ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարշալ ժուկովի նվերները

Մարշալ ժուկովի նվերները
15.06.2023 | 09:55

Երեկվանից համացանցում պտտվում է տեղեկություն 2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրենի ստացած նվերների մասին։

Մոտավոր հաշվարկներով սույն երիտասարդ զորավարը ստացել է 19 մլն դրամ, 22 000 ԱՄՆ դոլար,13 000 եվրո արժողությամբ նվերներ։

Իհարկե, եթե Սուրենը մնար որպես պատմության շարքային ուսուցիչ, ապա նրան տրվող նվերները վստահորեն չէին գերազանցի մի քանի տասնյակ ԱՄՆ դոլարը, բայց ՊՆ ղեկավար նշանակված երիտասարդը 2022 թվականին հայտարարագրում է 75 000 ԱՄՆ դոլար նվերներ։

Որքանո՞վ է օրինաչափ, դա իրենց գործն է, բայց պատերազմում պարտություն կրած, նոյեմբերի 9-ից հետո անընդհատ տարածք կորցնող, դիրքեր զիջող, գերիներ տվող բանակի փաստացի ղեկավարի նկատմամբ նվերային անձրևը բավականին զարմանալի է, ըստ իս, նաև բարոյական որոշ չափանիշների տեսանկյունից ոչ ընկալելի։

Կատարված նվիրատվությունների նման օրինակը հիշեցնում է մի հին պատմություն, որը ՍՍՀՄ մարշալ ժուկովի նկատմամբ քրեական հետապնդման մասին է։

1946 թվականին Ստալինի անմիջական ցուցումով հարուցվում և ծավալվում է այսպես կոչված «Ավարային», կամ նվիրատվությունների գործը, որի դրդապատճառը պարտված, օկուպացված Գերմանիայից սովետական բանակի ղեկավար կազմի համար թանկարժեք իրերի, կահույքի, արձանների, դաշնամուրների, արվեստի գործերի թալանն էր։

Բավական է նշել, որ միայն Կովել քաղաքի մաքսատանը հայտնաբերվել էր մարշալ ժուկովի հասցեով ուղարկվող յոթ վագոն, որտեղ 85 արկղերում էին գտնվել անտիկ իրեր, նկարներ, գորգեր, կահույք, լուսամփոփեր, այլ արժեքավոր իրեր։

Ժուկովի ձեռք բերումների հարցը ստացավ ահռելի տարածում, նրան կանչեցին ռազմական խորհուրդ` ստանալու բացատրություններ և պարզաբանումներ։ Ամեն ինչ տեսած սովետական անվտանգության աշխատակից քննիչները ժուկովի բնակարանում և ամառանոցում հայտնաբերեցին և առգրավեցին ոսկով, ադամանդներով լի դրամապանակներ, Պոտսդամի պալատներից գողացված գորգեր, բրոնզե անտիկ քանդակներ, հին վարպետների վրձնի աշխատանքներ, 323 հատ սամույրի մուշտակներ, ճենապակի, բյուրեղապակի, հնաոճ հրացաններ, թանկարժեք ավտոմեքենաներ։

1948 թվականի հունվարի 12-ին Ժուկովը նամակով դիմում է բոլշևիկյան կուսակցության կենտկոմին և փորձում ներկայացնել ձեռքբերումները, որպես նվերներ։

Իհարկե նրա այդ նամակին ոչ ոք չէր հավատում և նմանատիպ այլ նվերների, այլ մասնակիցների նկատմամբ ևս սկսվեցին շահագրգիռ քննություններ, հարցաքննություններ, որոնց արդյունքում պարզվեց, որ տասնյակ մարտական գեներալներ, մարշալներ պարզապես թալանել են գերմանական երկիրը, առանց որևէ թույլատվության դատարկել էին թանգարաններ, բնակարաններ և իրենց դրսևորել էին որպես շարքային բոսյակ գողեր։

Հատուցումը չուշացավ։

Դատարանի վճռով գնդակահարվեցին գեներալ մայոր Գորդովը, Ռիբալչենկոն,Կուլիկը, 15-25 տարվա դատապարտվեցին գեներալներ Տելեգինը, Կրյուկովը, Տերենտևը, Մինյուկը և տասնյակ այլ բարձրաստիճան մարտական սպաներ։

Բացահայտումները հիմք հանդիսացան, որպեսզի ՍՍՀՄ մարշալ Ժուկովը հեռացվի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից և ուղարկվի Օդեսայի ռազմական օկրուգ, հետագայում ՈԻրալյան օկրուգ։

Կարծում եմ, գիտակից քաղաքացիները հասկանում են, թե ինչու եմ հիշել մարշալ ժուկովին և նրա ստացած նվերները։

Անհրաժեշտություն եմ համարում, որպեսզի ՀՀ ՊՆ ղեկավար անձը հանրությանը ներկայացնի իր ստացած նվերների մասին սպառիչ բացատրություն, որտեղ ըստ ամենայնի կհիշատակվեն սույն նվերները կատարող նվիրատուների ազնիվ անունները։

Հանրությունը սպասում է այդ պարզաբանումներին։

Հասկանալի պատճառներով կից տեղադրում եմ միայն ռազմական հանճար ՍՍՀՄ մարշալ ժուկովի նկարը

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ