«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ռուսաստան ու Չինաստան՝ երկու կայսրություններ, որ իրար են նայում

Ռուսաստան ու Չինաստան՝ երկու կայսրություններ, որ իրար են նայում
25.07.2020 | 11:04

Երկու երկրների հարաբերությունները մշտապես տատանվում են անվստահության ու համագործակցության, առճակատման ու մերձեցման միջև՝ գրում է Ալեն Բառլուեն Le Figaro-ում: Երբ կազակ Իվան Պետլինը 1619-ին մեկնեց Պեկին ռուսական առաջին պաշտոնական առաքելությամբ, Մին դինաստիայի կայսր Վանլին նույնիսկ նրան ընդունելության չարժանացրեց: Պատվիրակին ընդունեցին միայն դատական պաշտոնյաները ու փոխանցեցին կայսրի նամակը: Պետլինը Ռուսաստան վերադարձավ չինարեն ուղերձով, որ ոչ ոք չէր կարող կարդալ: Այս զվարճալի պատմությունը խորհրդանշական է: Երկու կայսրությունները միշտ ձգտել են հանդիպել ու նայել միմյանց: Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները միշտ տատանվել են անվստահության ու համագործակցության, առճակատման ու մերձեցման միջև: Երկու հարևանները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել, մինչև 20-րդ դարասկիզբ շփումները հիմնականում խաղաղ են եղել: Չինաստանը տարված է գլխավոր կպչուն գաղափարով՝ պաշտպանել իր սահմանները ներխուժումից, որի վկայությունն է Չինական մեծ պարիսպը: Ռուսները հիմնականում շահագրգռված են առևտրատնտեսական զարգացումով: Այդ պատճառով էլ նրանց «հերոսները» դարձել են վաճառականներն ու արկածախնդիրները, որ առաջինն են սկսել ուսումնասիրել Չինաստանի սահմանները:

Խաբարովսկում կանգնած է Երոֆեյ Խաբարովի (1603-1671), քաղաքի հիմնադրի տպավորիչ արձանը, որին կհանդիպեք հենց իջնեք Մոսկվայից եկած գնացքից՝ 7 ժամային գոտիներով մեկշաբաթյա ուղևորությունից հետո: Երկու կայսրությունների միջև տարածքային վեճեր հայտնվեցին: Մանջուրներից 1689-ին Ալբազին բերդում պարտված Ռուսաստանը կորցրեց վերահսկողությունը Ամուր գետի վրա Ներչինսկի պայմանագրով: Ռուսները մասնակի վերականգնեցին վերահսկողությունը հզոր գետի վրա՝ 4000 կիլոմետր Մոնղոլիայից մինչև Սախալինի նեղուց, 1858-ին, երբ չինացիներից նոր համաձայնագիր պոկեցին՝ նրանք ստացան Ամուրի ձախ ափը, չինացիները՝ աջ: Ամուր գետը դարձավ երկու կայսրությունների երազանքների առարկա: «Չինացիները մեզնից կվերցնեն Ամուրը, դա անկասկած է»՝ Անտոն Չեխովի այս խոսքերը դեռ երկար կհնչեն ռուսների սրտում: Չին-ռուսական հարաբերությունների վրա ազդող հակասական քամիները չդադարեցին 20-րդ դարում: Չինաստանում քաղաքացիական պատերազմից հետո և մինչև չին-սովետական խզումը 1961-ին, երկու երկրները պաշտոնապես ունեին «բարեկամական» հարաբերություններ՝ 1950-ի փետրվարին 30 տարով կնքված պայմանագրով: ԽՍՀՄ-ը ճանաչեց Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հռչակման պահից՝ 1949-ի հոկտեմբերի 1-ից: Բայց Ստալինը վատ էր վերաբերվում Չինաստանի կոմունիստական կուսակցությանը և զգուշանում էր Մաո Ձեդունի ազգայնականությունից, ում հետ հանդիպեց 1949-ի դեկտեմբերին Մոսկվայում՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի առաջին արտասահմանյան այցի ժամանակ: Երկար ժամանակ ԽՍՀՄ-ի տերը հենվում էր գոմինդանի ղեկավար Չան Կայշիի վրա, որ միավորվի ընդհանուր թշնամու՝ Ճապոնիայի դեմ:

«Ստալինն այնքան քիչ էր հավատում Կոմկուսի հաղթանակին, որ Չինաստանի կոմունիստներին խորհուրդ էր տվել բանակը զորացրել»՝ հիշեցնում են Ժան Լյուկ Դոմենակը և Ֆիլիպ Ռիշերը «Չինաստան» (1945-1985) գրքում: (Imprimerie nationale հրատարակչություն): «Սովետական «մեծ եղբոր» հետ ալյանսը ստորացման զգացում հարուցեց Չինաստանում, չնայած Մոսկվան գլխավոր դերը խաղաց 1949-ին Կոմունիստական կուսակցության կողմից իշխանությունը խլելու մեջ»՝ նշում է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի Ասիայի բաժնի տնօրեն Վալերի Նիկեն: 1953-ին Ստալինի մահը և Նիկիտա Խրուշչովի իշխանության գալը առաջին հարվածը հասցրեց սովետաչինական հարաբերություններին: Երբ 1956-ին սկսվեց ապաստալինացումը, իսկզբանե զուսպ չինական քննադատական դատողությունները վերածվեցին սովետական «ռևիզիոնիզմի» պարբերական ու կատաղի դատապարտումի: Նիկիտա Խրուշչովը, որ 1958-ի հուլիսին այցելեց Պեկին, քննադատեց Մաո Ձեդունի «Մեծ թռիչքը», որ ձեռնարկվել էր գյուղերի ինդուստրացման համար միլիոնավոր զոհերի գնով:

Ավելին՝ 1959-ի հունիսին Մոսկվան հրաժարվեց Չինաստանին միջուկային ռումբ տալ՝ զգուշանալով նրա կարգավիճակի բարձրացումից, որ դրանից հետո կճանաչվեր միջազգային ասպարեզում: Երկու տերությունները հանգիստ չէին և իրենց ընդհանուր սահմանին: 1969-ին զինված կոնֆլիկտը Ուսուրի գետի՝ ռուսական անվանումով՝ Դամանսկի, չինարեն՝ Չժենբաո, կղզու համար երկու երկրներին հասցրեց միջուկային էսկալացիայի շեմին: 1989-ին Միխայիլ Գորբաճովը կնիքով հաստատեց երկու երկրների վերամիավորումը: 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ իրադարձությունը բացարձակ հակամոդել գնահատվեց Չինաստանում,՝ ներառյալ Սի Ձինպինին: Նա Վլադիմիր Պուտինի հետ կիսում է ընդհանուր ատելությունը անկախության շարժման նկատմամբ և այն ամենի, որ կարող է նման լինել «գունավոր հեղափոխության»: Ի դեմս նրա, ինչ Չինաստանի վարչակարգն անվանում է «երեք չարիքների» ուժ՝ ահաբեկչության, էքստրեմիզմի ու անջատողականության, այս երկու գործընկերները միավորում են իրենց ջանքերը 2001-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, որին միացել են Կենտրոնական Ասիայի ևս 4 երկրներ: Չինաստանն ու Ռուսաստանը «կարգավորեցին» իրենց հարաբերությունները Ամուրի հարցում և իրենց երկար ընդհանուր սահմանի (4250 կմ): 2012-ին Մոսկվան ու Պեկինը համաձայնագիր ստորագրեցին «համապարփակ ռազմավարական համագործակցության մասին», որ երկու կողմերը փառաբանեցին իբրև փոխշահավետ: Սակայն երկու տերությունները նախկինի պես իրար են նայում ոչ բարեկամաբար: Այլ կերպ չի կարող լինել, հաշվի առնելով երկու հարևանների ժողովրդագրական տարբերությունը, հատկապես սահմանային շրջաններում: Սիբիրում ու Հեռավոր Արևելքում հիմա ապրում է 25 միլիոնից քիչ ռուսաստանցի (145 միլիոն բնակչությունից), ավելի հարավ՝ 100 միլիոն չինացիներն են (1,4 միլիարդից): Այս անհամաչափությունը միշտ լինելու է երկկողմանի զգայուն կետ՝ ժառանգված անցյալից: Չինաստանի մասնագետ Վալերի Նիկեի կարծիքով՝ «Չինաստանի ժողովրդագրական ճնշումը Հեռավոր Արևելքում՝ հաշվի առնելով ռուսական Սիբիրի ու չինական հյուսիս-արևելյան նահանգների նշանակալից անհամաչափությունը, ուժեղացնում է ասիմետրիայի զգացողությունը ռուսական իշխանության, որ դժգոհ է իր անկումից, և չինական տերության միջև, որ ծարավի է պատմական ռևանշի»:
Ալեն Բառլուե, Le Figaro


Հ.Գ. Թերևս այս պահին պատմական ռևանշի ցանկություն ավելի շատ ունի ԱՄՆ-ը, որ Չինաստանի դեմ վարում է առևտրային ու այս տարի նաև միջուկային «պատերազմ»: ԱՄՆ-ը փորձում է կասեցնել Չինաստանի գերտերություն դառնալն ու իրենից առաջ անցնելը՝ փորձելով օգտագործել Չինաստանի հակասություններն այլ տերությունների հետ, կամ՝ խաղալ այլ տերությունների ռազմավարական շահերի հետ, մասնավորապես՝ համոզել Մոսկվային, որ Պեկինին ներգրավի Վաշինգտոն-Մոսկվա միջուկային համաձայնագրում, որտեղ չկան Փարիզը, Լոնդոնն ու միջուկային այլ տերություններ: Ռուսաստան-Չինաստան հարաբերություններում հիմա արդեն Պեկինն է «մեծ եղբայրը», որը Մոսկվան երբեք չի ընդունի: Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Չինաստանի համար չի գտնվում՝ բացի գերտերությունների դեմ համատեղ պայքարից ու ռուսական նավթն ու գազը Չինաստանին մատակարարելուց, այլ համատեղ շահ, մինչդեռ շահերի տարբերությունները ավելի են մեծանում: Ռուսաստանի համար ոչ լավագույն ժամանակներում Պեկինը ձեռնամուխ եղավ ու շարունակում է Մետաքսի ճանապարհի վերականգնումը, որ տնտեսական լինելով, քաղաքական ներգործության տարածման ծրագիր է, որում հաճույքով ներգրավվում են ոչ միայն հարևան պետությունները, այլև՝ եվրոպական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ