ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Թուրքիայի ներկա սահմանն անցյալի ատելության սահմանն է»

«Թուրքիայի ներկա սահմանն անցյալի ատելության սահմանն է»
15.09.2009 | 00:00

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՄՀԵՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՍՊԱՍԻ. ՔԱՐԱՆՁԱՎԸ ԿՔԱՆԴԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է քաղաքական մեկնաբան ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունների Ձեր գնահատականը մինչև օգոստոսի 31-ը և հետո:
-Կարծում եմ` արմատական փոփոխություն չկա, ընդամենը վավերացված միտում է, որից ոչինչ չի փոխվում: Հայ-թուրքական հարաբերությունների փաստի մեջ տեսնում ենք գլոբալ միտումներ, բայց չենք կարող գնահատել հնարավոր հետևանքները:
-Ի՞նչ ենք շահելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումից:
-Իբրև քաղաքական վերլուծաբան, տեսնում եմ մի շարք դիվիդենդներ: Նախ` մշակութային-հոգեբանական. մենք մեծացել ենք ատելության մթնոլորտում, զոհի բարդույթով: Երբ ասում են` ո՞րն է Թուրքիայի ներկա սահմանը, ես ասում եմ` Թուրքիայի ներկա սահմանն անցյալի ատելության սահմանն է: Անցյալի ատելության սահմանը գոնե հոգեբանորեն անցնելն արդեն նվաճում է ազգային մենթալիտետի համար: Երկրորդ` դիտենք, թե ի՞նչ համատեքստում է իրականանում հայ-թուրքական ճանապարհային քարտեզը: Գուցե մեր դիվանագետներից էլ քչերը գիտեն, որ նույնական ճանապարհային քարտեզ Թուրքիան գրել է Քուրդիստանի հետ: Այսինքն` Թուրքիան ոչ իր կամքով է նման միջոցառումներ ձեռնարկում` հաղթահարելով իր երկրում շատ ավելի հզոր դիմադրություն: Նշանակում է` կա արևմտյան տարածքում ինտեգրվելու ուղղվածություն: Եթե ԱՄՆ-Ռուսաստան հակակշիռներ կան, Ռուսաստան-Եվրոպա մերձեցումներն ակնհայտ են: Թուրքիան հնարավորություն է ստանում գործնականում դուրս չգալով արևմտյան տարածքից` ձեռք բերել լրացուցիչ տարածքներ և վերջնականապես Կովկասում հաստատել իր գերակա դիրքը: Հայաստանին արևմտյան արժեքային տարածքում ինտեգրվելու հնարավորություն է տրվում, որը չունեինք Ռուսաստանի հետ ահագնացող մերձեցման հետևանքով: Մենք հնարավորություն չունեցանք ձեռք բերելու հասարակության կառուցման արևմտյան արժեքներ, որոնք լավն են ոչ թե որովհետև արևմտյան են, այլ ուղղակի պատմության ընթացքում իրենց արդարացրել են: Ռուսաստանն առայժմ մղում է ազդեցությունների գերակա պայքար, այս մերձեցմանը նա բացահայտ դիմադրություն ցույց չի տալիս, ինքն ապացուցում է, որ եռակողմ պայմանավորվածություն կա:
-Ի՞նչ է Թուրքիան շահելու թուրք-հայկական հարաբերություններից:
-Թուրքիան շահում է թուրքական և հայկական ցավոտ հարցերի կոնֆլիկտի լուծումը, որն ամեն անգամ նրան առաջադրում են, և որի լուծումը պահանջում են ԵՄ ինտեգրման ճանապարհին:
-Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հիմքում ո՛չ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ո՛չ միակողմանի փակված սահմանի բացումը, Թուրքիայի հետ մենք ունենք արմատական հարց` պատմական հայրենիքի հարցը։ Վերանո՞ւմ է այդ հարցը։
-Չեմ ուզում այդքան սուր բանաձևել. ցեղասպանության և պատմական հայրենիքի արմատական հարցը հնարավոր չէ վերացնել: Բայց եթե հարցը բնույթով արդեն պատմական է, պետք է քննարկվի պատմական հարթության մեջ: Մեր դիվանագիտությունը 1915-ին չլուծեց այդ հարցը, եթե 2009-ին էլ աշխարհայացքը գլոբալ չփոխվի, այդ հարցը երկար չի լուծի:
-Ի՞նչ է նշանակում աշխարհայացքի գլոբալ փոփոխություն:
-Ցեղասպանության հարցը մնում է դիվանագիտական հաստատված ու չհաստատված հարաբերությունների, բացված ու չբացված սահմանների պարագայում: Եթե այսպես թե այնպես հարցը կա, փորձենք լուծել հաստատված դիվանագիտական հարաբերությունների, բացված սահմանի պարագայում։ Ըստ էության, Հայաստանն ավելի է շահում, որովհետև կարողանում ենք երկխոսել այն պարագայում, երբ երկու ազգերն իրարից տեղյակ չեն: Բացի 1915 թվականից ու Ստամբուլի շուկաներից, մենք Թուրքիայի մասին ոչինչ չգիտենք։
-Հայ-թուրքական հարաբերություններում կա ընդամենը մեկ արմատական հարց, որին ո՛չ թուրք հասարակությունը, ո՛չ թուրք քաղաքական վերնախավը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ հայ քաղաքական վերնախավը չեն պատասխանել: Դա շատ ավելի ցավալի է հայկական կողմի համար. համարյա մեկ դար մենք մեզ պահանջատեր ենք հայտարարել, բայց չենք ձևակերպել պահանջատիրությունը: Ի՞նչ ենք հասկանում` հո՞ղ, փո՞ղ, բարոյական հաղթանա՞կ... Վանա լճում լողանալ և Վանա տառեխի համտե՞ս... Երբ ձևակերպենք պահանջատիրությունը համազգային մակարդակով, ոչ անձնական-անհատական, կուսակցական, երբ Թուրքիան ձևակերպի իր բանաձևը, երկու փաստաթղթերի համադրումը միայն թույլ կտա հարևանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Իսկ մինչ այդ` թագավորի և իր օձի մասին շատ հայտնի առակը կա` ինչ ուզում ես արա, թագավորը հիշելու է խայթոցից մեռած իր որդուն, օձն էլ հիշելու է իր կտրված պոչը...
-Այնուամենայնիվ, ես կողմնակից եմ պրագմատիկ քաղաքականության: Սովետական Ռուսաստանին էլ ձեռնտու էր ցեղասպանությունը չմոռացած Հայաստանը. այդ հզոր խաղաքարտը տարածաշրջանում միշտ կարելի էր օգտագործել: Ցեղասպանությունը «մոռացած» Հայաստանը պատմական կորուստ ունեցած, բայց ներկայում ուժեղացած Հայաստանն է: Իսկ պահանջատիրության ձևակերպումները տարբեր մակարդակներով հնչել են:
- Այո, մեկ բարոյական հաղթանակ ենք ուզում, մեկ նյութական փոխհատուցում, մեկ էլ Կարսի բերդն ու Առաքելոց վանքը։
-Մեկ-մեկ էլ Ստամբուլն արյան ծով ենք դարձնում... Ընդունեք, որ չկա մի երկիր, որ պատմական խնդիրներ չունենա, որ իր պատմության մեջ բախված չլինի պատմական անարդարության հետ, և չկա մի երկիր, որ փորձած չլինի քաղաքակիրթ մակարդակով այդ հարցերը լուծել: Պահանջատիրությամբ մենք ոչ թե մեզ ենք օգնել, այլ վնասել ենք հարևան երկրին:
-Գուցե մենք ավելի կառավարելի՞ ենք դարձել` ի ցույց դնելով մեր թույլ ու խոցելի կողմը:
-Ցանկացած վրեժխնդրություն կառավարելի է, օրինակ, ղարաբաղյան հարցը ես համարում եմ իրոք առարկայական, որովհետև հիմնված չէ վրեժի սկզբունքի վրա, անկախության և ազգային-ազատագրական պայքարի օրինակ է, պատմական կտրվածքով` արդիական։ Ներկա դրությամբ քաղաքական շահերից մենք պետք է ընտրենք ավելի գերակա շահը: Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման արձանագրություններում չկա Ղարաբաղի հիշատակումը, ես տեսնում եմ Բաքու-Անկարա առանցքի միասնականության տրոհումը, ինչքան էլ ցույց տան, որ միասնական են, փաստ է, որ ներկա վիճակում Բաքու-Անկարա շահերը չեն համընկնում:
-Համարյա մի ամբողջ տարի` դիվանագիտական մեր ֆուտբոլը խաղալիս ասում էինք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը պատրաստ ենք առանց նախապայմանների, բայց նախապայմաններ դնում էր Թուրքիան: Հրապարակված փաստաթղթերում անուններ տրված չեն, բայց նախապայմանները լավ էլ արտահայտված են: Խոսքը սահմանների ճանաչման մասին է: Ոչ մի տեղ նշված չէ Ղարաբաղի անունը, բայց երբ նշվում է այլ պետության տարածքային ամբողջականությունը, այդ պետությունը պետք չէ լուսնի վրա որոնել, կողքներիս է: Անուններ չտալով` հիմնախնդիրներին անդրադառնալով փաստաթուղթ ստորագրելը չի՞ նշանակում նախապայմաններն ընդունել, նույնիսկ, եթե նման փաստաթղթերն ունեն միջազգային ստանդարտներ, որտեղ արձանագրված են մեզ համար վտանգավոր չափանիշները: Մեզ համար որոգայթ չե՞նք լարում` ընդունելով այդ ստանդարտներն այսօր ու դրանց հակառակ գնալով վաղը:
-Հակընդդեմ հարց` ժամանակին ստորագրել ենք Կարսի և Սևրի պայմանագրերը, որոնք միջազգային պայմանագրեր էին, հետո՞...
-Ժամանակին մենք պատերազմի մեջ էինք, և այդ պայմանագրերի կատարումը մեզնից չէր կախված :
-Ցանկացած միջազգային պայմանագիր մեկնաբանության լայն դաշտ է ապահովում, չկա միջազգային գեթ մեկ պայմանագիր, որի բոլոր կետերը հնարավոր չլինի վերամեկնաբանել: Վերջիվերջո, քաղաքականությունը ստեղծում է ոչ թե պայմանագրերի տեքստերը, այլ պայմանագրերը ստորագրելու փաստերը, այդ պայմանագրերի գործունեության աշխարհաքաղաքական օգուտները: Ի վերջո, կատարվելու է պայմանագրի այն գործողությունը, որը ձեռնտու է այս կամ այն աշխարհաքաղաքական խաղին:
-Այսինքն, պայմանագրերն ու համաձայնագրերը մեծ քաղաքականության մեջ իսկապես պայմանականություն են, իրավական հարթության մեջ ուղղակի ընդունված քայլերի իրարահաջորդում, իրական կյանքում ամեն ինչ որոշում է ուժերի հարաբերակցությո՞ւնը:
-Ոչ միայն ուժերի հարաբերակցությունը, գլոբալ աշխարհաքաղաքական ենթատեքստը, այդ երկրի ունակությունը` մանևրելու աշխարհաքաղաքական ենթատեքստում...
-Ոչի՞նչ, որ պայմանագրի կողմերը ադեկվատ չեն` օբյեկտիվորեն Թուրքիան հզոր է Հայաստանից:
-Այդ օբյեկտիվորեն հզոր երկրին Հայաստանը որպես միավոր պետք չէ, բայց Հայաստանի հետ մերձեցման փաստը պետք է: Եվ մենք էլ այս իրավիճակից շատ ավելին կարող ենք շահել, եթե այդ ամենն ընկալենք իբրև արևմտյան տարածք մտնելու փաստ: Միջազգային ճգնաժամային խումբն այդպես էլ որակել է` Հայաստանի հնարավորությունն արևմտյան արժեքային տարածք մտնելու:
-Թուրքիան վաղո՞ւց է արևմտյան արժեքային տարածքում:
-Թուրքիայի խորհրդարանը վերջերս մի օրենք ընդունեց, որը գուցե մի քիչ էլ ծիծաղելի է հնչում` հաշվի առնելով Եվրամիության ինտեգրման մոտալուտ զարգացումների հնարավորությունը, Թուրքիայի հասարակական տրանսպորտում արգելվում է... ուտել։ Թվում է` մանրուք է, բայց մանրուքների մեջ է արժեքային համակարգի հիմքը:
-Հայաստանի համար որքա՞ն են շահեկան կամ վտանգավոր մադրիդյան սկզբունքները:
-Մադրիդյան սկզբունքներից ուժի չկիրառումը միանշանակ շահեկան է Հայաստանի համար, մեզ պետք չէ ուժ կիրառել, մեզ համար դա իմաստ չունի: Տարածքների ամբողջականությունը ձեռնտու է Ադրբեջանին, և դա միակ կետն է: Երրորդը` ազգերի ինքնորոշման իրավունքը, ձեռնտու է և՛ Ղարաբաղին, և՛ Հայաստանին: Զուտ թվաբանությանն ապավինելով` երկուսը մեզ է ձեռնտու, մեկը` Ադրբեջանին: Կրկնում եմ` կարևորը պայմանագրերի կիրառումն է, իսկ եթե մենք կարողանանք հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիային պահել չեզոք, դա արդեն հաջողություն է:
-Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը առաջիկա երեք տարիներին հնարավոր համարո՞ւմ եք:
-Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Լեռնային Ղարաբաղի հարցի մոռացումն է: Երբ Հայաստանում վերջապես հաստատվի ժողովրդավարական հասարակություն ու ժողովրդավարություն, հարցի լուծումը կարագանա:
-Հայաստանի ներքին կյանքում համարյա ամեն ինչ որոշվում է արտաքին արձագանքով, ներքին կյանքի շատ իրողությունների վրա արտաքին աշխարհն աչքերը փակում է` արտաքին հարցերի լուծման հեռանկարով։ Ինչպե՞ս այդ պարագայում ժողովրդավարություն կառուցել։
-Ես համաձայն եմ, որ Հայաստանի շատ հարցեր լուծվում են Հայաստանից դուրս: Իսկ գուցե դա լավ է` շատ հարցեր, որոնց լուծումները մենք ենք որոշել, վատ են անդրադարձել մեզ վրա: Ղարաբաղը համարում եմ հայկական քաղաքական, պատմական զարթոնք, պետության ներկա տնտեսական և քաղաքական շահ, աշխարհաքաղաքական հզոր խաղաքարտ, որը կորցնել չի կարելի:
-Զարթոնք էր անցյալ դարի 90-ականներին, հիմա ԼՂ հարցը արգելակ է շատ զարգացումների, որոնք այլ Հայաստան ունենալու հնարավորություն կտային:
-Կտրականապես դեմ եմ այդ տեսակետին, որովհետև Ղարաբաղի շնորհիվ մենք գտնվում ենք համաշխարհային ուշադրության կենտրոնում: Եթե հիշում եք, ցեղասպանությունն այն ժամանակ էր, երբ համաշխարհային հանրությունը մեր գոյության մասին մոռացավ` իր խնդիրներով տարված:
-Աշխարհը մեզ գիտի Ղարաբաղով, խորապես անտարբեր` այդ Ղարաբաղում քրիստոնյանե՞ր են, մուսուլմաննե՞ր, տարածքի՞ հարց է, կրոնի՞, ինքնորոշմա՞ն, ազգայի՞ն, ապազգայի՞ն...
-Բոլորովին։ Ինձ թվում է, որ BBC-ում, ֆրանսիական պաշտոնական շատ հեռուստաալիքներում աշխատում են ղարաբաղցիներ, արևմտյան աշխարհաքաղաքական զարգացումներում ներառված է Ղարաբաղը: Երբևէ հնարավոր չէ իմանալ ռեալ զարգացումների իրական պատճառները, դիվանագիտությունը պարտավոր է որսալ և օգտագործել միտումը: Միտումն առայժմ ղարաբաղյան հարցին ձեռք չտալն է: Թե ինչպես են լուծվում կոնֆլիկտները, պարզ օրինակ է վրաց-աբխազականը: Եթե կոնֆլիկտի շուրջ բանակցում են, դեռ խաղալու տեղ կա: Մենք չունենք այդ գլոբալ հարցի լուծման խնդիր, մեզ պետք է տնտեսական զարգացմամբ, տրանզիտային ուղի դարձող Հայաստան, որը, լինելով ուժեղ և տնտեսապես հզոր երկիր, անխուսափելիորեն դառնալու է ավելի ժողովրդավար: Հիմա` այս գավառական մթնոլորտում մեզ խանգարում են նաև շրջափակումները: ՈՒժեղ երկիրը սառեցված կոնֆլիկտներն իր համար ավելի շահեկան կլուծի: Պարզ թվաբանություն է:
-Եթե այդքան պարզ է` Ադրբեջանը վաղուց լուծած կլիներ։
-Իր ռազմական ու տնտեսական հզորության մասին Ադրբեջանի մշտնջենական հայտարությունները հիմք չեն: Բաքվում շատ ավելի վատ է ժողովրդավարության, մամուլի ազատության վիճակը, փախստականների վիճակը, չկան ներդրումներ, չունեն սփյուռք, կա միայն գրագետ վարվող տեղեկատվական պատերազմ:
-Կան ֆինանսներ:
-Ֆինանսները հարաբերական են: Մենք իրավունք չունենք տարածք կորցնելու, մեզ համար այդ միտումը կարող է կործանարար լինել:
-Բայց գնում ենք դեպի այդ կորուստը:
-88-ին Ղարաբաղը պատրաստ էին հանձնելու կոմունիստները, հետո Լևոնն էր պատրաստ ծախելու... Ծախե՞ց: Ղարաբաղը բնազդային մակարդակով գիտակցվում է պետության իրական շահ, և ոչ մեկն էլ պատրաստ չէ հող հանձնելու...
-Իշխանափոխություն հավանակա՞ն է ղարաբաղյան հողի վրա:
-Իշխանափոխությունը ռեալ կլինի, երբ կգումարվեն մի շարք գործոններ` դիվանագիտական կորուստներ, տնտեսական խորացող ճգնաժամ... Մենք միշտ մտածում ենք ոչինչ չանելու ուղղությամբ: Մեր ձախողումների պատճառ համարել ենք հանգամանքները, Աստծուն, ճակատագիրը, կյանքը, բայց ոչ մեզ: Մեզ պետք են հոգեբանական փոփոխություններ:
-Դու արա քո քայլը, հակաքայլի մասին թող մտածեն ուրիշնե՞րը:
-Գայ Հուլիոս Կեսարը, որ արևմտյան քաղաքակրթության ակունքներում էր, ասում էր` արա, ինչ պարտավոր ես, ինչ լինում է` լինի:
-Քաղաքականություն-մշակույթ` ի՞նչ կապ կա:
-Ամենաուղիղ կապ, հայկական ուղեղում մեխված դասական կլիշե կա, որ մշակույթը վանքն է` Գառնի, Գեղարդ, Էջմիածին, քրիստոնեություն: Դրանից անդին մշակույթ չունենք: Մենք չունենք հասարակական կեցվածքի, հագուկապի, խոհանոցային, տնտեսական, ներհասարակական հարաբերությունների մշակույթ: Մենք չգիտենք` ինչպես են շփվում ղեկավարն ու ենթական. կամ ստրուկի ու տիրոջ հարաբերություններ են, կամ` տնավարի: Կորպորատիվ էթիկա չունենք։ Քաղաքական դիվանագիտական մշակույթը ենթադրում է սեփական շահի և ուրիշի շահի միջև ամենամոտ կետը գտնելը: Մեր պատմիչների մշակած քաղաքական մշակույթը եղել է զոհի և ասպատակողի հարաբերությունների մշակույթ, եթե ուշադիր նայենք մեր պատմությանը` մենք չենք բանակցել, մենք պայքարել ենք: Շեքսպիրի ստեղծագործություններում մի շատ հետաքրքիր դրվագ կա. Հենրիկոս թագավորն ուզում է ասպատակել Ֆրանսիան, կանչում է իր ազնվականներին, դատավորներին ու իրավաբաններին և ասում` ունե՞նք այդ հողերի վրա Անգլիայի գերակայությունը հաստատող փաստաթղթեր... Այսինքն` ասպատակության համար օրինական հիմք է փնտրում: Շեքսպիրը դա չէր կարող հնարել...
-Ինչո՞ւ չունենք, մենք դա ունեցել ենք ու մերժել ենք, երբ Հազկերտը դավանափոխության պահանջով նամակ էր ուղարկում հայ նախարարներին, մարզպետին ու սպարապետին։ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ նրանց մեծամասնությունը որոշում է` մեռնենք, որ ապրենք, Վասակ Սյունին ասում է` ոչ, եկեք բոլորս էլ ապրենք, բայց բանակցենք, որ ճանապարհներ գտնենք: Այսօր Վարդան Մամիկոնյանը սրբերի շարքում է, Վասակ Սյունին ազգի դավաճան է:
-Դա կոչվում է ազգային մենթալիտետ... Երբ չգիտենք` որն է ազգային շահը, ազգի դավաճան պիտակը հեշտորեն կպչում է ում ասես: Քաղաքական մշակույթը ձևավորվում է տարբեր մշակույթների հանրագումարում` տնտեսական, հասարակական, գաղափարական, գրական... Մի մոռացեք` ո՞վ է մեր գրական ազգային հերոսը` Րաֆֆու Սամվելը: Դեմիրճյանի Քաջ Նազարը: Այդ հերոսները գտնվում են հուզական դաշտում, իսկ գերմանական հեքիաթների հերոսները հսկաների դեմ պատերազմում են ոչ թե ուժով, այլ ռացիոնալ խորամանկությամբ, հսկաները քար են փշրում ափի մեջ, իրենք` պանիր:
-Ինչո՞ւ Սամվել ու Նազար: Այսօր մեր ազգային հերոսը էպոսի Փոքր Մհերն է, որ մտավ քարանձավ ու դուրս չի գալիս, որովհետև դրսում փորձություններ են, իսկ ինքը պայմաններ է դնում` Ղարաբաղի հարցը լուծեք, հայ-թուրքական սահմանը բացեք, տնտեսական զարգացում ապահովեք, ժողովրդավարություն զարգացրեք` դուրս գամ:
-21-րդ դարում Մհերին ոչ ոք չի սպասի, քարանձավը կքանդեն:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ