ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հավերժության կորսված հասցեների հետքերով

Հավերժության կորսված հասցեների հետքերով
07.06.2013 | 00:53

Հիշո՞ւմ եք Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մի հայտարարված սպանության ժամանակագրություն» վիպակը: Հրաշալի պատմություն մարդու մասին, որ դառնալու է մարդասպան, բոլորն այդ մասին գիտեն, սպասում են, ծրագրում են, աջակցում ու խանգարում են, իսկ նա ոչինչ չգիտի: Ձեզ չի՞ թվում, որ մենք ապրում ենք այդ վեպի հայկական միջավայրում: Մեկը մեկին հաջորդող սպանություններ, որ, որքան էլ անսպասելի, անխուսափելի են ու շարունակական: Սպանության հասցեները գործնականում ոչ մի կարևորություն չունեն (կարևորությունը սկսվում ու ավարտվում է քրեական գործի շրջանակներում), նույնիսկ գործող անձերը կարևոր չեն, կարևորը բուն փաստն է` Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունը դարձել է ազդեցիկ գործող անձ` ի հետևանս անպատժելիության տասնամյակներով ձևավորված ու կարծրացած մթնոլորտի: Հայաստանի Հանրապետությունում գործում է արդարադատության կրկնակի չափանիշներով առաջնորդվող համակարգ. մարդկանց որոշակի խմբի դեպքում գոյություն չունեն օրենքներ, օրենքները տարածվում են մյուսների վրա: Պետական ամբողջ համակարգն իր բոլոր մեխանիզմներով աշխատում է հօգուտ այդ մարդկանց` նրանց տրամադրելով անձեռնմխելիության իրական կարգավիճակ կյանքի բոլոր հանգամանքների համար: Բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են ու հաշտվել են այդ իրողության հետ: Ավելի ճիշտ` խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում, քանի դեռ իրենց չի առնչվում: Սա` նվազագույն անվտանգության ապահովման նկատառումներով, իսկ առավելագույն անվտանգություն Հայաստանում չունի ոչ ոք, նույնիսկ նրանք, ովքեր իրենք իրենց օժտել են կիսաստվածիկների լիազորություններով: Այն պատմությունը, որ հիմա ակտիվ շրջանառվում է լրատվամիջոցներով ու հասարակության ընդհանրական շուրթերին, պարտադիր կատարվելու էր, որովհետև այդպիսին է մթնոլորտը, ժամանակի մեջ ստեղծվել էին բոլոր նախադրյալները, կուտակված լիցքերը չպարպվել չեն կարող: Մեղավորը բնավ էլ Կայենը չէ, որ ժամանակին սպանել է Աբելին ու մարդկությանը սպանության մեղքը պարտադրել բիբլիական ժամանակներից: Մեղավորը շատ ավելի պրոզաիկ իրողություն է` անպատժելիության և բազմակի ստանդարտների գոյությունը և այդ ամենին հասարակության լուռ համաձայնությունը: Հասարակությունը, ավելի ճիշտ` հասարակության շատ փոքր մի հատվածը, բուռն արձագանքում է միայն հանցագործության բուն փաստին: Այն էլ` բավականին արագ մոռանալով, որովհետև կյանքը շարունակվում է, ու շարունակվում են նոր դեպքերը:
Սպանվել է Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավոր է նրա եղբայրը, դեպքը կատարվել է Սյունիքի մարզպետի ընտանիքի մասնակցությամբ: Մարզպետը, որ պետական բարձրաստիճան պաշտոնյա է, առայսօր անհասկանալի կարգավիճակում է: Հայտնի չեն ոչ սպանությանը նրա մասնակցել-չմասնակցելը, դեպքի պահին քնած, թե արթուն լինելը, տանը լինել, թե չլինելը, նաև պաշտոնավարել-չպաշտոնավարելը օրեր շարունակ անհայտ էր: Կա տեսագրություն, որ պիտի պատասխաներ բոլոր հարցերին, բայց չի պատասխանում գլխավոր հարցին` ո՞վ է կրակում: Ձերբակալված են մարզպետի որդին և թիկնապահը` սպանության մեջ կասկածվելու և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեղադրանքով:

Վիրավոր Արտակ Բուդաղյանը վիրահատվել է Գորիսի քաղաքային հիվանդանոցում, ապա տեղափոխվել Կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որտեղ գնդակը հեռացվել է գոտկային մկանային հյուսվածքների միջից: Թեպետ գնդապետը վերակենդանացման բաժնում է, բժիշկների վկայությամբ` գիտակցությունը չի կորցրել և կարողանում է նորմալ հաղորդակցվել: Նրան այցելել են զինդատախազը և քննչական ծառայության պետը, բայց ցուցմունքներ նա դեռ չի տվել: Կամ` այդ մասին չի հրապարակվում: ՈՒ թեև բավականին ժամանակ է անցել ինչ-որ հարցերի պատասխաններ արդեն ունենալու համար, իսկ այդ պատասխանները չեն տրվում, զինդատախազն արդեն չի բացառում, որ կարող է հերքվել վարկածը, թե մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանն է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա: Մի շաբաթից կամ մեկ ամսից այս մանրամասներին արդեն քչերն ուշադրություն կդարձնեն, կատարված կլինեն այլ դեպքեր, ու հասարակության ուշադրությունն այլ մարդկանցով զբաղված կլինի: Հասարակության հարափոփոխ ուշադրությունը միշտ նորություններ է որոնում: Որոշ ժամանակից կլինի դատավարությունը, իսկ մինչ այդ ոչ թե սպանության պատճառներն ու հանգամանքներն էին կարևորվում, այլ` կպաշտոնազրկվի՞ Սուրեն Խաչատրյանը, թե՞ ոչ հարցը: Սա է մեր ըմբռնումը բարոյականության ու ճշմարտության մասին:
Առաջին հայացքից այս իրադարձությունների հետ կապ չունեցող մեկ այլ իրադարձություն. հունիսի 5-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, և ՀՀ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է առաջիկա տարիներին տարածաշրջանի նոր վերադասավորումների մասին։ «3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան»: Որ պատկերը տարածաշրջանում կարող է փոխվել ամեն պահ և շատ անսպասելի, ապացուցեց Թուրքիան` Թաքսիմ հրապարակից մի քանի օրում գրեթե հեղափոխական ընդվզումների ալիքը տարածելով ողջ երկրում: Ամեն պահ փոփոխությունների պատճառ կարող է դառնալ Իրանը: Նախագահական ընտրությունների պատրաստվող Ադրբեջանը: Նախագահական ընտրությունների գնացող Վրաստանը: Այնպես որ, պատկերը կարող է փոխվել շատ արմատական և շատ ավելի արագ: Կարող է չփոխվել: «Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»,- Անվտանգության խորհրդի նիստում ասել է նախագահը: Իսկ ինչպե՞ս ենք շարունակելու արդիականացումն ու դիվերսիֆիկացումը` նախկինի նմա՞ն, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական քարտեզում Հայաստանի համար կան մեկից ավելի պետություններ: Եվ հնարավո՞ր է որևէ փոփոխություն այս մթնոլորտում, որ դադարել է գաղջ լինել, դարձել է ուղղակի անտանելի:
Մարդկանց նախ և առաջ պետք են որոշակիություն ու վստահություն, որ վաղվա օրը մի քիչ ավելի լավն է լինելու այսօրվանից: Պետությունը այդ վստահությունը կարո՞ղ է ներշնչել իր քաղաքացիներին, թե՞ շարունակելու է հենվել սերիալային թերապիայի վրա ու սեփական քարոզչամիջոցներով ստեղծել դրախտի նախադռան երանելի պատկերը իբրև բնակատեղի: Բավարար ժամանակ ունենալո՞ւ է Հայաստանը, որպեսզի պատրաստվի այն իրադարձություններին, որ որակվում են տարածաշրջանային փոփոխություններ: Արդյո՞ք այդ փոփոխություններն ունենալու են ցանկալի ուղղվածություն ու դինամիկա: Մենք սովորաբար ամբողջ աշնանը պատրաստվում ենք ձմռանը, իսկ երբ ձյուն է գալիս, անկեղծորեն զարմանում ենք, որ նման անարդարություն կա աշխարհում` ձմռանը ձյուն է գալիս: Չի՞ ստեղծվելու այդ պատկերը տարածաշրջանային մակարդակով, եթե մենք այսպես ենք մթնոլորտ փոխում ու հայտնի չէ` ինչպես ենք դիվերսիֆիկացվում: Արդյո՞ք մենք մեր երկրում չենք բեմադրում մի հայտարարված սպանության ժամանակագրությունը, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի գրչի տակ ստացվել է գրավիչ ու մի քիչ էլ զվարճալի պատմություն` բոլորովին այդպիսին չլինելով: Քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն իրենց թե՛ մեկնաբանություններում, թե՛ կանխատեսումներում, թե՛ խոստումներում «ժամանակ» հասկացությանը վերաբերվում են այնքան շռայլ, այնքան անփույթ ու համարյա անհաղորդ, որ թվում է` երբեք ու ոչ մի տեղ, ոչ ոք ժամանակի պակաս չի ունեցել ու չի ունենալու: Համենայն դեպս` տեսանելի անցյալում ու ապագայում: Ասես` հավերժությունը բոլորիս գրպանում է, և մենք ենք տնօրինում մեր ժամանակը: Համենայն դեպս` շատ հանգիստ ու միանգամայն բնականորեն կանխատեսվում են փոփոխություններ, բարեփոխումներ ու զարգացումներ, որ լինելու են մեր ժառանգների ժառանգների կյանքում, և դա համարվում է նորմալ: Իսկ որ մենք այդ ժամանակ չենք լինի, նորմալ է, բայց արդա՞ր է մեր կյանքի նկատմամբ, որ նույնպես Աստծո պարգև է: Խիստ սահմանափակված ժամանակի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Եվ, այնուամենայնիվ, շաբաթվա հարցը մնաց` անդամագրվելո՞ւ, թե՞ ինտեգրվելու ենք մենք Մաքսային միությանը: Ավելի շուտ մնաց հարցի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի խնդրանքը` «Մի հատ Հանրապետականի բառարան տվեք, իմանանք էլի: Մեկ ասում եք էս, մեկ` էդ»: Ասում եմ, չէ, հավերժությունը մեր գրպանում է: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտենք գրպանի տեղը ու մենք չենք գրպանի տերը:

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ