Պարոն Ճշմարիտյանը նույնպես, ինչպես ընդունված է այսօրվա տնտեսագիտական մտածողության մեջ, մասնավորին դիտարկում է որպես արդյունավետ տնտեսավարման էտալոն: Սակայն փաստ է, որ այսօր այդ մասնավոր տնտեսությունն այնպիսի խնդիրների առաջ է կանգնել և կանգնեցրել հասարակությանը, որոնց լուծումն իր ուժերից վեր է: Մասնավորը շատ դեպքերում չունի այն հնարավորություններն ու լծակները, որոնք նրան թույլ կտան իր տնտեսությունը դարձնել արդյունավետ: Առաջին և ամենակարևոր հանգամանքը, որն ի չիք է դարձնում նրա արդյունավետության պատրանքը, թանկ փողն է, որը նա ստիպված է վերցնել իր բիզնեսն սկսելու կամ շարունակելու կամ ընդլայնելու նպատակով: Թանկ փողը նույնպես մասնավորի արդյունավետ աշխատելու մղման հետևանք է, սակայն այս դեպքում այն հանդես է գալիս որպես տնտեսական գործունեության արդյունավետության արգելք:
Մեկ այլ այդպիսի հանգամանք է այն տնտեսական միջավայրը, որտեղ կարող է գործել մասնավորը: Այդ միջավայրին հատուկ են անազնիվ մրցակցությունը, մենաշնորհները, կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը: Սրանք կապիտալիստական տնտեսության մշտական ուղեկիցներն են եղել և այնտեղ էլ սկզբնավորվել են:
Վերազգային ֆինանսական, տնտեսական կորպորացիաներն իրենց ազդեցության լծակներն ունեն աշխարհի բոլոր տարածաշրջաններում և դրանցով այդ տարածաշրջանային շուկաներում թելադրում են իրենց քաղաքականությունը, ինչը սովորաբար հակասում է նույն շուկայի տրամաբանությանը:
Եթե այս ամենին ավելանում են պետական բարձրագույն իշխանության միջամտությունները այլ, ոչ բարեկամ դիտարկվող, երկրների արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերություններին՝ այդ երկրների ներքին կյանքի՝ իրենց կողմից կառավարելիության, դրանց տնտեսությունների ճնշման, քաղաքական համակարգերի փլուզման հասնելու նպատակով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ մասնավոր տնտեսավարողի համար:
1. Ցանկացած պետական կարևորություն ունեցող նպատակի իրականացումը հնարավոր կդառնա, եթե միայն այդ նպատակը սահմանող երկիրը (պետությունը) ինքը կարողանում է ստեղծել և պաշտպանել այն միջավայրը, որը թույլ կտա իրականացնել դեպի նպատակը տանող անհրաժեշտ աշխատանքները:
2. Խնդիրները, որոնց լուծման կարիքն ունենք, համապետական են: Դրանց լուծման հնարավորությունները մասնավորի մոտ փնտրելն իմաստ չունի: Եթե մենք մեր խնդիրներին նայենք մասնավորի դիտանկյունից, ապա կտեսնենք, որ նրա համար այդ իրավիճակում բոլորովին այլ առաջնահերթություններ կան, որոնք դույզն-ինչ կապ չունեն պետական կարիքների հետ.
.մասնավորը երբեք անհրաժեշտ ծավալներով ներդրում չի անի տնտեսության մեջ,
.մասնավորի նախընտրած ոլորտները ոչ միշտ են համընկնում այն պահանջմունքներին, որոնք առաջացել են պետության ներսում,
.մասնավորն իր ներդրման արդյունքում ակնկալում է առավելագույն շահ ՝ գործի սկզբից մինչև վերջ,
.մասնավորը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել իր բիզնեսը ցանկացած պատրվակով,
.մասնավորն իր ողջ շահույթը կարող է դուրս տանել երկրից, և անվերադարձ,
.մասնավոր բիզնեսի ընդլայնման ճանապարհը տնտեսական գործընթացներին պետության մասնակցության հնարավորինս կրճատումն է (գործող մոդելի պայմաններում),
.մասնավոր կապիտալը իրական տնտեսական միջավայր դժկամությամբ է գնում ցածր եկամուտների պատճառով, իսկ դրանք ցածր են նույն մասնավոր կապիտալի կողմից տրամադրվող վարկային միջոցների բարձր տոկոսադրույքների պատճառով:
Արդյո՞ք ավելի հեշտ և նպատակային է մասնավորին համակել պետական ծրագրերի կարևորությամբ և շահութաբերությամբ, քան վերադարձնել այն պետական լծակները, որոնց կորստով է պայմանավորված պետության անկարողունակությունը, և ինքնուրույն, ու, ըստ իս, շատ ավելի արդյունավետ լուծել այդ խնդիրները:
3. Մենք վստահ ենք, և այդ մասին մեր հանգամանալից կարծիքը ներկայացրել ենք «Իրատեսի» այս տարվա 8, 9, 10 համարներում «Որն է մեր ճանապարհը» վերտառությամբ, որ այս տնտեսական մոդելի մեջ մնալով մենք չենք կարող լուծել մեր երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները:
4. Առավել ևս մասնավոր ճանապարհներով դրանք լուծելու մեր հնարավորություններն սպառված են, և դա պայմանավորված է մեր դիրքով, տնտեսության վիճակով, պաշտպանական կարողություններով, ժողովրդագրական իրավիճակով, ժամանակով։
5. Մենք չունենք այդ ժամանակը:
Ինչպես արդեն փաստեցինք, պետք է փոխել ուղին:
ՈՒղին փոխելու որոշումը մեծ ռիսկ և պատասխանատվություն է ենթադրում: Սակայն ռիսկը և պատասխանատվությունն այստեղ բավարար լինել չեն կարող, միայն դրանցով այս դեպքում հաջողության հասնել չի լինի: Կարևորագույնն այստեղ նպատակի իմացությունն է, դրան հասնելու ճանապարհի իմացությունը:
Այսպես ուրեմն: Հանուն ինչպիսի՞ նպատակների արժե գնալ ուղին փոխելու ռիսկին, որո՞նք են այդ համապետական նպատակները: Մենք այնպիսի խնդիրների լուծման հնարավորություն պետք է ստեղծենք, ինչպիսիք են երկրի աշխարհաքաղաքական անվտանգությունը, նաև ժողովրդագրական, տնտեսական, ֆինանսական, պարենային, հաղորդակցական, էներգետիկ, բնապահպանական մշակութային անվտանգությունը: Սրանք մեծ խնդիրների դասեր են՝ փոխադարձաբար շաղկապված և միմյանց վրա էականորեն ազդելու կարողությամբ:
Այս նպատակներին հասնելու համար մենք պետք է կարողանանք համախմբել հասարակության բոլոր շերտերը, կենտրոնացնենք հասարակության ողջ ներուժը: Ողջ հասարակությանը համախմբելու միջոց պետք է դառնան այն ճանապարհները, որոնք մենք կընտրենք դեպի նշված նպատակները շարժվելու համար: Երկրի յուրաքանչյուր քաղաքացի, կախված իր կրթական, մասնագիտական կարողություններից, ներգրավվածության ձևից, պետք է հնարավորություն ունենա մասնակցելու երկրի վերականգնման ոլորտային ծրագրերին որպես շինարար, գյուղացի, բանվոր, գիտնական, զինվորական, մտավորական։
Ինչպիսի՞ քաղաքական-տնտեսական միջավայր ենք մենք պատկերացնում, որտեղ հնարավոր կլինի վերը թվարկված համապետական խնդիրների լուծումը: Որո՞նք են այդ միջավայրի կառուցման սկզբունքները:
Մենք պետք է ստեղծենք տնտեսավարման հիբրիդային մոդել, որը չի մերժի տնտեսավարման և ոչ մի ձև, որը ոչ միայն թույլ կտա ունենալ առանձին-առանձին պետական և մասնավոր հատվածներ, այլև կարող է միավորել կամ համադրել տնտեսավարման այդ և այլ ձևերը միևնույն տնտեսական գործընթացներում: Մենք պետք է ձևավորենք վստահելի, կանխատեսելի, գործընկերային օրենսդրական միջավայր տնտեսական դաշտի բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց սեփականության ձևից: Պետք է ստեղծենք կայուն, ճկուն և հասանելի ֆինանսական համակարգ:
Մեր երկրի ներկա վիճակը մեծ արագությամբ փոխելու համար պետք է հսկայական տնտեսական նախագծերի իրականացում կյանքի տարբեր ոլորտներում և միաժամանակ: Դրանց համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ: Դրանք ամենայն բծախնդրությամբ պետք է ծախսվեն տնտեսության ամբողջական ճյուղեր ոտքի կանգնեցնելու համար:
Այդպիսի մասշտաբային ծրագրեր կարող է և լիազորված է անելու միայն պետությունը, և դրանք պետք է լինեն ճշգրտորեն պլանավորված ու կառավարելի՝ սկզբից մինչև վերջ: ՈՒրեմն պետությունն ինքը պետք է դառնա դրանց լուծման նախաձեռնողը: Այդ նպատակով պետությունը պետք է վերադարձնի այն լծակները, որոնք նրան թույլ կտան լիովին վերահսկել և անխափան կառավարել իր կողմից գեներացվող տնտեսական գործընթացները:
Եզրակացությունն այն է, որ տնտեսության բոլոր ճյուղերում պետք է ստեղծել ստվար պետական սեկտոր: Այս նպատակն առավել քան հասկանալի է և հիմնավորված. ունենալով հզոր պետական տնտեսություն` մենք կարող ենք պետական գանձարանի համար ապահովել առավել մեծ եկամուտներ, քան դա կարող է անել համարժեք մասնավոր տնտեսությունը, և պարզ չէ, թե այդպիսի մասնավոր տնտեսություն ունենալու համար մեզնից քանի տարի կպահանջվի: Դա չափազանց կարևոր հանգամանք է սկզբնական էտապում տնտեսության զարգացման անհրաժեշտ դինամիկա ապահովելու տեսանկյունից:
Մյուս կողմից պետությունն իր տնտեսության մեջ կարող է ներդնել այնպիսի լծակներ, որոնք թույլ կտան հասարակական արդյունքի համեմատաբար արդար վերաբաշխում իրականացնել, նման անհրաժեշտություն ստեղծելով նաև մասնավորի համար: Սրանք չեն սահմանափակում մասնավոր տնտեսության, մասնավոր կապիտալի հնարավորությունները: Այդ հնարավորությունները, հասարակական տեսանկյունից, դարձնում են իրենց կարողություններին համաչափ:
Պետական տնտեսության առկայությունը երաշխիք է նաև իրական մրցակցային, ես կասեի՝ համագործակցային տնտեսական միջավայրի հնարավորության:
Պետական զսպող, հակակշռող, համագործակցային քաղաքականությունը հնարավորություն կտա վերացնելու կապիտալիստական տնտեսության այն հիմնական արատները, որոնք այսօրվա փակուղային վիճակի պատճառն են:
Պետական հզոր տնտեսական հատվածի առկայությունը հնարավոր կդարձնի մասնավոր տնտեսության համար համեմատաբար ավելի նպաստավոր միջավայրի ձևավորումը:
Կարևորագույն նպատակ է հանրային արդյունքի ստեղծման ձևերի բազմազանությունը, ինչը թույլ կտա նպատակային կառավարել կապիտալի շրջապտույտը, դրա կուտակման և տնտեսությունից դուրս բերելու սպառնալիքները, ապահովել ստեղծված հավելյալ արժեքի բաշխման հնարավորինս արդար մեխանիզմների գործողությունը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր շարունակաբար թուլացնել հասարակության բևեռացումը, ձևավորել համերաշխ հասարակություն:
Այս ամենի իրականացումը հնարավոր կարող է դառնալ, եթե վերակենդանացնենք պետական կառավարման համակարգը, օժտենք անհրաժեշտ լիազորություններով, պարտավորություններով և պատասխանատվությամբ: Պատկերավոր ասած՝ պատռել է պետք նեոլիբերալ տնտեսավարման համակարգի կողմից մեր կառավարման համակարգին հագցրած զսպաշապիկը: Այդ զսպաշապիկը մի կողմից կաշկանդում է մեր կառավարման համակարգը, զրկելով նրան պետական, հասարակական կյանքի կարևորագույն իրադարձություններին ժամանակին և համապատասխան արձագանքելու կարողությունից, մյուս կողմից՝ ազատում նրան այդ նույն իրադարձությունները «անձամբ» ծրագրելու և կառավարելու պատասխանատվությունից: Մեր կառավարման համակարգը լիովին հարմարվել է իրերի այդպիսի վիճակին, դարձել է աներևակայելի թափթփված ու դանդաղկոտ և կորցրել ոտքը գծից դուրս դնելու ցանկությունն ու կարողությունը:
Այդ կարողությունն ու ցանկությունը մեր կառավարման համակարգին վերադարձնելու համար անհրաժեշտ և բավարար կլինի մի քանի հիմնարար օրենքների ընդունումը, որոնք նրան թույլ կտան և կպահանջեն ինքնուրույնաբար ընտրել և գործադրել երկրի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, հասարակական կյանքի կառավարման մեխանիզմները:
Անհրաժեշտ է կառուցել այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ կառավարման ցանկացած օղակում որոշումների կայացումը և դրանց իրականացումը կունենան անհրաժեշտ արագությունը, հիմնավորվածությունը, վերահսկելիությունն ու հաշվետվողականությունը, որտեղ լիազոր պետական պաշտոնյան՝ ունենալով գործողությունների որոշակի ազատություն, լիովին պատասխանատու կլինի իր կայացրած որոշումների համար:
Մի խոսքով, որպեսզի կարողանանք լուծել մեր կարևորագույն խնդիրները, մենք պետք է ստեղծենք մեր իրական տնտեսական միջավայրը և կառավարենք մեր իրական տնտեսությունը՝ ի հակադրություն այն կեղծ տնտեսական միջավայրի, որի մոդերատորը ոչ թե հոգում է մեր առաջընթացի մասին, այլ իր իսկ կողմից ստեղծված քաղաքական, կեղծ շուկայական բազմաթիվ գործիքների անթաքույց գործադրմամբ հարկադրում է մեզ մնալ թույլ, կախյալ, անհեռանկար:
Թե ինչպիսի տնտեսական ծրագրեր կարող են գործարկվել որպես ոլորտային հիմնախնդիրների լուծման ճանապարհներ, դրանք նույնպես կներկայացնենք: Այժմ նշենք միայն, որ այդ ծրագրերի գործարկմամբ արդեն մենք անմիջապես փոփոխություններ կզգանք մեր կյանքում, և դրանք կլինեն հուսադրող, ոգևորող փոփոխություններ: Մի քանի տարում մենք կարող ենք անճանաչելիորեն փոխել մեր երկիրը, վերացնել անորոշությունն ու հուսահատությունը, վերջ տալ արտագաղթին, մարդկանց ապահովել աշխատանքով ու ապրուստի միջոցով:
Հինգ տարվա ընթացքում հնարավոր կլինի 2 անգամ ավելացնել ՀՆԱ-ն, իսկ տասը տարվա ընթացքում կարող ենք ունենալ այսօրվա ՀՆԱ-ի հնգապատիկը: Այդ տասը տարիների ընթացքում հնարավոր կլինի լիովին լուծել վերևում թվարկված հիմնախնդիրներից շատերը, ամբողջությամբ պետական միջոցների հաշվին դարձնել բնակարանաշինությունը, առողջապահությունը, կրթությունը: Կարող ենք սկիզբը դնել երկրորդ մասսայական ներգաղթի, սակայն բոլորովին այլ շարժառիթներով, այլ բովանդակությամբ և արդյունքով:
Կարծիք կարող է լինել, որ ծրագրերը հավակնոտ են, և որ այդպիսիք իրականություն դարձնելու ներուժ մենք չունենք (ֆինանսական, մարդկային, նյութական):
Մեր կարծիքով՝ ոչ հավակնոտ, իր հիմնական տենդենցներում չպլանավորված, չկառավարվող, շարքային ծրագրերով մենք որպես պետություն և ժողովուրդ ոչ միայն ոտքի կանգնելու, այլև մեր պետականությունը նույնիսկ պահելու հնարավորություն չենք ունենալու:
Մեր երկիրն այսօր գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, ինչ մակարդակի էր նախախորհրդային Հայաստանը: Մենք ավերել ենք մեր ողջ խորհրդային ժառանգությունը և ներկա պայմաններում, ներկա պահանջներով և դրան համազոր պետություն կառուցելու համար պարտավոր ենք գնալու մասշտաբային ծրագրերի ճանապարհով: Միայն այս ճանապարհն է, որ հնարավոր կդարձնի մեր կենսական խնդիրների լուծմանը զուգահեռ ձևավորել ժամանակակից, ուզում էի ասել՝ գերժամանակակից, պետական համակարգ, որը մի քանի քայլ առաջ կլինի սպասվող մարտահրավերներից և դրանք կլուծի առանց գերագույն ճիգերի, ամենօրյա աշխատանքային ռեժիմով: Իսկ ներուժի վերաբերյալ մենք կասկած չունենք:
Սպառնալիքն այլ տեղում է: Սպառնալիքն այն կեղծ աշխարհն է, այն զուգահեռ «իրականությունը», որն ամեն օր թափվում է մեր գլխին մամուլով, հեռուստատեսությամբ, ցանցերով: Այն խցանում է մեր ճանաչելու, հասկանալու, մտածելու կարողությունները: Առաջանում է կեղծ մտածողություն իր արժեքներով և աստիճանաբար դառնում է տիրապետող ներկայացման, ինքնաներկայացման բոլոր հարթակներում: Մեր բոլոր պահանջները, մտահոգություններն ու խնդիրները մղվում են երկրորդ, երրորդ, չորրորդ պլան:
Սրանք սպառողական մշակույթի ծաղիկներն են, և սրանց նպատակն է մարդուն զրկել կարևոր խնդիրների մասին մտածելու, առաջնայինը երկրորդականից տարբերելու կարողությունից:
Մենք այդ հորձանուտում ենք, և մեր պետական-հասարակական փխրուն կառուցվածքը երկար չի դիմանա: Սա է սպառնալիքը:
Խնդրում ենք մտածել այս ամենի վերաբերյալ: Խնդրում ենք լրջորեն մտածել: Ոչ միայն որպես շահառու, այլև որպես պատասխանատու քաղաքացի: Ձեր որոշումից է կախված, թե որտեղ կլինի մեր հաջորդ հանգրվանը:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
«Գալիք» կուսակցության նախագահ