգ էլ կար. մեր ընկերական շրջանակում խնջույքի ժամանակ կինս մի անգամ ասաց, թե էս Հայաստանում մի տղամարդ չկա, գնա գոնե ճամպրուկով պապիս աճյունը բերի։ Էդ խոսքը, ճիշտն ասած, սրտիս դիպել էր։
Երբեք հակասովետական կազմակերպությունների մեջ չեմ եղել, նույնիսկ հայերեն գրեթե չէի կարդում, Նժդեհ ընդհանրապես չէի կարդացել։ Բայց համաձայնեցի այդ գործն ինձ վրա վերցնել։ Արմաղանյանն ինձ տվեց Նժդեհի գերեզմանի լուսանկարի բավական անհաջող լուսապատճենը։ Այն արտատպված էր 1970-ին Արգենտինայում հրապարակված դաշնակցական գործիչ Հովհաննես Դևեջյանի գրքից։ ՈՒրիշ որևէ փաստաթուղթ կամ կողմնորոշիչ չկար։ Այդպիսի «պաշարով» էլ 1982-ի դեկտեմբերին Մոսկվա գործուղում ձևակերպեցի ու այնտեղից իմ նախաձեռնությամբ մեկնեցի Վլադիմիր։
-Այդ խմբից որևէ մեկը Ձեզ չուղեկցե՞ց։
-Այդ անգամ նման խոսակցություն ընդհանրապես չեղավ, որովհետև դա, այսպես ասած, նախնական, «հետախուզական» այցելություն էր։ Վլադիմիր հասնելով` գնացի ուղիղ քաղաքային արխիվ։ Երկու երիտասարդ կին էին նստած, նրանց ցույց տվեցի գերեզմանի լուսանկարի լուսապատճենը, ասացի պապիս գերեզմանն է, ուզում եմ որևէ տեղեկություն ստանալ։ Ասացին, որ այդ մի լուսանկարով որևէ բան պարզել հնարավոր չէ։ Հետո երևի տեսան, որ հեռվից եմ եկել, թույլ տվեցին այդ ժամանակաշրջանին վերաբերող արխիվային գրքերը նայել։ Մի ժամ տակն ու վրա անելուց հետո հասկացա, որ 1953-56 թթ. մահացածների վերաբերյալ տեղեկատվություն պարզապես չկա։
-Այսինքն` դիտավորյալ ոչնչացված էր։
-Երևի։ Թևերս ուղղակի թուլացան։ Այդ ժամանակ ինձ մոտեցավ արխիվում ինչ-որ գործով գտնվող մի մարդ, հարցրեց, թե ինչ եմ որոնում։ Բացատրեցի, ծանոթացանք, անունը Հենրիխ էր, պարզվեց, որ աշխատում է Վլադիմիրի գերեզմանոցների վարչությունում, տեխնիկ էր, թե ինժեներ։ Բացատրեց, որ Վլադիմիրում շատ գերեզմանատներ կան։ «Եթե պապդ ռեպրեսիայի է ենթարկվել ու մահացել է բանտում, ճիշտ կլինի գերեզմանոցի պատմական հատվածում որոնես, որ ուղիղ կենտրոնական բանտի կողքին է»։ Նրա այս առաջարկից հետո միասին տաքսի վերցրինք ու գնացինք Վլադիմիրի նշանավոր «ցենտրալին» կից գերեզմանատուն ու երկուսով սկսեցինք փնտրել։ Ես գերեզմանի լուսանկարի պատճենը ձեռքիս շրջում, նայում էի, բայց չէի գտնում ու այդպես մի քանի անգամ անցա Նժդեհի գերեզմանի կողքով։ Հետո Հենրիխը եկավ, ասաց, որ գերեզմանոցի մյուս հատվածում թաղված հայեր կան, բայց Գարեգին Տեր-Հարությունյան չկա։
Իրիկնանում էր։ Երեկոյան ժամը 5-ի մոտ երկու կին էին քայլում գերեզմանոցի կողքի ճանապարհով։ Չգիտեմ ինչն ինձ դրդեց, որ մոտենամ նրանց, հարցնեմ, հետո կես ճանապարհին փոշմանեցի։ ՈՒ էդպես իներցիայով դրանց հետևից քայլելով գնացի, մինչև մշուշի միջից երևաց մատուռից թերևս մի քիչ մեծ ռուսական եկեղեցին։ Մտա ներս, մի տեսակ թևաթափ եղած, չգիտեմ ինչ անեմ։ Երկու մոմ վերցրի, վառեցի, մեկ էլ հետո զգացի, որ հայերեն աղոթում եմ, որ Աստված ինձ օգնի։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց հենց այդ պահին հիշեցի Գուրգեն Արմաղանյանի ու նրա ընկերների խոսակցություններից պատառիկ, որ Նժդեհի գերեզմանը հենց այդ եկեղեցու մոտակայքում է։ Արագ դուրս եկա եկեղեցուց, ու գերեզմանի լուսանկարի պատճենը ձեռքիս սկսեցի արագ-արագ գերեզմանները նայելով գնալ։ Հենց այդ ժամանակ էլ տեսա գերեզմանը, որ ցանկապատով նման էր Նժդեհի գերեզմանին, բայց ցուցանակը չկար։
-Համարում եք, որ դիտավորյա՞լ էին պոկել։
-Չեմ բացառում, որ Դևեջյանի գրքում լուսանկարը հայտնվելուց հետո ցուցանակը «հորով-մորով» էին արել, որ տեղը ոչ ոք չգտնի։ Մտա գերեզմանի տարածքը, ձյունը ձեռքերով մաքրեցի, երկար որոնում էի գերեզմանի ցուցանակը։ Չգտա, ձեռքերս դրեցի գերեզմանին ու բարձրաձայն կանչեցի` Նժդեհ, եթե այստեղ ես, ձայն տուր։ Առանց չափազանցության եմ ասում, ձեռքիս մեջ ցնցում եմ զգացել։ Այնքան էի ուրախացել, որ գտել եմ, որ գոռում էի, իսկ Հենրիխին թվում էր, թե խելքս թռցրել եմ։ Հետո գնացինք Հենրիխի տուն։
-Իսկ հետո ի՞նչ եղավ։
-Վերադարձա Երևան, Գուրգեն Արմաղանյանին պատմեցի, որ գերեզմանի տեղը հայտնաբերված է։ Մնում է աճյունը տեղափոխել։ Այդ ժամանակ Արմաղանյանի խմբից երկու հոգու հետ էլ էի ծանոթացել` Լևոն Մարգարյանի և Վլադիմիր Մխիթարյանի, որ հիմա Գարեգին Մխիթարյան է։ Կապը նաև նրանց միջոցով էի պահում։ 1983-ի ամռանը Գուրգեն Արմաղանյանն ինձ 500 ռուբլի տվեց, ասաց, որ պետք է գնալ և աճյունը բերել։ Միաժամանակ ասաց, որ մի հոգի զինված մարդ կուղեկցի ինձ, որպեսզի ճանապարհին հանկարծ բան չպատահի։ 1983-ի օգոստոսին արձակուրդ ձևակերպեցի, տոմս էի վերցրել Մոսկվա գնալու համար, նախօրեին Գարեգին Մխիթարյանն ինձ տեղեկացրեց, որ զինված մարդ չի լինելու, մենակ պիտի գնամ։ Էլ չուզեցի պարզել, թե ինչու ոչ ոք չի ուզում հետս գալ, մենակ գնացի։
Երևանից հասա Մոսկվա, այնուհետև կրկին Վլադիմիր, ու պարզվեց, որ այդ ամիսների ընթացքում իմ ծանոթ Հենրիխը բնակավայրը փոխել է ու մեկնել Նաբերեժնիե Չելնի։ Գնացի այնտեղ, Հենրիխին գտա, նա կարգին մարդ էր ու չհրաժարվեց օգնելուց։ Ասաց, որ Վլադիմիրում մի պաշտոնաթող չեկիստի է գտել, 70-ն անց մարդու, որը նաև տեղյակ է բանտի կողքի գերեզմանոցում կատարված թաղումներից։ Վերադարձանք Վլադիմիր, գտանք այդ ծերուկին։ Խմելու հետ սեր ունեցող մարդ էր, մի երեք օր սրա հետ ուտել-խմելուց հետո խնդրեցի, որ օգնի` պապիս աճյունը տեղափոխեմ։ Չնայած, ճիշտն ասած, նա արդեն պաշտոնաթող մարդ էր, ու եթե մեզ բռնելու լինեին, նրա վետերան-չեկիստ լինելու հանգամանքը հազիվ թե մեզ օգներ, բայց էլի մի տեսակ հույս էր։
Ճշգրիտ ամսաթիվը չեմ հիշում, բայց շաբաթ էր կամ կիրակի, երկու բահ վերցրինք, գնացինք գերեզմանոց` աճյունը հողից հանելու։
-Օրը ցերեկո՞վ։
-Պատկերացրեք, այո։ Հիմա հետին թվով երբ վերհիշում եմ, հաստատ համոզված եմ, որ նախախնամություն էր։ Որովհետև այդ ընթացքում այնքան սխալներ եմ արել, որ մի քսան անգամ կարող էի ձերբակալվել։ Գերեզմանոցի կողքի ճանապարհով մարդիկ էին գնում եկեղեցի, այդ թվում` զինվորականներ, միլիցիայի աշխատողներ, ու զարմանալիորեն ոչ մեկը չմոտեցավ, չհարցրեց, թե էս ի՞նչ գործ ունեք, ո՞վ է ձեզ թույլ տվել գերեզմանը քանդել։ Ծերուկ չեկիստը նստած էր «գործի գլխին»։ Բահի մի քանի հարվածից հետո (իսկ քանդում էինք ես ու Հենրիխը) բահի` ոսկորին կպչելու ձայն առա։ Հենրիխին խնդրեցի գերեզմանից դուրս գալ, մնացածը ձեռքերով եմ քանդել։ Հողը փափուկ էր, Նժդեհին խոր չէին թաղել։ Նա մահացել էր 1955-ի դեկտեմբերին ու, ամենայն հավանականությամբ, թաղել էին կալանավորները, սառած գետինը փորել էին, ինչքան հավես էին ունեցել։ Ոչ մի այլ մասունք, դագաղի կտոր չկար։ Միայն ոսկորներն էին, որ հատիկ-հատիկ ձեռքերով հանեցի, խոզանակով մաքրեցի, տեղավորեցի պայուսակում։ Հատկապես, երբ գանգը վերցրի ձեռքս, այլևս կասկած չունեի, որ դա Նժդեհն է։ Ի դեպ, նա ինձանից մի քիչ ցածրահասակ է եղել, ու բոլոր ոսկորները հանելիս նաև չափում էի ինձ վրա, որ մի անգամ էլ համոզվեմ` չեմ սխալվել։ Երբ աշխատանքն ավարտեցինք, ու գերեզմանի հողը կրկին տեղը լցրի` հետքերը ծածկելու համար, ծերուկ չեկիստն ասաց. «Ես արդեն գլխի եմ ընկել, որ դու պատահական մարդ չես ու պատահական մարդու հետևից չես եկել։ Հակառակ դեպքում էդպիսի ռիսկի չէիր դիմի»։
Հետո աճյունը տեղավորեցի պայուսակի մեջ, տարա հյուրանոց, իմ ընկերներին հրավիրեցի ռեստորան` մի բաժակ ողորմաթաս խմելու։ Այդքանով էլ բաժանվեցինք։ Բայց ամբողջ գիշեր հյուրանոցի համարում քնել չկարողացա։ Ավելին` այնքան ապուշ էի գտնվել, որ Նժդեհի լուսանկարը տարել էի հետս, ու եթե հիմա լուսանկարն ու ոսկորները ձեռքիս ինձ բռնեին, արդեն պարզ էր` ինչ է լինելու հետագայում։
-Ինչպե՞ս հասաք Երևան։
-Շատ դժվար։ Ահռելի սթրեսի մեջ էի, որովհետև ամեն պահի սպասում էի ձերբակալության։ Մի քանի ժամ Վլադիմիրի կայարանում նստած եմ մնացել ու այդ ընթացքում այնքան տարօրինակ եմ ինձ պահել, որ հարյուր տոկոսով պիտի բռնվեի, եթե Աստված չպահեր։ Մի կերպ հասել եմ Մոսկվա, այնտեղից Երևան գնացքի տոմս չկար։ Ինքնաթիռ նստելն էլ անհնար էր։ Մի կերպ «մաղարիչով» Մոսկվա-Երևան գնացքի հայ ուղեկցորդներից մեկը բեռների համար նախատեսված հատվածում տեղ տվեց։ Մտա վագոն` մեջը լիքը զինվորական։ Մոսկվայից Երևան գրեթե երեք օր չեմ քնել, որովհետև պայուսակի «ցեպը» պայթել էր, մի կերպ կապկպել էի, որ չերևա մեջն ինչ է։ Ամենատարօրինակն այն էր, որ Երևան հասնելուց հետո տուն տաքսիով չեմ գնացել, տրոլեյբուս նստեցի, հանգամանք, որ մինչ օրս ինձ համար էլ անհասկանալի է։ Չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Երբ հասա տուն, կինս, որ գիտեր ինչ նպատակով եմ գնացել, ասաց. «Քեզ Վլադիմիր ուղարկող «հերոսներն» արդեն լուր են տարածել քաղաքում, որ հայրենասերների ինչ-որ խումբ գնացել է Նժդեհի աճյունը բերելու»։
-Աճյունը հանձնեցիք Ձեզ գործուղողների՞ն։
-Զանգահարեցի, մինչ այդ էլ հեռագիր էի տվել, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Գրել էի` քննությունը հանձնել եմ, թե` երեխան ծնվել է, դրա նման մի բան։ Վլադիմիր Մխիթարյանին ու Լևոն Մարգարյանին հանդիպեցի Նոր Նորքի 2-րդ զանգվածի մոտ, Հայկ Նահապետի արձանից մի քիչ ներքև ու Նժդեհի աճյունը հանձնեցի նրանց։ Ճիշտն ասած, զայրացած էի, մի երկու «քաղցր խոսք» էլ ասացի, որ այս ձևով գործ չեն անում։ Մենակ մարդուն առանց որևէ լուրջ օժանդակության, դիլետանտավարի, հայավարի «բառադի» չեն ուղարկում նման առաջադրանք կատարելու։
-Եթե նեղված էիք, աճյունն ինչո՞ւ իրենց հանձնեցիք։
-Երկու պատճառ կար։ Առաջինը, այնուամենայնիվ, մտածում էի, որ ԿԳԲ-ն կընկնի հետքիս վրա, կբռնեն, Նժդեհի աճյունն էլ անհետ կկորչի։ Ինձ թվաց, թե ավելի ապահով է, որ իրենք տանեն, մի թաքուն տեղ պահեն։ Բացի այդ, ինձ հավաստիացրին, որ Վազգեն Ա Վեհափառի հետ բանակցություններ են վարվում` Նժդեհին Գայանե եկեղեցու բակում, Խենթի կողքին թաղելու վերաբերյալ։ Հետո իմացա, որ կաթողիկոսը սկզբում համաձայնել էր, բայց այնուհետև մերժել։ Թե ինչ պատճառաբանությամբ, չգիտեմ։ Մի քանի ամիս անց Վարագ Առաքելյանն ինձ, կնոջս, երեխաներիս հրավիրեց իր տուն ճաշկերույթի, որտեղ ինքը հանդես էր գալիս իբրև «բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդ», ես էլ` «բոլոր ժամանակների Շտիրլից»։ Իրականում այդ ամենի մեջ հայավարի փառասիրությունն ավելի շատ էր, քան գործ անելու ցանկությունը։ Այնքան դիլետանտավարի, գավառական մակարդակով էր կազմակերպված ամեն ինչ։ Դրա համար էլ ես համարում եմ, որ Նժդեհն ինձ պաշտպանեց ամբողջ այդ ընթացքում, որ մենք անվնաս հասնենք տեղ։ Արդեն ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո տեղյակ մարդկանցից իմացա, որ աճյունը տեղ հասցնելուց հետո ԿԳԲ-ն տեղյակ է եղել, բայց իրենց ղեկավարության կողմից չպատժվելու համար նախընտրել են լռություն պահպանել։ Հակառակ դեպքում շատ մարդիկ պաշտոններից կզրկվեին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Հ. Գ. -1983-ի հոկտեմբերի 7-ին, ԽՍՀՄ Սահմանադրության օրը, Վարագ Առաքելյանն ու իր խմբի անդամները Նժդեհի աճյունը տեղափոխեցին Բաղաբուրդ գյուղ և պահեցին ծանոթներից մեկի նկուղում։ Միայն մեկ ողը թաղեցին Խուստուփ լեռան լանջին գտնվող աղբյուրի մոտ, այնուհետև 1987-ի մայիսի 8-ին, Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ, Նժդեհի աճյունը տեղափոխվեց ու թաղվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող ս. Աստվածածին վանական համալիրի տարածքում, որը նաև կոչվում է Սպիտակավոր եկեղեցի։ 1989-ի հունիսի 17-ին Պարույր Հայրիկյանի, Մովսես Գորգիսյանի և ուրիշների նախաձեռնությամբ տեղադրվեց գերեզմանաքար-խաչքար, և այդ օրը դարձավ նժդեհյան օր։ Երբ Կապանում կառուցվեց Գարեգին Նժդեհի համալիրը, Սերժ Մկրտչյանի նախաձեռնությամբ, Սպիտակավորից վերցվեց Նժդեհի աջն ու թաղվեց Կապանի համալիրում։ Այսպիսով, Նժդեհն ունեցավ մեկի փոխարեն երեք գերեզման` Սպիտակավոր, Խուստուփ, Կապան։ Սակայն, Պավել Անանյանի կարծիքով` սա պատմության ավարտը չէ։ «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել Նժդեհի աճյունի գենետիկ փորձաքննություն։ Ժամանակակից գիտությունը տալիս է դրա հնարավորությունը։ Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստան եմ բերել հենց Գարեգին Նժդեհի և ոչ թե մեկ ուրիշի մասունքները։ Բայց Հայաստանում, այդ թվում` վերնախավում, կան մարդիկ, որ չեն հավատում, նաև չարախոսում են այս կապակցությամբ։ Կարծում եմ, այդ կարգի խոսակցություններին վերջ դնելու համար մեկ անգամ և մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի գիտականորեն, որպեսզի տարբեր բամբասանքները Նժդեհի աճյունի շուրջ այլևս դադարեն»։

Դիտվել է՝ 3547

Մեկնաբանություններ