ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Տեր-Պետրոսյանի համար նույնպես հեշտ չի լինելու, որովհետև այս ընտրություններն այլ կարգի ընտրություններ են»

«Տեր-Պետրոսյանի համար նույնպես հեշտ չի լինելու, որովհետև այս ընտրություններն այլ կարգի ընտրություններ են»
03.04.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՅՔԱՐ` ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ ՑԵԽ ՇՊՐՏԵԼՈՒ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ շտաբի պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ
-Պարոն Փամբուկյան, ինչպիսի՞ն է լինելու ՀՀԿ մարտավարությունը, աշխատանքների ո՞ր փուլին եք հասել:
-Շտաբների ձևավորման նախնական փուլում ենք, որից հետո կնախանշվեն առավել կարևոր անելիքները` գաղափարաքարոզչական, մարտավարական ուղղություններով: Աշխատանքների, ոլորտների բլոկավորում է տեղի ունենում, պատասխանատուներ են նշանակվում, և եթե ընդհանուր ձևակերպեմ, ապա` թափ հավաքելու փուլում ենք գտնվում:
-Կարգախոսը չե՞ք որոշել:
-Դեռ ոչ:
-Գաղափարական մա՞սն ինչպես եք բլոկավորել:
-Կազմվում է Երևան քաղաքի զարգացման 2009-2013 թթ. ծրագիր` ապագա Երևանի տեղի, դերի, այսպես ասած, նորովի «ընթերցմամբ»:
-Մոդայիկ է քննարկումը. այս ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ տեղական ինքնակառավարման: Ձեր կարծիքն այդ առնչությամբ։
-Երկու մոտեցումներն էլ տեղ ունեն, որովհետև մեծ հաշվով դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, բայց նկատառելով, որ ընտրություններն ընթանալու են կուսակցական համամասնական ցուցակներով և ծրագրերով, առկա է նաև քաղաքական բաղկացուցիչը:
-Ինչպիսի՞ պայքար եք պատկերացնում մրցակիցների հետ` անողոք, արմատական, «անարմատ»:
-Կարծում եմ, ի տարբերություն նախորդ և մի շարք այլ ընտրությունների, այս ընտրությունները կլինեն առավել հանգիստ, առավել քաղաքակիրթ:
-Ինչի՞ց է սնվում Ձեր լավատեսությունը։ Ի դեպ, թերթերը գրում են, որ իշխանությունների հակաարգումենտացիաների մեջ է մտնում թեզը, թե ընդդիմությունն էլի «ուզում է» մարտի մեկ «սարքել»:
-Չկա՛ նման արգումենտացիա, մենք նախընտրում ենք քաղաքակիրթ պայքար` առանց վիրավորանքների, առանց միմյանց վրա ցեխ շպրտելու. երկրորդումով` կլինի հանգիստ, նորմալ մրցակցություն:
-Եվ այդ մրցակցությունում ՀՀԿ-ն քանի՞ տոկոս կստանա:
-Ոչ թե կարծում, այլ համոզված եմ, որ ՀՀԿ-ն կհաղթի:
-Բոնուսո՞վ, թե՞ «չոր»:
-Վաղ է ասել, բայց համոզված եմ, որ Գագիկ Բեգլարյանը և մեր թիմն անպայմանորեն կհաղթեն. նախորդ հինգ տարիներին Երևանում կատարված աշխատանքներն սկզբունքորեն դա են հաստատում, և այդ առումով մեր հաղթանակը բավականին իրատեսական է: ՈՒ թե ելնենք Ձեր մատնանշած «չոր» հաշվարկից, ապա նույն այդ հինգ տարիների ընթացքում ընդդիմության ու մնացյալ ուժերի մասնակցությունը Երևանի կայացման գործում առանձնապես մեծ չի եղել: Ի դեպ, Երևանի` 2009-2013 թթ. մեր ներկայացնելիք ծրագիրը նույնպես բավականին հավակնոտ ու հեռանկարային է:
-Իսկ ՀՀԿ-ն ի՞նչ «խոկումներով» է գնում ընտրությունների` «վճռական մենակի՞», կոալիցա կազմելո՞ւ, թե...
-Ամեն բան կախված կլինի բացառապես ընտրությունների արդյունքներից:
-«Ոմանք» ասում են` արդյունքների շուրջ արդեն պայմանավորվածություններ, գծագրեր, ճանապարհային քարտեզներ կան:
-Անհիմն խոսակցություններ են:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների շանսերը, ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Բոլորին:
-ՈՒրիշ այլ, հզո՜ր մրցակից չունե՞ք:
-Ո՛չ: Բոլորը հավասարապես մեր մրցակիցներն են:
-Գիտե՞ք, պարոն Փամբուկյան, մինչ ՀՀԿ-ն գտնվում է «շտաբների ձևավորման նախնական փուլում», «մրցակիցներից» ՀՅԴ-ն արդեն կոչնակներ է հնչեցնում առ «դեմագոգիա» և ուժեղագույնս ընդդիմադիր դիրքերից պահանջում իր կոալիցիոն գործընկերոջից, այսինքն` ձեզնից, չկիրառել վարչական լծակները։ Ասել է` քաղաքապետարանի ֆինանսները, «գործերը» չծառայեցնել նախընտրական նպատակներին:
-Այսինքն` այս շրջանում քաղաքապետարանն ի՞նչ անի` «մահանա՞», ծառ չտնկի՞, աղբը չհավաքի ու սպասի ընտրություններն ավարտվե՞ն, ծառատունկն անի հունիսին, աղբը հավաքի հուլիսի՞ն: Աբսուրդ: Բոլորս էլ մեր այգիներում ծառ տնկում ենք ապրիլ-մայիս ամիսներին, անցած տարի էլ, երբ ընտրություններ չկային, նույնպես մայրաքաղաքի ասֆալտապատումը, կառուցապատումը, ծառապատումը սկսվել էր ապրիլ ամսին` ձմռան ավարտին պես: Նույնը` նախանցյալ տարի: Եվ Ձեր ասած «կոչնակների հնչումը», մեղադրանքները բացարձակապես անհիմն են:
-Իսկ հիմա ամենաչարչրկված հարցի` «100-տոկոսանոց ցուցակների», թաղապետարաններում` բարեկամ, ծանոթ, հարազատների անձնագրերի «հավաքագրման» մասին. ինչո՞ւ եք այդքան շուտ սկսել «աշխատանքները»:
-Հաջորդ աբսուրդը: Գիտե՞ք, եթե ինչ-որ մեկը բացատրեր, թե մենք ինչու ենք դա անում և այն էլ ընտրություններից երկու ամիս առաջ, հասկանալի կլիներ, բայց գոնե ես բացարձակապես չեմ հասկանում այդ ամենի իմաստը և հավատացնում եմ, որ կենտրոնական շտաբը նման որևէ դրսևորում ոչ միայն չի խրախուսում, այլև խստիվ արգելում է: Ինքնին հասկանալի է, չէ՞, թե դա որքան է հարվածում մեր թեկնածուի իմիջին, մեր աշխատանքներին։ Ես երեք ընտրություն եմ անցել, և բացարձակապես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ տեխնոլոգիա է: Հնարավոր է և ինչ-որ ակտիվիստների ջանասիրության արդյունք լինի կամ միգուցե` մրցակիցների հակաքարոզչություն, համենայն դեպս, հաշվի առնելով հանգամանքը, որ որոշ ԶԼՄ-ների միջոցով հնչեցվել է հարցը, կենտրոնական շտաբը խիստ հրահանգ է իջեցրել` որևէ ստորագրահավաք, որը կառնչվի ընտրական պրոցեսների հետ, չիրականացնել և խիստ վերահսկողություն սահմանել այդ կարգի խնդիրների վրա, որևէ բան նկատելու դեպքում անպայման տեղյակ պահել գլխավոր շտաբին:
-ԶԼՄ-ներում քիչ չեն նաև տեսակետները, թե ՀՀԿ թեկնածուն հնարավոր է փոփոխվի, առաջին ու երկրորդ համարները հետ ու առաջ արվեն:
-Նույնքան պարապ, անհիմն, ոչ մի տեղից ծնված «խոսակցություններ»: Գիտե՞ք, մենք բոլորով մտել ենք նախընտրական մի փուլ, ուր ամեն կարգի «խոսակցություն, ընդդիմախոսություն, տեսակետ» հնարավոր է հնչի, այդ ամենին մենք վերաբերվում ենք խորին հանգստությամբ և անտարբերությամբ:
-Ձեր ասածներից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ի մոտիկ և «հեռու» մրցակիցներն են դրանք պտույտի մեջ դնում, և Դուք հակընդդեմ որևէ քայլ չեք ձեռնարկում:
-Ոչ մի քայլ. մենք ավելի լուրջ գործեր ունենք, և նման «մտքերին ու խոսակցություններին» հետևելու շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող:
-Անակնկալ չէ՞ր Ձեզ համար այնպիսի մրցակցի ի հայտ գալը, ինչպիսին Տեր-Պետրոսյանն է, չէ՞ որ ընտրություններում նրա ներգրավումը խաղն ամբողջովին փոխեց:
-Ինչ-որ առումով գուցեև անակնկալ էր, բայց ոչ ավելին: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի համար նույնպես հեշտ չի լինելու, որովհետև այս ընտրություններն այլ կարգի ընտրություններ են, և համոզված եմ, որ Երևանի բնակչության մեծամասնությունը շատ լավ է հասկանում, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են և ոչ թե համապետական կամ նախագահական;
-Հետաքրքիր է, իսկ շտաբն իր առջև դրե՞լ է խնդիր` ինչ-ինչ հարցերում համագործակցության գնալ ընդդիմության հետ, որպեսզի բացառվեն ընտրակեղծիքները, նախընտրական և հետընտրական սրացումները և այդպես շարունակ:
-Ինչո՞ւ ոչ:
-Ի՞նչ «ֆորմատով»:
-«Ֆորմատի» մասին դեռևս որևէ բան ասել չեմ կարող, համենայն դեպս, գոնե ինձ համար անընդունելի են ծայրահեղական մոտեցումները. ասել է. տարբերակ «ա»` մենք հաղթում ենք, տարբերակ «բ»` եթե չենք հաղթել, ուրեմն ընտրությունները կեղծվել են: Ես ուղղակի կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ հանրապետական կուսակցությունը որևէ ցանկություն և կարիք չունի ընտրությունները կեղծելու:
-Փաստորեն, և բոլոր դեպքերում, համագործակցության պատրաստակամություն կա Ձեր թևում:
-Ասացի` ինչո՞ւ ոչ:
-Ի դեպ, շատերը պնդում են, թե այս ընտրությունները կարող են նաև տարածաշրջանային վեկտորալ ազդեցություններ կրել, Ձեր շտաբում այդ կարգի «մտորումներ», նախագծումներ կա՞ն:
-Որևէ հիմք չկա այդքան հեռուն գնացող «մտորումների» համար:
-Ես Ձեր մեջ մի յուրօրինակ հանգստություն եմ տեսնում, ի՞նչն է պատճառը:
-Դե, գիտե՞ք, եթե տեսնեիք, որ անհանգիստ եմ, այդ ժամանակ էլ հարցնելու էիք` ինչո՞ւ եմ այդքան անհանգիստ, չէ՞:
-Չէ՛: Անհանգիստը կհասկանայի, հանգիստը չեմ հասկանում:
-Պատճառն այն է, որ մեր թիմը մրցունակ, ուժեղ թիմ է և հաղթանակով կավարտի այս մի ընտրական մարաթոնը ևս, դրա բոլոր նախադրյալներն առկա են: Կա մեկ այլ անչափ լուրջ պահ նույնպես. ևս մեկ լարված ընտրություն, և երկիրը կկանգնի լրջագույն պրոբլեմների առջև: Համենայն դեպս, մենք այս գիտակցությամբ ենք պայքարի մեջ մտնում: Եվ կարծում եմ, որ մյուսները նույնպես այդպես են սկսում պայքարը, հիշելով, որ պայքար մղելու ենք նույն երկրում, նույն հողի վրա: Հիշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի մեկի ընդդիմության հանրահավաքի ելույթը նույնպես դրա վկայությունն էր. նկատի ունեմ հեղափոխություններին, ապստամբությանն առնչվող հատվածը:
-Ընտրությունների ցանկացած ելքի դեպքում ՀՀԿ-ն և ընդդիմությունը Երևանի ավագանիում ստիպված կլինեն աշխատել միմյանց հետ. ո՞նց եք աշխատելու:
-Շատ սովորական, ինչպես աշխատում են նորմալ մարդիկ նորմալ մարդկանց հետ. պառլամենտում էլ ենք, չէ՞, աշխատում ընդդիմության հետ: Ու ոնց որ ստացվում է:
-Փաստորեն, «պատրաստ» եք:
-Իհարկե:
-Ո՞վ է «ղեկավարելու» գովազդային բլոկը: Ասում են` «Շարմը»:
-Չկա նման բան: Իսկապես չկա: Ասել, որ առանձնացվելու է ինչ-որ լուրջ գովազդային ընկերություն, որն զբաղվելու է մեր թեկնածուի և թիմի գովազդով, ճիշտ չի լինի: Այդ գործով զբաղվելու ենք բոլորս:
-Հասանք «բոլորի՜ս». իմա` Ձեզ։ Ինչո՞վ բացատրել Ձեր ընտրությունն այս «պաշտոնում». այլ կերպ` ինչո՞ւ որոշվեց, որ հատկապես Դո՛ւք եք ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Թվում է` Դուք շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ չեք զբաղվում, համ էլ` ՀՀԿ նորաբնակ եք:
-Երևի թե իմ և Բեգլարյանի մտերմությամբ, միասին անցած ուղիով:
-Մտերմությունը քաղաքական կատեգորիա՞ է, այն էլ այնպիսի պայքարում, երբ Ձեր առաջ ի՜նչ «քաղաքական կատեգորիաներ» են կանգնած:
-Քաղաքական «կատեգորիաների» տեսանկյունից մի մոռացեք, որ ես ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի անդամ եմ, վերջին հաշվով անցել եմ երեք ընտրություն, և այդ արտաքուստ է թվում, թե ես ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չեմ:
-Ասում են` Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն ամեն երեկո գալիս են շտաբ:
-Նրանք լինում են շտաբում, բայց ոչ ամեն երեկո:
-Իսկ մնացած երեկոներին ինչո՞ւ են գալիս, ի՞նչ են անում շտաբում, ի՞նչ խնդիրներ են լուծում:
-Ընթացիկ, կուսակցական, պարզ խնդիրներ. գիտե՞ք` եկեք ամեն ինչ այդպես չբարդացնենք, նորմալ ընթացակարգային երևույթներ են:
-Կարծում եք` «իրենք» անհանգստացա՞ծ են, չէ՞... ի վերջո, խաղը փոխվեց Տեր-Պետրոսյանի մուտքով:
-Համենայն դեպս, ես անհանգստության որևէ նշույլ չեմ տեսնում նրանց մոտ: Բացարձակապես:
-Չեմ հարցնում` ինչից է սնվում այդ «չանհանգստությունը», այլ հարցնում եմ` Ձեր քաղտեխնոլոգիաների մեջ ինչ-ինչ «նուրբ տարրեր» կիրառվելո՞ւ են։ 2003-ին երբ եղա Ռ. Քոչարյանի շտաբի մամլո պատասխանատուի մոտ, նրա սեղանին դրված էր «Սև փիար» հաստափոր գիրքը, ես այն վերցրի ու այլևս չվերադարձրի... որպեսզի «սև քարոզչություն» չիրականացնեն. Ձեր սեղանին այս պահին նման գիրք չեմ տեսնում. չե՞ք կիրառելու նման տեխնոլոգիա։ Խնդրում եմ հիշեք, որ դա նույնպես քաղաքական կատեգորիա է, որքան էլ ցավալի է:
-Համենայն դեպս, մենք որոշել ենք չմտնել այդ դաշտ, չօգտվել նման տեխնոլոգիաներից: Եվ կխնդրեի մեր մրցակիցներին ևս` գործել նույն կերպ:
-Իսկ շա՞տ է ծանր շտաբի պետի գլխարկը:
-Բա ի՞նչ էիք կարծում. Իսկ եթե շատ անկեղծ, ապա այս երկու շաբաթվա ընթացքում ես այնքան էներգիա եմ ծախսել, որքան կարելի էր ողջ կյանքում ծախսել:
-Շարունակո՞ւմ եք հրապուրված մնալ գեղանկարչությամբ, թենիսով:
-Իհարկե։ Երեք օր առաջ կրկին ընտրվեցի թենիսի ֆեդերացիայի նախագահ: Իսկ երբ ընտրություններն ավարտվեն, ժամանակ կունենամ վերադառնալու նաև գեղանկարներին:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ