«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերջ դրվեց երկբևեռ աշխարհի ուժային հավասարակշռությանը

ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերջ դրվեց երկբևեռ աշխարհի ուժային հավասարակշռությանը
21.01.2024 | 07:29

Ցանկացած փորձ, որի նպատակն է հասկանալ, թե մեծ հաշվով որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, պետք է հիմնվի աշխարհի գլոբալ ուժերի միջև հակամարտության դինամիկայի ու դրա պատմության վրա։

Այս տեսանկյունից հարցի դիտարկումը առաջին հերթին պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ վերջին 500 տարում աշխարհում դոմինանտ ուժ եղել է Արևմուտքը, որն ունեցել է ուժային, տնտեսական, գաղափարական ու կուլտուրական անվիճելի գերակշռություն մնացած բոլորի նկատմամբ։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի ներկա վիճակի ու սպասելիքի անալիզի համար, դա այն է, որ ներկայում Արևմուտքի գերակա դիրքը խախտվել է հօգուտ նոր առաջացած ուժային, տնտեսական, ֆինանսական ու գաղափարական կենտրոնների։

Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է պարզել ու հասկանալ Արևմուտքից անկախ ուժերի սկզբնավորմը, ծագումն ու զարգացումը վերջին 100 տարիների ընթացքում, որոնք անխուսափելիորեն բերել են աշխարհի այսօրվա վիճակին։

Այս իմաստով համաշխարհային պատմության մեջ առաջին նշանակալից քայլը եղել է բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում և, հետո էլ, ՍՍՀՄ-ի ձևավորումը նախկին Ռուսական կայսրության տարածքում, որը դարձավ առաջին հակաարևմտյան լուրջ ուժային կենտրոնը և որն էլ օրինակ դարձավ Արևմուտքի գլոբալ ճնշման տակ գտնվող ժողովուրդների ազատագրական պայքարի համար։

Արևմուտքն էլ, իր հերթին, հենց սկզբից տեսնելով բոլշևիկյան հեղափոխության պոտենցիալ կործանարար հետևանքները իր գերիշխանության համար, փորձեց հենց բնում խեղդել այն, բայց դա նրան չհաջողվեց։

Խորհրդային իշխանությունը, իր էությամբ լինելով նոր ու հզոր երևույթ, իր ռադիկալ բնույթի նորամուծություններով սկսեց ազդել նույնիսկ Արևմուտքի երկրների ներքին քաղաքականության վրա՝ դրանցում կապիտալի ու աշխատանքի հնարավոր բախումները մեղմացնելու իմաստով։

Դրանից հետո տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտը, որի հիմնական նպատակներից մեկը ԽՍՀՄ-ի կործանումն էր, բայց որը չիրականացավ Արևմուտքի ներքին հակասությունների պատճառով, և որից ԽՍՀՄ-ը դուրս եկավ որպես գերտերություն՝ ավելի ևս փոքրացնելով Արևմուտքի հարաբերական դերն աշխարհում։

Այնուհետև աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ծնեց երկու գլոբալ տենդենց՝ 1․ ԽՍՀՄ-ի օրինակով և օգնությամբ, այսպես կոչված, սոցիալիստական լագերի ստեղծումը և 2․ Հակագաղութային պայքարը Արևմուտքի դեմ։

Այս երկու տենդենցները զգալիորեն սասանեցին Արևմուտքի գերակա դիրքը և, դրանից բացի, 1949-ից հետո ստեղծվեց նաև ատոմային հավասարակշռություն Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի միջև, որն էլ ցույց տվեց, որ ուղիղ առճակատման միջոցով հնարավոր չէ հաղթել Խորհրդային Միությանը։

Այս իրավիճակն էլ, այն է՝ տաք պատերազմի անհնարինությունը, ծնեց սառը պատերազմը իր երկու ներքին տենդենցներով՝ 1․ Ուժային դինամիկ պարիտետ՝ սպառազինությունների մրցավազքի տեսքով և 2․ Գաղափարական և հոգեբանական քարոզչություն ԽՍՀՄ-ի դեմ։

Վերջինս էլ, ԽՍՀՄ-ի ղեկավարության անհեռատես, նաև առեղծվածային քաղաքականության պատճառով, բերեց ԽՍՀՄ-ի փլուզմանը, որով էլ վերջ դրեց երկբևեռ աշխարհի ուժային հավասարակշռությանը, և աշխարհը հայտնվեց միաբևեռ անհավասարակշիռ վիճակում։

Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած անհավասարակշիռ վիճակ ծնում է մեկ հիմնական տենդենց՝ ձգտում դեպի հնարավոր հավասարակշիռ վիճակներից որևէ մեկը:

(շարունակելի):

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3837

Մեկնաբանություններ