ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հիմա էս մրցավազքի մեջ մերոնց թվում է, թե իրենք կհաղթեն»

«Հիմա էս մրցավազքի մեջ մերոնց թվում է, թե իրենք կհաղթեն»
22.09.2009 | 00:00

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ-ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՅԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԱՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԻԱԿ)
-Պարոն Հովսեփյան, առաջին անգամ եք մասնակցում այս կարգի հանդիպման, հուսամ` «չցավաց»:
-Չէ, «չցավաց»: ՈՒղղակի շատ հետաքրքիր էր: Ինձ համար անսովոր էր, որովհետև մասնակցում էի քաղաքական առաջին մեծ միջոցառմանը և շատ դրական լիցքեր ստացա: Իմ կարծիքով` բոլոր մասնակիցներն էլ այդպիսի լիցքեր ստացան: Շատ լավ էր, որ կարծիքները չէին համընկնում, և բազմակարծություն էր տիրում: Եվ ընդհանրապես, խիստ համակարգված հանդիպում էր, ոչ ոք տեղից չէր բղավում, ոչ մեկին չէր ընդհատում:
-Կարծում եք` ապրում ենք այնպիսի երկրում, ուր կարող էին այդպիսի «անկեղծ» դրսևորումներ, պոռթկումներ լինել, և այն էլ` այս կարգի հանդիպման ժամանա՞կ:
-Դե, եթե Դուք գաք և ներկա լինեք «Հազարամյակների մարտահրավերների» շահառուների խորհրդի նիստերին, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում:
-Այո՛, ժամանակակից աշխարհը սիրում է «մարտահրավերներ». այդ աշխարհը երբեմն էլ նույնիսկ «կոշիկով» է արձագանքում իր շուրջը տեղի ունեցողին: Ի դեպ. հանդիպմանը ռուսոֆիլնե՞րն էին շատ, թե՞ ամերիկոֆիլները։ Տեսնո՞ւմ եք` անթույլատրելի անկեղծություն դրսևորեցի: Ձևակերպեմ առավել «համակարգված». հնչած կարծիքների մեջ գերակշռում էին ազգային-պահպանողակա՞ն, թե՞ առավել լիբերալ մոտեցումները: Ի՞նչ հակակշիռներ կային:
-Չեմ կարծում, որ կարողացա այնտեղ տեսնել լիբերալ և պահպանողական մոտեցումներ. բոլորը ֆիքսված էին մեկ խնդրի վրա: Կարծում եմ` հանդիպմանը ողջ քաղաքական սպեկտրն էր մասնակցում, և առանձնապես որևէ նոր բան չլսեցինք։ Ավանդական-ազգային կուսակցություններն իրենց կարծիքն արտահայտեցին, ինչը նույնպես հարգանքի է արժանի, նոր ուժերն էլ իրենց նոր կարծիքն արտահայտեցին:
-Ո՞րն էր ավելի գերակշռող:
-Կարելի է ասել` քաղաքական ուժերը հիմնականում սատարում են այս նախաձեռնությանը` իրենց վերապահումներով, մտահոգություններով հանդերձ:
-Կոշտ ելույթներ եղա՞ն:
-Ի՞նչ ասել է` «կոշտ»։ Ի՞նչ բառ պիտի օգտագործեին, որ իմանայիք` կոշտ է:
-Դե, «Ստամբուլն արյան ծով դարձնենք», «ԱԳ նախարար Նալբանդյանի հրաժարականն ենք պահանջում», Սերժ Սարգսյանինն էլ, վայ թե, պահանջեք։
-Ես նման բաներ չլսեցի: Չնայած ԱԳ նախարարությունը, ինչքան ես հասկացա, մեղադրանքների հիմնական բեռը վերցրել էր իր վրա, և քննադատությունն ընթանում էր նրանց վարած քաղաքականության վերաբերյալ:
-«Պարզ» է: Իսկ Սերժ Սարգսյանին հաջողվե՞ց համոզել ներկաներին` իր քայլերի իրավացիության, անհրաժեշտության, հրատապության և հայեցիության մեջ:
-Համոզելու բան չկար, պարզապես քննարկում էր ընթանում: Հենց սկզբից էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ որոշում չի կայացվելու, հետևաբար` ինչի՞ մեջ պետք է համոզեր Սերժ Սարգսյանը բոլորիս։ Նա ուշադիր լսում էր:
-Ձեր կուսակցությո՞ւնն ինչ կարծիքի է:
-Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ճիշտ կլինի, ի վերջո, ստորագրել այդ արձանագրությունները, որովհետև սա սկիզբն է մի երկար գործընթացի` Հայաստանի և Թուրքիայի միջև:
-Դուք այդ կարծիքին եք, որովհետև ամերիկյան «շրջանակնե՞րը» ևս այդպես են մտածում: Գումարած` անգլո-սաքսոնական ողջ վեկտորը:
-Չէ, ի՞նչ կապ ունեն այստեղ Ամերիկան, անգլո-սաքսոնական վեկտորը: Եվ, ընդհանրապես, անգլո-սաքսոնական ասելով ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք։ Եթե նկատի ունեք «Բրիտանական շրջանավարտների միությունը», ապա այդ էտապը վերջացել է:
-Հիմա՞ ինչ էտապ է:
-Հիմա ամենքս ունենք մեր գործը և ունենք կուսակցություն, որը պետք է զարգացնենք ու հաղթանակի տանենք:
-Աշխատանք ունենալու իմաստով շատ դիպուկ նկատեցիք: Ի դեպ. ՄԻԱԿ-ի հետ ոչ «աշխատանքային» հույսեր կային առ այն, որ այդ նորաստեղծ-խոստումնալից կուսակցությունը կկարողանա դառնալ կենդանի, գաղափարակիր կուսակցություն, որն իր «ամպհովանու» տակ կհավաքի նոր գաղափարախոսության կրողներին, նոր ձեռնարկների ու մենթալիտետի սկիզբ կդնի մեզանում` երկրորդ սերնդի բարեփոխումները տառապյալ այս հայրենիքում կյանքի կոչելու, քաղաքական ճահիճը չորացնելու առումով։ Բայց քանի որ դուք բոլորդ շատ զբաղված եք և արդեն «ձեր գործն ունեք», ոչ մի նման բան էլ չեղավ:
-Ո՞վ է ասում` չեղավ, Դուք մեր վեբ-կայք այցելո՞ւմ եք:
-Վեբ-կայքո՞վ էիք անելու այդ ամենը:
-Ո՛չ։ Կայքում բոլոր նորություններն ամեն օր թարմացվում են, թե ինչ է անում կուսակցությունը:
-«Պարզ» է: Եվ վերջին հարցը. կդառնա՞ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեր կուսակցության իրական լիդերը` հեռուն գնացող «հետևանքներով» հանդերձ։ Մամուլը շատ էր գրում:
-Նման խոսակցություն ընդհանրապես չկա, ես չգիտեմ` լրագրողները որտեղի՞ց են նման բաներ վերցնում:
«ԵԹԵ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆԶՈՐ Է, ՈՒՐԵՄՆ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԱՆԶՈՐ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ՀՅԴ)

-Պարոն Ռուստամյան, կգնա՞ Սերժ Սարգսյանը Թուրքիա` ֆուտբոլ նայելու:
-Ինձ համար մեկ է, այդ հարցն այնքան երկրորդական է դարձել այլևս, որ գնալ-չգնալն արդեն էական չէ:
-Էական է այն առումով, որ եթե գնա, արձանագրությունն այնտեղ էլ կստորագրի և` վերջ:
-Չէ, թող գնա, բայց չստորագրի: Մեզ համար ավելի լավ է` գնա-չստորագրի, քան չգնա, բայց ստորագրի:
-Հիմա ի՞նչ եք կարծում` կստորագրի՞, թե՞ չի ստորագրի:
-Գուշակ չեմ, բայց կարծում եմ` ամենայն հավանականությամբ` կստորագրի:
-Ի՞նչ է անելու դաշնակցությունն այդ ժամանակ:
-Կանի` կտեսնեք... Անո՜ւմ ենք, էլի, ինչ հնարավոր է` անում ենք. քաղաքակիրթ բոլոր մեթոդներն էլ կիրառում ենք:
-Այսինքն` անզո՞ր եք այլևս:
-Եթե մեր ժողովուրդն անզոր է, ուրեմն` դաշնակցությունն էլ է անզոր:
-Այսինքն` սահմանը կբացվի, դուք էլ կգնաք-կգաք Թուրքիա:
-Գնալ-չգնալը չէ հարցը, էստեղ շատ խոր ու հեռանկարային հարցեր են լուծվում այդ արձանագրություններով:
-Բայց, դե, հնարավոր է` արձանագրություններն ստորագրվեն, բայց սահմանը չբացվի:
-Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի, քանի ղարաբաղյան հարցում տեղաշարժ չկա: Հիմա էս մրցավազքի մեջ մերոնց թվում է, թե իրենք կհաղթեն, ես մերոնց հաջողություն եմ ցանկանում: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը որոշակի ազդվեց այս քննարկումներից:
-Կարող է այս կարգի քննարկումներից հետո այնքան ազդվի, որ ո՛չ Թուրքիա գնա և ո՛չ էլ ստորագրի:
-Չէ, էդքան չէ:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ